ՀԻՇԵԼԸ՝ ՔԻՉ Է

Եկեղեցու քիվատակի հայատառ արձանագրությունները քար առ քար պոկել և  դես ու դեն են թափել, Լևոն թագավորի քանդակն էլ են պղծել, խաչը ջնջել… Իսպառ մաքրել են ուզում հայի հետքերը...
 
                                ***  
 
Պատմական Կիլիկիա հասնելու համար ավելի քան 1600 կմ հաղթահարեցինք: Նման տարածություն անցնելը հեշտ չէր, բայց ոչ  այնչափ ծանր, որքան  իրարամեժ ապրումներով ուղեկցվող զգացողությունները, որոնք պատում են այստեղ հայտնված հայ մարդուն…
 …Նախ Մսիսը, հետո Օձաբերդը (Լևոնի բերդ) և այսպես շարունակելով ավելի քան քսան պատմաճարտարապետական հուշարձան տեսանք: Օձաբերդի բարձունքից դաշտավայրային Կիլիկիայի անծայր հորիզոններին նայելիս նոր միայն հասկանում ես Կիլիկիյան Հայաստանի, Հայոց Թագավորության ուժն ու զորությունը, նաև գրավիչ գեղեցկությունը (նկ. 37-42): Եւ կրկին,  նորովի  խորությամբ վերապրում կորստյան մորմոքը,  կոկորդ այրող ցավը: Օրեր անց, հրաժեշտից հետո  նաև կարոտը: Լեռնային Կիլիկիայի բնաշխարհը նման է Համշենին, Տավուշին, Արցախին... Դաշտայինը՝ Արարատյան, Մշո և այլ դաշտավայրերին: Դաշտային և լեռնային Կիլիկիան, հայկական լեռնաշխարհի հետ մեկտեղ, իսկապես մարդկային քաղաքակրթության բնօրրանն է: Երկրային դրախտ: Այս դրախտը հարուստ է պատմա-ճարտարպետական, հնագիտական, այդ թվում՝ հայկական բազմաթիվ հուշարձաններով:
 
Թերթելով Պատմության էջերը...
            Սիսը Կիլիկյան Հայկական պետության (ստեղծվել է XI դարում) մայրաքաղաքն էր: Ունեցել է զարգացման երկու փուլ՝ Մեծ Իշխանապետության (1080-1198 թթ.) և Թագավորության (1198-1375 թթ.): Տարածաշրջանը հաճախ անվանվել է Կիլիկյան Հայաստան, Հայոց աշխարհ, Հայաստան Փոքր, Սիսուան: Դաշտային և Լեռնային Կիլիկիայի տարածքում հայոց թագավորներ Արտաշես Բարեպաշտի (մ. թ. ա. 230-մ. թ. ա. 160), Տիգրան Մեծի (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55) և այլոց օրոք հայերի հետ կողք-կողքի ապրել են հույներ, ասորիներ, փյունիկիացիներ: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարյկելիանոսը հիշատակում է,որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց: 405 թ. Հովհաննես Ոսկեբերանը Կիլիկիայում տեսել է հայ հոծ զանգվածներ, որոնք ունեին  ազգային եկեղեցի, իշխանները և հզոր առաջնորդ: V-VI դդ. Բյուզանդական և լատինական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Սիսան կամ Սիսիան անվանաձևը:  703 թ. այդ բնակավայրն ենթարկվել է արաբների ավերածությանը: 809 թ-ին Սիսի հայ բնակչությունը արաբական հալածանքներից խուսափելու նպատակով բարձրանում է Տավրոսի լեռները և արաբների հեռանալուց հետո նորից վերադառնում իրենց բնակատեղը: VII դ. արաբները  հանդիպում են հայերի համառ դիմադրությանը, երբ փորձում են գրավել Կիլիկիան: VIII-IX դդ. ըստ արաբական աշխարհագիրների, Սիսի հիմնական բնակիչները եղել են հայեր:
 X դար. Հայոց կաթողիկոս Խարիկ Ա Արշակունին (973-992 թթ.) Կիլիկիայում ստեղծում է հայկական նոր եպիսկոպոսություններ: 1042-1080 թթ. Դաշտային Կիլիկիայի կառավարիչ է դառնում հայ իշխան Աբլղարիբ Արծրունին: 1114 թ-ի նոյեմբերի 13-ին տեղի է ունենում երկրաշարժ, որի արդյունքում խիստ տուժում է Սիսը: XI դարի երկրորդ կեսին Լամբրոնի տիրակալն էր հայ իշխան Օշինը: 1173 թ. Հայոց Մլեհ իշխանապետը վերակառուցում  է Սիսը և հռչակում Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք, նախկին մայրաքաղաքը Վահկայից տեղափոխելով Սիս: 1292 թ-ին Սիսի Հայոց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դառնում է Հայոց ընդհանրական կաթողիկոսության (1293-1441 թթ.), այնուհետև Կիլիկիայի Հայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը: Լևոն Բ Մեծագործ հայոց թագավորի օրոք Սիսում հիմնվում է Սբ. Էջմիածին կաթողիկեն, Սբ. Մարինե և Սբ. Աստվածածին եկեղեցիները: Հեթում Ա. Հայոց թագավորի օրոք հիմնվում է արքունի Սբ. Սոփի (Սբ. Սոփիա) եկեղեցին: Սբ. Սոփիա եկեղեցու մոտ է գտնվել թագավորական պալատը՝ «Դարպասը»: Սիսի բերդաքաղաքը ունեցել է երեք դուռ (հյուսիսային, հարավային և արևմտյան): 1310-1322 թթ. Կիլիկիայի հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Ազապահյանը վերակառուցել է եկեղեցին, վերանվանել Սբ. Գրիգոր Լուսավորիչ և աթոռանիստը տեղադրել այստեղ: Սիսում գործել են նաև հայկական Սբ. Հռիփսիմե, Սբ. Հակոբ, Սբ. Հոգին, Սբ. Նշան, Սբ. Սիմոն, Սբ. Նիկողայոս, Սբ. Ստեփանոս (կոչվել է նաև Գունդստաբլի եկեղեցի), Սբ. Մերկեռիոս, Սբ. Պողոս-Պետրոս, Սբ. Աթանագինե եկեղեցիները: Ընդհանրապես Սիսում եղել են ավելի քան քսան հայկական եկեղեցիներ: 1266-ին Եգիպտոսի Բիբարա (Ֆնդխտար) սուլթանը պաշարել է Սիսը, բայց չի կարողացել գրավել: 1268 թ-ին Սիսում երկրաշարժ է լինում: 1270 -ին Սիսը նորից վերաշինվել և ամրացվել է: 1275-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Սիսը: 1369-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը նորից պաշարել են Սիսը, և կրկին չեն կարողացել գրավել այն: 1375-ին, Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը պաշարել և գրավել է Սիսը: 1437 թ-ին Սիսը գրավել են օսմանյան թուրքերը: XVIII-XIX դդ. Դաշտային Կիլիկիայում իշխել են Կոզանյանները (Քոզան. կամ Գոզանօղլուները): XIX դարի վերջին և XX դարի սկզբին Սիսը եղել է Ադանայի վիլայեթի Կոզանի գավառի կենտրոնը, ունեցել է մոտ 70 հազար հայ բնակչություն: XX դարի սկզբին Սիսում կար վեց հայկական եկեղեցի (չորսը՝ առաքելական, մեկը՝ կաթոլիկ, մյուսը՝ ավետարանական) և հինգ հայկական դպրոց: 1915-ին, սիսեցիների ճնշող մեծամասնությունը եղեռնի զոհ է դարձել, քաղաքը քանդվել, թալանվել և ավերակների վերածվել: 1918-1919 թթ. մոտ 500 սսեցի հայեր վերադարձել են Սիս, սակայն 1920 թ‑ի մայիսի 30‑ին ստորագրված թուրք-ֆրանսիական զինադադարից հետո խուսափելով յաթաղանից մի կերպ փրկվելով, հեռացել են քաղաքից:
Լևոնի Բերդի վերին աշտարակի մուտքի վրա քանդակված է եղել Լևոն Մեծագործ Հայոց թագավորի ծալապատիկ նստած պատկերը՝ մեկ ձեռքով խաչ բռնած, իսկ մյուս ձեռքով՝ թագավորական մականը: Թագավորի պատկերի երկու կողմերում քանդակված առյուծներ են: Ընդհանրապես Հայոց դիցաբանության մեջ առյուծները խորհրդանշել են թագավորի կապը, նրա զորությունը երկնքի և երկրի միջև, հաստատելով նրա երկրի և երկնքի թագավոր հռչակելու փաստը: Այսօր պատկերի ձախակողմյան առյուծը ավերված կամ հողմահարված է: Առաջարկում ենք վերականգնել այն՝ նոր քանդակված քար տեղադրելով, ինչպես նաև խաչապատկերը:
Անավարզայի բերդաներսի տարածքում գտնվում է հայկական եռանավ եկեղեցին, որի հայերեն արձանագիր գոտին քայքայված է, քարերը՝ հայոց տառերով քանդակված թափված են եկեղեցու շուրջ բոլորը: Հնարավոր ենք համարում և առաջարկում, որ Ստամբուլի «Հայճար» (հայ ճարտարապետների և ճարտարագետների) միության կամավորների խումբը (և այլք), դիմեն Թուրքիայի պատկան մարմիններին՝ թույլտվություն ստանալով, հավաքելու քանդակազարդ քարերը և կանոնավոր դասավորելու եկեղեցու մոտ, որը հնարավորություն կտա նախ պահպանել գեղագիր արձանագրությունները, ապա մաքրել եկեղեցու ներքին և արտաքին տարածքները, ինչպես նաև կատարել նոր և հիմանվոր չափագրության, պեղման, ամրակայման և մասնակի վերականգնման և պահպանման աշխատանքներ և  մշակել հուշարձանների պահպանմանը միտված  հեռահար ծրագրեր:
  Տեղում կատարված ճեպանկարների և մասնակի չափագրական աշխատանքների հիման վրա  արված էսքիզային գծագրերի նպատակը նույնն է՝ մոռացությունից և անխուսափելի ավերումներից փրկելու և հայկական հուշարձանների տեսանելի հատակագծային պատկերները ֆիքսելու միջոցով պահպանել դրանց կերպարն ու հորինվածքը ապագա հետազոտողների համար:

Ներկայացված լուսանկարները և գծագրերը հեղինակինն են