ԺԱՄԱՆԱԿԸ ԻՄԱՍՏԱԴԱՐԱՆ Է

Երեք գիրք.

2015. Նովալիս Դերոյան. Երաժշտագետը, մանկավարժը և մտավորականը

2014 Յուրի Հարությունյան. Կյանքի զուգահեռականներ

 2012 Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքայինև սիմֆոնիկ ստեղծագործությունները

Տեսական երեք աշխատություն, որոնց հեղինակը երաժշտագետ արվեստաբանության թեկնածու Ծովինար Մովսիսյան է: ՛՛Ուշացած անդրադարձ է՛՛.-գուցեև մտածի  ընթերցողը: Ուշացած չէ, եթե  խոսքը այնպիսի գործերի մասին է, որոնք  արժեքավոր են: Եւ այնքան, որ պատմությունը վերարտադրելու ուժ են ունենում: Ի վերջո,  ժամանակն է, որ  չափազանց մեծ դեր է կատարում աշխարհի մոդելի կառուցման գործում: Ինչու՞ հարցին, թերևս լավագույն  պատասխանը  Օկտավիա Պասն է տալիս, համառոտ այս ձևակերպումով. ՛՛Ժամանակը իմաստադարան է: Աշխարհի կերպարը՝ մարդիկ, ովքեր երևակում են այն իրականությունը, որի մեջ ապրում են՛՛: Ժամանակի շարժիչ ուժը մարդիկ են: Եւ մարդիկ են նույն այդ աշխարհի մասին իրենց դիտարկումներն ու ընկալումներն արտահայտում տարբեր եղանակներով՝ գիտությամբ, գեղարվեստի, գրավոր ու բանավոր խոսքի միջոցով:  Նաև նրանք, ովքեր արժևորում  են տարբեր ասպարեզներում, տարբեր արտահայտչաեղանակներով իրականացված գործերը, արվեստի ստեղծագործությունները ու նրանց հեղինակների գիտական ու մշակութային ժառանգությունը:  Նրանց, գնահատականներն են, որ  հաստատվում  կամ փոխվում են  արդեն ժամանակի թելադրանքով: Սա է, որ դժվարացնում է այս կամ այն գրականագետի  արվեստաբանի կամ  երաժշտագետի գործը: Սխալվելու դեպքում նրա արված աշխատանքը նույն ժամանակը  քշում, կորցնում է անտեսանելի հեռուներում:  Այս վտանգը, վստահաբար չի սպասվում երաժշտագիտական այն ուսումնասիրություններին, որոնց հեղինակն է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնի դոցենտ Ծովինար Մովսիսյանը:

   Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններին նվիրված  արժեքավոր մենագրությամբ, հեղինակը պատմա-գեղագիտական և տեսական խոր վերլուծությամբ ներկայացրել է կոմպոզիտորի նշված ժանրային  գործերը: Գիրքն, ըստ էության, Ծովինար Մովսիսյանի համար տարիներ առաջ սկզբնավորված  գործի շարունակությունն  է: Դեռևս 1994-ին  ընդունելով, Է. Հովհաննիսյանիի առաջարկը, երիտասարդ երաժշտագետը  ստանձնել էր նրա հուշերը գրելու դժվարին պարտականությունը: Եւ չորս տարի տևողությամբ  աշխատանքն ի մի բերվելով,  1998-ին,  հրատարակվել է ՛՛Կյանքիս հուշերում՛՛ վերտառությամբ գրքով: Այս աշխատությունն էլ, ինչպես հեղինակն է գրում. ՛՛առիթ դարձավ, ուսումնասիրելու արխիվային նյութերը՛՛, և  կոմպոզիտորի բազմաժանր գործերից առանձնացնելով, տեսական վերլուծության ենթարկել հատկապես կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործությունները: Եւ ասելիքը   հայերենի հարուստ բառապաշարի կիրառմամբ   գրավոր խոսքի ոճական նրբերանգների հմուտ շարադրանքով ներկայացրել հետաքրքիր մի  ուսումնասիրություն,  որի հասցեատերը, վստահաբար ընթերցողական ավելի լայն շրջանակ է ենթադրում: Մանավանդ որ հեղինակը կոմպոզիտորի ստեղծագործական կենսագրության  հիմքով  առանց հատուկ շեշտադրության ՛՛վերադարձնում է՛՛ մշակութային մեր իրականության այն տարիների մթնոլորտը, հիշեցնում իմաստային այն գործառույթները որոնք հենակետային ամրություն են ունեցել ժամանակի այդ հատվածում: Այս գրքով  Ծ. Մովսիսյանը  հիմնավոր  պատասխան է տալիս նաև  այն հարցին,  թե ինչու՞ են Է. Հովհաննիսյանի ստեղծագործությունները կես դար անց շարունակվում հնչեցվել: Անուն է,  որը երաժշտական արվեստի պատմության էջերում  կայուն իր տեղն ունի:   Անուն է, որ  պետք է փնտրել ոչ թե անցյալում այլ ապագայում:  ՛՛Էդգար Հովհաննիսյան. կամերային-գործիքային սիմֆոնիկ ստեղծագործությունները՛՛ ծավալուն աշխատությունն ամրագրում է  այս ճշմարտությունը:

    ՛՛Կյանքի զուգահեռներում՛՛  մենագրությամբ, Ծ. Մովսիսյանը անդրադառնում է Յուրի Հարությունյանի ստեղծագործական կենսագրությանը: Կոմպոզիտորի բնորոշմամբ ՛՛երկու՝ լուրջ երաժշտություն և կինոերաժշտություն մասերից է կազմված  ստեղծագործական իր կենսագրությունը… ՛՛Զուգահեռ աշխարհներում ընթացող երկու ուղղություն՛՛, որոնցից մեկին՝ ՝ կինոերաժշությանն  առավել  հիմնավոր ու հանգամանալից  է անդրադառնում հեղինակը: Հայկական կինոարվեստում ստեղծված  յոթանասուն լիամետրաժ, վավերագրական, մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակի ինքնատիպ արտահայտությունները մասնագիտական վերլուծության ենթարկելով, Ծովինար Մովսիսյանն առանձին սյունակներում ներկայացրել է նաև կոմպոզիտորի հետ աշխատած կինոռեժիսորների, մշակույթի գործիչների, արվեստակից ընկերների  գրավոր  կարծիքները, որոնք  գնահատելով  տարբեր ժանրերի պատկանող նրա ստեղծագործությունները նաև Յուրի Հարությունյան-անհատի  խոսքային դիմանկարի ՛՛կերտմանը՛՛ նոր շտրիխներ, նոր  գույներ են ավելացնում:            

Անցնող տարվա կեսերին լույս է տեսել՝ Նովալիս Դերոյան ՛՛Երկեր՛՛ վերտառությամբ մի գիրք, որը կազմել, խմբագրել և ծավալուն առաջաբանով  հրատարակության է պատրաստել Ծովինար Մովսիսյանը:   Երկու մասից կազմված հատորի առաջին բաժնում տեղ են գտել արվեստագիտության թեկնածու Ն. Դերոյանի տեսական ուսումնասիրությունները, որոնք հիմնականում երաժշտության ներգործության խնդրին անդրադառնալով,  նոր հորիզոններ են բացահայտում:

    Երկրորդ բաժնում ամփոփված են նրա գրական և հրապարակախոսական գործերը, որոնք հեղինակի գրողական ձիրքի անուրանալի վկայություններ են: Թեպետ   ինքնակենսագրական՝ ՛՛Մարիամի խաչելիությունը՛՛ գործի հենց առաջին տողերում, նա իր պատումը համարում է ՛՛…իմ ընտանիքի տխուր անցյալի մի բեկոր՛՛, որը ՛՛զգայական մի փորձ է ընդամենը՛՛: Ընթերցանությունը շարունակելով, սակայն հասկանում ես, չ՛է, սա միայն մի ընտանիքի պատմությունը չէ:   Մեզ ծանոթ ու սիրելի անուններ  են հիշատակվում, որոնց մասին կարդացել- լսել ու հիացել ենք մշակութային ասպարեզում իրականացված նրանց մնայուն գործերով, նրանց մարդկային բարձր արժանիքներով:  Ինքը՝ Նովալիս Դերոյանը  բացառիկ մի  մտավորական էր: Մանկավարժ, հայ տեսական մտքի լավագույն ներկայացուցիչը,  ծնունդով վանեցի ՛՛ազնվացեղ մտավորական՛՛ Վարազդատ Տերոյանի զավակն էր: Մայրը ծագումով շուշեցի Մարիամ Միրզա-Ավագյանն էր, որը նույնպես նշանավոր ընտանիքից էր: Հայրը՝  Վանի Երամյան դպրոցում և Էջմիածնի ճեմարանում էր սովորել, ապա  Սորբոնի համալսարանում ուսանելուց հետո մեկնել էր Գերմանիա, որտեղ փիլիսոփայություն էր ուսումնասիրել: Նա, որ կատարելապես տիրապետում էր մի քանի լեզուների, բնագրից հայերեն է թարգմանել փիլիսոփայության դասականներին:   Բայց  1937 թվական էր լինելու,  սովետերկրում ՊԱԿ-ի նկուղներ էին գործելու, հայրենական կոչված պատերազմն էր բռնկվելով, տարածվելու… Եւ այդ ամենը ոչ միայն նրա ու նրա հարազատների կողքով չէր անցնելու, այլև կործանարար իր հորձանուտի մեջ էր առնելու նրանց… Նրա մորեղբայրներից մեկը՝  հանրահայտ Հարություն Մելիք-Ավագյանը, այն բժիշկն էր, որը լավ գիտակցելով, թե ինչ է իրեն սպասվում, այդու  չստորագրեց Աղասի Խանջյանի ինքնասպանությունը հաստատող թուղթը: Մյուս մորեղբայրը մասնագիտությամբ իրավաբան և ջութակահար Լևոն Մելիք-Ավագյանն էր, որը Երևանի Կոմիտասի անվան  կոնսերվատորիայի հիմնադիրն էր: Նովալիս Դերոյանը իր ընտանիքի պատմությամբ մի ամբողջ էպոխա է ներկայացնում: Կարմիր հեղափոխությունից առաջ ու հետո, ապա ՛՛նողկալի 1937-ից՛՛սկսյալ, հայրենական պատերազմի ու ետպատերազմյան տարիների, Շարժման առաջին շրջանի, սումգաիթյան կոտորածի, երկրաշարժից փլուզված,  արցախյան պատերազմի մեջ ներքաշված ու հաղթանակած  Հայաստանում  կատարված մեծ ու  փոքր իրադարձությունները սեփական դիտանկյունից  ներկայացրել՝  գեղարվեստական խոսքի ամրությամբ, վավերագրականի ճշգրտությամբ: Նաև՝ հումորով, նաև հեգնանքով, երբեմն էլ սարկազմով:   Ժամանակը, կամ ժամանակները խաչաձևելով անձնական հիշողության հետ նա ոչ միայն իր տոհմի, այլ իր երկրի զգայական կերպարն է ստեղծել: Մարդը գրել ու չի էլ մտածել այդ ամենն ի բերելու և հրատարակելու մասին:  Գրավոր հարուստ այդ ժառանգությունը, թերևս թղթապանակներում էլ մնար, եթե Ծովինար Մովսիսյանը  իր սիրելի ազգականի ու դասախոսի՝ Նովալիս Դերոյանի գրավոր ժառանգությունն այսպես, առանձին հատորով հրատարակելու շնորհակալ գործը չձեռնարկեր: Արդյունքում ունենք  հրաշալի մի գիրք, որը կյանքի իսկական մոդելը պահպանող անհատական ամուր կերտվածքով այն  մարդկանց մասին է, որոնց տեսակը ներկա ժամանակներում, ցավոք նվազում է: