Ծաղիկը` մտքի բնակավայր

  Նազիկ Ասլանյանը մի արվեստագետ է, ով տիրապետում է նշանների և գույների անպարփակ տարատեսակներին, և ում գեղանկարչությունը բուրումնավետ և' գունագեղ ծաղիկների և' ծաղկաթերթերի միախառնված լույսի մի աշխարհ է, որը մեր մեջ առաջացնում է տաք զգացողություն… Բայց դա նրա նկարչության արտաքին ընկալումն է միայն, մինչդեռ խորքում Նազիկ Ասլանյանի ստեղծագործություններն ալեգորիկ եղանակով բացահայտում են հարափոփոխ կյանքի իմաստը:
Յուղաներկով արված նրա գեղանկարներում հիմնականում կարելի է տեսնել տարվա եղանակների փոխակերպումները` բնության զարթոնքն ու թոշնումը. Ինչպես մարդկային կյանքը:
Արվեստագետի անհատական “եսը” արտացոլվում է ծաղկի և բնության միջոցով` դիտողին հաղորդում իր ներքին լույսը, միևնույն ժամանակ այն ներառում իր մեջ: Մի խոսքով, ծաղիկը նրա ստեղծագործական հայտնագործությունն է, այն միջավայրը, որտեղ նա իրականացնում է իր մտահղացումները, սա նշանակում է, որ կյանքի անսահման և անդադրուն շարունակականության մեջ նկարիչը փնտրում է այն թելը, որը կարող է կարևոր եզրահանգումների համար ուղենիշ դառնալ:
Ծաղկի գունային շողարձակ շարժման մեջ, կարծես, խորհրդանշական կերպով երեւակվում է արվեստագետի զարգացումը, ով դիմում է թռիչքի` չհեռանալով իր արմատից, միաժամանակ մնում վերածննդի գաղափարի հետևորդը: Առաջին հայացքից կարող է շատ պարզ թվալ, բայց, կարծում եմ, ծաղիկն ընտրելով որպես կյանքի խորհրդանիշ, նա ծաղկի միջոցով մեկնաբանում է կյանքի երևույթները:
Նրա կտավներում մենք տեսնում ենք բնության դինամիկան` ծնունդից մինչև մահ և այդ ամենը ծաղկի միջոցով, որը մեզ հանդարտ, անվրդով ու անաչառ մտորելու առիթ է տալիս: Եվ ծաղիկը, որը գույն է տալիս մեր գոյությանը, նաեւ հիշեցնում է մեզ ապրելու գեղեցկության մասին` կյանքի յուրաքանչյուր պահը արժեւորելու, ակնթարթի հրաշագեղության, «capre diem»-ի մասին:
Նկարիչը ստեղծագործական որոնումների և գեղանկարչական լուծումների մեջ մեծ հաջողության է հասել: Յուղաներկի հնարավորությունները թույլ են տալիս հայ արվեստագետին գունային սահուն անցումներ կատարել. նա, կարծես, մերթ մոտենում է ծաղկին, մերթ հեռանում, հպվում թերթիկին, շոյում այն, գույն տալիս կամ գույն վերցնում նրանից:
Նա անգամ հայտնվում է աբստրակցիոնիզմի անհավանական, բարդ իրականության մեջ, որպեսզի հետո կրկին վերադառնա ռեալիստական սիմվոլիզմին, ինչին անդրադարձանք այս հոդվածում: