Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՈԳԵՒՈՐԵԼՈՎ, ՊԱՀԵԼ ԳՅՈւՄՐԵՑՈՒՆ ԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ

Գյումրեցին վստահաբար և արժանապատվորեն ընդունեց լուրը, որ  2012թ դեկտեմբերի 5-ին, Աշքաբադում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում  որոշվել է Գյումրին հռչակել 2013 թվականի մշակութային քաղաք: Այս տարվա հուլիսի 2-ին, Գյումրու     Վարդանանց հրապարակում մեծ շուքով ազդարարվեց ուրախալի լուրը, որից հետո մեկնարկեցին  մոտ 50 մշակութային միջոցառումներ: Մեր ժողովրդի պատմության մեջ բազում շնորհներով, իր  տաղանդներով հայտնի Գյումրին, վաղուց այսպիսի շռնդալից հանդիսություններ չէր տեսել, իսկ երկրաշարժից հետո  բազում-բազմաշերտ հոգսերի ու վշտերի տակ կքած գյումրեցին չէր էլ պատկերացնում, թե իր մեջ դեռ այսքան ներուժ կա, որն այսպիսի մի ժայթքման պահի է սպասում: Գյումրին թևեր էր առել: Արվեստների օրրան Գյումրին, նորից իր բոլոր տաղանդները  ներկայացնելու հնարավորություն էր ստացել: Քանի որ առիթ էր ստեղծվել երգի, պարի, քանդակի, գեղանկարչության, պատմական, ազգագրական, գիտական և այլ ասպարեզներում  իր  անցյալ ու ներկա նկարագիրն ի տես դնելու,  իր հայացքը պարզեցնելու,  իր  ինքնատիպությունը նորովի ու կրկին հաստատելու համար:  
Ահա և ֆեյերվերկային, համատարած լուսավառությամբ Գյումրին հիշեց, թե ինչպես է պետք ուրախանալ, և թե որքան կարիք ունի գյումրեցին ուրախանալու: Ի դեպ,  նույնիսկ երկրաշարժի սարսափատարած օրերին  հումորն ու կենսասիրությունը չկորցրած գյումրեցիների համար սա նաև  կատակելու հարմար առիթ էր. "առայժմ մշակութային մայրաքաղաք", այսինքն` կգա մի օր, որ "հայրաքաղաքը" կդառնա  "մայրաքաղաք", "մերն ուրիշ Գյումրի է"...

Վարդանանց հրապարակում բացման արարողության համերգի հենց առաջին պահերից անջատվեցին բեմի բոլոր լույսերը (տեխնիկական պաճառներով), բայց մարդիկ ոչ միայն չսրտնեղեցին, այլ  կարծես հենց նման մի առիթի   էին սպասում… Անմիջապես երգ ու երաժշտություն հնչեց ու պարը ինքնաբուխ պտտվելով հոծ բազմության մեջ, գրեթե բոլորին շրջապտույտի մեջ առավ:

Աշխարհի հռչակավոր երաժիշտներն այդ օրերին իրենց ելույթներով ոչ միայն պատվեցին ու հիացրեցին տեղի մելոմաններին, այլև վայելեցին գյումրեցու հյուրընկալությունն ու հարգանքը:  Մեկ ամսվա ընթացքում Գյումրու "Հաղթանակի" զբոսայգին՝ հայաստանցի և այլազգի քանդակագործների երևակայության և տաղանդի շնորհիվ, արվեստասերների աչքի առաջ հարստացավ տուֆակերտ քանդակներով: Սիմպոզիումը, որի նպատակն էր  “բացել” սահմանները քանդակային արվեստի, քանդակը չնմանեցնել հուշաղբյուրի կամ փոքրիկ հուշարձանի, այլ ավելի մոտեցնել քանդակագործության բուն հիմքերին, կոչվում էր "Կենարար աղբյուր":  Ինը`  գյումրեցի, երևանցի, արցախցի, ռուս, բելոռուս, ուկրաինացի և իտալացի քանդակագործների  նորակերտ գործերն այսուհետ Գյումրիի “բաց թանգարանի” մշտական ցուցադրության մաս դառնալով, կներկայացվեն թե՛ տեղացիներին թե՛ հյուրերին:
ՙՀացի տոնը"… Սա էլ մեր ուտող-խմող, քեֆ անող շիրակցու սրտով էր: Դարեր առաջ Շիրակի դաշտավայրն այնքան ցորեն էր աճեցնում, որ լիուլի բավարարելով երկրի բնակիչներին, նույնիսկ արտահանվում էր: Հացի տոնը նույնպես գյումրեցին ընդունեց հրճվանքով:  ՀՀԳԱ Ակադեմիայի Շիրակի մարզի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, որ երկու տարին մեկ` "Շիրակի պատմամշակութային ժառանգությունը" վերտառությամբ, միջազգային գիտաժողով է անցկացնում, այս անգամ,"Հացի տոնից" բացի, կազմակերպեց  "Մշակութային ժառանգություն և արդիականություն" խորագրով միջազգային գիտաժողովը, որի մասնակցում էին ոչ միայն հայաստանյան, այլև օտարազգի  գիտնականներ, որոնք թեմային նվիրված  բարձրակարգ ուսումնասիրություններով վեր հանեցին մեր և աշխարհի տարբեր ժողովուրդներին վերաբերող պատմաճարտարապետական, լեզվաբանական,  թատերագիտական, գրականագիտական ասպարեզներին վերաբերող հետաքրքիր ու արժեքավոր փաստեր:
Ծրագրի շրջանակներում Գյումրու մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի մասնաբաժնում կազմակերպվեց վեց գրողների հանդիպումը ուսանողության և դասախոսական կազմի հետ: Վերջիններս խոսեցին մայրաքաղաքից ժամանած գրողների ստեղծագործությունների մասին, արվեցին հույժ կարևոր դիտարկումներ ժամանակակից արձակի և պոեզիայի ձեռքբերումների եւ թերացումների շուրջ:

Գյումրիում դեռ շարունակվում են տոնական օրերը.
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ համերգով հանդես կգա Գյումրիում: Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Հասմիկ Պապյանը (սոպրանո, Հայաստան):
Ահա այսպես՝ Մշակութային Գյումրին բացել է իր լայն շնչառությունը: Եթե մեր պատմական  քաղաքի արվարձաններն այլևս չլինեն փոշոտ ու քանդված, գիշերային  խավարի մեջ չկորսվեն հին ու նոր թաղամասերը, չլինի հաղթարշավող գործազրկություն,  գյումրեցիներից և ոչ մեկը չունենա բնակարանային  ու օրվա հացի խնդիր, կամոքվի Գյումրին: Եւ գյումրեցու այս օրերին ու շաբաթներին համակած ոգևորությունը չի մարի ու կյանքի հարահոս ընթացքը օտար ճամփեքի հետ չի խաչվի: