ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ.- «ՆԵՐԸՆԿԱԼՈւՄ, ՈՐ ՀԱՏՈւԿ է ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ»

Երվանդ պապս  Էրզրումից   էր, Սիրանույշ  տատսԿարսիցՍիրանույշ  տատիս  աչքերը  երբեք  չէին  ժպտումԻնձ   թվում  էրոր  նա  մշտապես   գոգնոց   էր  կապում, ոչ  թե  գործ անելու, այլ աչքերից  հոսող  արցունքները  թաքուն  սրբելու  համար

    Տարիներ անց  Էրզրումցի  Երվանդի   և կարսեցի Սիրանույշիապրիլին ծնված թոռը  մեծակտավ  գործերով  է հավերժացնելու նրանց  հիշատակը… «Արվեստը ”  շնորհավորում է Ռոբերտ  Էլիբեկյանին` ծննդյան օրվա  կապակցությամբ,   և ընթերցողին   ներկայացնում   բանաստեղծ, գիտնական, Մատենադարանի  տնօրեն`  Հրաչյա  Թամրազյանի  խոսքը, որը  նկարչի  զգացումների  կամ  էլ  թե  զգացմունքների  ու խորհրդանիշների  աշխարհը ներկայացնող ստեղծագործությունների   ինքնատիպ  ընթերցում է.       

Ռոբերտ Էլիբեկյանը այն եզակի արվեստագետներից է, որ իր ողջ էությամբ կապված է  Մաշտոցյան Մատենադարանին։ Այդ կապը հատկապես խորացել է վերջին՝  Մատենադարանի նորակերտման տարիներին։

Քչերին է տրված նորի, նորարարության այդ զգացողությունը, որ հատուկ մարդկային ձիրք է. այդ զգայարանը, այդ ներընկալումը հատուկ է բացառիկ մարդկանց։ Առանց դրա անհնար է վերապրել և վերակերտել անցյալը, կանխազգալ և կանխորոշել գալիքը ստեղծագործ մտքի գաղտնարաններում։ Դա է Ռոբերտ Էլիբեկյանին կապում Մատենադարանի հետ, որի մեջ է նա տեսնում մեր անցյալի ու գալիքի գերխտացումը, մեր հոգևոր հեռանկարը։

Եվ ահա իր հրաշալի պատկերագրքի շնորհանդեսին, նա իր և իր սիրելի  տիկնոջ՝ Մարիի անունից Մատենադարանին է նվիրաբերել իր լավագույն գեղա­նկարներից ևս մեկը՝ Գրիգոր Նարեկացու ՙՄատյանի՚ մոտիվներով կերտած իր ՙՈղբը՚՝ նվիրված ծնողներին, որի մեջ ներքին դրամատիզմից, ողբերգականությունից բացի այնքան լուսավոր ու պայծառ գուներանգներ, կենսական ալիքներ կան։ Լուսավոր այդ շաղախն ահա, ինչպես Արշիլ Գորկու հիշատակին ձոնված նրա կտավի դեպքում, խառնվում է Մատենադարանի կենսոլորտին, եթե կուզեք, սերունդների հոգևոր երթին։ Եվ հիմա այդ երկու հանրահայտ գործերը դիմահայաց իրար են նայում։ Դրանք մի ամբողջ պատկերասրահի ներուժ ունեն, և, միանալով Մատենադարանի ցուցասրահներին, ժամանակների փոխկանչի տպավորություն են թողնում՝ ծիր կապելով անցյալի, ներկայի ու գալիքի միջև։ Դրա վկայությունն է նաև Մարտիրոս Սարյանի նկարների ցուցադրությունը Մատենադարանում, որն անցնում է մեծ հաջողությամբ, ինչպես նաև իր ուսուցչի՝ Երվանդ Քոչարի ՙՄայր հայրենիք՚ կոչվող արձանը, որ տարածական նկարչության նմուշ է և տեղադրված է Մատենադարանի նոր շենքի շքամուտքում։

Էլիբեկյանը Մատենադարանին է նվիրել նաև ՙԱրարատյան Աստվածամայր՚ կտավը, մեծարժեք պատկերագրքեր և պատկերաշարեր։ Եվ այս նվիրաբերումը, համոզված ենք, վերջինը չէ։

Եվ վերջում՝ սրտի խոսք՝  ձոնված Վարպետին։

Ռոբերտ Էլիբեկյանը այն արվեստագետներից է, որն իր արարման ձիրքով կենսադաշտ ու կենսոլորտ է ստեղծում իր շուրջը, լցնելով քաղաքի և իրականության հաճախ աղճատված, հոգեզուրկ տարածքները։

Նա ստեղծագործում է, և իրերի աշխարհը ծնկի է գալիս նրա առջև։

Հետո մերձենում է մի սահմանաշերտ, գալիս է երջանիկ մի պահ, երբ ստեղծագործողն ու ստեղծագործությունը միախառնվում են իրար,երբ չգիտես՝ ով ում է ստեղծագործում, ով ում մեջ և ինչ խորությամբ է ներթափանցել, երբ երկուսին էլ շարժում է խորհրդավոր մի ձեռք, և որին այդ խորին ներշնչանքի պահին այնքան ներդաշնակ է շարժվում ստեղծագործողի տեսանող աջը՝ տնտղելով աշխարհը մի այլ տեսողությամբ։

Ստեղծագործողի և ստեղծագործության այդ միջնաշխարհում քողազերծվում են շատ գաղտնիքներ, որ պարզ ու մեկին են թվում այնքան, ինչպես մանկացած աշխարհը, ինչպես ներշնչանքը, ինչպես վաղորդյան հոգեգալուստը։ Ու աշխարհը մտնում է իր գունապարի մեջ։ Նախնական արարման այդ գունապարը, զարմանալի խայտանքը կա մեծ արվեստագետների երկերում, այն Էլիբեկյանին տանում է ներաշխարհի, երազների արտահեղման, հարաշունչ, մշտաշարժ կտավների…իսկ դրա խորքում ստեղծագործողի և ստեղծագործության խորհրդավոր կապն է, որ մագնետիկ լարման մեջ է պահում հոգևոր դաշտը, վերարթնացնելով նրա մեջ կյանքի քաղցը, մարմնավորման բնազդը։

Ու թվում է, թե Արվեստագետն ամեն անգամ մանկան հափշտակությամբ ճաշակում է Դրախտի արգելված պտուղը, և ամեն անգամ դա ներվում է նրան։ Եվ այդ գաղտնիքը, մանկան այդ խորամանկ ժպիտը խաղում է նրա աչքերում ՜ զվարթ տեսողություն է տալիս նրա կտավներին, որով նրանք հաղորդակցվում են իրերի և մարդկանց, մարդկանց և իրերի աշխարհի հետ…

Թող այդ հոգեպարար ժպիտը, որ Դուք եք մեզ պարգևել, երբեք չլքի մեզ, սիրելի Վարպետ։