ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ …ԵՒ ՄԵՐ ԱԲՍՈՒՐԴ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Թատրոն, կինո, գիրք… Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընթերցանությունը դարձել է երկրորդական, երրորդական, երբեմն անգամ` ավելորդ զբաղմունք: Բայց  Աղասի Այվազյանը մեր այն անհատներից է, որը այս բոլոր ժանրերում ստեղծագործելով մեզ ոչ միայն գրական հարուստ  ժառանգություն, այլեւ իր սցենարով ստեղծված կամ իր իսկ սցենարով, իր իսկ նկարահանած ֆիլմերը և պիեսներն է թողել:

 Թատրոնն մեր օրերում կարծես փոքր-ինչ թթվածին է հավաքել և կենդանանում է: Ժամանակակից մարդը ավելի շատ թամաշայի կարիք ունի, քան ընթերցելու: Հեռուստատեսությունը լիովին բավարարում է թամաշա անողի մեր հակումները, և այստեղ թատրոնը շահեկան վիճակում է, թեև Հայաստանում այս բնագավառը դեռ լրիվ չի տիրապետում իրեն ընձեռնված նոր հնարավորություններին: Բանն  այն է, որ մարդիկ, առանց սա գիտակցելու, զզված են հեռուստատեսային և համացանցային վիրտուալ պատկերների` վերջին հաշվով անկենդան գոյությունից: Միայն թատրոն կամ համերգների հաճախողը կարող է համեմատել ու հասկանալ, որ այլ է բեմի և դահլիճի հոտը, բեմահարթակը` մարդկային ձայներով լեցուն, դահլիճի հետ անմիջական դողերով կապվող դերասանի ոչնչով  չփոխարինվող խաղը:

Աղասի Այվազյանը գիտեր ժամանակի հետ քայլել: 62 տարեկանում նստեց մեքենայի ղեկին, դարձավ գերազանց վարորդ, մոտ 80-ում հիանալի տիրապետեց համակարգչին: Որոնում էր, գտնում նաև իր ժողովրդի սիրտը թափանցելու հնարները, դրա համար էր գրելուց  հետո անցնում նկարչությանը, ապա` կինոյին,  հարցազրույցներ էր տալիս, որոնցից յուրաքանչյուրը գանձ է սերունդների համար:

Նրա 25 պիեսները տարբեր ընդգրկումներ ունեն.  ֆարս, կլոունադա, դրամա, կատակերգություն, ողբերգություն: Եվ այս ամենի մեջ առկա է մեծ գրողի փիլիսոփայական հայացքը այն ամեն ինչին, որ վերաբերում է մարդ տեսակին և մարդու մեջ հայի տեսակին: Ու շատ կարևոր է մեր ժամանակներում, երբ ամեն ինչ վայրկյան առ վայրկյան փոփոխվում է, բաց չթողնել մեր մեծերին մեզ հետ, մեր կողքին զգալու և ոչ մի հնարավորություն:

 Անուրանալի է «Աղասի Այվազյան» հիմնադրամի գործունեությունը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել  Այվազյանական ընդարձակ ընթերցումները (երկու անգամ), ինչպեսև Այվազյանական առաջին թատերական փառատոնը: Հիմա էլ «Աղասի Այվազյան» հիմնադրամը  և Աղասու մեծ արվեստի երկրպագուների մի խումբ աշխատում են Այվազյանական թատերական 2-րդ փառատոնի կազմակերպման ուղղությամբ: Կազմված է ծրագիրը, հայտնի են օրերը` նոյեմբերի 11-18-ը: Այս անգամ փառատոնին դարձյալ մասնակցում են մի շարք թատերախմբեր` մայրաքաղաքից և Հայաստանի տարբեր մարզերից, որոնց հիմնական մասը պրոֆեսիոնալ, ճանաչում ունեցող անուններ են:

  Փառատոնը  հնարավորություն է տալիս նաև «բացահայտելու», թե Ա.Այվազյանի ո՞ր պիեսներն են ավելի հաճախ բեմադրվել: Նախորդ փառատոնի խաղացանկում ընդգրկված էին «Քարանձավ» (Էջմիածնի Շառլ Ազնավուրի անվան պետական թատրոն), «Աչքը ծոծրակին» (Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվ. դրամատիկական թատրոն), «Պոլոզ Մուկուչ» (Երևանի Ա.Այվազյանի անվ. թատրոն), «Դեկորներ» (Ա.Այվազյանի անվ. թատրոն), «Ինքնասպան նավը» (Երևանի «Մելիտինե» թատրոն), «Դիպլիպիտո» (Ա.Այվազյանի անվան թատրոն), «Կրեսոսի թագավորությունը» (Ա.Այվազյանի անվան թատրոն), «Առլեզ» («Մետրո» թատրոն) պիեսները: Բեմականացվել էին «Ամերիկյան աջաբսանդալը» («Էդգար Էլբակյան» թատրոն) և հեքիաթները:

 Այս տարվա փառատոնին ներկայացվելու են «Դեկորները» (Երևան «Գոյ» թատրոն, Զոլաքար), «Ինքնասպան նավը» (Ալավերդի), «Գոյություն» (Երևան, Վանաձոր), «Աչքը ծոծրակին» (Զովունի), «Քարանձավ» (Գավառ) պիեսները, «Գնում ենք» (Մեծամոր) նաև բեմականացումներ` «Ցեղի ֆիզիոլոգիան» (Երևան, «Մալյան թատրոն»), «Զանգ ինտելիգենտի բնակարանում» (Գավառ), «Հեքիաթներ» (Օշական):

Ինչպես տեսնում ենք,  առանձնացվում են հատկապես «Առլեզ», «Ինքնասպան նավը», «Դեկորներ», «Աչքը ծոծրակին», «Քարանձավ» վերնագրերը:

Այս ցանկում ամենաշատ ընդգրկվածը «Դեկորներ» պիեսն է, որն առաջին անգամ  անգլերեն տարբերակով ու մեծ հաջողությամբ 2003-ին, բեմադրվել է Լոս Անջելեսում: Ի դեպ, հեղինակը հրավիրվել ու ներկա էր ներկայացման առաջնախաղին: Հետաքրքիր է, որ Ա.Այվազյանը հեռու չէր աբսուրդի թատրոնից: Նրա գրեթե բոլոր  գործերում առկա է երբեմն աբսուրդի հասնող ֆանտասմագորիան, և  ժամանակակից թատրոնները մեծամասամբ նախընտրում և բեմադրում են հեղինակի հենց այդ գործերը, որոնք հանդիսատեսը սիրով է ընդունում: Գուցե  մեր աբսուրդ ժամանակնե՞րն են պատճառը: