Թատերական արվեստի նոր հորիզոնները, որ տեսանելի դարձան ՀԱՅՖԵՍՏ 6-րդ միջազգային փառատոնի շնորհիվ

Երեւանյան ՀԱՅՖԵՍՏ թատերական փառատոնը այս տարի 6-րդ անգամ մեկնարկեց: Դեռեւս օրեր առաջ Երեւանի փողոցներում տեղադրվել էին գունեղ ցուցանակներ, որոնք զվարթ տրամադրություն ստեղծելով քաղաքում, նաեւ ցույց էին տալիս, թե որ թատրոններում են կայանալու փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումները: Ցավոք, ոչ բոլոր ցուցանակները պահպանվեցին մինչեւ փառատոնի ավարտը։ Բայց երեւանցիների անփույթ վերաբերմունքի մասին չէ, որ ուզում եմ խոսել, ոչ էլ այն մասին, թե որքանով է հայ հանդիսատեսը պատրաստ միջազգային փառատոներ հյուրընկալելու եւ ոչ էլ այն մասին, թե քանի-քանի անգամներ են զրնգում բջջայինները ներկայացումների ընթացքում։ Այս խնդիրներն առանձին նյութի պահանջ են դնում։ Ինչպես որ լուրջ խոսակցության թեմա է եւ այն, թե ինչու՞ են ազգամիջյան խնդիրներն անդրադառնում մշակութային մեր իրադարձությունների վրա ու մի շարք երկրների թատերախմբեր հրաժարվում են գալ Հայաստան… ռուս-վրացական կոնֆլիկտի պատճառով։ Իսկ պատճառներից հիմնականն այն է, որ դրսում հստակ պատկերացում չունեն մեր երկրի աշխարհաքաղական դիրքի մասին, եւ դրա համար մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք։… Հիմա, սակայն ավելի լավ է մի կողմ թողնենք փառատոնի օրերին դիտարկված այս եւ միշարք այլ տխուր փաստերը։ Բարեբախտաբար, զորավոր է արվեստի ուժը եւ տոնական ծրագրում ներառված ներկայացումների ազդեցության տակ, լավատեսությամբ համակվելով, հույս ունենանք, որ ինչպես ամեն ինչ, սրանք էլ անցողիկ են ու երեւի թե ժամանակը կշտկի նշված ու չնշված բացթողումները: Ուրեմն, այլեւս կարեւորություն չտալով բացասական երեւույթներին, փորձեմ անդրադառնանալ թատերական արվեստի այն գործերին, որոնք հիացմունքի, զարմացնքի անգամ տխրության հետ նաեւ երջանիկ զգացողություններ պարգեւեցին հայ հանդիսատեսին: Թատերական արվեստի միջազգային փառատոն՝ ՀԱՅՖԵՍՏ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, այս տարի էլ երեւան էր բերել աշխարհի տարբեր երկրներում գործող թատերախմբերի մի ընտրանի՝ նոր ու հետաքրքիր արտահայտչաեղանակներով, գեղարվեստական անսպասելի լուծումներով, զարմանալի եւ նույնիսկ անհասկանալի ներկայացումներով։ Ոճերի բազմազանություն` «մուլտիմեդիա, էթնո-մոդեռն պար», «բազմաոճային ներկայացում», «վիզուալ թատրոն», «իմպրովիզացիա հատուկ ավտոբուսում», «վիզուալ եւ դրամատիկ օդային դրամա» եւ այլն եւ այլն։ 9 օրերի ընթացքում ցուցադրվեց 80 ներկայացում, 30 երկրի 45 թատերախմբի մասնակցությամբ՝ մայրաքաղաքի 17 բեմահարթակում: Փառատոնի բացումը, նախորդ տարիների օրինակով, պիտի սկսվեր արդեն ավանդական դարձած երթով: Այս տարի այն առավել գրավիչ դարձնելու նպատակով օգտագործվել էր «action-painting» (թարգմանաբար՝ շարժում-նկարչություն), կոչված միջոցը։ Ավելի պարզ` քաղաքի կենտրոնական փողոցներով շրջում էր մի բեռնատար` թափքին գունավոր պաստառ, որը ազդարարում էրՀԱՅՖԵՍՏ փառատոնի սկսվելու մասին։ Այս «երթի» ժամանակ հնչում էր հատուկ փառատոնի համար գրված հիմնը: Երթը, սակայն, որ պիտի ուղեկցեր բեռնատարին, շարժվեց այլ ուղղությամբ եւ հասնելով Շառլ Ազնավուրի հրապարակ, այնտեղ երկու ժամ առաջ սկսված բոլորովին այլ մի միջոցառման մասնակիցը դարձավ: Դե, մեր քաղաքում այդպիսի անհամաձայնեցված գործողություններ շատ են կատարվում, բայց այս պարագայում կար¨որը` տոնական տրամադրությունը պահպանելն էր: Րոպեներ անց Ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, տոնական մթնոլորտ էր տիրում:
Արդյոք ներկայացո՞ւմ էր դիտում, թե՞ անամորֆոզների մեջ էր հանդիսատեսը
Սա առաջին միտքն էր, որ ծագեց, երբ համոզվեցի, որ ես` ես եմ, թատրոնում եմ եւ մասնակիցն եմ «ՉելոՎեկ» շարժման թատրոնի «Խեղկատակի անամորֆոզներ» պլաստիկ ֆանտազիաներով ներկայացմանը։ Ներկայացում, որին էլ տրված էր Փառատոնը բացվելու պատիվը: «ՉելոՎեկ» թատրոնի «Թիթեռներ» բեմադրությունը տեսել էի տարիներ առաջ։ Գրեթե վստահ էի, որ այս անգամ էլ բեմադրիչ Իգոր Գրիգուրկոն կհիացնի երեւակայության սահմանները խախտող պլաստիկ ու գունեղ բեմադրությամբ: Սակայն ներկայացումը, որ նվիրված էր Սալվոդոր Դալիին ու կառուցված նրա ստեղծագործությունների հիմքով, այնպիսի մի ուժով է գերում ու հմայքի տակ պահում, նմանվում է գիշերային այն երազին, որի ազդեցությունը երկար պահելու համար չես ուզում լիովին արթնանալ: Որպես նշանաբան ընտրելով Դալիի՝ «Մի վախեցեք կատարելությունից, քանի որ այն ձեզ չի սպառնում» արտահայտությունը` Գրիգուրկոն հրավիրում է մի տարածք, որտեղ առանց երկմտելու կարելի է ասել՝ շնչավորվելով, ապրում են Դալիի ստեղծած կերպարները: Իրականում դժվար է խոսքային նկարագրության ենթարկել թեև Դալիի ստեղծագործությունները, թեև ներկայացման տեսարանները, ուրեմն ընտրում եմ համադրության եղանակը եւ փորձում պատմել տեսածս «երազը» լուսանկարչական պատկերների օգնությամբ։ Ներկայացումը երկու գլխավոր հերոսների` խեղկատակների ու նրանց ստեղծած երեւակայական աշխարհի մասին է: Բեմի հակառակ ծայրերում հայտնվելով, նրանք հիշեցնում են Դալիի կերտած փղերին, որոնց անմիջական մասնակցությամբ էին նկարները «շնչավորվում» ու անհավանական եւ անբացատրելի ձեւերով մի պատկերից փոխակերպվում է մեկ ուրիշի: Բեմը կամ ավելի ճիշտ` այն տարածությունը, որտեղ հայտնում է հանդիսատեսը, կարծես սահման չի ճանաչում: Երկրաչափական ճշգրտությամբ այն ուղղահայաց կիսվում էր աջ ու ձախ մասերի, որոնցում հայելային արտապատկերում էին ստանալով ծավալվում էին գործողությունները: Լույսն ու ստվերը ընդգծում էին հորիզոնական առանցքը` քառապատկելով գործողությունը: Կենդանանում էր նաեւ այն աշխարհը, որ վարագույրի ետնամասում էր եւ այն շնչում էր։ Դահլիճում նստածները, որոնք մասնակից էին ներկայացմանը, հիացմունք ու զարմանք էին ապրում: Պարանների վրա կատարված պլաստիկ, ակրոբատիկական հնարքներն եւ գունաստվերային հնարքները կարելի է ինչ-որ առումով կրկեսային համարել, սակայն ներկայացման ռիթմը համեմատաբար հանդարտ էր։ Ցնցող էր հատկապես ներկայացման ավարտը՝ ողջ բեմը մեկեն վերածվում է ծովի, որի ալիքներից էլ «վեր է խոյանում» Դալիի Atomic Leda գործը: Վերջ. բայց թատերարվեստի այս հրաշքին հաղորդակցված յուրաքանչյուր- ոք շարունակում է ճախրել՝ Դալիի՞, Գրիգուրկոյի՞, թե՞ խեղկատակների երեւակայական աշխարհում: Չեմ կարող հաստատ ասել, բայց այնպիսի տպավորություն է, թե բոլոր նրանք, ովքեր դահլիճում են, հասկացան, որ ուրիշ մի հորիզոնականում են հայտնվել, որի մասին դժվար է պատմել, որի թողած տպավորություններն անհնար է համեմատությունների կամ համադրությունների օգնությաբ արտահայտել։ Երեւի թե «ՉելոՎեկ» թատրոնի նպատակն էլ հենց այդ էր՝ հանդիսատեսին երազների աշխարհ ուղեկցելը:
Հայաստանյան թատրոնները ՀԱՅՖԵՍՏ-ում
Փառատոնի թերեւս ամենակարեւոր նպատակներից մեկն էլ հայկական թատրոնի զարգացմանը նպաստելն է: Այն հնարավորություն է տալիս մեր բեմադրիչներին տեսնել ժամանակակից թատրոնի վերջին նորությունները, ինչպես նաեւ իրենց ստեղծագործությունները ներկայացնել տարբեր երկրներից ժամանած արվեստակիցներին ու միջազգային հեղինակավոր փառատոների կազմակերպիչներին: Կարծում եմ` սա էլ խթան է դառնում, որ մեր ռեժիսորները նոր բեմադրություններ իրականացնեն ու հենց փառատոնի ընթացքում պրեմիերաներ կազմակերպեն: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը մամլո ասուլիսներից մեկի ժամանակ նշեց, թե մի շարք երիտասարդ բեմադրիչներ, ինչպես օրինակ Վահան Բադալյանը, Ցոլակ Մլքե-Գալստյանը, Գրիգոր Խաչատրյանը եւ այլք, մասնագիտական նվաճումների են հասել այս փառատոնի անցկացման տարիների ընթացքում:
Սասնա ծռերի մեկնաբանությունը էթնո-մոդեռն պարի լեզվով
Միհր պարային պլաստիկ թատրոնի` Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) աջակցությամբ, իրականացված «Սանասար եւ Բաղդասար» ներկայացումն առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեց ՀԱՅՖԵՍՏԻ շրջանակներում հոկտեմբերի 6-ին: Ազգային էպոսի առաջին մասի բեմականացումը էթնո-մոդեռն պարի, պլաստիկայի, լուսանկարների, երաժշտության եւ վիդեոարտի օգնությամբ հետաքրքիր սինթեզ էր ստացվել: Այսպես, էկրանի վրա պրոյեկցիան ստեղծում էր, որից ծնունդ էին առնում Ծովինարի որդիները, ապա նույն էկրանը պատկերում էր վիշապներին, որոնց դեմ կռվում էին դյուցազունները, ապա երկու եղբայրները` Սանասարն ու Բաղդասարը թեթեւությամբ գլորում էին հսկա ժառյակտորները՝ իրենց ամրոցը կառուցելու համար: Հերոսները միմյանց հետ հարաբերվում էին պարի լեզվով։ Առանձնապես գրավիչ էր Սանասարի ու Դեղձուն ծամի սիրո խոստովանության տեսարանը ներկայացնող պարը: Ինչպես նշում են ներկայացման հեղինակները` «Փորձել ենք մեր էպոսի միջոցով խոսել մեր ազգային նկարագրի մասին, քանի որ էպոսը մեր ինքնության հայելային անդրադարձն է»: Այս ամենով հանդերձ, այնպիսի մի զգացողություն կար, որ բեմական տարածքը կաշկանդում է այն ազատությունը, որով օժտված են ներկայացման հերոսները ու թույլ չէր տալիս զգալ էպոսի էպիկական ուժը: Այդ մասին շտապեցի մտքերս կիսել թատրոնի հիմնադիր եւ ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանի հետ եւ ուրախությամբ պարզեցի, որ իսկապես պատրաստվում է ներկայացման բացօթյա տարբերակը, որն էլ տարածական լուծումների ավելի մեծ հնարավորություն կընձեռի:
Յոթ զգացողություն` Փոքր թատրոնի բեմում
Վահան Բադալյանի ղեկավարած Փոքր թատրոնը ներկայացավ պրեմիերայով, որը հայ-իտալական համատեղ բեմադրություն էր (համաբեմադրիչ` Անջելա Տորրիանի Էվանգելիստի, դերակատարներ` Անջելա Տորրիանի Էվանգելիստի, Լեոնարդո Դիանա, Արսեն Խաչատրյան): Սա մի գործ է, որն ավելի շատ հիմնված էր զգացողությունների` քան պատմության վրա: Գեղեցիկ խորեոգրաֆիա, աղոթքի պատառիկներ` մերթ հայերեն, մերթ իտալերեն բարձրաձայնվող մտորումներ: Պրոեկցիայի «օգնությամբ» ստացված բեմական հետաքրքիր լուծումներ: Տպավորիչ էր հատկապես՝ Լեոնարդո Դիանայի հերոսի պայքարն իր «ես»-ի հետ. բեմի մի կողմում դերասանն էր, մյուսում` նույն դերասանի պատասխան խաղը` պրոյեկտվում է էկրանին: Նմանատիպ հնարքի միջոցով` Արսեն Խաչատրյանի հերոսի մտորումներին արձագանքում էին իր իսկ «ներքին ձայնը»: Ավարտին, երբ հերոսները մեկական մոմ են վառում ու քայլում դեպի լույսը, չգիտես` քանի զգացողություն է ներկայացումը փոխանցում հանդիսատեսին, բայց որ դրանք լուսավոր ու դրական են կարող ես անվարան հաստատել:
Սարոյան ֆեստ` ՀԱՅՖԵՍՏԻ շրջանակներում
Այս տարի Վիլյամ Սարոյանի 100-ամյակը նշվեց նաեւ ՀԱՅՖԵՍՏ-ի շրջանակներում՝ «Սարոյան 100 միջազգային թատերական փառատոնը» խորագրի ներքո: Ներկայացվեց 13 գործ, այդ շարքում ներկայացումներ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Ռուսաստանից եւ բեմականացված յոթ գործ՝ հայաստանյան թատրոնների խաղացանկից: «Իմ դեպքում պետք է բացառություն արվի: Հանդիսատեսը Վ. Սարոյանի հետ» մոնոներկայացմամբ Հայաստանում էր ամերիկացի դերասան Թոդ Վրոնսկին: Իրական կյանքում էլ նա անչափ նման է Սարոյանին` բարձրահասակ, հաստ բեղերով ու իմաստալից, բարի աչքերով: Թոդը երկար տարիներ է ուսումնասիրել Սարոյանի ստեղծագործություններն ու նրա կյանքի պատմությունը: Ներկայացումն անմիջական, անկեղծ մի զրույց էր, որ կարող էր ունենալ Սարոյանն իր ընթերցողի հետ, եւ, որի միջոցով դերասանը փորձում էր ներկայացնել մեծ գրողի աշխարհը, որտեղ կարեւորվում են այնպիսի պարզ հրաշքներ, ինչպիսիք են թարմ հացի բույրն ու նոր թխված հացը, որն էլ դերասանը… կիսեց հանդիսատեսի հետ: Թոդն ասում է, որ մինչ Հայաստան գալն էլ վստահ էր, որ այստեղ` Սարոյանի հայրենիքում, նրա ստեղծագործությունները բոլորովին այլ կերպ են ընկալվում ու դա այդպես էլ պետք է լիներ: Բայց միայն փառատոնին մասնակցությունից հետո հասկացավ, թե որտեղից է բխում սարոյանական ստեղծագործությունների էներգիան: Ասաց նաեւ, որ նրա հերոսները նման են իր հայրենակիցներին։ Հայերն իսկապես ունեն աշխույժ կենսական էներգիա, որի նմանը չունեն ուրիշ տեղերում ապրող մարդիկ, ապա շեշտում, որ տպավորվիչ են եւ Հայաստանի լեռները, այն լեռները, որոնց մասին գրել է Սարոյանը:

ՀԵՂԻՆԱԿ Հասմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ծնվել է 14.01.1985. Ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետը, ապա սովորել Հայֆիլմին կից կինոդերասանի ստուդիայի կինոռեժիսուրայի բաժնում: 1997-2002թ, որպես լրագրող եւ հաղորդավար աշխատել է մի շարք պատանեկան եւ երիտասարդական ծրագրերում, մասնավորապես Հանրային ռադիոյի "Արեգ" եւ «14-17" հաղորդաշարերում, Հանրային հեռուստատեսության "Արեգ" պատանեկան ծրագրում, "ԱրմենԱկոբ" հեռուստաընկերության «16» ամենօրյա երիտասարդական հաղորդաշարում, թղթակցել է «16» պարբերականին: Ներկայումս աշխատում է ֆիլմերի նախագծերի վրա: hi_hamsik@yahoo.com