ՀԵՐՈՍՏՐԱՏԻ ՕՐԻՆԱԿԸ, ԹԵ՟ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՀԱՆՃԱՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ԹՈՂՆՈւՄ

 

Տարիներ շարունակ Երևանի կենտրոնը ձևակերտող, մայրաքաղաքի ճարտարապետական նկարագիրը խաթարող ծրագրերը կյանքի կոչելու ընթացքում, պատկան մարմինները, առանց այլևայլության հավաստիացնում էին, թե Ալեքսանդր Թամանյանի չիրականացված ծրագրերով են առաջնորդվում: Եւ հետևողականորեն “սրբագրում” էին “արևային քաղաքը” հեղինակած ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ:  Հիմա հերթը հասել է Հարապետության հրապարակին: Այս անգամ  չի ասվում, թե “Թամանյանը այսպես էր ծրագրել”…  Բայց եթե այս անգամ էլ թեթև ընդվզումներով բավարարվի երևանցին,  հայ մտավորականը, ապա հաջորդ քայլը, վստահաբար  Արտաշես Հովսեփյանի կերտած Ալեքսանդր Թամանյանի արձանը` ռեկոնստրուկցիայի ենթարկելու պատրվակով, տեղից կհանեն ու … կհանդարտվեն, երևի.   

  

Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել, որը կոչվում է` Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի հայեցակարգ.

Ուրեմն, հերթը հասավ Հրապարակին, որը հեղինակավոր մասնագետների գրավոր վկայությունների  հավաստմամբ շինարարական արվեստի գլուխգործոց է: Երևի թե պիտի ասենք համարվում էր: Անցյալ ժամանակով պիտի խոսենք, քանի որ նման մրցույթի հայտարարմամբ, պարզվում է, որ բոլոր նրանք, ովքեր Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գործը եզակի համարելով,  գնահատել են ամենաբարձր որակումներով, խորը թյուրիմացության մեջ են եղել…

Անշուշտ, ճարտարապետական ուզածդ միջավայր փոփոխության խնդիր  ունենում է: Բայց  ներկա իրավիճակում ոչ երկրի պետական համակարգը, ոչ էլ ճարտարապետական հանգույցը այս խնդիրը չէ, որ պետք է առաջնային դարձներ: Մի քանի միլիոնի  պահանջ դնող ծրագիր է, ի վերջո:  Իրենք են ասում` չկա, չկա..

 Ի վիճակի լինեին առկա խնդիրների թնջուկից կառանձնացեին կարևորները ու երկրի համար կռված երբեմնի հզոր ու հպարտ ազատամարտիկներն, իրենց  թշվառ վիճակը ի տես դնելով, չէին հայտնվի հրապարակում: Անտուն, սովահարների խմբերն էլ աղբարկղները ամենօրյա “պեղումների’’ չէին ենթարկի, ու գիշերները  քաղաքային տրասպորտի կանգառների նստարանները “մահճակալ’’ չէին դարձնի: Եւ վերջապես, մի քանի ամսում  երկիրը լքողների, երկրից  դուրս տանող ճանապահներին հայտնվածների թիվը հազարներով չէր ֆիքսվի:

 Երևանի գլխավոր ճարտարապետը, որը ժամանակին “երկրի գլխավոր ճարտարապետ’’ տիտղասն էր կրում, համոզված է, որ հրապարակի վտանգված ապագայի համար  մտավորականների ու ճարտարապետների  քննարկումները հիմնավորված չեն և հատկապես իր անձի դեմ են ուղղված: Ինքը, սակայն, նման մրցույթ հայտարարելու փաստը հիմնավորում է այն անհրաժեշտությամբ, որ անցյալի  “մեր ճարտարապետական շինությունները կառուցվել են պատերազմական կամ սոցիալական ծանր իրավիճակներում’’: Մնում է կարծել,  թե ժամանակի ներկա հատվածում, մենք խաղաղ,  սոցիալապես ապահով երկրում ենք ապրում:  Հրապարակային իր ելույթներում,  նա տեղեկացնում է նաև, որ սա “ընդամենը  մրցույթ է, ընդամենը գաղափարների ծանոթանալու և հասկանալու, շատ նեղ մասնագետների հայացքով հրապարակը տեսնելու նպատակը կրող նախաձեռնություն է”: Ապա  վստահեցնում, որ այն լինելու է  “բաց ու թափանցիկ: Ճարտարապետության թանգարանում ներկայացվելու են նախագծերը, հանրությունը գալու է, տեսնելու, իր կարծիքն է ասելու: Եվ գործընթացը կավարտվի այնպես, ինչպես երկու տարի առաջ` եթե ոչ մի աշխատանք հավանության չարժանանա: Իսկ լավ աշխատանքի դեպքում վերջին խոսքը կառավարությանը կլինի’’: Ահա այսպես` վերջին խոսքը, այդուհանդերձ կառավարությանն է: Իսկ վերջին  տարիների փորձը ցույց է տալիս, որ եթե կառավարությունը ուզում է վաճառել, վերակառուցել, իսպառ ոչնչացնել, այս կամ այն ճարտարապետական հորինվածքը, ապա “լավ աշխատանքներ” պարտադիր հայտնվում են: Եւ “լավ մասնագետներ” էլ են գտնվում, որոնք անում են այն, ինչ իրենց թելադրում են վերևներից… Այն, որ քաղաքապետարանի հայտարարության մաս կազմող մոտ ութ էջանոց առաջադրանքում ոչ միայն չի նշված, այլ ակնարկ անգամ չկա, որ Հանրապետության հրապարակը առաջնակարգ  հուշարձան է, արդեն իսկ հուշում է, որ արդյունքում Ալ. Թամանյանի մշակութային բացառիկ արժեք ներկայացնող գործը ոչ թե աղավաղվելու, այլ կորստյան վտանգի տակ է հայտնվելու: Եւ հետո` հայտնի է, որ  գլոբալ խնդիրների առկայության պատճառով վերջերս Երևանի քաղաքաշինական գործընթացների մասին օրենք մշակելու ծրագրի առաջարկ է արվել: Ճարտարապետները զարմացած են, որ հենց այս օրենքի  քննարկման  փուլում գտնվելու ընթացքում է, նման մրցույթ  հայտարարվել: -Ինչու՟ է   շտապողականություն ցուցաբերվում,- հարցը այս պարագայում հաստատ հռետորական չէ: Մտահոգության տեղիք տվող եւս մեկ`  հրապարակի շենքերի հետագա ճակատագրի հարցն էլ է ծագում, որը  այս  համատեքստում, նույնքան կարևոր է : Մանավանդ որ այդ շինությունների ետնամասերում կառուցված նոր բարձրահարկերի սիլուետներն, արդեն իսկ հրապարակի  ամբողջականությունն  աղճատելով, վերափոխել են  ճարտարապետական հորինվածքների ծավալատարածական միջավայրը:  Այս հայեցակետից այն վերանայվելու պարագայում  վտանգներն ավելի քան սպառնալից են դառնում: Այսինքն, եթե քաղաքապետարանի հայտարարված մրցույթն իրենց իսկ մշակած ծրագրի համաձայն ընթանա, ապա վտանգվելու է ոչ միայն հրապարակի, այլև այն օղակող շինությունների գոյությունը:

 

Հերոստրատը, որն  ի ծնե ապաշնորհ ու բարդույթներ  ունեցող մեկն էր, շատ էր ուզում պատմությանը իր անունը պահ տալ: Եւ տարիների ընթացքում իր այս մտքից ոչ թե փորձեց ազատվել, այլ  ավելի  խորացրեց:  Վերջապես մի օր հասկացավ, թե ինչ պետք է անել նպատակին հասնելու համար:  Մ.թ.ա 356 թվականի, հուլիսի 21-ին, Հերոստրատը վառեց Արտեմիսի տաճարը:   Մեկ տաճար ոչնչացնելով,  մարդկության հիշողության մեջ մնալու  այս եղանակը,  հազարամյակների ընթացքում կարծես թե էլ չէր կիրառվել: Մշակութային բարձրարվեստ արժեքներ համարվող կոթողներ, հազարամյակների ընթացքում, էլի են քանդել, ոչնչացրել, բայց բոլորովին այլ մղումներներով: Մեզանում ոչ թե մի տաճար, այլ մի ամբողջ քաղաք  ավերողները, սակայն հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ ժամանակների հետ փոխվում է նաև աշխարհի  վերաբերմունքը այսօրինակ երևույթների հանդեպ:  Հիմա արդեն պատմությունը և մարդկային հիշողությունն նոր հերոստրատներին մոռացության էջ են հատկացնում` ընդամենը: