Մեր ժողովրդի իմաստուն ու որակյալ հատվածի ժամանակը

Հայաստանյան իրականության մեջ ուշագրավ անհատականություններ կան, որոնք հաստատում են կանացի ինքնատիպ մտածելակերպի, լուծումներից լավագույնը գտնելու կարողության, անելանելիից պատվով դուրս գալու եզակի հատկանիշները: Նման անհատականություն է «Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի» նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որ չի դադարում ժողովրդի խոսափողը լինելուց. միշտ աչքի է ընկնում իրեն,ուրեմն եւ մեզ հուզող, մտահոգող խնդիրներին նոր մոտեցումներ առաջադրելու կրքոտությամբ, սայլը տեղից շարժելու հաստատակամությամբ: Մանկությունն ու պատանեկությունը անցկացնելով սասունցիների միջավայրում (Աշնակ գյուղում), Երեւանի պետական համալսարանում սովորելուց եւ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, այնուհետեւ Ամերիկյան համալսարանում եւ Եվրախորհրդի քաղաքական ուսումնասիրությունների դպրոցում քաղաքագիտության բարձրակարգ կրթություն սանալուց հետո էլ Լիլիթ Գալստյանը երբեք չի հեռացել իր ամուր արմատներից: Նրա թեկնածուական թեզը «Սասունի բարբառն» է: Ուսումնասիրության հիմք է հանդիսացել այն իրողությունը, որ աշնակցիները Սասունի տասը նահանգներից յոթի վերապրողներն են. եւ իրավամբ Աշնակի խոսվածքը ներկայացնում է արեւմտյան ճյուղի այս ամենահարուստ բարբառներից մեկի հուշարձանային ընդհանրական պատկերը: Լ.Գալստյանը նաեւ գրականության մարդ է: Թարգմանել եւ տպագրել է ամերիկյան արձակի «Տասներկու պատմվածք եւ մեկ պիես», «20-րդ դարի անգլիագիր արձակ» ժողովածուները, կազմել եւ խմբագրել է «18-ից 33» արդի հայ արձակի անթոլոգիան ու նաեւ գիտական մի շարք ժողովածուներ: ԱԺ պատգամավոր դառնալով՝ վայրկյան անգամ չէր կասկածում, որ իր տեղը կրթության, մշակույթի, գիտության հանձնաժողովում է: «Ես ինձ մշակութային դաշտի պատգամավորն եմ համարում»: Ինքն իր դատավորն է, պարտքի գիտակցությամբ, թեեւ հաճախ է կանգնում «ավգյան ախոռներից» գլուխ հանելու անելանելիության առաջ, բայց «նահանջի տեղ չունենք»-ի համոզումը առաջ է մղում: Նրա նախաձեռնությամբ, սկսած 2007 թվականից, մշակույթի ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ են ընդունվել: 2008 թ.-ին Լ.Գալստյանի համառ պնդումների արդյունքում մշակութային բնագավառի աշխատողների աշխատավարձը բարձրացվեց 20 տոկոսով, թեեւ «35000 դրամի 20 տոկոսը մի մեծ բան չէ»: Նրա հեղինակությամբ էր, որ օրենքով արգելվեցին ֆոնոգրամային համերգները՝ մի շարք «աստղերի» խամրելու եւ դժգոհության պատճառ դառնալով: Նրա նախաձեռնությամբ օրենսդրորեն սահմանվեց մշակութային այն կազմակերպությունների ու հաստատությունների շրջանակը, որոնք կարող են հավակնել «ազգային» կարգավիճակի՝ «Ազգային պատկերասրահ», «Ազգային գրադարան», «Ազգային թատրոն», միեւնույն ժամանակ ամրագրելով պետության հատուկ վերաբերմունքն ու մշտական հոգածությունը: Այսուհետ ազգային կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը պետական բյուջեում առանձին տողով է արտահայտվելու: Շատ կարեւոր օրենքների մի փաթեթ վերջերս ընդունվեց՝ փոփոխություններ եւ լրացումներ «Գովազդի մասին», «Լեզվի մասին» օրենքներում, «Վարչական օրենսգրքում»՝ առանցքում մայրենիի անաղարտության խնդիրն է ու նրա պաշտպանությունը։ Սահմանվեցին գովազդի նկատմամբ ընդհանուր պահանջները՝ եւ հատկապես գրական հայերենով ձեւակերպելու պայմանը։ Ըստ Լ.Գալստյանի մայրենիի նկատմամբ մեղանչումները անթույատրելի սահմանում են թե գովազդում, թե պաշտոնական խոսքում, թե հատկապես հեռուստատեսությունում։ «Այսօր հեռուստաընկերությունները կարծես մեր հոգեւոր նահանջի կազմակերպիչները լինեն՝ հասարակությունն առողջացնելու, արժեքներ, ուղենիշեր ու չափանիշեր թելադրելու փոխարեն բարոյական անկումի ու անհեռանկարայնության մթնոլորտ են տարածում: Որքան կարելի է անդեմ ու անհայրենիք սերիալներով սնել սեփական ժողովրդին։ Սրանց թվում է, թե մենք յուրահատուկ հիմար ազգ ենք, որին պետք է նույն սերիալը օրը երեք անգամ ցույց տալ: Երբեմն մտածում եմ, թե սա մի ծրագիր է՝ միտված մեզ մտավորապես սնանկացնելուն: Անգամ Հանրային հեռուստատեսությունը, որ բառացիորեն սնվում է մեր բյուջեից եւ պետք է ծառայեր հասարակության բոլոր շերտերի կրթական, հասարակական, մշակութային , տեղեկատվական պահանջների բավարարմանը, իրականում ճիշտ հակառակ արտացոլանքն ունի: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները հեղեղված են քրեական ռոմանտիզմով, տաղտկալի, անգրագետ, անիմաստ երկխոսություններով, էժանագին լեզվով լեցուն սերիալներով։ Սոկրատն ասում էր, որ “աղավաղված լեզուն աղավաղված բարքերի նշան է”: Շատ հաճախ այդպես էլ կա, բայց չէ՞ որ չի կարելի այդքան պարզունակ լինել ու արագ դրամ աշխատելու համար մեր դեգրադացված, արժեզուրկ իրականությունը ներկայացնել որպես օրինաչափություն»: Լ.Գալստյանի նախաձեռնությամբ մի շարք փոփոխություններ կատարվեցին «Լեզվի մասին» օրենքում: Սահմանադրությամբ «Լեզվի մասին» օրենքով ամրագրված է, որ պետական լեզուն հայերենն է, բայց ահա ԱԺ պատգամավորի առաջարկով առաջին հայացքից փոքրիկ թվացող, բայց շատ կարեւոր մի փոփոխություն կատարվեց. խոսքը ոչ թե հայերենի, այլ գրական հայերենի մասին պետք է լինի: Այսինքն, յուրաքանչյուր պետական պաշտոնյա, պետք է պարտավորություն ունենա հետեւելու իր լեզվի անաղարտությանը: Գովազդի լեզուն նույնպես գրական հայերենն է, իսկ օրենքի խախտումը պատժելի է 150000-ից 300000 դրամական տուգանքով: - Չե՞ք կարծում, որ մեր այս աղավաղված, անբարո, նյութականացված իրականությունը բոլոր տեսակի ազնիվ մղումներին եւ անգամ եղած օրենքներին դիմադրելու մեծ ուժ է ձեռք բերել: Ի՞նչ ելք եք տեսնում: - Ելքը խելամիտ, ապագայի ու հատկապես ազգային պետության տեսլական ունեցող իշխանություն ունենալն է։ Իշխանություն, որը շահագրգիռ է ձեւավորելու կազմակերպված հասարակություն, քաղաքացիական բարձր մշակույթ ունեցող հասարակություն: - Ուրեմն ներկայիս իշխանություններին պետք չէ կազմակերպված քաղաքակիրթ հասարակություն: - Գուցեեւ այդպես է, բայց իրական ազգային իշխանությունները չեն կարող չմտածել պետականության որակների ու երկրի կայացման մասին։ Երկրի կայունությունն ու ապագայի հեռանկարը նաեւ բարոյական ու հոգեւոր ներդրումներ են պահանջում։ Անհրաժեշտ է հասարակություն ձեւավորել, որն արժեւորում է պետականությունը, կրթությունը, մշակույթը, տնտեսական առաջընթացը,համամարդկային այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են արդարությունն ու հավասարությունը: Իսկ եթե այս ըմբռնման մեջ հանրային ընկալում ու շահագրգրություն չկա, ապա թե՛ իշխանությունը, թե՛ երկիրը, շարունակական ցնցումների ու անհամերաշխության են դատապարտված: Մի բան, որ ամենաքիչը հենց իրենց է ձեռնտու: Ձայներ առնելով իշխանությունը ապրանքի են վերածում՝ ով շատ կտա, նա էլ կունենա: Այս մոդելով ձեւավորված իշխանությունը դատապարտված է։ Կաշառված ու կաշառող, զիջումների գնացող, հարմարվող հասարակություն ունենալը, որի ձեւավորման համար, ըստ իս, ջանք ու եռանդ չի խնայվում, չի կարող պետության համար բարոյական հենք հանդիսանալ: Մեր անկումները այստեղից են սկսվում՝ ներքին նահանջից ու պարտությունից։ Ուրեմն, ի՞նչ պետք է արվի: - Մեզ արժեքների հեղափոխություն է անհրաժեշտ: Երեսպաշտությունը, կեղծիքը, պսեւդոհայրենասիրությունը, թռցնողի ու սպառողի հոգեբանությունը, հարմարվողականությունն ու պատեհապաշտությունը կյանքի նորմ են դարձել։ -Բայց հաճախ ժողովրդին են մեղադրում` ասելով, որ ժողովուրդն արժանի է իր իշխանությանը: Իսկ ժողովրդին դեգրադացնելու ներկայումս հազար ու մի մեխանիզմ է գործում՝ սկսած էժանագին արվեստով ուղեկցվող զանգվածային էյֆորիաների կազմակերպումով, մինչեւ իսկական տաղանդներին հետին պլան մղելը: Չե՞ք կարծում, որ մշակույթի, գրականության, գիտության մարդուն՝ մտավորականին անկյունում սեղմելը հենց նպատակային է, քանի որ քաղաքական ցնցումներից խուսափելու համար նախ պետք է լիկվիդացնել մտածող խավին. մի բան, որ եղել է բոլոր ժամանակներում: Այսինքն՝ մտածող, հոգեւորի կրող խավը հալածված, արհամարհված լինելու է դատապարտված ի սկզբանե: Դժվար է նվաստացած մարդու մեջ բարձր իդեալներ փնտրելը, նրանից անհնազանդություն պահանջելը: Այս պայմաններում, երբ գրողի, արվեստագետի քաղաքացիական խիզախությունը նույնպես քամահրված, արժեզրկված է, հնարավո՞ր է ձեր ասած հեղափոխությունը: - Ես դա տեսնում եմ համակարգային փոփոխությունների մեջ, որոնց սկիզբների սկիզբը դպրոցն է ու կրթությունը, որն այսօր ավաղ վարկաբեկված է, որակ ու հեղինակություն չունի: Ցավալի է՝ մի կողմից խոսում ենք գիտելիքի ու կրթության կարեւորության մասին, ու կրթական համակարգը շարունակում է ամենակոռումպացվածներից մեկը լինել: Մեզ առողջ մշակութային քաղաքականություն է պետք, մեր բոլոր ռազմավարական ծրագրերը դատապարտված են ձախողման, եթե մշակույթը առաջնահերթություն չէ ու շարունակելու է բյուջեական լուսանցքում լինել։ Մեզ արդար ընտրություններն են հարկավոր, որտեղ ձայների գնումն ու վաճառքը բացառված կլինեն, որտեղ ժողովրդի ձայնը տեղ հասնելու հնարավորություն կունենա, որտեղ պատգամավորները հակահրետանային պաշտպանվածության վարագույրների ետեւում չեն լինի: Երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի իր ձայնի գինն ու տեր կանգնի, ցանկացած պահի իրավունք ունենա բռնելու իր պատգամավորի օձիքից ու արդարություն պատանջի։ Մեզ նաեւ իսկական մտավորական էլիտա է հարկավոր, որ ընտրությունից ընտրություն հերթական նաախագահի շահող թեկնածուի համար պալատական երգչի չի վերածվում։ Գրեթե Փոքր Մհերի պես ստացվեց, բայց հավատում եմ… - Կարծում եք դա հնարավո՞ր է: Չէ՞ որ մենք ընտրակեղծիքների հիանալիորեն «կատարելագործված» մեխանիզմներ ունենք արդեն: - Մենք բոլորս այս իրականության մասն ենք, մասնակից եւ դերակատար. այն ամենի համար, ինչ կատարվում է պատասխանատու ենք բոլորս: Եթե շարունակենք միայն ազգովի դժգոհել, երկրից փախչելու հնարներ փնտրել՝ արդարացնելով թե սա է մեր հեռանկարը, ապա մեզ համար միեւնույնն է, թե ով է գալու իշխանության գլուխ: Ես չեմ հաշտվում։ - Դաշնակցությունը ԱԺ-ում քաղաքական փոքրամասնություն լինելով, որքանո՞վ է կարողանում ազդել ընդհանուր մթնոլորտի վրա - Մեր բազմաթիվ նախաձեռնություններ հաճախ մեծամասնության չինական պատին են բախվում։ Ինչեւէ, խորհրդարանը մեր երկրի հիմնական քաղաքական ամբիոնն է ու ամեն ինչ անում ենք մեր սկզբունքային դիրքորոշումներով, խմբագրումներով էական բարեփոխումներ մտցնելու համար: Հաճախ եմ ինձ հարց տալիս. հարյուրավոր օրենքներ ենք ընդունում, ո՞ւր է միջին թվաբանական հային ուղղված օրենքը, որ արժանավայել ապրելու հեռանկար պիտի ապահովի նրան: Ազգս մաշվում, հյուծվում է բացասական սպասումների մեջ՝ աչքը սահմանը հատելուն: Հոռետեսության բոլոր հիմքերը կան, բայց հույսս մեր ժողովրդի իմաստուն ու կենսունակ հատվածի վրա է: Մեր իրականության մեջ , քաղաքական տարբեր հատվածներում միտք ու կարողություն ունեցող հրաշալի ներուժ ունենք, այդ որակյալ տեսակի համախմբման մեջ եմ տեսնում մեր հեռանկարը:


ՀԵՂԻՆԱԿ Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արձակագիր, հրապարակախոս. Ավարտել է Եր¨անի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը. Հայաստանի գրողների միության ¨ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է. Աշխատել է «Էկրան», «Ֆիլմ», «Գեղարվեստ», «Հայություն» պարբերականներում, արդիական այլ¨այլ խնդիրներ արծարծող հոդվածները տպագրվել են Հայաստանում ¨ սփյուռքում լույս տեսնող պարբերական մամուլի էջերում: Վիպակները («Լենինական, Գյումրի, Կումայրի», «Չի կարող պատահել»), վեպը («Օղակը փակվում է»), պատմվածքները ամփոփված են «Թանաքագույն առավոտներ», «Սիրո քնքուշ հեքիաթ», «Դարձ նավահանգիստ» ¨ «Օղակը փակվում է» ժողովածուներում: «Թունելից վախեցող գնացքը», «Կանաչ, ուրախ ճամփորդներ գրքերը նվիրված են մանուկներին: