Ի ՆՇԱՆ ՍԻՐՈ…

Նա կարող էր բարկությունից պոռթկալ չնչին մի բանի պատճառով, օրինակ, գեղանկարից պոկված պիտակի համար: Կարող էր հաճույքից մռնչալ, ասենք՝ պեղումների ժամանակ  կավե մի խեցաման հայտնաբերելիս, կարող էր անողոք, անգամ դաժան խոսքեր ասել հատկապես մասնագիտական թերացումներով արված գործ տեսնելիս, կարող էր հանդուրժող, քնքույշ և նուրբ լինել, ուրախ ու մռայլ, բայց անտարբեր՝ երբեք…  

Հովսեփ Օրբելի. բարդ կերտվածքով մի անհատ, որի բազմաբնույթ գործունեության, գիտության և մշակութային տարբեր ոլորտներում արված աշխատանքների մասին բազում տեղեկություններ կան: Նրա մասին  վավերագրական ֆիլմեր կան նկարահանված, նրա գործունեությանը նվիրված գրքեր և մենագրություններ, հուշագրություններ կան հրատարակված: Եւ վերջապես Ծաղկաձորում գործող Օրբելի եղբայրների թանգարանը կա, որտեղ իսկական նվիրյալներ են աշխատում: Մարդիկ են, որոնք  անցյալ ու ներկա իրադարձությունների զուգահեռով, հին ու նոր փաստեր, վավերագիր նյութեր վերհանելով մեծանուն եղբայրների կենսագրության հարուստ էջերը  ներկայացնելով նաև վիրտուալ տիրույթում են Օրբելիների «ընտանեկան պատկերն» հանրության ուշադրության կենտրոնում պահում:

  Այն, ինչ «Արվեստ» պարբերականն է առաջարկում, Հովսեփ Օրբելու խոսքային մի դիմանկար է, որը  տարիներ առաջ  նրա ժամանակակիցների, նրա աշակերտների ու գործընկերների հետ Սանկտ- Պետերբուրգում ու Երևանում կայացած հանդիպումների և նրանց հետ ունեցած հարցազրույցների արդյունքում է իրականացվել: Վեց հանդիպում՝ գիտության և արվեստի ասպարեզի ճանաչված ու նշանավոր գործիչների հետ: Արդեն առաջացած տարիք ունեցող մարդկանց հետ ունեցածս զրույցների ձայնագրությունները վերծանելու ընթացքում իսկ որոշեցի, որ տրված հարցերը պետք է սղվեն: Եւ  «Արվեստ» ամսագրում  նյութը հարցազրույցի ժանրով չէ, այլ  որպես իրապատումների շարք  տպագրվեց: Վեց վավերագրում Գիտնականի, Ուսուցիչի, Մտավորականի մասին: Զարմանալի, բացառիկ կերտվածքով մի Մարդու մասին, ով կյանքը ծանր փորձություններով ու հիասթափություններով է անցել, ով ճակատագրի ու նաև մարդկանց դաժան ու ցավոտ հարվածներին դիմակայելու ուժ է դրսևորել, իսկ երբեմն էլ… հումորով հակադարձել, ով աներևակայելի կամք ցուցաբերելով է գործել, ով հանուն արդարության և ճշմարտության, հանուն  գիտության ու մշակույթի իր անձ վտանգի ենթարկելով  ու սեփական սկզբունքները պահպանելով է անկանխատեսելի ոոշումներ կայացրել ու համարձակ ծրագրեր իրականացրել:  

                Ի ՆՇԱՆ ՍԻՐՈ…  ԼՈՒՑԿՈՒ ՀԱՏԻԿՆԵՐ

                Հանդիպում առաջին՝ Բորիս Պիատրովսկի

 Ակադեմիկոս, Սանկտ-Պետերբուրգի պետական էրմիտաժի տնօրեն՝ Բ. ՊԻԱՏՐՈՎՍԿԻ (1908-1990թթ).

Երկրորդ աշխարհամարտի դժվարին տարիներին Հովսեփ Օրբելին հասարակական լայն գործունեություն ծավալելով կազմակերպչական փայլուն տաղանդ ցուցաբերեց: Նա անգնահատելի նախաձեռնություն ու եռանդ դրսևորեց Էրմիտաժի գանձերը փրկելու համար՝ դրանք թիկունք, հեռավոր Սվերդլովսկ էվակուացնելու խնդիրը լուծելով: Ծանր, անասելի բարդ խնդիր էր: Թեպետ Օրբելու ղեկավարությամբ դա արվեց հստակ, ճշգրիտ հաշվարկումով, խնամքով, առանց ավելորդ խուճապի: Այն, օրերին, ինչպես գրավոր վկայում է լենինգրադյան բլոկադայի տարեգիրներից մեկը՝ գրող Ն. Տիխոնովը, անհասկանալի, կարծես կախարդական հնարամտությամբ Էրմիտաժի տնօրենը հասցնում էր լինել բոլոր հարկերում և ցուցասրահներում, աշխատակիցներին ցուցումներ տալիս, օգնում փաթեթավորման գործին, ստուգում, թե դատարկ բոլոր շրջանակներն են իրենց տեղում կախվում… Նա համոզված էր, որ էվակուացիայից պարտադիր ետ են բերվելու տարհանվող գեղարվեստի եզակի նմուշները: Հետևաբար դատարկ շրջանակներն էլ այդ ժամանակ կհուշեն նկարներից յուրաքանչյուրի տեղը, հեշտացնելով դրանց տեղադրման գործընթացը: Մեզ՝ էրմիտաժցիներիս թվում էր, թե լավ ենք ճանաչում Հովսեփ Օրբելուն, թե լավ գիտենք նրա բնավորությունը, նրա հախուռն խառնվածքի անսպասելի դրսևորումները, բայց պատերազմի հենց առաջին օրերին հասկացանք, որ սխալվել ենք: Մեր առաջ բոլորովին ուրիշ՝ զուսպ, հանգիստ, խիստ հավաք մի մարդ էր, որն այդպիսին մնաց մինչև պատերազմի ավարտը: Անշուշտ, ինչպես միշտ, մտահղացումներով լեցուն էր, եռանդուն ու գործունյա էր՝ միայն թե ավելի, քան նախկինում էր եղել: Աչքից ոչինչ չէր վրիպում: Հետևում էր նույնիսկ էրմիտաժի աշխատակիցների արտաքինին: Վա՛յ նրան, ով հանկարծ առանց սափրվելու ներկայանար… Զարմանալի հանձնարարականներ ու հրամաններ էր տալիս այդ օրերին: Եւ այդ հրամանագրերը, որ մինչև հիմա պահում ենք մեր արխիվում, բլոկադային Էրմիտաժի ու նրա տնօրենի վարքագծի ինքնատիպ ու շատ հետաքրքիր վկայագրեր են: Էրմիտաժի ռմբապաստարանների վերածված ներքնահարկերը երկու հազար մարդ էր ընդունում: Ընդ որում, այնտեղ հանգրվան էին գտնում ոչ միայն Էրմիտաժի աշխատակիցներն, այլև նրանց ընտանիքները, արվեստի ու գիտության տարբեր բնագավառների գործիչներ:

Փաստ է՝ Հիտլերի «Հողի երեսից ջնջել քաղաք Պետերբուրգը» գաղտնի հրամանն իրականացնելու դաժան օրերին Էրմիտաժն իր տնօրենի անմիջական ղեկավարությամբ շարունակում է համառորեն դիմադրել նաև… գիտական գործունեությամբ:

Արկերի սուլոցների և ռումբերի պայթյունների տակ, ինչպես հաստատեցին տարեգիրները, անհրաժեշտ էր՝ «հոգու մեծ արիություն, իսկական տոկունություն, ոչ թե գոյություն պահպանելու, այլև ապրելու համար: Էրմիտաժի աշխատակիցների մասին վստահորեն կարելի է ասել՝ նրանք ապրել են»: Մի՞թե որևէ մեկը կհամարձակվեր մտքով անգամ անցկացնել այդ ծանր շրջանում մարդկանց ժամանակը զբաղեցնել այնպիսի միջոցառումներ կազմակերպելով, ինչպես ասենք Արևելքի մեծ բանաստեղծ Ալիշեր Նավոյի հոբելյանին նվիրված տոնակատարությունը: Հովսեփ Օրբելին անհավատալի պայմաններում կարողանում էր նաև նման հանդիսություններ կազմակերպել: Նա կարողանում էր ու հասցնում էր:  Հասցնում էր, լուսավորչական աշխատանքներ տանել քաղաքը պաշտպանող զորամասերում, ելույթներ էր ունենում ճակատ մեկնող զինվորների առաջ, հանդիպումների էր գնում գործարանների աշխատավորության հետ, ռադիոյով ամանորի ողջյուններ էր հղում Լենինգրադի պաշտպաններին: Ես նրան հաճախ էի ուղեկցում: Անմոռանալի են մնացել՝ մոմերի լույսի տակ նրա ոգեշնչված դեմքը, բոցկլտացող աչքերը, սրտեր ալեկոծող խոսքերը: Հիշում եմ, թե ինչպես մի հանդիպման ժամանակ, ի նշան երախտագիտության և սիրո նրան նվիրեցին լուցկու հատիկներ: Այդ օրերի համար անգնահատելի նվեր էր… Երբ սկսեց գործել Լադոգա լճի սառույցի վրայով անցնող ռազմա-ավտոմոբիլային ճանապարհը, Լենինգրադի Պաշտպանական պետական կոմիտեի որոշման համաձայն, քաղաքից պետք է էվակուացվեր մեկուկես միլիոն մարդ: Հովսեփ Օրբելին հորդորում էր, համոզում ընդիմացող իր աշխատակիցներից շատերին հեռանալ մահվան քաղաքից: Բայց երբ իրեն դիմեցին, նա կտրուկ մերժեց Լենինգրադից, Էրմիտաժից հեռանալու առաջարկը: Մինչդեռ հիվանդ էր և օր-օրի առողջական վիճակը բարդանում էր: Այդ ժամանակ ստիպված եղավ տեղի տալ: Մինչև մեկնելու վերջին ժամը խորհուրդներ, ցուցմունքներ էր տալիս կոնսերվացված թանգարանում մնացող աշխատակիցներին առաջիկա ամիսներին կատարվելիք գործերի ցուցակ կազմում և մշակում: Նրա հետ գործուղման մեկնեցին Էրմիտաժի մի քանի աշխատակիցներ, որոնցից մեկն էլ ես եղա: Այն ժամանակ չգիտեի, որ Երևան մեկնելս ճակատագրական է լինելու իմ կենսագրությոան համար, որ հենց Հայոց մայրաքաղաքում եմ հանդիպելու իմ ապագա կնոջը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանին: Իսկ ինքը՝ Օրբելին բուռն գործունեությունը շարունակեց նաև Երևանում: Հնագիտական պեղումներ և գիտական աշավներ  էր ղեկավարում: Նախաձեռնեց և հիմնադրեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահը դառնալով, այդ պաշտոնին մնաց մինչև 1947 թվականը: Այդչափ զբաղվածությամբ հանդերձ, նա ուշադրությամբ հետևում էր Լենինգրադի պաշտպանության համար կատարվող ռազմական գործողություններին… Էրմիտաժում թանկագին մասունքի պես է պահվում Երևանից հունվարի 18–ին Օրբելու ուղարկած հեռագիրը. «Անսահման երջանիկ եմ բլոկադայի ճեղքման համար: Ջերմորեն գրկում եմ, համբուրում Էրմիտաժի փառապանծ մարդկանց.- Օրբելի»:

… Երևանից՝ Լենինգրադ մենք միասին վերադարձանք: Նախ Մոսկվա գնացինք: Որոշումն նրանն էր՝ պետք է քննարկեր Էրմիտաժի անելիքների հիմնական ծրագիրը: Էրմիտաժը վերականգնելու և, որ ամենակարևորն էր՝ վերաէվուկացիայի ժամկետների ճշգրտելու հարցը հրատապ լուծում էր պահանջում: Բնականաբար նրան հանձնարարվեց  անհապաղ ու սեղմ ժամկետներում մանրակրկիտ ծրագիր մշակելու և թանգարանի հիմնական ցուցադրության շենքերն ու սրահները ամբողջական տեսքի բերելու և վերաէվակուցիան կազմակերպելու աշխատանքները իրականացումը: Եւ նշված վերջնաժամկետը չխախտելու պայման դրվեց: Լենինգրադ հասնելով, Օրբելին իրեն հատուկ պահանջկոտությամբ գործի է դնում թանգարանի ողջ անձնակազմին և հատկապես գլխավոր ճարտարապետին, շինարարներին և ինժեներներին: Այսինքն, մոբիլիզացնում է բոլոր աշխատակիցներին:

1945 թվականի աշնանը, նոյեմբեր ամսին Էրմիտաժի 69 սրահները նույն տեսքն ունեին, ինչ 1941 թվականի հունիսի  22 –ին: Մարդիկ գալիս էին ու գալիս: Եւ երբ կենտրոնական սանդուղքաբաժան հարթակին երևաց Էրմիտաժի տնօրենը, հուզված այցելուները լռեցին: Բոլորի հայացքները ուղվեցին դեպի նրան: Հանդիսավոր պահին հնչեցին Հովսեփ Օրբելու խոսքերը՝ «Էրմիտաժը բաց է»: Ընդամենը երեք բառ, որին պետերբուրգցիները, նաև ինքը՝ Էրմիտաժի տնօրենը սպասել էին մղձավանջային սարսափելի տարիների ընթացքում: