Նա ոչ մեռելներին լքեց, ոչ էլ` աքսորյալներին

Փետրվարի 12-ին, Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը նշվեց: Մի քանի օր անց Լևոն Խեչոյանի երկնային ճանապահի քառասուն օրը լրացավ: Ձմռան վերջին ամսվա,  վերջին օրը  Երևանի կամերային երաժշտության տանը կայանալու է Լևոն Խեչոյանի վերջին` «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:  Թեպետ «վերջին» բառը տեղին չէ կիրառել թե՛ Մաթևոսյանի, թե՛ Խեչոյանի պարագայում:  Նրանց հեղինակած գործերն  ժամանակագրության սահմաններից դուրս են` Ժամանակի հարահոսության մեջ առնված: Նրանց համար գրականությունը, գրելը ինքնարտահայտվելու միջոց չէր  միայն, այլ ծիսական արարողություն էր, նաև` մաքրագործություն: Ընթերցողի համար սա «տեսանելի էր»: Նկատելի էր նաև, թե  ինչպիսի  լրջությամբ, խորին  հավատով ու սիրով են  ստեղծվել մեծ ու փոքր ժանրերի  նրանց գործերը:
Լևոն Խեչոյանի` «Նա ոչ մեռելներին լքեց, ոչ էլ` աքսորյալներին» էսսեում`նվիրված Հրանտ Մաթևոսյանին, թերևս ընթերցողի համար պարզ է դառնում` թե ինչպիսի փորձություններով էր անցնում նրանց հոգևոր «ես»-ը  «սրբազան դռներից» ներս մտնելու ժամանակ…

Ռուզան Զաքարյան

    Հրանտ Մաթեւոսյանի` երբեւէ ծնված խոշոր տաղանդի մասին խոսք ասելուց երկյուղելու բոլոր պատճառներն ունեմ, որովհետեւ տաղանդի անընդգրկելի մեծ լինելու պատճառով է, որ  ասվածը միշտ ճիշտ չի լինում:
    Լույսի եւ ստվերների նախածնունդ ժամանակներից,  հարյուր տարիների, երկու հազար հինգ հարյուր տարիների պարունակներով վեր բարձրացող տեսակի` այս ազգի, այս մարդու մասին է Հրանտի գրականությունը տարբերակվող, հափշտակող, առանձնահատուկ, վայրի ուժով, համամարդկային զորությամբ պատմում է, թե ինչպես քաղաքակրթությունների, հավատամքների, դարաշրջանների հերթագայության մեջ սարգոնների, դարեհների, շապուհների, կոստանդինների ճանապարհների վրա ապրել եւ միայնակ դիմակայել ենք նրանց, որ, եթե մեծ բարոյականություն չունենար այս ժողովուրդը, այդչափ փորձությունների միջով ինչպես պիտի հասներ մեր օրերը` ոսկե 5-րդ դարի, միջնադարի, վերածննդի ժամանակների լույսն էլ հետը:
    Մարդ ապշահար է լինում '«Սպիտակ թղթի առջեւ» և «Ես ես եմ» հետմահու հրատարակված գրքերն ընթերցելիս: Առաջին պահին թվում է, թե դրանք տարբեր տարիների` գրական-մշակութային, ազգային-հասարակական կյանքին վերաբերվող տարաբնույթ նյութեր են ընդգրկում: Սակայն կարդալն ավարտելուց հետո մեկ էլ հանկարծ նկատում ես, որ տեքստերն իրար հետ` տիեզերքի ապրել-մեռնել թելադրող ներքին խորհրդավոր ժամանակի հետ են կապված, դրանով են ամբողջական մոնումենտալ այս գրքերը: Ահա այստեղ է Հրանտի` խոշոր վարպետի խորհուրդը, նրա գեղարվեստական հիշողության թռիչքը:
Նրա գիրն  ինչին էլ վերաբերվի` մրջյունին, արեգակին, թե մարդուն, միանգամից` նախաստեղծ ժամանակներից մինչեւ մեր օրերը, ծավալային մտածողության է վերափոխվում: Հասկանում ես, որ քո Հայրենիքը ոչ թե այս 30 հազար քառակուսի կիլոմետրն է, որ հորիզոնական փռված է ոտքերիդ տակ, եւ մի լավ մերսեդեսավորը կես օրում կֆռռա շուրջբոլորը, այլ նաեւ` ուղղահայացը, մեր գլխի վերեւի տարածությունն է մեր Հայրենիքը` դեպի վեր, դեպի տիեզերքը, որի հետ խոսեցին մեր մեծերը` Նարեկացին, Թումանյանը, Չարենցը:
    Հետո եկավ Հրանտի խելացի տառապանքի ժամանակը. դա հիսունից հետոյի ամեն մարդու այն ամանակն է, երբ տուն է շինում որդիների համար, միաժամանակ, ենթագիտակցության մեջ պատրաստվում է հեռանալուն: Տուն ասելով` նկատի ունեմ այն հրաշալի` Թումանյանի, Չարենցի գրքերի արարումն  իրենց առաջաբաններով եւ «Գանձարան հայ հին բանաստեղծության» գրքի հրատարակման նախաձեռնությունը, որոնք մարգարեական թղթերին հավասար արժեքներ են: 
    Պատահական չէր նաեւ նրա հայտնությունը մեր հայրենիքի համար ճգնաժամային տարիներին: Ոմանք դա քաղաքականություն են համարում, բայց քաղաքականությունն այն է, երբ որեւէ մի ուժ ես գովերգում, հակառակորդին վատաբանում: Եթե ուշադիր լինենք, նրա տեքստերում ոչ գովաբանություն, ոչ էլ փնովում կա, այլ խոսք է ասում այնպիսի շեշտադրությամբ, որ Հայրենիքի թզենին չչորանա: Անեծք չկա: Ամբողջ այդ ժամանակաշրջանում բաժանված էր իր խորաթափանց մտքի կռահումների, գերզգայուն խղճի եւ թուլացած Հայրենիքի ճակատագրի միջեւ: Իսկ դա այն է, ինչն ամբողջ կյանքում ուղեկցեց եւ անբաժան էր  նրանից, ինչպես` մեղր շինող մեղուն փեթակից:
    Նա ոչ մեռելներին լքեց, ոչ էլ` աքսորյալներին. խիզախում էր լինել ոգու հետ…
    Գեղեցիկ է ոգին: Նախնիների հավատը ուսուցանում է, որ հակառակորդ միջավայրում ազգի կենդանության նշանը պահելու համար պիտի մագաղաթե մատյաններ ստեղծեին:
    Քառանիստ այդ մատյանների իմաստությունները ցուցանում էին, թե ժողովրդի ոգին երբ է բացել աչքը եւ որ դիրքից է դիտում աշխարհը: Հրանտի լույսը հիմա հենց այնտեղ է, որտեղ կարող է միանալ ժողովրդի կենդանությանը, նրա հետ այնտեղից կհետեւի աշխարհի սպասվող վերջին: Այլեւս քսանչորս ժամը ոչ մի անգամ նրա համար  օր չէ, տասներկու ամիսները տարի չեն:  Այն ժամանակը, որ մեռցնում է մարդկանց, նրա համար ժամանակ չէ:  Նրա լինելիությունն արդեն անփոփոխ է բոլոր դարերի մեջ` երբեմն կրակ, մոխիր հանելով ծեսեր է կատարելու, որ սխալներից պաշտպանելով հասարակությանը ցույց տա ուղին, որ հակամարտությունը ոչ թե մագաղաթների եւ ճշմարտությունների, այլ մարդկանց միջեւ է: Նրանց օգնելու համար, ժամանակ առ ժամանակ, այնտեղից կուղարկի ազգայինի հյուլեն, որ հանկարծ լույսն ու խավարը իրար չխառնվեն: Եվ նրա շուրջը օղակվելու են անհիշելի անցյալը, անընդգրկելի ապագան, որտեղ ժամանակը եւ տարածությունը թողնում են միմյանց` ինչպես շապիկ փոխող օձը` կաշին:
    Փառավոր է այն Հայրենիքը, երբ  խնկարկվում է  նրա երեւելի Մեռյալը, երբ իմաստունի ուսմունքով է կրթվում նրա  Ժողովուրդը:
    1994 թվականի հետպատերազմյան օրերին, երբ ջուրը, լույսը ժամերով էր, հացը` կտրոնով, ժողովուրդը  դեռ մղկտում էր կորուստներից, Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանն էինք: Ռոման Բալայանը Կիեւում սպասում էր ՙԳոմեշը՚ կինոսցենարին: Ինչքան էլ դժվար էր գրում Հրանտը, այնուամենայնիվ, պայմանավորվել էին, որ երկու ամսից  նա գալու էր,  քննարկման համար սցենարից ինչ-որ  բան պատրաստ պիտի լիներ: Սակայն քանի օրերը մոտենում էին, այնքան Հրանտը ջղագրգիռ էր դառնում. պարզ չէ` այստեղ որ բառն է ճիշտ օգտագործել` «չգրվող», թե «չստացվող»  գործի համար: Գիշերը գրածները` մի տող, երկու տող, կես էջ  առավոտյան չեղյալ էր հայտարարում: Դռները փակ էին: 
    Երեկոները զրույցները օղու սեղանի շուրջ երբեմն գրականության ուղղությամբ էին գնում` թե լրագրային գրականության մուտքը ժամանակավոր է լինելու, թե` մշտական: Ապագայի գրականությունը կերպարայնության է գնալու, թե թեզայնությունը կհաղթի: Խոսում էինք մեր մշակույթի համարյա բոլոր ճյուղերի ամբողջական չլինելու, դարերի խորքերից եկող պատճառների մասին, զրույցը լռություններով երկար էր տեւում: Չգիտեմ`   սեղանի շուրջ այս երեկոները սիրտ տաքացնում էին, մոտեցնում էին չբացվող սրբազան դռներին, թե ավելի էին հեռացնում. Հրանտը առավոտյան դարձյալ գրածները չեղյալ էր հայտարարում: Հետո գիշերվա ժամը երեքին-չորսին իրար դուռ էինք թակում: Լուծվող սուրճի մրցույթ էինք կազմակերպում, թե ամեն մեկիս հարած սուրճից ումն ավելի շատ կփրփրակալի:
    Անքնության, մենակության, չգրվելու մղձավանջի, ունայնության մղկտոցը փորձում էինք  հորինած մանկական թեթեւ խաղով հեռու քշել, եթե նման ջղաձիգ օրերին առյուծի հետ խաղալու հնարավորություն ունենայինք` նրա վանդակն էլ կմտնեինք: Բաժակները ձեռներիս իրար դեմ կանգնած` փրփուրը թեյի գդալներով հաշվում ու կուլ էինք տալիս: Հաղթողը  չորսից հինգ գդալ ունեցողն էր լինում: Հինգ գդալի ջանքերը գիշերը հասցնում էին լուսադեմին:
    Այդ օրերին պատերազմի մասին վեպն էի փորձում գրել, ինձ մոտ ամեն բան լավ էր ընթանում`  եւ  գրելն էր ստացվում, եւ քնելը: Սակայն արդեն գիտեի` ինչ է ոսկե շապիկի տակ, ատամնանյարդի նվվոցին նմանվող չգրվելու մրմուռը, գիտեի այդ վթարի մասին, մի քանի անգամ դեմառդեմ հանդիպել էի նրա հետ, փորձով գլխի էի ընկել, որ ամենակատարյալ սարքավորումներով ինքնաթիռն անգամ մի օր ենթարկվում է ընկնելու վտանգին:Այդ կսկիծն  ընկալում էի իմ բոլոր բջիջներով:
     Անքնության, մենակության, ունայնության, չգրվելու իսկական  տառապանքի նշանները հետո երեւացին` այն ժամանակ, երբ մի գիշեր էլ նկատեցինք, որ սուրճի մրցումները, կանանց եւ գրականության շուրջ զրույցներն այլեւս չեն օգնում: Մենք էլ չլուսացող գիշերները հաղթահարելու համար նոր բան հորինեցինք` ինքներս մեզ այնպիսի հարցեր տվեցինք, որոնց պատասխանները մարդկությունը շատ վաղուց, դարերի խորքից էր սկսել որոնել ու չէր գտել,  դրանք պատասխան  չունեցող հարցերի թվին էին պատկանում: Հարցնում էինք` իսկ  ինչ էր  Նոյի կնոջ անունը, որ շատ կարեւոր էր թվում, մինչեւ լուսաբաց պատասխանն էինք որոնում: Ասում էինք`  ջրհեղեղի ժամանակ տապան ներս առնված բոլոր էակներն ու կենդանիները անվանակոչված էին` ամենափոքրից սկսած, որ մժեղ էր կոչվում, մինչեւ  ամենախոշորը` փիղը, անուններ ունեին, իսկ այդ կինը` ազգերի մայրը Աստվածաշնչում անգամ անուն ունենալու պատվին  չէր արժանացել:
    Կայենի կերպարից բխող մի անպատասխան հարց էլ էինք գտել: Աստված եղբոր արյունը թափելու համար երկրի վրա անիծյալ համարեց Կայենին եւ այնպիսի նշանով կնքեց, որ ամեն մի հանդիպող դրանով պիտի ճանաչեր մարդասպանին: ՈՒզում էինք գտնել, թե նշանի պատկերն ինչ ձեւ էր ունեցել: Շատ էինք ափսոսում, որ Աստված մարդասպանին ճանաչելու նշանը  մարդկությունից ծածուկ էր պահել: Հիշում էինք աշխարհն ամայացնող խաչակրաց արշավանքները,  ինկվիզիցիայի մահաշունչ տարիները,  ինքն իր վրա ինքնասպանության  ձեռք բարձրացրած ներեվրոպական պատերազմները, Հիտլերին, Ստալինին եւ Աթաթուրքին… Եթե այդ նշանը մարդուց թաքցված չլիներ, աղետներն  ի սկզբանե տեսանելի կլինեին, հնարավոր է, որ քրիստոնեական մշակույթը մեկ ուրիշ ուղղությամբ գնացած լիներ եւ մեզ` հայերիս, որ շատ էր պետք եղբայրասպանին ճանաչելը, գուցե հիմա մեկ ուրիշ պատմության  ընթացքի  ժառանգորդը լինեիք:
    Գրեթե չլուսացող գիշերները` իրենց անպատասխան հարցերով, մի անգամ էլ մղձավանջների դեմ կռվելու մեկ ուրիշ մարտավարության հասցրեցին: Մենք վերջին` երրորդ հարկում էինք բնակվում, հենց այնտեղից էլ սկսեցինք քայլով չափել, թե քանի մետր կլինեն միջանցքի ուղեգորգերի երկարությունները, ճեմասրահի հատակին փռված կանաչ գորգերի լայնքերը: Այսպես օր օրի ետեւից, հարկ հարկի ետեւից, գիշեր գիշերվա ետեւից` սկզբից քայլով, հետո  ոտնաթաթով չափչփելով` հասանք առաջին հարկ: Ստեղծագործական տունը կայարաններով անցնող գնացքի նման էր` մեկ լցվում էր , մեկ դատարկվում, չէինք էլ նկատում` ով էր գալիս, ով գնում: Այդ օրը երկուսով էինք:  Անհաջող քնելու փորձից հետո լողախալաթով էր, երեւում էին ցցված ոսկրոտ ծնկները. ինչ նա ուներ ոգիներից,  ամենանշանակալիցը աչքերն էին:  Միջանցքի հակառակ ծայրերից  ոտ ոտի  ետեւից դնելով ` ուղեգորգի  միագիծ եզրով դեպի իրար էինք գալիս, հավասարակշռությունը պահելու համար լարախաղացի նման թեւերը բացած` մեկ աջ, մեկ ձախ էր թեքվում: Հեռվից մեկ էլ թվաց` հրեշտակը երկինք բարձրանալու համար թեւերն է թափահարում: Զրնգում էին բոլոր պատուհանների ապակիները: