ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. ՆՐԱ ԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ՀՈՒՇՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՎ ՈՒՄ ՁԵՌՔԸ ՊԵՏՔ Է ՈԼՈՐԵԼ

Սովորության համաձայն իր քայլքով սենյակը երկարությամբ կիսելով, խոսքը փոխեց. «Երեկ Դավիթն ասաց. - Պապ, քո գրածներն էլ ոչ մեկին չտաս նկարահանելու, կինոռեժիսոր կդառնամ ու ես կնկարահանեմ»: Հրանտ Մաթևոսյանը, երևի թե գոհունակությունն ու հայրական հպարտությունը թաքցնելու համար կատակի թեթև երանգով ու ժպտալով այս լուրը հայտնեց:

Ավելի ուշ, երբ արդեն գարնան վերջին ամսվա, վերջին օրերն էին, ասաց. «Կինոռեժիսոր դառնալու համար մարդ, թեկուզ փոքր մի ճանապարհ անցած պիտի լինի: Որոշվեց հումանիտար մի գիտություն ստանա ու նոր միայն գնա դեպի կինոն»»: Դու, թե՞ հայրդ էր նման որոշում կայացրել: Այդ հարցը չտրվեց, ինքն էլ այդ մասին այլևս չխոսեց: Հումանիտար գիտությունը Դավիթ Մաթևոսյանը մեր հարազատ ԵՊՀ-ի, արևելագիտության բաժինն ընդունվելով, ստացավ: Ի՞նչ եղավ հետո…

- Հետո իրավիճակը փոխվեց՝ մենք ունեցանք անկախություն, հետո պատերազմ ու երկրաշարժ ունեցանք, հընթացս այլ մարտահրավերներ ունեցանք, բայց այնպես էլ չէր, որ իմ ասածներին չանդրադարձա: Ուրիշ հարց, որ արված իմ կինոնախագծերը մնացին չիրականացված: Ես չեմ ասում, թե իմ առաջարկները հանճարեղ էին: Ասում եմ արել եմ նախագծեր, որոնք ժամանակի պահանջներին համապատասխանում էին՝ միջազգային չափանիշներով: Եւ հիմա էլ իրենց այդ որակները չեն կորցրել:

- Գուցե՞ քո կինոկենսագրությունն բոլորովին այլ էջերով լրացվեր, եթե հայրդ չասեր, թե կինոռեժիսոր դառնալու համար մարդը պիտի կյանքը ճանաչելու որոշ փորձառություն ձեռք բերի:

- Պատմությունը եթե-ներ չի ընդունում: Մարդու կենսագրությունն էլ պատմության մի հատված է: Հենրիկ Մալյանը էդ տարի կուրս էր հավաքում: ԵՎ ինքն էր ինձ ասել. «Կգաս ինձ մոտ»: Ծնողներս ընդդիմացան: Չգիտեմ, ինչու՞: Հորս կանխազգացումները հզոր էին: Ժամանակի էդ հատվածում ի՞նչ էր զգում, որ էդպիսի վճիռ կայացրեց, էլի չգիտեմ: Ես դարձա արևելագետ՝ պարսկերենն ուսումնասիրելով: Ասում են, հայաստանցու համար և ունեցածս փորձառության համեմատ, բավականաչափ լավ մասնագետ եմ: Գրականություն գիտեմ որոշակի չափով, ժամանակ առ ժամանակ լեզվի իմ իմացությունն ու գրականության վերաբերյալ տեղեկություններս պահանջվելով, պետք են գալիս, թարգմանություններս դրվատանքի են արժանանում:

- Դու իսկապես քո բազմաճյուղ գործունեությամբ մշակութային մեր իրականության համար նկատելի ու փնտրված նաև սիրելի անհատականություն ես, բայց այնպիսի տպավորություն է, որ բազմազբաղ լինելով հանդերձ, հայացքդ միշտ դեպի կինոն է: Թե՞ սխալվում եմ:

 - Չես սխալվում: Այդպես է: Բայց այնպես էլ չի, թե կինոն չի ստացվել: 1988-ին, համալսարանն ավարտելուց հետո, «Հայֆիլմում» աշխատելու հարց դրվեց: Հրանտ Մաթևոսյանի միջնորդությամբ գնացի Ֆրունզե Դովլաթյանի մոտ և դարձա նրա ասիսենտը: Դա փորձառություն էր: Հայֆիլմին առնչվելու՝ լավ ու վատ կողմերով, և կինոաշխարհում հայտնի մեր լավագույն ռեժիսորներից մեկի նկարահանման աշխատանքներին ներգրավվելու առումով: Մեկ տարի անց, հայտեր էինք ներկայացնում Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դպրոց ընդունվելու համար: Մինչ այդ մի քանի անգամ տեսել էի Մոսկվա ուսանելու գնացողների համար գրված երկտողանոց նամակները, դրանց հասցեատերերը մարդիկ էին, որոնց անունները ոչինչ չէին ասում, բայց նրանց հասցեագրված երկտողով ջահելները գնում և սովետմիությունում հայտնի լավագույն կինոդպրոցն էին ընդունվում: Նման մի երկտող ինձ համար չգրեց իմ հայրը: Հրաժարվեց: Երևի ինքն էլ, մայրս էլ վախենում էր, թե Մոսկվա կգնամ և ռուսի բաժին կդառնամ: Մեկ տարի անց  «Հայֆիլմի» պաշտոնական միջնորդությամբ ես ու Նունե Հովհաննիսյանը Մոսկվա դիմեցինք և… չընդունվեցինք: Ընդունվեց բոլորովին ուրիշ մեկը: Հետո պիտի իմանայինք, թե՝ ում միջնոդությամբ և ում երկտողով այդպես հաջողեց: Դա էլ կարծում եմ, հորս վրիպակն էր:

 - Ասված է, չէ՞. անցյալը վերադարձնել և ինչ որ բաներ շտկելն անհնար է, սակայն մեջքդ շտկելու և առաջ քայլելով, քո ուզած ճանապարհով գնալու համար երբեք ուշ չէ:

- Հիմա, սպասելիքներս մեծ են: Կինոասպարեզում լուրջ փոփոխություններ են կատարվում, առաջարկվող փաթեթների կարևոր կետերից մեկը պետք է դառնա պետական արտադրության ծրագիրը: Սա անհրաժեշտ ու առաջնային պայման է: Խոսքը իմ մասին չէ: Խոսքը սերունդների մասին է: Փարաջանովն իր հանճարեղ ֆիլմերը ստեղծելուց առաջ նկարահանել է գործեր, որոնք իրեն պարտադրվել էին որպես սոցռեալիզմի արտահայտություններ: Ինքը լավ էր արել իրեն տրված առաջադրանքը, բայց դրանք փարաջանովյան ձեռագրին հարիր գործեր չեն, որովհետև իր սրտի ասելիքը չեն եղել: Դրանից խորապես տուժել են ինքն էլ, կինոարվեստն էլ: Բայց այդ ֆիլմերն փորձառություն ձեռք բերելու նշանակությամբ են կարևորվել նրա համար: Անհրաժեշտ է, որ մեր իրականության մեջ մեկ կարճամետրաժ և երկու լիամետրաժ կամ հակառակը՝ երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմով դեբյուտի հնարավորություն տրվի ռեժիսորին:

- Նաև օպերատորին: Գաղտնիք չէ, որ հենց այդ բացի պատճառով ամենաշատը, թերևս տուժում են նաև կինոյի բարձրագույն ուսումնական հաստատությունների օպերատորական բաժնի շրջանավարտները:

- Իհարկե նաև օպերատորին, որպեսզի այս մարդիկ կայանան իրենց գործում: Կինոն առաջին հերթին արտադրություն է և կոլեկտիվ արվեստ է: Մեր պրոֆեսիոնալ դաշտում բազմաթիվ մասնագիտություններ կամ կիսապրոֆեսիոնալ մակարդակի վրա են կամ իսպառ բացակայում են. տեխնիկական աջակցություն, համակարգչային գրաֆիկա, գումարած ռեժիսորական և օպերատորական թիմ, միջազգային չափորոշիչներով աշխատող պրոդյուսերներ և այլն և այլն: Ռեժիսորը, լինելով այդ բոլորի ղեկավարը, միաժամանակ իր վրա արտադրական մեծ ծանրաբեռնվածություն է վերցնում: Ուրեմն, շատ դժվար է մեր պայմաններում ստեղծագործաբար կայանալը: Ես, օրինակ մի կարճամետրաժ ֆիլմ նկարահանել եմ: Կարծիքներ կան, որ լավն է: Չափավոր լավն է.- ասողներ էլ կան: Համենայն դեպս, ոչ միայն չկայացած կամ տապալված, այլ հաջողություններ գրանցած ֆիլմ է համարվում: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա տապալված կամ չտապալված գործ, որպեսզի կրկնակի հաղթանակի ձգտումով շարունակի մնալ իր ընտրած ասպարեզում: Այդ համոզմամբ եմ շարունակում կինոն համարել իմ մասնագիտությունը և հույս ունեմ, որ երկու լիամետրաժ ֆիլմի նախագծերս կհաստատվեն ու ես հնարավորություն կունենամ կինո նկարահանել:

- Ի՞նչ նախագծերի մասին է խոսքը:

- Եթե մի կողմ թողնեմ ներկայացվածներն, ու հիշատակեմ այն, ինչ իմ ձեռքի տակ է, ապա պիտի առանձնացնեմ «Կանաչ դաշտը»: Մաթևոսյանի ստեղծագործություններից չեմ ընտրել, որովհետև մտածում էի հանկարծ չասեն, թե որդին ուզում է հոր գործերով հաղթաթուղթ ձեռք բերել: 2008-ից հետո էր, սակայն երբ իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը, հենց նրա առաջարկած ստեղծագործության հիմքով նկարահանեցի: Գործը կոչվում էր «Թշնամիները»: 2008-ին, «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի՝ «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթին ներկայացված իմ՝ «Ալպիական մանուշակ» նախագիծը միջազգային հեղինակավոր ժյուրիի մրցանակը շահեց: Կինոկենտրոնի, Մշակույթի նախարարության հրապարակավ արված խոստման համաձայն՝ 2009-ին, այն պետք է արտադրության իջեցվեր: Դա չեղավ՝ նախարարության և կինոկենտրոնի «ջանքերի» շնորհիվ: Ինչ-որ մի շրջանում, փոխնախարարի մակարդակով տապալվեց նախագիծը: Ես հասկացա, որ ծածկադմփոց է արվել՝ գործի դրվելով մեզանում լավ մշակված սխեման: Այսինքն, առանց որևէ տեղ քննարկելու, առանց հեղինակին որևէ առաջարկ ներկայացնելու, առանց պատճառը հիմնավորելու, մերժվեց: Հետո երկու, երեք տարի շարունակ Կինոկենտրոնի այն ժամանակվա տնօրենից երաշխավորագիր-նամակ էի ստանում, որով տեղեկացվում էր, թե փող չկա, եթե կարող ես փող հայթայթիր: Թե իրենք ինչ կապ ունեին էդ ֆիլմի նկարահանման հետ կամ առհասարակ, էդ նախագծի հետ, այդպես էլ չհասկացա… Միջավարը մեզանում նպաստավոր չէր, այն տարիների կինոմիությունը՝ իր ներկայությամբ կամ բացակայությամբ, կինոկենտրոնը, որ ավելի շատ խանգարում էր, սերունդներ էին դուրս մղում կինոասպարեզից:

- Իսկ ի՞նչ է, չէ՞ր կարելի այդ նախագիծը մի կողմ դնելով, գալիք ժամանակներին պահ տալ և նոր գործ ընտրելով, մեկ ուրիշ ֆիլմ նկարահանելու առաջարկ ներկայացնել:

- 2016-ին, արդեն պատրաստի ունեինք «Պատիժը» պատմվածքի հիմքով արված սցենարի առաջին տարբերակը, նաև «Ծառերը» վերտառությամբ հայտն էինք ներկայացրել: Թե առաջին, թե այս պատմվածք-մենախոսության ինտերպրիտացիան սցենարի ենք վերածել Լիլիթ Հակոբյանի հետ: Տարանք կինոկենտրոն: Ասացին, ուղարկել ենք փորձագետների: Այդպես էլ հասկանալի չդարձավ, թե փորձագետները ինչ արեցին: Վստահ եմ, որ նրանց չեն էլ տվել: Հետո էլ կինոկենտրոնում սկսվեցին ռեֆորմները…

- Հրանտ Մաթևոսյանը նաև կինոյի մարդ էր, թեպետ ներքին ու արտաքին կոնֆլիկտներով և դժգոհություններով, այդուհանդերձ, կինոարվեստը ստեղծագործական իր կենսագրության մաս էր համարում և ուշադրության առանցքում պահում ոչ միայն հայկական, այլ աշխարհի կինոպաստառին հայտնված գործերը: Ձեր տունը, արվեստի մարդոց հավաքատեղի էր, ուրեմն նաև կինոռեժիսորներն ու դերասաններն էի գալիս: Մաթևոսյանների հարկի տակ արվեստային հագեցած մթնոլորտ էր տիրում: Նման միջավայրում ձևավորված անհատը թվում է, թե ավելի վստահ, ավելի համարձակ պիտի գործեր իր նախընտրած ասպարեզում: Քիչ առաջ ասացիր, թե նկարահանման համար Հրանտ Մաթևոսյանի գործերից չընտրեցիր, որպեսզի չասեն թե հոր գործերով է փորձում հաղթաթուղթ ստանալ: Նախ՝ ով ինչ ուզում էր, թող ասեր… Հրանտ Մաթևոսյանի զավակի համար առաջնայինը, թերևս նրա կարծիքը պիտի լիներ, որքանո՞վ էր այն կարևորվորվում քեզ համար, երբ նա քո կողքին էր, նաև հիմա, որովհետև ծնողները հեռանալով էլ են շարունակում մնալ իրենց զավակների կողքին…

- Պատասխանատվություն էի զգում և վախենում էի, քանի որ չգիտեի, թե ինչպես կվերաբերվեր, ռեակցիայից պիտի կարողանայի հասկանալ, հավանում է, թե՝ ոչ: Հ-2 տված մի կամերայի ու մեր երևակայության սահմաններում, նույն Լիլիթ Հակոբյանի հետ մեր մեծերից ընտրված մեջբերումներով մշակութային փոքրիկ հոլովակներ էինք փորձում նկարահանել: ԵՎ մեկը, տասներեքամյա Հովհաննես Թումանյանի առաջին ոտանավորն էր.

            Հոգուս հատոր, սրտիս կտոր,
            Դասիս համար դու մի հոգար:
            Թե կան դասեր,
            Կա նաև սեր…

Նկարեցինք երևանյան դպրոցներից մեկում: Չասաց՝ լավն է, կամ թե՝ վատն է: Առհասարակ, էդպիսի խոսակցություններ մեր միջև տեղի չէին ունենում: Տարբեր առիթներով երբ երեխեքն էին նայում, երբ թոռները նաև գնացող-եկողներին էին ցույց տալիս, աչքի պոչով ինքն էլ էր նայում: ԵՎ կարծես ոչ թե դերակատարին, այլ պատանի Հովհաննեսին դիմելով, շեշտադրումները փոխելով, ծիծաղելով, ասում էր. «Օհանե՛ս, Օհանե՞ս, Օհաննե՜ս»:

- Առանց ընդմիջման կարող էր Թումանյան արտասանել, հատկապես քառյակներն էր շատ սիրում: Հավանել էր, ուրեմն արածդ:

- Դե, երևի: Ափսոսում եմ, որ չտեսավ իր «Խումհարի» մի հատվածը: Ամենասկզբի՝ «արևածաղիկները նայում են պայծառ, պայծառ» հատվածն էինք բեմականացրել: Հիվանդ էր արդեն և ոչ ես ու ոչ մեկը չգիտեր, թե երբ է դրվելու վերջակետը: Պատասխանատվությունից ամեն կերպ խույս տալով, հա ձգձգեցի… Այսինքն, վերջնամոնտաժը իրենից հետո կատարվեց, բայց գործը որպես սևագիր կար ու ես հանգիստ կարող էի իրեն ցույց տալ: Եթե հավաներ, կուրախանար, եթե դուրը չգար ոչինչ չէր լինելու: Հիմա դա գիտեմ, բայց այն ժամանակ պատասխանատվության զգացողությանը տրվեցի կրկին:

- Կինոֆիլմի ստոպ կադր հիշեցնող մի տեսարան է մտապահվել Ձեր տան ունեցած հանդիպումներից: Հյուրերի շրջապատում նստած Հրանտ Մաթևոսյանը Կոկտեբելի Գրողների ստեղծագործական տանը անցկացրած օրերից մի դեպք էր հիշել: Մայրդ հետաքրքիր մի լրացումով ընդմիջում է նրա խոսքը: Դու, դեռ դպրոցական, նստած ես մորդ կողքին, նրա ձեռքն ոլորելով, ցածրաձայն ասում ես. «Քեզ չեմ ասել, որ պապան խոսում է, դու մի խոսիր, մի ընդհատիր նրան»…

- Չափորոշիչն իր այլ էր: Ես դա է, որ գիտեի ու նրա հանդեպ ունեցած պատասխանատվությունը, որ ասում եմ, էդ հիմքով ունեի: Միարժեքորեն միշտ եմ ունեցել այդ զգացողությունը:

- Իսկ ձեռք ոլորելու այդ վճռականությունը պահպանե՞լ ես մարդկային հարաբերությունների և չափորոշիչների տարօրինակ ձևախեղումների ենթարկված մեր իրականության մեջ:

- Հա, դե, իհարկե: Ձեռք բռնելով չէ, խոսքով էլ եմ բարձրաձայնում:

- Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամի ստեղծում, Գրողի թանգարանը հիմնելու, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում լավագույն սցենարի համար սահմանված մրցանակն ու այլ նախաձեռնությունները քեզ օգնու՞մ են, դրանք քեզ համար կենսական պահանջ են, թե՝ նրա հիշատակը պահելու որդիական ևս մի տուրք:

- Դրանք ինձ օգնում են, իրականում տուրք էլ չեն, այլ հոգու պարտք: Պարզապես անելիքներն են շատ: Ինձ զարմացնում է, երբ կողքից ասում են՝ եթե դուք չլինեիք, ոչ-ոք չէր անելու ու Հրանտ Մաթևոսյանը կամաց-կամաց մոռացվելու էր: Ոչ այն մարդկանց շրջանում, որոնք գիտեն նրա գրականությունը, այլ ներկա կամ գալիք սերունդին, ի նկատի ունենալով են երևի, այդպես ասում: Ասում եմ՝ ոչ, եթե մենք չանեինք, հասարակությունը ստիպելու էր, որ հիշեն նրան: Համենայն դեպս, իմ այդ համոզմունքն, օրինակով է ամրագրված. 2005-ին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ սահմանելու գաղափարը ինձ հուշել է Հարություն Խաչատրյանը: Այդ տարին Մաթևոսյանի համար հոբելյանական էր՝ 70-ամյակն էր: Դա, սակայն մեկ անգամյա նախաձեռնություն էր: Նոր առաջարկ՝ մրցանակը հաջորդ տարի վերարծարծելու, չեղավ: 2010-ին, ես այդ առաջարկը կառավարության հոբելյանական նիստին պաշտոնապես ներկայացրեցի: Ասացին. «Ոսկե ծիրանը» ոչ պետական ստեղծագործական ազատ կազմակերպություն է, մենք կարող ենք միայն առաջարկել, եթե ընդունեն, ուրեմն կկայանա: Ընդունեցին, կայացավ:

- Փաստորեն, ստացվում է, որ դրամաշնորհը պետությունն հատկացնում է «Ոսկե ծիրանին», իսկ մրցանակի ճակատագիրը որոշում է փառատոնի՝ «հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրին, թե՞ առանձին խումբ է գործում նույն այդ ծրագրի սահմաններում:

- Այնքան էլ այդպես չէ: Հրանտ Մաթևոսյան հիմնադրամը նույնպես իր ներկայացուցիչն է ունենում Ժյուրիի կազմում: Մենք մինիմումի հասցնելով մեր իրավունքը պահպանելու համար, փառատոնի ժյուրիին առաջարկել ենք մեր ներկայացուցիչն ունենալ: Այսինքն մենք (ընտանիքի անդամ, կամ թե մեր լիազորված ներկայացուցիչ), ընդգրկվում ենք ժյուրիի աշխատանքներին և ունենում վետտոյի լիարժեք իրավունք ասելու, թե դեմ ենք կամ կողմ, որ այս կամ այն ֆիլմին չտրվի կամ տրվի Հ. Մաթևոսյանի անվան մրցանակը:

- Քո զարմանքը հերքող այս լրացումները, ապացուցողական օրինակներ են, որոնք փաստում են, թե որքան էական կարող են լինել ժառանգների դերը, այս կամ այն մտահղացումը զարգացնելու, նախաձեռնությունը կյանքի կոչելու, նաև որոշակի սրբագրումներով ներկայացնելու համար: Ցավոք, մեր մեծերից շատ քչերին է բախտ վիճակվել նման արժանավոր ժառանգներ ունենալ:

- … Ես այս պահին ուզեցի անպայման անդրադառնալ քո ասած՝ այն միջավարին, որտեղ ես ապրել եմ ու իմ՝ ձեռք բռնելու համարձակությանը...

- Դու հարազատիդ ձեռքը՝ չէիր բռնում, ոլորում էիր:

- Լավ, ոլորում էի, բայց չէի ցավեցնում… Ինձ թվում է, թե ես իմ հնարավորությունների սահմաններում եմ ուզում մնալ, դրա համար է, որ ինչ որ բաներ չեմ անում: Երբ ինձ ասում են, թե ինչու՞ չես գրում, ես ներքուստ ընդդիմանում եմ: Եթե գրելու լինեի, պիտի սցենար լիներ: Ոչ ավելին, քանի որ գիտակցման իմ չափով, հորս աշխարհայացքի կրողն եմ ես և խոսքի տիրույթում ասելիք չունեմ: Իր խոսքը և այն անհատների խոսքը, ում գրածը ես ընկալում, տեսնում եմ վիզուալ տիրույթում՝ վերարտադրելու, մատուցելու, ցուցադրելու իրավունք, ես ինձ վերապահում եմ: Այդտեղ ես ասելիք ունեմ, որովհետև էդ գեղագիտությունը մատուցման ձևով ուրիշ արվեստ բերելու, համադրելու, կինոարվեստով արտահայտելու հնարավորություններ միշտ եմ տեսել իմ մեջ: Գուցե ճանապարհն երկար է ստացվել, դրա համար ես ոչ մեկին ու նաև ինձ չեմ մեղադրում: Կուզենայի, իհարկե մարտահրավերներ նետած լինեի, մեկ կամ երկու հաղթանակ կամ տապալում ունենայի, այդ ժամանակ, գուցե իմ ունեցած այլ ոլորտներում հանգիստ դրսևորվել կարողանայի: Եթե այդ նվիրումը չլիներ, ինձ համար հստակ կլիներ՝ սա՞ է իմը, թե՝ չէ: Եւ այն մյուսը կընտրվեր, այսինքն կենսական անհրաժեշտությունը, գուցե հավակնությունը, կվերանար կամ հակառակը՝ կհաղթանակեր, կասեր. այո, սա է՝ քոնը:

- Թվում էր, թե նման կասկած պիտի այլևս չունենայիր, քանի քո հեղինակած «Թշնամիներ» ֆիլմն, որ ընգրկվել էր «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերից մեկում, հանդիսատեսը ջերմ ընդունեց, մասնագետները բարձր գնահատականներով արժևորեցին:

- Այդ ֆիլմի աշխատանքները սկսելիս հայրս ողջ էր: Ձմեռ էր: Ինքը գիտեր իր հիվանդության մասին: Բժիշկները երկու ամիս հետո էին միայն սև այդ հիվանդության ախտորոշումը տալու: Ցավոտ շրջանի վրահասից առաջ էր, որ ասացի, թե շվեյցարացիները գալիս են Այսրկովկաս, կինոյի ասպարեզում պրոֆեսիոնալների վերապատրաստման ծրագիր իրականացնելու: Երբ հայտերի տարբերակների նաև բյուջեի հնարավորությունների մասին տեղեկացրի, սենյակի երկայնքով քայլում էր, իր սովորության համաձայն՝ ձեռքերը մեջքին դրած: Կանգնեց ու ասաց. «Էդ սուղ բյուջեով կարճամետրաժ ֆի՞լմ: Թեմա՞ն «հաղթող-պարտվող»… Ուրեմն, Գարշինի՝ «Թշնամիները»: Այսինքն, ֆիլմի գաղափարն իրենն էր:

- Բայց Հրանտ Մաթևոսյանի գործերի հիմքով կինոնախագիծ ունե՞ս չէ, որոնք մերժող կինոկառույցները նոր ղեկավարներ ունեն: Եւ նրանք կարծես թե՝ ռադիկալ փոփոխությունների և ժամանակի պահանջներին հարիր աշխատելաոճ որդեգրելու միտումներ են դրսևորվում:

- Շատ կուզենայի, որ հնարավորություն ընձեռվեր և էդ մերժված կինոնախագիծը, որը որպես եռերգություն եմ տեսնում, վերջապես իրականացվեր: Երկուսը կա, երրորդը կձևավորվեր ու եռերգություն դառնալով, կկոչվեր՝ «Այս կանաչ, կարմիր աշխարհը»: Հրանտ Մաթևոսյանի սցենարի հիման վրա «Ալպիական մանուշակ», «Միրհավ», ու երրորդը… գուցե «Խոնարհ աղջիկը» լիներ, չգիտեմ: Կինը՝ Բակունցի ստեղծագործություններում, ի՛նչ հրաշք մոտեցում, դոդոջուն ինչպիսի՛ վերաբերմունք կնոջ հանդեպ: Իսկ գուցե՞ «Ծառերը», որ տարբերվող, շատ ինքնատիպ գործ է:

- Ասացիր «Ծառերը», հիշեցի, որ պիես գրելու մասին էր խոսում Հրանտ Մաթևոսյանը: Հետաքրքի՞ր է տարբեր առիթներով բանավոր ներկայացվող գործը, որ թատրոնի համար էր նախատեսում, գրեց: Մի քանի անգամ է պատմել, և ամեն անգամ նոր գույներով հարստացված ու շեշտադրումները փոխած էր «ներկայացնում»: Ենթադրյալ պիեսի իրադարձությունները ծավալվում են հայրենիքից հեռացող հայ ընտանիքի շուրջ: Երեք սերունդ են. Մեծ մայրը, որ փորձում է ետ պահել տղային ու հարսին անխոհեմ քայլ անելուց: Եւ սրանց զավակները՝ տղան ու աղջիկը, որոնք համալսարանի ուսանողներ են և հարազատ միջավայրն ու ընկերներին թողնելու, ծննդավայրը լքելու ծնողների որոշման հետ ոչ միայն չեն համակերպվում, այլև սպառնում են չենթարկվել նրանց: Բայց ծնողները նրանց բողոք-սպառնալիքներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, մանավանդ որ արդեն ստացել են օտար երկրի մուտքի թույլտվությունը: Արագ սահող օրերն, ուր որ է սպառելով, մոտեցնում են մեկնելու նախանշված ժամանակը: Վերջին այդ օրերին է, որ նրանց տուն է գալիս ադրբեջանցի իրենց քիրվան: Գալիս է հրաժեշտ տալու և տարիների ընթացքում ունեցած ընտանեկան բարեկամության հիշատակը պահելու համար նվեր է բերում: Նվերը վերցրած ընտանիքի հայրը բացում է փաթեթը: Արձաթե գոտի է: Շուռումուռ է տալիս ու աչքը որսում է ներսի հարթությունը խախտող զարդանախշերը: Ձեռքերն անշարժանում են. Արծաթազարդ փորագրությամբ հայերեն տառեր են՝ իրենց տոհմի գրանիշերը…

- Չէ, էդ բովանդակությամբ գործ անտիպներում չկա: Ասում էին չի գրում, չի գրում, չի գրում անընդհատ էին հոլովվում ժուռնալիստները, գրականության մարդիկ էին խոսում: Պարզվեց, որ Էդ չգրված, չգրված, չգրվածը, եթե զատված ձեռագրերից մի կողմ դնենք՝ «Անառակ որդու շեմին» ու ևս երկու, երեք ստեղծագործություն, ապա միայն «Տախը» մոտովորապես հազար էջ է: Իհարկե, սուբյեկտիվ է, հորեղբորս, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Համո Մաթևոսյանի կարծիքը, բայց ինքը ասում էր, որ եթե անտիպ է, ուրեմն անավարտ ստեղծագործություն է: Ինքը իրավունք ունի այդպես ասելու: Մինչդեռ իրականում ամբողջական ստեղծագործություն է: Մի քանի նկատառում կա, որ կղզիացած են մնացել, բայց դա չի նշանակում, թե գործն անկատար է: Ուղղակի սպիտակ թղթի հանդեպ ունեցած իր հսկա պատասխանատվության խնդիրն էր ծառացել հերթական անգամ… Նա այն գրողն է, որ 1963-ին, հաջողված ստեղծագործությունը հետագա խմբագրման կամ թե գրաքննության ենթարկելու վտանգից փրկելու համար տպարանում, քանդած գրքից հանել, վերցրել էր: Մտածելով, որ դրանք հետագայում կարող է առանձին և «Օգոստոսը» խորագրով տպել: Եւ այդպես էլ արել էր: Բայց էդ օրը «Արջից» առանձնացված հատվածները, «Նանա իշխանուհու կամուրջը» տուն էր բերել ու ասել էր. «Էս իմ նվերը քեզ, քանի ես ողջ եմ, էս չի տպագրվելու»: Կնոջը՝ Վերժինեին էր ասել: Եւ ավելացրել էր. «Սրա հոնորարով, հետո դուք կապրեք»: Մենք տպագրեցինք այդ գործը, դրա հոնորարով չապրեցինք, բայց դրա պատճառով էր, որ «Տախը» այդպես էլ չհրատարակվեց:

- Իսկ ի՞նչու եք Անտիպներ վերտառությունն ընտրել հրատարակվող երկու հատորների համար:

- Կարող էինք ուրիշ վերնագիր ընտրել, բայց մեզ վրա այդ պատասխանատվությունը չվերցրեցինք…

- Գիտես ինչ հիշեցի. Լեհաստանից գործուղված մշակութաբան էր եկել «Արվեստի» խմբագրություն: Հարցրեց. «Իսկ գրող Հրանտ Մաթևոսյանին հնարավո՞ր է հանդիպել»: Ասացինք, հիմա կիմանանք ու անմիջապես զանգահարեցինք ու ձերոնց հետ պայմանավորվեցինք: Հաջորդ օրը եկանք: Զրույցը չէր ձայնագրում, նոթատետրում էր նշումներ անում: Երբ դուրս էինք գալիս, հյուրասենյակի դռան մոտ մեր լեհ գործընկերուհին շուռ եկավ ու հարցրեց. «Իսկ դուք դժվա՞ր եք գրում»: Մաթևոսյանը պատասխանեց. «Շա՛տ, մինչև մի նոր գործ սկսելը, ա՛յ էս առաստաղով օրը մի քանի անգամ, բարձանում, իջնում եմ»: Հրաժեշտ տվեցին և դուրս եկանք: Դուռը փակվելու պես, մեր հյուրը, շտապ պայուսակից նոթատետրն ու գրիչ հանեց, ու նույն պահին, ձեռք օդում թողնելով, կլորացած աչքերը մեզ հառած, զարմացած, հարցրեց. «Իսկ նա ինչպե՞ս է կարողանում օրը մի քանի անգամ առաստաղով քայլել»… Ի դեպ, դա այն շրջանն էր, որ սովետմիության փակ սահմանները ոչ միայն սոցերկրների, այլ նաև կապերկրների առաջ էին ինչ որ չափով բացվել: Եվ հենց այդ շրջանում էր, որ մերոնք ընտանիքներով սկսեցին հեռանալ: Մեկնողները հիմնականում հայրենադարձվածներն էին: Ով, որտեղ բարեկամ ուներ, այդ երկիրն էլ նախընտրելով, գնում էր: Այն ժամանակ դեռ չգիտեինք, թե արտագաղթ կոչվածը երկիր քանդելու ինչ զորության ունի: Բայց անսովոր անհանգստություն, թե՞ տագնապ կար օդավորված, գուցե: Այդ իրավիճակի մասին արտահայտվողներիս լսելով, Հրանտ Մաթևոսյանը ասաց. «Պետք չէ մտահոգվել, դեռ հայտնի չէ տարիներ անց Հայաստանը պահողներն ովքեր են լինելու՝ գնացողները, թե՝ մնացողները»: Քեզ, կարծում եմ, հայտնի է, թե ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Հրանտ Մաթևոսյանը, անկախության հռչակումից հետո սկսված ու տարեցտարի ահռելի չափերով մեծացող արտագաղթ կոչված աղետի հանդեպ:

- Մի հղում էր արել հեռանալուց մեկ կամ երկու տարի առաջ: Ասել էր. «Չեմ ուզում լինել մեր սև օրերի տարեգիրը»: Դա սեփական խոսքին դրված տաբու էր: Տեսնում ես ու չես ուզում անդրադառնալ: Մի երևույթ, որ ինքնաոչնչացման մեխանիզմն է գործի դնում: Այս վերջին տարիներին, հատկապես էդ հիվանդությամբ հեռացող մարդկանց տեսակներն ուսումնասիրելով, աղջիկս՝ Շաղիկն ասաց. «Էմպատներն են քաղցկեղ հիվանդանում.աշխարհի, բնության, մարդու ցավը իրենց մեջ առնելով չեն կարողանում պոզիտիվ վերարծարծել, վերապրելով դրական մի բանի բերել այն ու պարփակում են իրենց մեջ` վերք դարձնում` ոչնչացնում են իրենց»: Ինքը մի անգամ մի հարցազրույցում ասել էր.«որ ուշաբը չխեղդի»: Ուշաբը: Ուշաբը: Այդպես: Այսինքն, աշխարհի, բնության կամ մարդկոթյան լոկալացված ցավն իրենց մեջ են ներառում և պոզիտիվ ապատիայի մեջ հայտնվելով չեն վերարծարծում, չեն վերարտադրում, այլ փորձում են բժշկել, փրկել: Բնականաբար, ծավալների խոշորության պատճառով, ի զորու չեն լինում այդ խնդիրը հաղթահարել: Եւ կիրառկվող մեխանիզմը գործում է իրենց դեմ: Ինքնասպանության մի ձև էր դա, ես կարծում եմ, որովհետև էդ սահմանագծին էր հայտնվել: 2000-2001 թվականներին մի քանի հարցազրույցներում, (դրանց մի մասը նախաձեռնեց և հրատարակեց Սամվել Մկրտչյանը), դա արդեն նկատելի է: Դրանք (հատկապես «Մի ուրացեք Ձեր եղբորը» խորհուրդը), բանավոր խոսքով մեր իրականության հանդեպ ունեցած իր վերաբերմունքը` որպես ասելիքի որակ, որպես երեկ, որպես այսօրն ու հատկապես վաղը բնորոշող մարգարեական ձևակերպումների ամբողջական փաթեթներ են, որոնված բանաձևումների շտեմարաններ են ոչ միայն իր ապրած, այլ իրենից հետո գալիք մեր իրականության համար: Եւ եթե չենք ուզում, որ լինի այն, ինչ մեր առօրյայի անբաժան մաս է կազմում հիմա, ինչը մեր իրականության տգեղ դրսևորումների հիմք է դառնում նաև ապագա սերունդների համար, երևի թե պետք է նաև Մաթևոսյանի թողած գրական ժառանգությանը դիմենք, որը հաստատ հուշում է, թե ինչպես պետք է ձեռք ոլորելով, կանխել այսօրվա տեղի ունեցողը ու հնարավոր տեղի ունենալիքը:

 

(Լուսանկարները վերցվել են Դավիթ Մաթևոսյանի «Թշնամիները» ֆիլմի կարդրերից և Հրանտ Մաթևոսյանի կայքից՝ http://hrantmatevossian.org/hy/media)