Մշակութային քաղաքականություն և ազգային գաղափարախոսություն

20-րդ դարը լինելով ողբերգական տարեթվերով լեցուն, այդուհանդերձ դարձավ հայկական պետականության վերա-կանգնման դարաշրջան: Հայաստանի առաջին հանրապետության կյանքը, սակայն, կարճ էր և կորստաբեր, իսկ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը առանձնա-հատուկ էր նրանով, որ թեև կար արվեստների զարգացմանն ուղղված մշակութային  քաղաքականություն, բայց դա իրականացվում էր պետական այնպիսի գաղափարա­խոսության շրջանակում, որը  թույլ չէր տալիս տասնհինգ հանրապետություններից  որևէ մեկին   շահեկանորեն տարբերվել մյուսներից։ Խորհրդային միության տարիները մի ժամանակահատված էր, որը թեև արդեն անցյալում է, բայց, ինչպես լեզվի մեջ անցյալ կատարյալ ժամանակը՝ դա անցյալ է, որը շարունակվում է ներկայի մեջ։ Այդ երևույթը հատկապես նկատելի է մշակույթի ուսումնասիրության և գեղարվեստական կյանքի ասպարեզում, որովհետև այն գաղափարախոսությունը, և դրա ներքո մշակված և գործող մշակութային քաղաքականությունն այնքան զորեղ էին և այդ տարիներին այնքան խորն էին ներթափանցած  իրականության մեջ, որ դրանից ինքնաբերաբար ձերբազատվել հնարավոր չէ: Այսինքն, պետք է մշակել քաղաքականություն, որոշ առումներով, գոյություն ունեցող քաղաքականության դեմ: Սակայն անկախություն ձեռք բերած Հայաստանում քաղաքական և տնտեսական հարցերը մշակութային հիմնախնդիրը մղեցին ետնաբեմ: Դա կարելի է բնական համարել մի պետության մեջ, որը դեռևս իր հիմնադրման տարիներին ազգային գաղափարախոսությունը համարեց  ոչ պիտանի գործիք և կեղծ հասկացություն: Իսկ ազգային պետության  մեջ մշակութային քաղաքականության հենքն ազգային գաղափարախոսությունն է:

Սեփական անվտանգությունը օտարին ապավինելու անցյալից եկող  մտայնությունը շարունակվում է նաև ներկայում, և տարածվելով ու կարծրանալով ազգային մտածողության և հոգեբանության մեջ այն այլևս չի թողնում որևէ  ազատ տեղ նոր մտածելակերպի ձևավորման, նոր գաղափարների առաջացման և զարգացման համար։ Խորհրդային շրջանի հետահայաց վերլուծությունից ակնհայտ երևում է, որ Խորհրդային Միության գաղափարախոության հեղինակները գիտեին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ մշակույթը ազգային ինքնաճանաչողության  և, հետևաբար, ազգային ոգու զարթոնքի ու անկախ պետականության վերականգնման համար։ Արդյո՞ք պատահական էր, որ այդ տարիներին պետական անվտանգության ծառայությունները այդքան ուշադիր էին, օրինակ, լեզվաբանության, պատմական գիտությունների, արվեստագիտու-թյան նկատմամբ։ Յուրաքանչյուր մեծ նկարչի կողքին կար գոնե մեկ արվաստաբան, որը նրանից գրեթե անբաժան էր։ Ինչու՞։ Ինչո՞վ էին նրանք վտանգավոր Խորհրդային Միության համար: Ի՞նչ կարող էր անել, օրինակ, Մինաս Ավետիսյանը: Իրականում` շատ բան. նա ոչ միայն փորձում էր ստեղծել ազգային արվեստ և դպրոց, այլև միջավայր, որտեղ ազգային ոգի և ազատության շունչ կար։ Նրա արվեստանոցը մի վայր էր՝ շատ որոշակի և նաև անշոշափելի, որտեղ ազգային նպատակները կարող էին ձև ու բովանդակություն ստանալ: Բացի այդ նա այնպիսի անհատականություն էր, որն ուներ մեծ ձգողականություն և ազդեցություն մարդկանց մտքերի վրա։ Կարելի էր պատահականություն համարել Մինաս Ավետիսյանի արվեստանոցում բռնկված հրդեհը, երբ այրվեցին նկարչի գրեթե բոլոր կտավները, եթե նույն թվականին Մոսկվայում անհայտ անձինք ներխուժած չլինեին այսօր արդեն հանրահայտ անուն, իսկ այն ժամանակ ընդամենն իր ազատ հայացքներով հայտնի քանդակագործ  Էռնստ Նեիզվեստնիի արվեստանոցը և ջարդելով ոչնչացրած չլինեին նրա քանդակները։ Այդ ամենը նախազգուշացումներ էին, որոնց նպատակը գոյություն ունեցող կայսերական քաղաքական և իրավական կարգի  պահպանումն էր:

 Ազգային պետության գաղափարախոսությունն իր նպատակով էապես տարբերվում է կայսրության գաղափարախոսությունից: Ազգային գաղափարախոսության նպատակը ազգային ինքնության պահպանությունը և վերարտադրությունն է, իսկ կայսերական գաղափարախոսության նպատակը ազգային և էթնիկ հանրույթները գերիշխող ազգության ենթակայության տակ պահելը: Սակայն պետք է նկատել, որ երկու, միմյանցից տարբեր գաղափարախոսությունների գործիքակազմն այնուամենայնիվ նույնն  է: Երկու դեպքում էլ  որպես գլխավոր գործիք օգտագործվում է մշակութային քաղաքականությունը:

Ազգային պետությունը, որպեսզի ունենա գաղափարախոսություն, նախ պետք է հայտնի լինի, թե որն է ազգային գաղափարը։ Պարզ է, որ գաղափարախոսությունը ձևավորվում է գաղափարի շուրջ: Առանց  գաղափարի գաղափարախոսությունը իսկապես կարող է համարվել «կեղծ կատեգորիա»։ Բայց հնարավո՞ր է արդյոք, որ ազգային պետությունը չունենա ազգային գաղափար և առաքելություն։ Իրականում՝ ոչ: Չէ որ ամեն ինչ առաջանում կամ ստեղծվում է՝ ունենալով որոշակի գործառույթ, և ազգերը բացառություն չեն:

Սակայն ներկայիս հետարդիականության  հարացույցի ներքո, երբ փորձ է արվում կենսունակ դարձնել ձևն  առանց բովանդակության, թերևս, կարելի է ասել, որ հնարավոր է նաև պետություն առանց գաղափարի, այնպես ինչպես հնարավոր է ընտանիքը առանց տղամարդու և կնոջ փոխհարաբերության և սերնդի վերարտադրության, ահաբեկչությունն առանց ահաբեկման պահանջի, ժողովրդավարությունը՝ միակուսակցու-թյան պայմաններում կամ Ախթամարի Սբ Խաչ եկեղեցին՝ առանց խաչի: Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել: Սակայն ձևն առանց բովանդակության կարճ կյանք ունի. այն պահպանվում է իներցիայի ուժով, որն ուշ թե շուտ մարում, անէանում է:

Ազգային գաղափարը մշակութային ծագում ունի և այն ներառվում է գաղափարախոսություն ազգային նպատակների ծիրում: Որքան պարզ և հստակ են նպատակները, որքան ուսումնասիրված և հանրայնացված է տվյալ ժողովրդի մշակույթն, այնքան առանց խոչընդոտների է ձևավորվում ազգային գաղափարախոսությունը՝ գտնելով իր տեղը ազգային պետության սահմանադրության և պետական քաղաքականության մեջ, որում մշակութային քաղաքականությունն ունի իր կարևոր տեղը:  Ազգային պետության գործառության պայմաններում, երբ հստակ են ազգային նպատակները, մշակութային ինքնաճանաչողության շնորհիվ ի հայտ է գալիս ազգային  գաղափարը, որի շուրջ՝ որպես առանցքի, ձևավորովում է ազգային գաղափարախոսությունը: Ազգային պետության երկու գլխավոր նպատակներից մեկը  ազգային ինքնության պահպանությունն է, որն անհնարին է առանց  մշակույթի պահպանության և վերարտադրության։ (Մյուս նպատակը ժողովրդի սոցիալական ապահովությունն է): Ազգային գաղափարախոսությունն է մշակութային քաղաքականության հիմքը, բայց միևնույն ժամանակ մշակութային քաղաքականության հայեցակարգն իր հերթին կարող է հիմք ծառայել ազգային գաղափարախոսության համար։

Այսօր ասել, որ Հայաստանում որևէ գաղափարախոսություն չկա, սխալ է, քանի որ «սուրբ տեղը դատարկ չի մնում»:  Ազգային գաղափարի վրա հիմնված գաղափարախոսության փոխարեն գոյություն ունի իրական արժեքների և ավանդական հաստատությունների մերժման գաղափարախոսություն, նաև հայկական ինքնությանն օտար մշակույթների քարոզչություն  և տարածում: Հայաստանն այսօր գաղափարական առումով նմանվում է մի  վայրի, որտեղ ցանկացած երկիր կարող է մշակութային իր քաղաքականությունն իրականացնել: Բացակայում է մշակութային պատերազմի նկատմամբ վտանգի զգացողությունը և գիտակցությունը:

Այժմ փորձենք նշել մշակույթի բնագավառի՝ ներառյալ ժամանակակից գեղարվեստական կյանքի, մի քանի, իմ կարծիքով կարևոր հիմնախնդիրները: Մշակույթի ասպարեզում նկատելի  առաջին հիմնահարցը վերաբերում է կրթության ոլորտին՝ մասնավորապես մասնագիտական բարձրագույն կրթությանը: Խոսքն այն կրթական ծրագրերի և առարկաների մասին է, որոնք մշակվել են Խորհրդային Միության տարիներին բոլոր տասնհինգ հանրապետությունների համար նույն բովանդակությամբ և ձևաչափով՝ բնականաբար չկարևորելով մշակույթի ազգային առանձնահատկությունները: Դրա հետևանքով խեղաթյուրվել և չի շարունակվել արվեստների ազգային դպրոցների ձևավորումը և զարգացումը։ Իսկ գեղարվեստական ժառանգությունը ոչ միայն դրա փաստացի գոյությունն է,  այլև գիտական ճանաչողությունը և այդ ժառանգության փոխանցումը սերունդներին. այսինքն մշակույթի վերարտադրությունը և զարգացումը:

 Պրոֆեսիոնալ արվեստը ստեղծվում է գիտելիքի և կանոնների հիման վրա, որոնք ուսուցանվում և փոխանցվում են ուսուցչից աշակերտին: Այդտեղից է գալիս դպրոց հասկացության լայն ըմբռնումը։ Դպրոցն ավանդույթի կրողն ու փոխանցողն է  և գիտական, հետազոտական աշխատանքի լաբորատորիան։ Չհենվելով ավանդույթի վրա,  արվեստը վերածվում   է խաղի կամ ձևականության։ Պրոֆեսիոնալ արվեստ գոյություն չունի դպրոց հասկացությունից դուրս, ավանդույթից դուրս: Դպրոցը հիմնված է գիտելիքի վրա, իսկ գիտելիքի և հմտությունների ուսուցանումը  և փոխանցումը մեկ սերնդից մյուսին հնարավոր է միայն գիտական հետազոտությունների, ուսումնասիրությունների միջոցով: Հետևաբար, հնարավոր չէ խոսել գեղարվեստական կրթության որակի մասին հաշվի չառնելով   արվեստագիտության, հնագիտության, պատմագիտության, լեզվաբանության և ընդհանրապես հումանիտար  գիտությունների զարգացման  աստիճանը: Բարձրագույն կրթությունը և գիտությունը հիմնականում միմյանցով են պայմանավորված և ուրեմն   կրթության հաստատություններում է, որ պետք է  ծավալվի  գիտական և հետազոտական աշխատանքը՝ ընդգրկելով երիտասարդ ուժեր՝ ապահովելով բնական սերնդափոխությունը և գիտության շարունակական զարգացումը։ Գիտության և կրթության կապը հորիզոնական է, և դրանք փոխշաղկապված են։ Մասնագիտական կրթությունը միայն արվեստի տեխնիկայի յուրացումը և հմտություններին տիրապետելը չէ, դա նախևառաջ արվեստագետի գեղարվեստական աշխարհայացքի ձևավորումն է և տեսական գիտելիքներին տիրապետելը: Որպեսզի կարողանալ որոշել  Հայաստանի մասնագիտական կրթական հաստատություններում ինչ և ինչ մեթոդով է պետք ուսուցանել, նախ պետք է պարզել, թե որն է  հայկական մշակույթը (որպես սոցիոմշակույթ և որպես  գեղարվեստական բարձր մշակույթ): Որո՞նք են մեր մշակոիյթի հիմնական հատկանիշները, առանձնահատկությունները։ Եվ քանի որ այդ հետազոտությունների արդյունքները պետական կարևորություն ունեն, ուրեմն պետք է լինի պետական պատվեր այդ ամենի ուսումնասիրության, նախկին` նաև խորհրդային տարիներին արված հետազոտությունների համակարգման, վերանայման և դրանց հիման վրա իրական մշակութային  քաղաքականություն և ծրագիր մշակելու համար։ Երբ խորհրդային տարիներին Լիտվայից մինչև Ղազախստան, բոլոր հանրապետություններում նկարչություն դասավանդում էին եվրոպական ակադեմիզմի մեթոդով, որը բնորոշ էր ռուսական արվեստին, դա իշխող համակարգի գաղափարախոսության տրամաբանությամբ արված ընտրություն էր: Բայց հիմա չկա  Խորհրդային Միությունը, այլ կա Հայաստանի անկախ հանրապետություն, որը պետք է կարողանա նորովի ընկալել անկախության և ազգային պետության իմաստը։ 

Աշխարհի հնագույն մշակույթ ունեցող երկրներից մեկը՝ Հայաստանը, այսօր աշխարհի հայտնի թանգարաններում ներկայացված չէ: Իսկ ցուցադրվող հնագույն պատմական քարտեզներում կա միայն Ուրարտու անվանումով երկիր, բայց ոչ Հայաստան։ Նախորդ դարի 60-ական թվականներին Բորիս Պիատրովսկու գլխավությամբ իրականացված հնագիտական պեղումների դեռևս վիճարկելի վարկածները չափազանց արագ տարածում ստացան աշխարհում՝ զավթելով այն տարածությունը, որը նախատեսված է իրական պատմության համար: Այս օրինակը մշակութային պատերազմից միայն մեկ դրվագ է:  Հայկական մշակույթ՝ ոչ թե Հայաստանի մշակույթ.  այսինքն, դիտարկելի է դառնում տեսակի հարցը: Առանց մշակութային  առանձնահատկությունների գոյություն չունի ազգ և հետևաբար անիմաստ է դառնում անկախ ազգային պետականության գոյությունը: Կրոնը նույնպես կրում է ազգային ինքնօրինակության դրսևորումներ:  Քրիստոնեությունն ընդհանուր է բազմաթիվ ազգությունների համար, սակայն այն ազգերի կողմից տարբեր կերպ կարող է ընթերցվել: Բայց հայ ժողովուրդը նաև այդ առանձնահատուկ լեզուն է մոռացության մատնել: Կրոնը նույնպես համարվում է ազգության աշխարահայացքի դրսևորում: Դա, դեպի Աստված տանող այն  ճանապարհն է և կամ այն լեզուն է, որով յուրաքանչյուր ազգ խոսում է Աստծո հետ:

 Ինչպես արդեն նշել ենք, մշակույթի և ազգային ոճի խնդիրը կապված է «դպրոց» երևույթի հետ, որը կարող է ձևավորվել պետության առկայության դեպքում: Եվ ուրեմն կարելի է տալ մեկ այլ՝ ինչու՞ իրական արվեստը չի կարող լինել ոչ ազգային, հարցի պատասխանը:  Քանի որ ժամանակակից արվեստը որևէ  մշակույթի՝ այսինքն գեղարվեստական ժառանգության շարունակությունն է, իսկ ժառանգությունը միշտ ունի իր անցյալը, իր ազգային արմատները: Այսինքն, արվեստը ստեղծվում է ժամանակի և տարածության մեջ և տրամաբանորեն չի կարող լինել դրանցից դուրս: Սա չի նշանակում, թե մշակույթները մեկուսացված են միմյանցից. (հակառակը, նրանք փոխշաղկապված են), այլ նշանակում է, որ ազգային առանձնահատկություններն այն աղբյուրներն են, որոնք սնուցում են ժամանակակից արվեստը:

 Սակայն ժամանակակից աշխարհում տարածության և ժամանակի հասկացությունները և ընկալումները փոխվում են և բնականաբար փոխվում են արվեստի ազգային բնույթի վերաբերյալ պատկերացումները նույնպես: Հաստատութենական (ինստիտուցիոնալ) փոփոխությունների վտանգավոր սահմանգիծը չի պահպանվում նաև այս բնագավառում. երբ արդեն փոփոխության է ենթարկվում երևույթի  ինքնությունը:

Մյուսը, որ պետք է հաշվի առնել մշակութային քաղաքականություն մշակելիս, արվեստի քննադատության՝ որպես մասնագիտական  բնագավառի, անհրաժեշտությունն է: Արվեստա­բանությունը կամ արվեստի քննադատությունը կարգավորում է գեղարվեստական կյանքը և արվեստի ազատ շուկան:  Ժամանակակից արվեստը կարող է զարգացում ապրել, երբ  գործում է. գիտություն - կրթություն - արտադրություն (արվեստ) - սպառում (տարածում)  շղթան։  Հենց այս վերջին օղակի գործառության համար է անհրաժեշտ արվեստի  քննադատությունը բոլոր ասպարեզներում՝ կերպարվեստի, երաժշտության, ճարտարապետության, կինոյի, թատրոնի, գրականության, պարարվեստի և այլն:

Հաջորդ հիմնախնդիրը մշակութային արտաքին քաղաքականության բացակա­յությունն է։ Հարուստ մշակույթ ունեցող ազգային պետության համար այն կարող է լինել արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Ունենալ մշակութային քաղաքականություն նշանակում է  ոչ միայն պայմաններ ստեղծել գեղարվեստական ժառանգության պահպանության և ժամանակակից արվեստի զարգացման համար, այլև  գտնել մշակույթը ազգային պետության շահերին  ծառայեց-նելու, արտաքին աշխարհում երկրի հեղինակությունը բարձրացնելու ուղիները, ինչպես նաև մշակույթի միջոցով քաղաքական գործընթացների վրա ազդելու եղանակները։ Հինգերորդ հիմնախնդիրը վերաբերում է հասարակության գեղագիտական դաստիարակությանը  կրթական ծրագրերի  և կինոյի, թատրոնի, գրականության, ինչպես նաև հեռուստատեսության  և ինտերնետի միջոցով։ Ինչպես նաև անհրաժեշտ է որպեսզի լինի վերը նշված գիտություն, կրթություն, արտադրություն (արվեստ), սպառում ոլորտների պետական կենտրոնացված համակարգում:

Մշակութային քաղաքականությունն իր  հայեցակարգով և ռազմավարությամբ  ազգային և հետևաբար յուրաքանչյուր երկրի համար առանձնահատուկ երևույթ է։ Հայ ժողովրդին առաջին անգամ է հնարավորություն տրված անաչառ ուսումնասիրել իր անցյալի հարուստ ժառանգությունը, ճանաչել ինքն իրեն, բացահայտել իր առանձնահատկությունները, իմանալ ով է ինքը և ինչ է տվել համաշխարհային քաղաքակրթությանը, դա ուսուցանել և այդ գիտելիքների հիմքով շարունակել ստեղծագործել և հարստացնել համաշխարհային մշակույթը: