ՋՈՐՋԻՈ

  Նա իր պահանջատիրության մասին բարձրաձայնելու համար անցյալ դարի 70-ականներին,  հարյուր օր կտտանքների է ենթարկվել թուրքական բանտում: Ճիշտ այն բանտում, որտեղ ծավալվել են "Կեսգիշերային ճեպընթաց" նշանավոր ֆիլմի գործողությունները: Իր կենսագրության ու հատկապես  հայոց ցեղասպանության ճանաչման համար իրականացված համարձակ նախաձեռնությունների մասին տարիներ առաջ ինքն էր պատմել, Հռոմում կայացած մեր հանդիպման ժամանակ: Գիրը կար, լուսանկարները չէին պահպանվել: Եւ անսպասելի    նրան  “հանդիպեցի”  ՖԲ.- ի  տարածքում, Հռոմում ստեղծագործող մեր շատ սիրելի արվեստագետ Վիգեն Ավետիսի տեղադրած լուսանկարները շարքի շնորհիվ:  

Ջորջիո Օրֆալյան.  ինքնատիպ կենսագրությամբ,  անհատական հետաքրքիր  կերտվածքով,  ճակատագրի անարդարության դեմ ընդվզող մարդ: Անմիջապես գրեցի նրան, անմիջապես պատասխանեց. Գրել էր, «Հարյուրամյակի կապակցությամբ  շատ եմ զբաղված": Մի քիչ զարմացա, բայց նաև ուրախ էի:   Ինչու հարցի պատասխանն ընթերցողին հայտնի  կդառնա  Գևորգ (Ջորջիո) Օրֆալյանի կյանքի ոդիսականին ծանոթանալով…    "Come un Armena”.- "Ինչ է Հայաստանը՚"վավերագրական  ֆիլմը  նկարահանվել է Հռոմում: Մեզանում  երբևէ  չցուցադրված  այս  ժապավենը   պատմում  է «Իտալիայի  հայ  երիտասարդաց  կազմակերպության» մասին, որը   70- ականներին  հայերի  պահանջատիրական  խնդիրներին  հետամուտ  լայն  գործունեություն  էր  ծավալել  Եվրոպայի  կենտրոնում:  Հռոմի  անդորրը խախտող  քաղաքական  ակցիների, գիտա-մշակութային  լուրջ  միջոցառումների, միության  բազմատեսակ  աշխատանքների   մասին  պատմող հարուստ  նյութերը  ներհյուսելով  հայոց   պատմության (հատկապես  դարասկզբի  իրադարձությունները) վերհանհող  էջերին, ֆիլմը  հիմնավորելով   պատասխանում  է. Ի՞նչ է  Հայաստանը, ի՞ նչ  է  հայերի  պահանջը   հարցերին: Կինոնկարի  հեղինակը «Իտալիայի  հայ  երիտասարդաց  կազմակերպության" հիմնադիր  անդամ  և  ակտիվ  գործիչ  Գևորգ  Օրֆալյանն  է:  Հռոմից  ոչ հեռու  գտնվող  ծովափնյա  դղյակում  նշված ֆիլմը  ցուցադրելուց  հետո, նա  խնամքով  կազմված  մի  քանի  ալբոմներում ու  թղթապանակներում ամփոփված  հարուստ  նյութերով  լրացնում, ամբողջացնում է իրենց  միության  տասնամյա  գոյութան  տարեգրությութունը: Այդ  նյութերի  մեջ խորանալու  հետ  միաժամանակ  խորանում է   զարմանքս, որի  պատճառը  ոչ  միայն «Հայ երիտասարդաց  կազմակերպության» բազմաբնույթ  ու նաև համարձակ  ձեռնարկումներն  են, այլև այն փոփոխությունը, որ  կատարվել է  իր`  Գևորգ  Օրֆալյանի  հետ:

 Խոսքն, անշուշտ, արտաքին  փոփոխության  մասին  չէ: Թվում, թե նրա  ապրած    տարիների  շղթան երկու  տարբեր նութից  ու  կառուցվածքից  է կազմված: Եւ եթե  հավատանք «Մարդն    չի  փախչի իր ճակատագրից" հայտնի  ասացվածքին, ապա նման  փոփոխությունը   նախախնամությանը  վերագրելուց  առաջ  պիտի  հիշենք  հույն  փիլիսոփայի  նույնքան  տարածված` «Ամեն  մարդ  ինքն  է  իր   ճակատագրի  դարբինը» խոսքը:  Ուրեմն, նախախնամության, թե`  ուրիշ  մի  պարտադրանքով  կյանքի  32  տարին  ներառնող  հատվածը  բոլորովին  այլ  գաղափարներով, նպատակներով  ու  գործերով  ապրած, հանուն  այդ  գաղափարների  թուրքական բանտերում ցնցող չարչարանքները կրած մարդը, կտրուկ  հրաժարվելով   իր   հայացքներից,  գործունեության  նոր   ասպարեզ   ընտրել: Հիմա, Ջորջիո   Օրֆալյանը (անունն  էլ է փոխել)  իր  իսկ  խոսքերով`  Իտալիայում  գրանցված  գործարարներից    մեկն է: Բայց  երբ  օրերի  բերած   հոգսերից  ու   տպավորություններից  ազատվելու  համար  գիշերային  Հռոմի   զվարճատեղերում   կիթառը  ձեռքին   մինչև  լուսաբաց  երգելու  եւ   իր  զանազան  խենթություններից  է  խոսում,  երբ  խոսում  է  վրահաս  աղետից   անմիջապես   հետո   Հայաստանի   կատարած  իր   ուղեւորության   մասին,  երբ  իր   անհեշտ  կյանքի   ապրված  տարիների   մասին  է  պատմում, հասկանում  ես,  որ  հիշելն`  անցյալին  դարձող  հայացք   չի  նշանակում,  ափսոսալը` ժխտել    կամ   հրաժարվել  չի   նշանակում:                                                                                                                             

Գևորգ,  Ջորջիոյ Օրֆալայանի հետ մեր  զրույցի ընթացքում տրված  հարցերը հետո պիտի հանվեին, առանց ընդհատումների ներկայացնելու համար նրա պատմածը...

Երբ  պստիկ  էի,  կարծում   էի, թե  աշխարհում   միայն   մենք   ենք  հայ`  քույրս,  եղբայրս,  հայրս,  մայրս  ու  ես:  Լիբիայում  էինք  ապրում:  Եւ   քանի  որ  Լիբիան   Իտալիայի  նախկին   գաղութներից   մեկն  էր,  տեղաբնակներից   շատերի  խոսակցական   լեզուն   շարունակում   էր   մնալ   իտալերենը:  Հայրս  ամերիկյան  բանակի  սպա  էր  և   տիրապետում   էր  անգլերեն  լեզվին:  Մենք  իտալերենը, անգլերենը  եւ   արաբերենը   ինչպես ասում են ձեռքի հետ, շատ հեշտ  սովորեցինք:  Բայց   տանը  միմյանց  հետ   միայն  հայերեն   էինք  խոսում: Հաստատ  համոզված   էի, որ  մեզանից   բացի  ուրիշ  որևէ  տեղ, ուրիշ որևէ   մեկը  այդ  լեզուն   չգիտե: Հայրս  մի  անգամ  ինձ  տարավ  Ալեքսանդրիա: Հիշում  եմ,  թե  ինչպես ինձ համակած  անծանոթ   զգացողությունից   չխեղդվելու  համար  ճչացի. ”Պապա,  պապա  այս  մարդիկ   մեզ  պես  հայերեն  են  խոսում»: Հայրս հանգիստ  ասաց. «Այդպես  է, որդիս, քանի որ  նրանք  բոլորն  էլ  հայ  են»:  Առաջին  անգամն  էի  այդքան  շատ  հայ  տեսնում: Մենք   հայկական   ջարդերի  մասին  մեծ  հորս  պատմությունները  լսելով  էինք   մեծացել: Մորս  կողմից  Հովհաննես  Դևրուշյան   անունով   պապս,    Օսմանյան   կառավարության  հետապնդումից  էր  փախել   Լիբիա,  որովհետև  հեղափոխական  ընտանիքից  էր: Հորս  մեծ  պապն  ու   մեծ  մայրը`  Արսուալաջյան  ամուսինները  Ուրֆայի  ազատամարտի   հերոս   մասնակիցներից  էին:  Ուրֆայի  հերոսամարտին   նվիրված  գրքում   նրանց   սխրագործությունների   մասին   պատմող  ամբողջ  գլուխ  կա: Երկուսին   էլ  թուրքերը   բռնել  ու   կախաղան  էին  հանել: Մեր  ազգանունը  Լիբիայում  է  դարձել  Օրֆալյան: Տեղացիները  մեզ,   մեր   ծննդավայրի  անունով   կոչելով, միմյանց  ասում  էին. «Գնանք  օրֆայեցիների  մոտ   հալվա  ուտելու»: Տատս   համեղ   հալվա  էր  պատրաստում: Ժամանակի  ընթացքում  այդ  մականունը  մերվելով,   դարձավ   մեր  իսկական   ազգանունը: Մեծ  հայրս   պատմում  էր, որ  երբ  թուրքերը   վառեցին  Ուրֆայի եկեղեցին, կրակը բոցավառվելով, մեծացավ, տարածվեց, եւ  խուճապահար ժողովուրդը  փրկվելու  ելքեր  էր  որոնում, բայց չգտավ… Ինքը  իրենց  այգիներում   թաքնվելով  էր  փրկվել: Եւ   ինձ  թվում  էր, թե  միայն  նրան  է  հաջողվել ողջ մնալ, իսկ եկեղեցում պատսպարված բոլոր  հայերը   մնացել  են  հրդեհի  բոցերի մեջ:

Երբ  դպրոց  գնալուս ժամանակն  եկավ,  ծնողներս  խնդիր  ունեցան: Հայրս  որոշեց  ինձ  տանել  Վենետիկ` հայկական  վարժարանում  սովորելու  համար: Առհասարակ, դպրոց  սիրող, և այնտեղ հաստատված կարգուկանոնին  ենթարկվող  մեկը  չէի: Բայց  Մուրադ-Ռաֆայելյան  վարժարանը  շատ  հավանեցի: Ազգային, սակայն  եւ  իետերնացիոնալ  դպրոց էր: Ճիշտ  է,   աշակերտներս  ազգությամբ  հայ  էինք, բայց  տարբեր  տեղերից   էինք  հավաքվել  ու  ամեն  մեկս  մեր  ապրած  երկրի  մշակույթի, ավանդույթների  և սովորույթների  կրողներն  էինք: Խիստ, գրեթե զինվորական  կարգապահությամբ գործող դպրոց էր, այն էլ  ոչ  թե մեկ  կամ երկու, այլ  վեց  տարվա  տևողությամբ: Անշուշտ, ամեն ինչ  չէր, որ  հարթ  էր, բայց  ոչ  միայն  գիտելիքներիս, այլեւ  կյանքի  փորձություններին  դիմադրելու,  կամքի  ուժ  ունենալուս  համար այդ   վարժարանին  եմ  պարտական: Չար էի: Չնայած  ոչ  բոլոր  զանցանքներիս  մասին  էին  իմանում, բայց   վարժարանից   դուրս  վռնդվելու   վտանգի  առաջ, այնուամենայնիվ, մի  քանի  անգամ  եմ հայտնվել: Չար  էի, այո' բայց եթե  վարդապետները  մինչեւ  հիմա  այդ  տարիներին  շրջանավարտներից  չորս-հինգ  հոգու  մտապահել  են,  ապա  մեկը  ես  եմ: Եւ  ուրախ եմ  դրա համար: Հայրենասերներ   դաստիարակող  դպրոց  էր: Հայոց  պատմության, գրականության, մշակույթի  պատմության  առարկաներն  այնպես  էին  մատուցում, որ  մենք   ոչ  միայն ինչպես հարկն է յուրացնեինք  դասը, այլեւ  գիտակցեինք` հարուստ  պատմության տեր երկրի ու ժողովուրդի ժառանգորդներ  ենք: Խնդիր  է, անշուշտ, որ  այսօր  հայությունն  այն  չէ, ինչ  եղել  է 2000 կամ 200  տարի  առաջ,  բայց  մենք  պետք  է   մեր  ժառանգությունն  ու  երկիրը, պահող  արժանի  հետնորդներ  լինենք: Մեզ  սովորեցնում   էին, որ  այն  ամենն,  ինչ  հայկական  է, ուրիշ  է,  ավելի  լավը: Նույնիսկ  հայկական  խնձորը  երեք  անգամ  ավելի   համեղ  ու   ավելի  մեծ է, քան այն, ինչ մենք ուտում ենք: Իրենք   լավ   գիտեին  իրական  չափերը, բայց  այդպես   էին  ասում, որ մենք  այդ  հարաբերությամբ  ըմբռնեինք  ու  գնահատեինք  հայկականը, որպեսզի  մեր  ապրած   երկրների  հետ  համեմատության  եզրեր   որոնելիս   ոչ  թե   խեղճանայինք,  այլ  հակառակը`  հպարտություն  զգայինք   մեր  ազգային   պատկանելության   համար: Այդ  ամենը  մենք  հետո էինք  հասկանալու,  բայց այն  ժամանակ  մեզնից  շատերը   համոզված   էին, որ ճշմարիտ է այն ամենն, ինչ որ ասվում է:

Պատահեց այնպես, որ վարժարանը ավարտելուց հետո մնացի  Իտալիայում: Մեր  ընտանիքը  տեղափոխվել   եւ  Իտալիան էր ապրելու  տեղ ընտրել: Իսկ ես ոչինչ  չունեի, ոչ  միայն  ընտանիքիս, ալև սեփական  կարիքները հոգալու համար: Երբ  Հռոմ  գնացի` ոչ ծանոթ ունեի, ոչ ազգական, ոչ էլ անձնագիր: Լիբիական կառավարությունն իր  երկրում բնակվող քրիստոնյաներին անձնագրի  փոխարեն,  տարին  մեկ անգամ անձ  հաստատող  նոր փաստաթուղթ  էր  տալիս: Եւ  որ ամենակարևորն է` փող չունեի: Ավելի  ճիշտ, գրպանումս  ամերիկյան  հինգ  դոլար  կար: Ուրեմն,  որոնումներից  սկսեցի: Նախ  աշխատատեղ  փնտրեցի:  Գտա: Մի  քանի  տեղ  էի  աշխատում: Հետո  որոնեցի  եւ  գտա   հայկական   եկեղեցին: Այնտեղ  հանդիպեցի իմ տարեկից հայ ջահելների: Որոշ ժամանակ անց  հիմնադրեցինք «Իտալիայի հայ երիտասարդաց   կազմակերպությունը»: Կապեր  հաստատեցինք «Եվրոպայի  հայ  ուսանողաց   միության  հետ»: Մեր  գործունեության   շրջանակները   մեծացրինք  գիտական  ու  մշակութային  միջոցառումներ, գիտաժողովներ, դասախոսություններ, հայ  դասական  երաժշտություն, ժողովրդական  երգ  ու   պարի  համերգներ   կազմակերպելով,  որոնց   մասնակցելու  էինք  հրավիրում  ոչ  միայն  հայ, այլեւ  օտարազգի  նշանավոր   մասնագետների  եւ   ճանաչված   կատարողների: Առանձին  պատրաստություն  էինք  տեսնում   հատկապես    Հայոց Մեծ եղեռնի օրը  նշելու   համար: Այդ  օրը  ամբողջ  Հռոմը  կերպարանափոխվում  էր: Շինությունները  ծածկվում  էին  հայկական  ցեղասպանությունը  դատապարտող  ազդագրերով, վավերագրական լուսանկարներով: Փողոցների  երթևեկությունը խախտվում  էր  հազարավոր   մարդկանց   երթերի   պատճառով, քաղաքը  ուրիշ  ռիթմի   մեջ  էր  հայտնվում: Հիշում  եմ,  թե  ինչպես   մի  անգամ  գաղտնի  ոստիկանության  ծառայողը  զայրույթը  հազիվ  զսպելով   հարցրեց. «Քանի հոգով  եք  այս  ամենը  կազմակերպում» Ասացի. «Երեք  հոգի  ենք»: Չդիմացավ,  գոռաց  «Անկարելի  է: Հինգ-վեց  հազար  մարդ  փողոց  դուրս  բերելը, Հռոմը  հունից   հանելը  երեք  հոգու  բան  չէ»: Եթե  պատմեի, թե  ինչ  հնարքներ  բանեցնելով  էինք  այդ  ամենը  գլուխ բերում, էլի  չէր   հավատալու:       

1976-ին  Փարիզում  եւ  Վիեննայում    միաժամանակ  սպանվեցին   թուրք  դեսպանները:  Այդ  կապակցությամբ  Եվրոպայի  մի  քանի   երկրներում   էլ  սգո  օր  էր  հայտարվել: Իտալական  կառավարության  որոշմանը  ենթարկվելով, Հռոմի  հայկական  եկեղեցին  էլ էր  փակել  իր  դռները: Այդ  օրը  մեր  հավաքն  ու  կայանալիք   պատարագը  հետաձգվեց: Հաջորդ  օրը  մտա  եկեղեցի  եւ  բարձրաձայն  հայտարարեցի. ,,Հայոց  եկեղեցու  դռները  փակելը   թուրքերի  սուգին   մասնակցել  էր  նշանակում,,: Ասացի.  «Դա  նաև  մեր  ազգային   պահանջներից   հրաժարվել  ու  մեր  նահատակների   հիշատակն  անարգել  էր  նշանակում»: Ձայնս  խլացնելու  համար   պատարագիչները   սովորականից  ավելի  բարձր   ձայնով   սկսեցին   երգել: Եկեղեցում  շատ  մարդիկ  կային: Հայաստանից  եկած  հայեր  էլ  կային, որոնք  Իտալիայով  մեկնում  էին  Ամերիկա: Խենթի  պես  գոռացի. «Դուք, որ  կոմունիստների   առաջ  ծնկի  չգալու  համար եք  երկիրը  թողել, հիմա  ինչու՞  եք  ուրիշ  մի  ուժի  առաջ  ծնկի  չոքել: Ու՞ր  է  ձեր   ազգային  արժանապատվությունը: Ասացի. «Նախ  եւ  առաջ  հայ, հետո` կոմունիստ, նախ  եւ  առաջ  հայ, հետո` կուսակցական, նախ եւ  առաջ  հայ,  հետո`  քրիստոնյա»: Այս օրերից  շատ  ժամանակ  չանցած  սպանվում  է  Հռոմում  հավատարմագրված  թուրք  դեսպանը: Դեպքը  լուսաբանելու  համար   Թուրքիայից   թղթակիցների  մի  մեծ  խումբ  է  գալիս  Իտալիա: Իտալական   թերթերում   հանդես  գալով, նրանք   գրում  են, թե  հայերի  ահաբեկչական  գործողություններն  անհիմն  են, թե հայկական  ցեղասպանություն  երբեւէ  չի  եղել, թե  այդ  ամենը   հայերի  հորինված  պատմություն  է: Գրում  են նաև, որ  Եվրոպայում   կատարված   ահաբեկչությունները  ոչ  թե  թուրքերի, այլ  ամբողջ  աշխարհի  մարդկության  դեմ  են  ուղղված: Փոքր  եղբայրս`  Զավենը, որ  Հռոմի բժշկական  համալսարանի   ուսանող  էր  եւ  երբեք  ազգային  հարցերով  չէր  զբաղվել, կարդալով  այդ  հրապարկումները, զայրացած   հայտարարում  է, որ եթե  իտալիական  թերթերը  ճշմարտություն  ասելու  համարձակություն  չունեն, ապա  բացարձակ  սուտ    գրելու  բարոյական  իրավունք   նույնպես  պիտի  չունենան: Թղթակիցները   գալիս  են  մեր  տուն: Ես  այդ  օրերին  Վիեննայում  էի: Նրանց  ընդունում  են  մայրս   եւ   Զավենը: Խոսում  են  1915-ի  իրադարձությունների  մասին: Իրենց   իմացած  փաստերի, մեծ  հորիցս   լսած  դեպքերի   մանրամասնություններ  են   պատմում: Բացատրում   են, որ  մենք  այդ  ոճրագործության   հետևանքով  ենք  Իտալիյում  հայտնվել: Լրագրողներից  մեկը  հարցնում է. ՙՆշանակում է, այդյո՞ք, որ  դուք  ահաբեկչության  կողմնակից   եք,  եւ  ահաբեկչությունները  պետք  է  շարունակվեն»: Եղբայրս  ասում  է. «Եթե  հայոց  եղեռնի   փաստը  չընդունվի   եւ   չդատապարտվի, հավանաբար  կշարունակվեն»: Հաջորդ  օրվա  թերթերում  լույս   տեսած  հոդվածները   խոշոր   տառերով   վերնագրված  էին`»ՙԶավեն  եւ  Գևորգ   Օրֆալյանները   հայտարարում  են. «Այս  ահաբեկչությունը    վերջինը  չէ»: Այդ  օրվանից   սկսվում  են  մեր  տառապանքները: Մեր ընտանիքը հսկողության տակ է  առնվում: Հետապնդումներ, խուզարկություններ, հարցաքննություններ… 1976-ին, ճիշտ   այդ խառն օրերին  Վիեննայից վերադառնում  եմ  և  հայտնում`   Թուրքիա  մեկնելու   մտադրությանս  մասին: Անշուշտ, իմ այս  որոշումը  անակնկալի   բերելով   նաեւ  տարակուսանք   ու  զարմանք  է  պատճառում: Մանավանդ,  որ   թերթերը  շարունակում   էին  գրել  իմ   ահաբեկիչ    լինելու   մասին: Ես   բացատրում   եմ   մերձավորներիս,  որ  վաղուց  եմ  երազել  տեսնել  մեր   հայրենիքը, մեր պապենական  հողերը, Ուրֆան: Նախ  գնում   եմ   Թուրքական   դեսպանատուն: Հարցնում  եմ. «Կարող  եմ  վստահ  լինել,  որ  ինձ  հետ  որեւէ  վատ  բան  չի  պատահի, եթե  ես  ձեր  երկիրը  մեկնեմ»; Թուրք  դեսպանը  չափազանց  քաղաքավարի, չափազանց  սիրալիր  է  հետս. «ՙԻ՞նչ   անհիմն  կասկածներ,  ի՞նչ   եք   ասում, շատ  կարեւոր  է,որ   հենց   դուք   լինեք  Թուրքիայում: Կտեսնեք, թե  որքան  հայեր  կան   մեր  երկրում  եւ  ինչպիսի   ապահով   ու  գեղեցիկ  կյանքով  են  նրանք   ապրում: Ինքներդ կհամոզվեք, որ   հայերի  դեմ  ոխ  չունենք   պահած»: Մտածում  եմ, այդքան  խելք  ունեն, գիտակցում  են, որ  եթե  ուրիշ  նպատակներով   իրենց  երկիրը   գնալու   լինեի, ապա  հաստատ   օրինավոր  այդ  ճանապարհը  չէի  փնտրելու, այսպես`  մեկնելուս  օրն  ու  ժամը  տեղյակ  պահելով, և մանավանդ  շքեղ  մեքենայով  չէի  գնալու, որ  ուր  էլ  լինեմ,  աչքներից  չվրիպեմ: Պարսկահայ  մի  աղջկա  հետ  էի  ծանոթացել: Նրա  ընկերներից   մեկը  «Ֆերրարա»  մակնիշի  մեքենա  տվեց, որը  ճամփորդության  վերջում  պետք  է  վաճառեի: Որոշեցինք, որ  նախ  կգնամ  Հունաստան, այնտեղից  անցնելով  կշրջեմ  պատմական  Հայաստանի  տարածքով, հետո  կ•ամ  Պարսկաստան, որտեղ  եւ  պետք  է  ընկերուհիս  ինձ  սպասեր£ Ծրա•րիս  համաձայն  նախ   ուղևորվեցի  Հունաստան հետո արդեն Թուրքիա: Բայց այդ երկրի  սահմանն  անցնելուց  երեք  ժամ  անց  թուրք     ոստիկաններն ինձ  բռնեցին: Ամերիկյան  հայտնի մի  ֆիլմ  կա, որ  կոչվում  է «Կեսգիշերային  ճեպընթաց»: Եթե  այդ  ֆիլմում   նկարագրված   դեպքեը  բազմապատկված   դաժանությամբ   պատկերված  լինեին, էլի  չէին  ներկայացնելու  այն  սարսափելի  տանջանքները, որ ես քաշեցի  թուրքական  բանտում: Սկզբում  գաղտնի  ոստկանության  բանտում   էին  պահում: Ոչ  ոք  չգիտեր, թե  որտեղ  եմ  ես: Երկու  ամիս  անց, գիշերվա  ուշ  ժամին  դատավարության  տանելու  պահին  լրագրողներն  իմանում  են  իմ  ով  լինելը,  և   հաջորդ  օրը  թերթերը  համառոտ  լուր  են  տալիս` հայ   ահաբեկիչ  բռնվելու  մասին: Այդ  կարճ  հաղորդագրությունը   տրվում  է  նաև   արտասահմանյան   թերթերի   ու  լրատվական   միջոցներին:  Հորեղբայրս, որ  Հորդանանում   էր  ապրում, պատահաբար   Կիպրոսի  «Հայրենիքի  ձայն»  ռադիոկայանով  լսում  է,  որ  Գևորգ  Օրֆալյան   անունով   ահաբեկիչ  է ձերբակալվել Թուրքիայում: Անմիջապես  հեռաձայնում  է  Հռոմ. «Սոնա,  ինչպե՞ս ես»: «Լավ  եմ»,- պատասխանում  է քույրս:» «Է~ ,  մաման  ինչպե՞ս է, պապան  ու  Զավենն   ինչպե՞ս  են», - հարցնում է: «Լավ   են».- պատասխանը  լսելով, վերջապես  իրեն   հուզող  հարցն  է  տալիս. «Գեւորգը  ինչպե՞ս  է»: Սոնան,  թե` «Գևորգը  երկու   ամիս  առաջ  Թուրքիա  է  գնացել  եւ  լուր   չունենք: Չգիտենք  ուր  է»: Հորեղբայրս  էլ  չի  դիմանում. «Ես  գիտեմ  ուր  է,  թուրքական  բանտում  է»…

Այստեղից   արդեն   ուրիշ   ոդիսական  է սկսվում: Հռոմ  է  գալիս  Ամերիկայում   ապրող   հորեղբայրս: Ինձ  ազատելու  հնարավոր   ելքեր   որոնելու    համար   են   հավաքվում: Հաստատ   մի  բան  գիտեին. Թուրքիա  գնալը,  պարտադիր  է: Բայց  ինչպես  եւ  ինչ  ուղի  պետք  է   ընտրեն, որ  իրենք էլ  չվտանգվեն: Եւ  հետոª  եթե  գնան  որտեղ   պետք  է  ինձ  փնտրենª Անկարայում,  թե   Ստամբուլում: Վերջապես  որոշում  են`  Թուրքիա  ուղևորվելու են  մայրս   ու  հորեղբայրս: Հորեղբայրս  ամերիկյան  անձնագիր  ունի, իսկ  թուրքերը   ամերիկացիներին  լավ  են  վերաբերվում: Մամուլում  տպագրվող    հաղորդագրություններին  հետևելով նախ  տեղեկանում  են, որ  Ստամբուլում  եմ, Բայրամ   փաշա  կոչված բանտում: Ճիշտ  այն  բանտում, որտեղ  ծավալվել  են  “Կեսգիշերային  ճեպընթաց”  շարժանկարի  գործողությունները: Եւ  քանի  որ  իրական  հիմքով, իրական  մարդկանց   մասին   արված   ֆիլմ   էր,  ապա  ծանոթ  էի  բանտարկյալներին, որոնցից  շատերի պես  հույս  ունեի, թե  նկարը  մեծ  էկրան  դուրս   գալուց  հետո  մեզ   ազատ   կարձակեն: Մարդկային  երեւակայությունից   դուրս  վայրագ   բարքերով,  կեղտոտ   բանտ  էր: Բանտարկյալներին  ոչ  միայն  ֆիզիկական, այլեւ  հոգեբանական  տանջանքների  ենթարկելու   մշակված  զարհուրելի  եղանակներ  ունեինք: Երբ  իմացան, որ հայ  եմ, ավելի դաժան, առավել  զզվելի  խոշտանգումների  սկսեցին   ենթարկել: Բանտապահները  ծեծում, ջարդված  մարմնիս  գետին  փռելով, վրաս   խրախճանք  էին  անում: Ուտում, խմում,  իսկ  վերջում  փսխում  էին…Միշտ   համոզված  եմ  եղել, որ  աշխարհում   ամեն  մի երևույթ  սահման  ունի: Հասկացա, որ  թուրքական  բանտում  մարդկային  տանջանքների  համար   լիմիտ  չկա: Այդ  ամենն, ինչ  տեսել  ու  կրել  եմ  մղձավանջային   այդ  շրջանում, ես  հետագայում  մանրամասնորեն  նկարագրել,  պատմել  եմ  իմ  գրքում, որ  կոչվում  է “100 օր   թուրքական  դժոխքում”:  Բանտից  հետո  հավատացած  էի  եւ   շարունակում  եմ  մնալ  նույն   համոզմուքին, որ  թուրքական  բանտից   ազատված  յուրաքանչյուր  մարդ   կյանքում  հանդիպած  ամեն  մի  դժվարություն  դյուրությամբ  կարող  է  հաղթահարել: Ավելի  մեծ  ցավ, տանջանք, տառապանք  դժվար  է  պատկերացնել: Մայրս  միշտ  ասում  էր.”ՙԵս  խենթ  տղա  ունեմ”: Նա  այդպես  էր ասում  ծանր  իրավիճակների  չտրվելու, ամեն  ինչ  խաղի  վերածելու, հեշտացնելու  բնավորությունս, արտիստիկ   իմ  էությունն  ի  նկատի  ունենալով: Թերեւս  այդ  հատկանիշներիս, նաև Մուրադ-Ռաֆայելյան  վարժարանի   տված   խիստ  դաստիարակության  շնորհիվ  էր, որ  ես  դիմանալու, դիմադրելու  եւ  ազատվելու  կամք   ցուցաբերեցի: Անշուշտ, դա առանց գումարի չեղավ:  45-50 հազար  ամերիկյան  դոլար  պահանջվեց: Մերոնք տվեցին: Ազատեցին: Կյանքի  հունի  մեջ  մտնելու, նորմալ  վիճակի  գալու  համար   մեկ  տարի  պահանջվեց: Ուրիշ  մեկը  գուցե  հինգ-վեց  տարի  հետո  էլ  նման  երջանկություն  չունենար: 1978  թվականին  մի  քանի  երկրներից  հրավեր  ստացա: Առաջարկում  էին  դասախոսություններով հանդես   գալ: Թեման` հայոց  պահանջատիրական  խնդիրները  և  թուրքական  բանտի  բարքերը: Գնացի Անգլիա, Ֆրանսիա, Ավստրալիա, ԱՄՆ  եւ  էլի  մի  քանի   երկրներ: Յոթ-ութ  ամսյա   այդ  ուղևորությունների  ու  դասախոսությունների  ժամանակ   ես  ինձ  համար  շատ  կարևոր  երկու  հայտնություն   արեցի. նախ  այն,  որ տարբեր  երկրների, տարբեր  քաղաքներում   ինձ  լսելու   եկած   մարդկանց  միշտ   մեկ  և  նույն  հարցն  էր  հետաքրքրում. “Թուրքական  բանտում   հայտնված   հայ  մարդ  ի՞նչ  չարչարանքների  է   ենթարկվում: Երբեք  չուզեցին  իմանալ,  թե  այդ  հայ   մարդն   ինչպե՞ս  եւ  ի՞նչ  նպատակով  էր  մեկնել  Թուրքիա: Ինձ  նայում  էին   իբրեւ   փորձարկության   ենթարկված  մի  կապիկի, որը  նաև   խոսել  գիտեր, բայց   որին  տեսնելու, լսելու   համար   կենդանաբանական  այգի  գնալու   նեղությունն  անգամ  չէին   ուզել   կրել,  այլ  նրան  էին  բերել  իրենց   մոտ: Շատերն   ասացին. “Չպիտի  գնայիր, չբռնվելու  ի՞նչ  երաշխիքներ  կային”: Ոմանք  ասացին.  “Խենթ ես,  միամիտ ես”: Ոչ  մեկի  մտքով  չանցավ, որ  ես  Թուրքիա  ուղևորվեցի. բռնվելու  հավանականությունը  չբացառելով: Միամիտ  էի, այո,  բայց  այնքան, որ  ուզեցի  եւ  կարղացա  Թուրքիայի  սրտում  հայոց  դատի  շուրջ  խոսք  բացել  հենց  իրենց  մասնակցությամբ: Խենթ էի, այո, բայց  հպարտ  եմ, որ  ահաբեկչության   մեջ  մեղադրանքով  Ստամբուլի բանտում  պահվելուս  հարյուր  օրերի ընթացքում  հայկական  ցեղասպանության  մասին  բարձրաձայն   արտահայտվելու   առիթ  եմ  տվել ոչ  միայն  թուրքական   և   հայկական, այլև  իտալական  ու   միջազգային  մամուլի, լրատվական  ծառայություններին: Իրենք  չէին  տեսել, ես էի  բանտից  ազատվելուց  հետո  տեսել  Թուրքիայում  ապրող  երիտասարդների  աչքերը:  Միամիտ  էի, ճիշտ  է: Բայց  վստահ էի` իրենց  պատռելու  դեպքում   անգամ  չէին  կարողանալու  վրաս  փաթաթած  մեղադրանքն   ապացուցել, որովհետեւ”ՙInterpol”-ով  էի  հաստատել, թե  երբ, որ  քաղաքում  և, ինչ  հյուրանոցում  եմ ապրելու  և  ուր  եմ  պատրաստվում  ուղևորվել: Այդպես  չանեի, թուրքերը  վաղուց  Անատոլիայի  կամ  Անկարայի  խորքերում  կորցրած  կլինեին  ինձ: Ես  իրենց  փնտրած   ահաբեկիչը  չէի: Հավանաբար, այն պարզ պատճառով ես չեմ  կարող մարդ  սպանել: Ինքս  ինձ  ճերմակ  ահաբեկիչ  էի  կոչել: Ես  քաղաքական  գործիչ  չէի: Մարտիկ  էի, ազգիս զինվորն էի, մարտնչող մեկն  էի: Թեպետ հայությունը  չարձագանքեց, չհասկացավ   իմ  գործողության հիմնական  նպատակը: Հայաստանում  այն   ժամանակ  խորհրդային   կարգեր  էին: Ինքս  ոչ  դաշնակցական  էի, ոչ   ռամկավար, ոչ  էլ որևէ   կուսակցության  անդամ: Հայ  էի: Եվ  գործել  եմ  որպես  հայ: Երկար  ճանապարհ   անցնելով  է, որ կարևոր   երկու   եզրահանգում   ունեցա: Նախ`  հասկացա, որ  աշխարհում  հայություն կա,  հայկական  հարցի  լուծման  պահանջ  կա, բայց  պայքարի  անհրաժեշտ  պատրաստվածություն  դեռեւս  չկա: Որոշեցի  հեռանալ   ազգային   գործերից: 1980 թվականն  էր: Ես  կրկին  Հռոմում  էի,  կրկին  զրոյից  սկսելու  նույն  վիճակում, ինչպես  այստեղ  գալուս  առաջին  օերին: Այդ  ժամանակ  էլ  երկրորդ  կարեւոր  եզրահանգման  եկա: Հասկացա, որ  մարդը ամենադժվար  պահին  հայացքը  ոչ  թե  ուրիշի, այլ  իր  վրա  պետք  է  դարձնի: Մտածեցի` պետք  է  ամեն  ինչ  թողնել ու  զորանալ: Եվ  այնպես, որ երբ Հայաստանն  ազատ  լինի, օգնության  հասնելու  ուժ  ունենամ: Որն  է  կարեւորը`  լինելը,  թե  լինել  եւ  ունենալ: Այսօր  ես  գոհ  եմ, որ  և’  կամ  և’  ունեմ: Եւ  իմ   անձնական  ջանքերով  է, որ  ունեմ: Անշուշտ,  հպարտ  եմ, արածներիս  համար: Եթե  նորից  սկսելու   լինեի, հավանաբար  նույն  ուղին  պետք  է  անցնեի: Մի  քիչ  ինքնավստահ,  մի քիչ  ինքնագոհ, բայց  եւ  դժվար  ապրող  մեկն  եմ: Կյանքը  միշտ  իր  դժվարություններն  է  պարտադրում: Ես  չիրագործեցի  իմ  կինոռեժիսոր  դառնալու  երազանքը: Բժշկական  համալսարանն  ընդունվեցի  և  երեք  տարի  սովորելուց  հետո  հեռացա: Հռոմի  համալսարանում   երկու  տարի  փիլիսոփայություն  ուսումնասիրեցի  ու  կիսատ  թողեցի: Անպայման  հայաստանցի  աղջկա  հետ  ընտանիք  կազմելու  իմ  մյուս  երազանքն  այդպես  էլ  մնաց  չիրականացված: Եվ  եթե  իմ  տարեկիցներին  հատուկ   կյանքով  չեմ  ապրում, ապա,  հավանաբար, փնտրում  եմ  երիտասարդությանս    այն  լավագույն  ժամանակները, որոնք  ես  այնպես   չապրեցի, ինչպես   իմ   հասակակիցներից   շատ-շատերը: