ԻՍԿ Ո՞ւՐ Է ԾԻՐԱՆԸ

Օրերս հայտնի դարձավ,  որ    «Ոսկե ծիրանը»  ընդգրկվել է 2018 թ եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում: Դրանից առաջ  լրատվամիջոցներից տեղեկացանք  նաև, որ Սանկտ Պետերբուրգում գտնվելու օրերին Հայաստանի վարչապետն այցելել էր Էրմիտաժ: ԵՎ Էրմիտաժում   կինոռեժիսոր Ալեքսանդր  Սակուրովն ասել էր, թե լավ կլիներ, եթե Հայաստանի նորընտիր ղեկավարն առանձնակի ուշադրություն դարձներ հայկական վավերագրական կինոյի զարգացմանն   ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին…

Հուլիս  ամսվա ճիշտ կեսին ավարտն ազդարարած Երևանյան միջազգային կինոփառատոնի  օրացույցային էջերը  շարունակվում են համալրվել: Փառատոնի հյուրերը, Կինոգետները, կինոգործիչները   վերադառնալով տուն, ի մի են բերում իրենց  տեսածն ու լսածը և գրավոր խոսքով  գնահատում «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում իրականացված տարաբնույթ  աշխատանքային ծրագրերը:

Հետաքրքիր է, որ բազմաբովանդակ այդ նյութերի որոշ հեղինակների, ինչպես նաև  կինգործիչների  դիտարկումով   այս տարվա Երևանյան կինոփառատոնի     խորհրդանիշները   Ջուրն  ու  Կրակն  էին:  Պատճառը, թերևս  այն էր, որ   բացման օրը,  Հայաստանում նշվում էր Վարդավառի,  առատ ջրոցով ընթացող, ավանդական տոնը: Իսկ սրան հաջորդող   օրերին  արևն  էր  իր կիզիչ  ճառագայթները չափազանց  խիտ փնջերով  շռայլում:  Ակամա  ստացվեց:  Պատահական այս զուգատիպության  պատճառով չէր կարծես,  որ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ, Արամ Խաչատրյանի անվան ֆիլարմոնիկի  բեմից  մի  հարց հնչեցվեց.

 – Իսկ ու՞ր է ծիրանը:      

 Հարց  տվողը Շվեյցարիայի դեսպան՝ Լուկաս Գասսերն էր, որն  իմացողներին  մի տեսակ  կարոտով  հիշեցրեց,  նորեկներին էլ տեղեկացրեց,  որ նախորդ տարիներին   մրցանակակիր  արվեստագետներին,  մրցանակի հետ նաև  զամբյուղով լիքը ծիրան  էին տալիս…

Ծիրանի՝   հանդիսության մաս չկազմելը, սակայն  չէր նշանակում, թե  բովանդակային ու կիրառական նշանակությամբ այն անտեսվել էր, մանավանդ 2018-ին, որն առանձնահատուկ էր «Ոսկե ծիրանի» համար:

15 – տարին  ոչ միայն հոբելյանական, այլև նոր փուլի սկզբնավորում էր նշանակում: Այն նաև իրադարձություններով հարուստ կենսագրության էջերը «թերթատելու» չպարտադրված, բայց անխուսափելի պայման էր ենթադրում: Փառատոնի հիմնադիր կազմակերպիչներն ու աշխատանքային խումբը ոչ միայն այս, այլև մի շարք ուրիշ պայմաններ ու խնդիրներ  լուծելով էին  հոբելյանական տարին նշանակալից ու հիշարժան դարձրել:

Հանուն  Կինոյի ու կինոյի ապագայի  …

«Կյանքը շնչահեղձ կլինի առանց նպատակի». - դասականի հայտնի արտահայտությունը կարող էր և նրանց կարգախոսը դառնալ:

Նպատակ ու նվիրում.

Կինոփառատոն ունենալու մտահղացումը ծնվել էր … իրենք ասում են օտար ափերում, օտարազգի մի կինոգետի հետ կայացած ոչ այնքան հաճելի մի զրույցի  արդյունքում: Մարդն ասել էր. «էդ ի՞նչ երկիր է Ձեր Հայաստանը, որ մի կարգին կինոփառատոն էլ չունի»… Պատմությունը հորինված չէ, իրական է, բայց փառատոնը չէր կայանա, եթե  կինոն իրենց հոգում  չապրեր:  Դժվար խնդիր էր՝ մանավանդ մեր երկրում, մանավանդ  տասնհինգ տարի առաջ, ցավոք, նաև այս տարիների ընթացքում: Իսկ  գործառույթները, որոնք «Հիմնական» վերտառության տակ էր առնված մեկ չէր, ոչ էլ երկուսը: Քամի սանձելու պես մի բան էր թվում, բայց գիտեին հանուն ինչի և ում համար: Նպատակաուղղված գործընթացի արդյունքը սպասվածից ավելին եղավ: Սպասվածից շուտ եղավ նաև  կինոարվեստի մեծ քարտեզում «Ոսկե ծիրանի» նկատելի տեղ գրավելը:  Մի իրողություն, որը կինոաշխարհում բարձր նիշեր սահմանող հեղինակավոր կինոկառույցները բազմիցս ու նաև վերջերս  հաստատեցին ևս մեկ՝   «Ոսկե ծիրանը» ընդգրկվել է 2018 թ եվրոպական լավագույն կինոփառատոնների (Europes Best Film Festivals) շարքում հավաստագրով:

   Ալեքսանդր Սակուրովի՝ «Ոսկե ծիրան» փառատոնին  և հայկական վավերագրական կինոյի զարգացմանն աջակցելու բարձրաձայնած խնդրանքը կամ առաջարկն  այնքան էլ անսպասելի չէր  նրանց համար,   ովքեր գիտեին, որ ստեղծագործական ինքնատիպ ձեռագրով հայտնի ռեժիսորը երևանյան փառատոնի պատվավոր հյուրն է եղել 2012- ին: Տպավորված էր անչափ ու երբ տուն էր վերադարձել փառատոնի օրերին կուտակված հույզերն ու ապրումներն  արտահայտել էր գրավոր խոսքով՝   Հարություն Խաչատրյանին հասցեգրված նամակում:

 «Սիրելի բարեկամս.

Սրտանց շնորհակալ եմ Ձեր գեղեցիկ կինոփառատոնին մասնակցելու հրավերի, Հայաստանին և նրա պատմությանն ու մշակույթը հիշող և մեծարող մարդկանց հետ ծանոթանալու առիթն ընձեռնելու համար:

Սա իմ առաջին այցն էր Ձեր զարմանալի երկիր, ուր իմ աչքերով տեսա, թե որքան դժվար է հայ մարդկանց կյանքը: Բայց նրանց արիությունը և միասնականությունը օրինակելի է շատ այլոց համար: Հիրավի դա ոգեկոչման դաս էր: Ձեր փառատոնը ճշմարիտ մի հաստատություն է,  քանի որ մարդկանց հաղորդակից է դարձնում աշխարհի լավագույն ֆիլմերին, կրթում նրանց ճշմարիտ կինոարվեստի մթնոլորտում, որը զերծ է բարոյական տկարությունից և էժանագին հնարքներից: Եւ ամենակարևորը՝ Ձեր փառատոնը աջակցում է տարբեր երկրներում ապրող հայերին՝  նրանց կինոստեղծագործությունները ներկայացնելով, այդպիսով նաև հաստատում նրանց  հանդեպ առկա հայրենիքի  հետաքրքրությունը: Դա, հիրավի մեծ գործ է:

Հատկապես կուզենայի առանձնացնել Ձեր հրաշալի երիտասարդությանը: Տա Աստված, որ նրանք իրենց ներուժը կիրառելու հնարավորություն հայրենիքում ունենան, որպեսզի կարողանան նրա բարօրության համար աշխատել:

Ես հասցրեցի այդ մի քանի օրերի ընթացքում սիրել Ձեր երկիրը և նրա հրաշալի մարդկանց, ջերմ ու գեղեցիկ Երևանը:

Ալեքսանդր Սակուրով.

Հուլիս, 2012

Սանկտ Պետերբուրգ»։

Մնում է   հիշեցնել, որ  9-րդ «Ոսկե ծիրանից» հետո վեց տարի է անցել: ԵՎ Էրմիտաժում կայացած հանդիպման ժամանակ մեծանուն արվեստագետի խոսքերն ուղղված են եղել այն «զարմանալի  երկրի» վարչապետին, որից  ստացած տպավորություններն ու սքանչելի զգացողությունները տարիները  մոռացության չեն մատնել…

 

Հ.Գ. Ի դեպ, Ալեքսանդր Սակուրովը բնավորությամբ չափազանց զուսպ և սակավախոս մարդ  է: