ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Եւ ԱՅԼԱԿԵՐՊՈւՄԸ ԱՐՏԱՑՈԼՈՂ ԳՈՐԾԵՐ

Անկայուն այս աշխարհում համարձակություն պետք է ունենալ ստեղծագործելու համար մի ասպարեզում, որ կոչվում է գեղարվեստական ապակեգործություն: Սա` սեփական կոչմանը տեր կանգնելով, հոգու կանչին արձագանքել է նշանակում: Մի ամբողջ, ինը տասնամյակով ապրված կյանքի ընթացքում աշխարհի մասին սեփական պատկերացումները լույսի միջով տեսնելն ու արտահայտելը …
Հերթական ցուցահանդեսը, որ բացվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, “Պատկերասրահ Մեկ” կոչվող սրահում, կոչվում է «Լիբենսկի -Բրիխտովա. լույս տարածության միջով»: Ցուցուդրություն, որտեղ ներկայացվում է գեղարվեստական ապակեգործության առաջատար երկու արվեստագետների` Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի քանդակները: Ապակե գործեր, որոնք տպավորվում են գույնի և ծավալի ներդաշնակությամբ, լույսի ճառագող թափանցելիությամբ: Լույսի գեղեցկության հմայքը մեկ այլ զգացողությամբ ընկալելու, լույսի անիմաց խորքերը «հայտնաբերելու» յուրօրինակ առաջարկ, լույսի պարույրներով վեր ու վար գնալու և անծանոթ տարածությունները անցնելու հնարավորություն:
Իրենք` հեղինակները, իրենց ստեղծագործությունների հումքի էության ընկալումն, այսպես են բանաձևել. «Ապակին հնարավորություն է տալիս ստեղծել ներդաշնակություն ձևի և ներթափանցող լույսի միջև, և այսպիսով սահմանել լույսի էությունը՝ տարածությունը, և շոշափել այդ տարածության խորհուրդը”: Տարածության խորհուրդը շոշափելու , լույսի էության շողերն ի տես դնելու համար , անշուշտ մեծ հմտություն և անսահման երևակայություն է անհրաժեշտ: Գեղարվեստի բարձր արտահայտություն համարվող այս գործերը կերտելու համար նրանք պիտի որոնումների չավարտվող ճանապարհ անցնեին նաև: Եւ ներազդեցության նման մակարդակ ապահովելու համար հեղինակները միասին, իսկ գուցե յուրաքանչյուրն առանձին, նախ ուսումնասիրել, ապա բացահայտել են ապակու որակական ուժի ու թափանցիկության անհամատեղելիության գաղտնիքը: Սա է, թերևս նրանց կերտած ստեղծագործությունների գրավչության երաշխիքը: Գործեր, որ նրանց համաշխարհային ճանաչում բերեցին: Ազգությամբ չեխ քանդակագործների անունը վաղուց է հայտնի աշխարհի արվեստասեր հասարակայնությանը: Ի դեպ, երևանյան ցուցահանդեսում ներկայացվածը` Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի (ծնվ. 1924) քանդակների ընտրանին է: Ցավոք, նրանցից մեկը` Ստանիսլավ Լիբենսկին կյանքից հեռացել է 2002-ին: Նրա գործերը լուռ վկայությունն են այն ճշմարտության, որ նա իզուր չէ կտրել-անցել երկրային տարածությունը:
Ներկա ցուցադրությունը նվիրվում է Յարոսլավ Բրիխտովայի ծննդյան 90 -ամյակին: Այն ընդգրկում է ոճական և թեմատիկ առումով տարաբնույթ տասնյոթ գործ: Նկատելի տեղ է հատկացված արվեստագետների վաղ շրջանի աշխատանքներին` անիմալիստական ապակե հարթաքանդակների խմբով: «Տարածություն 1, 2 և 3» քանդակային շարքով, հեղինակները, լույսի օգնությամբ կամ լույսի միջոցով ստեղծված տարածքում, ասես ժամանակի մետաֆորն են կերտել:
«Լիբենսկի-Բրիխտովա. Լույս տարածության միջով» խորագրով ցուցադրությամբ, չեխ արվեստագետների գործերը երրորդ անգամ են Երևանում ներկայացվում: Ապակե քանդակներ են ընտրված Ջերարդ Լ. Գաֆեսճեանի հարուստ հավաքածուից:
Ցուցահանդեսի բացմանը եկած ու հետագա օրերի այցելուները Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները տեսնելով, կհամոզվեն, որ գեղագիտության սահմաններ ընդլայնող նրանց ստեղծագործությունները ժամանակակից արվեստի աշխարհում առանձին անկյունն ունենալու արժեք են կրում: Եւ ոչ միայն այսօր, այլ ժամանակային մեծ տարածության մեջ: Չնայած ժամանակի մասին մեր պատկերացումները կորցնում են իրենց ամրությունը: Քանի որ ապրում ենք մի դարաշրջանում, երբ պատերազմները աշխարհի բոլոր անկյուններում հրդեհի պես բռնկվելով, մարդկային կյանքեր խեղելով, մշակութային բազմադարյա ժառանգության լավագույն արտահայտություններն են անխնա ոչնչացնում: Ամեն տեղ: Կամ գրեթե ամենուր: Եւ դրա առաջն առնելու կտրուկ միջոցներ չեն ձեռնարկվում: Ըստ երևույթին, իրավացի էր Բակունինը, ասելով, թե` «ավերելու հրճվանքը, արարելու հրճվանքի հետ գնում է կողք-կողքի» : Աշխարհը փխրուն է դարձել, այո’ բայց ինչպես ասվեց վերը, մեզ ներկայացվող գործերի հեղինակները հավատացնում են, որ ապակին ուժ ունի: Անշարժ տարածության մեջ ապակե ստեղծագործությունը կարող է մի պահ փոխակերպվել հայելու և արտացոլել երկիր մոլորակի քաղաքակրթությունները վերացնողներ այլակերպված կերպարներ: Պատրանքային վերամարմնավորման այսպիսի ուժով էլ օժտված չեխ արվեստագետների գործերը, որոնք կարող են և զգոնության կոչ ընկալվել` մեկ այլ «ընթերցմամբ»: