ԱԶԳԻՆ ԿԵՆՍԱԿԱՆՈՐԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՋԻՋԸ

[caption id="attachment_332" align="alignleft" width="101" caption="Մովսես Պճաքչյան"]<a href="http://localhost/arvest/?attachment_id=332" rel="attachment wp-att-332"><img class="size-full wp-image-332" title="art_b766" src="http://localhost/arvest/wp-content/uploads/art_b766.jpg" alt="" width="101" height="160" /></a>[/caption]

Մայիսի 26-ին գրականության մարդկանց Հայաստանի Գրողների միության կլոր դահլիճ էր բերել հայ ժամանակակից գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Հալեպում ծնված, վաղուց փարիզաբնակ գրող Մովսես Պչաքչյանի «Լուսավոր աչքերով օտարականը» գրքի շնորհանդեսին ներկա լինելու հետաքրքրությունը: Գիրքը երկրորդ անգամ է տպագրվում հայրենիքում, այս անգամ ոչ դասական ուղղագրությամբ: Նոր գրքում տեղ է գտել նաեւ արձակագրի «Անկանխատեսելին» պատմվածքը, որ 1981 թվականին ճանաչվել է «Բագին» հանդեսի (Բեյրութ) տարվա լավագույն արձակ ստեղծագործությունը:
13 գրքերի հեղինակ է: 1990 թ. «Ծիծեռնակները պիտի չսարսափին խրտվիլակներեն» վեպն արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին: 2009 թ. ՀՀ նախագահի հրամանագրով Մ.Պճաքչյանը պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2010 թ. հայ համազգային կրթական եւ մշակութային միության կողմից նրան շնորհվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» ոսկե մեդալ, 2010 թ. ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ:
Բանախոսները՝ Լեւոն Անանյան, Սուրեն Դանիելյան, Լիլիթ Գալստյան, Մարգար Շարաբխանյան հիմնական գծերով ներկայացրին Մ.Պչաքչյանի ստեղծագործությունը՝ հիմնական շեշտը դնելով «Լուսավոր աչքերով օտարականը» վեպի վրա: Սիլվա Յուզբաշյանը կարդաց մի հատված վեպից: Գրեթե բոլոր բանախոսների խոսքում հիշատակվեց այն փաստը, որ Պչաքչյանը արժանի շարունակողն է Շահնուրի, Շուշանյանի, Որբունու, Օշականի, մյուսների, որոնց ստեղծագործությունների կենտրոնական հերոսը օտար ափերում հայտնված հայն է իր ճակատագրով: Հաջորդող տողերիս հեղինակը խոսեց գրողի «Անցողիկը եւ անժամանցելին» վեպի մասին՝ նշելով, որ այս վեպում առկա են նրա ստեղծագործական մեթոդի, լեզվամտածողության եւ կենսափիլիսոփայության բոլոր տարրերը: Նույնիսկ նախորդ վեպերից որոշ մտքեր եւ հիշատակություններ կան այստեղ: «Ինծի կթվի, որ ձեր մասին գրված նոր վեպը անոր մեկ տարբերակն է, անոր մեկ զուգընթացը կամ անոր մեկ հավելվածը: Երբեմն նույնիսկ նույն նախադասություններն են...Լուսավոր աչքերով օտարականը ներկա է ձեր վեպին մեջ ալ»...Գրական այս հնարանքը միայն շեշտում է գրողի վեպից վեպ անցնող, զարգացող եւ նորանոր շերտերով ի հայտ եկող գաղափարների ամբողջականությունը:

«Անցողիկը եւ անժամանցելին» վեպի հերոսը Հովսեփ Նիկողոսյանն է, որ Հալեպում, Բեյրութում է թողել իր մանկությունը, պատանեկությունը, հայտնվել աշխարհի պորտում, ազգությունների, մշակույթների հավերժական խառնարան Փարիզում: Ինչպես Շահնուրի Պետրոսը, Շուշանյանի անանուն հերոսը, Հովսեփ Նիկողոսյանը նույնպես երկու միանգամայն տարբեր աշխարհների բնակիչ է: Այս երկվությունը երեւում է առաջին իսկ դրվագներից, երբ նա հայելու մեջ կորցնում է իր արտացոլանքը. (պիտի գտնի միայն վեպի վերջում): Այսինքն, արդեն իսկ տրոհված ես-ը պատրաստվում է ճակատագրական խաղեր խաղալ մեր հերոսի գլխին: Չափազանց հետաքրքիր է նաեւ Գրողի՝ այս վեպը գրողի կերպարը, որ հերոսին հետապնդելու իր համառությամբ նման է յուրաքանչյուր գրողի մեջ նստած ցենզորին, որ ուղղորդում է հերոսների վարքուբարքը, հորինում նրա բոլոր ճանապարհները՝ առանց հերոսի կամքը հարցնելու: Եթե գրողը կարդացած մեկն է, ապա նրա մեջ միշտ կա իրենից առաջ եղած մեծերին չկրկնելու հսկումը, գրքային չլինելու մտավախությունը: Այս իմաստով բազմակի դժվար է աշխարհի մշակույթի մեջ նոր բան գտնելն ու այդ նոր բանը նորովի ասելը: Ահա մեր այս Գրող-հերոսը նույնպես, Հովսեփին տանելով իր ուզած բավիղներով, երբեմն ինքն էլ կասկածի մեջ է, թե արդյո՞ք այս մոտ հազար էջանոց գիրքը կարդալու համար բավարարելու է ընթերցողի համբերությունը: Ինքն էլ իրեն հանգստացնում է, երբ տեսնում է կառամատույցում մի հաստափոր գրքի ընթերցանությամբ տարված աղջկան , որին հանդիպելու էր նաեւ վերադարձին՝ նույն դիրքով: Ուրեմն աշխարհում դեռ մնացել են գիրք-վեպ կարդացողներ: Մնում է նրան հետաքրքրել: Իսկ Պչաքչյանի վեպն ունի բոլոր այդ հմայիլները: Անխուսափելիորեն Հովսեփը պետք է իր ճանապարհին հանդիպեր այն փարիզուհիներին կամ փարիզուհի դառնալու համար ամեն ինչ մոռացած կանանց, ում հանդիպել, եւ որոնց որոգայթներում էին հայտնվել մեր հայ տղաներից շատ-շատերը տարբեր ժամանակներում: Գրական կերպարներ դարձած մեր հերոսները պիտի անցնեին բոլոր այս փորձություններով: Սակայն հայի, մանավանդ մտավորական հայի համար կային բազում այլ փորձություններ: Այս կարգի կարեւորություններից մեկն էլ, եթե ոչ առաջնայինը, ազգային ինքնությունը չկորցնելու խնդիրն էր: (Եթե իր ընդերքում առկա այս արժեքը չլիներ մարդուս երբեւէ ունեցած կամ երազած արժեքներից մեծագույնը, ի՞նչ նշանակություն պիտի ունենար մարդկային կյանքը հայի համար: Թիթեռնիկի մեկօրյա կյանք): Պչաքչյանի մոտ այս խնդիրը ոչ միայն սկզբունքային է, այլեւ արյան հետ ժառանգված հոգեբանություն: Երբեմն նրա հերոսն իրեն համարում է հազար տարեկան, արյան ձա՞յնն է, որ նրան նորից ու նորից վերադարձնում է իր պատմության անցքերին, գրողի իմացականությո՞ւնը, թե՞ մանկության հուշերի քաղցրությունը: Հայ ընտանիքում է երեխան այնքան գուրգուրանք տեսնում, որ ամբողջ կյանքի համար բավարար է: Հրեական ծագում ունեցող Վերոնիքի համար ընտանիքը, մանավանդ հայրը մի ծանր բեռ է, երբեմն նա պատրաստ է նույնիսկ սպանելու հարազատ հորը: Իսկ հայի համար ընտանեկան, արյունակցական կապերը քնքշագին զգացումների շտեմարան են: Զուր չէ, որ եղբայրները ոչ մի կերպ չեն կարողանում միմյանցից բաժանվել օտար քաղաքում: Հովսեփի եղբայր Համբարձումը չի կարողանում վճռական քայլ անել, մեկնել Ամերիկա: Սա բարոյահոգեբանական այն առանձնահատկությունն է, որ ահա փոխանցվել, հասել է մինչեւ վերապրողների մեր սերունդը, եւ գրավականն է այն բանի, որ հաջորդ սերունդների մեջ նույնպես սկզբնավորվելու, հասունանալու, լայն սաղարթներով, ամուր արմատներով ծառ է դառնալու հայի սերմը: Թեեւ կան վիետնամացու հետ ամուսնացող հայեր, չինացու հետ ամուսնացող սերբեր, եւ հայտնի չէ, թե նրանց սերմերից ի՞նչ երեխա է ծնվելու: Այսինքն՝ արյան մաքրությունը նույնպես դերակատարում ունի Հովսեփի մաքառումների ընթացքում: Հետաքրքիր է, որ նույն դասընթացներին հաճախող աղջիկներից ու տղաներից ոչ մեկը չի վրիպում Հովսեփի ամենատես աչքից: Քանի դեռ նա ազատ է Վերոնիքի որոգայթից, կարողանում սթափ գնահատել ամեն մեկին ըստ իր արժանիքի, բայց սեռական զգայությունները բոլորովին այլ ուղիներ ունեն: Վերոնիքը Շուշանյանի Աննայի, Շահնուրի Նենեթի նման ազատության մի քանի սերունդների փորձով հասունացած փարիզուհին է, որ այլեւս վերափոխման ենթակա չէ: Բայց հային ընտանիք է պետք՝ իր բոլոր բաղկացուցիչներով, որոնցից մեկնումեկի բացակայությունն արդեն անհարմար կյանքի նախանշանն է: Վեպի կարեւոր դրվագներից մեկն է Վերոնիքի եւ Հովսեփի հանդիպման սենյակի պատին հայտնված Տերունական աղոթքը՝ հայերեն: Սա ֆանտասմագորիկ այն նշաններից է, որ հայտնվում է ոչ միայն վեպերում ու կախարդների մասին պատմություններում, այլ յուրաքանչյուրի կյանքում, եւ իհարկե միշտ չէ, որ կարողանում ենք հասկանալ նշանը, հասկանալու դեպքում՝ հետեւել նրա խորհրդին: Վեպը ընթերցելու ընթացքում մի հետաքրքիր զգացողություն է առաջնորդում քեզ. դու գիտես ու վստահ ես հայի առողջ բնազդների հաղթանակին: Բայց այս հանգամանքը ոչ թե թուլացնում է հետաքրքրությունը, այլ ճիշտ հակառակը՝ ուզում ես իմանալ, թե մեր ապականված աշխարհում ինչպե՞ս է այս չնչին հնարավորությունն իրողություն դառնալու: Այս իմաստով վեպում շատ հետաքրքրական է Արփիարի կերպարը, որ ազգի ներուժը հաստատելու գործնական քայլեր կատարողն է, մեր նորագույն պատմության անուրանալի հերոսը՝ «Հայ դատի մարտիկներ» կազմակերպության անդամ, որ մասնակցել է Մյունխենի թրքական հյուպատոսարանի դեմ կատարված ահաբեկչությանը:
Պչաքչյանի հերոսն ինտելեկտուալ է, մարսել է աշխարհի եւ իր ազգի գրականությունը, պատմությունը, մշակույթը, եւ նրա հաղթանակը թեեւ շատ ավելի մեծ ու անհաղթահարելի կեռմաններով, բայց լիակատար է լինելու:
Վեպում կա եւս մի հատկանիշ, որ բացի գեղարվեստականություն եւ հաճույքի տրամադրություն հաղորդելուց, հայի հոգեբանության առողջ կորիզի վկայությունն է: Դա հումորի, զավեշտականի զգացումն է, որ երբեք չի լքում նրա հատկապես հայ հերոսներին: Այս առումով հատկանշական է հազիվ ձեռք բերած աշխատանքը վտանգելու գնով Հովսեփի՝ Մեոսիե Ալիքսին «Ժպիտ Քասպերի» մասին պատմած (հորինած) ֆանտասմագորիկ պատմությունը, որ վեպի վերջում նույնպես երեւալու է՝ ապացուցելով, որ յուրաքանչյուր ասվող բառ, նախադասություն վեպի կենսականորեն անհրաժեշտ բջիջն է կազմում: Պարոն Ալիքսի՝ անընդհատ, թեկուզեւ շինծու ժպիտի մասին տրված խորհուրդը ավելի լավ պատասխան չէր կարող ունենալ: Մարդու ժպիտը անսպառ չէ, չի կարելի այն շռայլորեն այսուայն կողմ բաշխել: Արդյունքը կարող է լինել այն, որ մի օր ոչ թե ժպիտդ կորցնես առհասարակ, այլ դմքիդ վրա հավերժորեն մնա մի խեղճուկրակ կիսաժպիտ: Արդյո՞ք սա նաեւ արեւմտյան մշակույթի փակուղու պատկերը չէ: «Կիսաժպիտ մը սառած էր դեմքին վրա: Այդ ժպիտը, որ վերջին կես ժպիտն էր, դարձուձած էր դեմքը ծուռումուռ»:
Պչաքչյանի ստեղծագործությունների մասին խոսելիս՝ անկարելի է չխոսել գեղարվեստական այլեւայլ հնարանքների, արտահայտչամիջոցների մասին, որոնք կենդանի են, հետեւաբար եւ՝ գործողություններն առաջ մղելու ներուժով առլեցուն: Բայց հատկապես գեղեցիկ ու անթերի արեւմտահյերենն է, որ վեպի մեծագույն հարստությունն է, եւ որը սակայն վերջին տասնամյակներում տարբեր գաղթօջախների բառբառային ներխուժումների եւ այլ անփութությունների հետեւանքով որոշ հեղինակների մոտ հաճախ խճողվում, խեղաթյուրվում, տուժում է:
<p style="text-align: right;"><strong>Ալիս Թադեւոսյան</strong></p>