ՈՉ ՄԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՎԵԼ

  Հունվարի 9-ը,  Հարությունը Խաչատրյանի ծննդյան օրն է: Այս տարին նրա համար հոբելյանական է: Կինոռեժիսորի, ՀՀ ժողովրդական արտիստի 60-ամյա հոբելյանը հենց տարեսկզբից սկսվեց նշվել աշխարհի տարբեր երկրների նշանավոր  կինոփառատոների շրջանակներում` արվեստագետի հետ ստեղծագործական հանդիպումներ, նրա ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցուցադրությունները կազմակերպելով: Եւ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի ու «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադրման համար մեծահամբավ փառատոների սահմանած հեղինակավոր մրցանակների արժանացնելով: Հայրենիքում նրա հոբելյանը նշվեց Երևանյան միջազգային փառատոնի օրերին` «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում:  
«Էլ ինչ պիտի պատմեիք Ձեր հայրենիքի մասին, որ  այս ֆիլմով չեք ասել»- Հարություն Խաչատրյանին տարիներ առաջ այս հարցով դիմեց իտալիացի մի երիտասարդ: Բոլոնիայի կինոկենտրոնում «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմն էր ցուցադրվել և լեփ-լեցուն դահլիճի   ջահել հանդիսատեսները բաց չէր թողնում ռեժիսորին: Ճանաչված հայագետ` Գաբրիելլա Ուլոհուջյանը հազիվ էր հասցնում թարգմանել արվեստագետին ուղղված մեկը`մյուսին հաջորդող հարցերը:  «Էլ ինչ պիտի պատմեիք Ձեր հայրենիքի մասին, որ այս ֆիլմով չեք ասել»-հարցին պատասխանելիս,  Հարությունը դեռ չէր ավարտել   «Վավերագրողը» ֆիլմի աշխատանքները: «Պոետի վերադարձը», «Սահման»,  «Հավերժ փախուստ, անվերջ վերադարձ»  ֆիլմերը դեռ չէր նկարահանել: Իր երկրի հոգևոր սահմանները մեծացնող «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնն էլ դեռ չէր հիմնադրել…
Հարություն Խաչատրյանի 60-ամյակը շնորհավորելով, ‘’Արվեստը”, իր ընթերցողին  է ներկայացնում` աշխարհի մոդելի խարխլման համապատկերում իր երկրի ապագայի,  արվեստի ու արվեստագետի և հատկապես կինոյի դերի մասին նրա  զրույց - մտորումները, որոնք գուցե նաև իտալացի ուսանողի հնչեցրած հարցի  պատասխանն  է` տարիներ անց…
    

Ինձ համար կինոն մասնագիտություն չէ: Կինոն ինձ համար մոգական հմայիլ է, որի օգնությամբ հայտնաբերում ես այնպիսի բաներ, որոնք անտեսանելի են սովորական աչքի համար, որոնք ուրիշները նայում, բայց չեն տեսնում: Կինոն` լուրջ խոսք ասելու, հետաքրքիր պատմություններ ներկայացնելու եզակի միջոց է: Լավ կինոն այն է, երբ մարդիկ դիտում ու մտածում են` սա  հենց այն է, ինչն անհանգստացնում, հուզում է ինձ: Իսկական արվեստագետը, իմ կարծիքով, պետք է կարողանա ոչ միայն տեսածը վերարտադրել, այլև  ցավ պատճառող խոցը կամ վերքը, նույնիսկ մեռած բջջիջները դաժանորեն ցուցադրել: Մանավանդ որ, ի տարբերություն, մարմնի, հասարակության  մեռած բջջիջները հնարավոր է վերականգնել: Բայց դա չի նշանակում, թե կինեմատոգրաֆիստը բժիշկ է: Արվեստագետը բուժակ չէ: Արվեստագետը նա է, ով մատնացույց անելով, ստիպում է մտածել վերքերի մասին ու դրանց գոյացման պատճառների մասին է առաջարկում մտորել: Այսինքն` կյանքում կատարվող թեր ու կողմ և գոյություն ունեցող պրոբլեմներին լրջորեն վերաբերվելու խնդիր է առաջադրում: Բայց արի ու տես, որ սա ոչ միայն դուր չի գալիս, այլև  կոնֆլիկտի տեղիք է տալիս: Հանդարտ կյանքով ապրողների, կյանքի հաճույքները վայելել սիրողների մոտ հատկապես: և նրա բնականոն ապրելակերպը, ընթացիկ հարցեր կարգավորելու, բարոյականության, փիլիսոփայության ունեցած նրա պատկերացումները խախտվում ենՆրանք, ովքեր չեն ուզում նկատելկարողանում  են  ձևացնելթե չեն տեսնում կողքիների  ծանր, թշվառ կյանքը, որը թերևս հենց իրենց  անմիջական մասնակցությամբ և իրենց  մեղքի պատճառով է: Սա էլ է ապրելու մի ձև: Առհասարակ, ապրելու երկու տեսակ կա: Մի դեպքում կարող ես աչքդ փակել ու չնկատել, թե ինչ է կատարվում շուրջդ և երջանիկ ու հանգիստ շարունակել քո գոյությունը: Մյուս դեպքում` ոչ միայն տեսնել, այլև խորքեր տանող շերտեր քանդելով, փորձել դժվարին իրավիճակներից դուրս գալու ելքեր ցույց տալ, հնարավորինս օգնել մարդկանց:
Կինոն զննող հայացք է, որը և՛ քոնն է և՛ քոնը չէ:  Կինոն ոսպնյակի պես ամեն ինչ հավաքում և մի կետի բերում,  լույսի հզոր մի փունջ է ուղղում  հայտնաբերվածի վրա և մարդկանց ուշադրությունը սևեռում այն իրականության վրա, որը գուցեև նրանք հազար անգամ տեսել, բայց չեն նկատել: Չեն հայտնաբերել այն, ինչ  քո կինոխցիկի «աչքն է» որսացել:  Կինոխցիկի օբյեկտիվը, որը փոխակերպիչ է, վերարտադրող է, թարգմանիչ է, չգիտեմ էլ ինչ է, օգնում է, որ ռեժիսորի իր, բացահայտած իրականութունը մեկ ուրիշն էլ տեսնի:  Ինչպես ասացի կան մի քանի իրականություններ: Տարբեր են. Կա իրականություն` իրեն տեր ու տիրական համարող իշխանավորի ու սրան ծառայող չինովնիկի համար: Կա իրականություն արվեստագետի համար: Դոկումենտալիստի իրականությունն, իմ կարծիքով,  կյանքի  ճշգրիտ ու խորքային անդրադարձն է: Մերկ ճշմարիտ վերարտադրություն չէ, այլ արվեստագետի անձնական վերաբերմունքով արտահայտված պատում է, որի ազդեցության ուժն ավելի զորեղ է լինում: Եթե արվեստագետի ասելիքը մարդկանց մտածելու չի մղում, ապա նրա նկարահանած ֆիլմը, նրա ներկայացրած պատմությունն իրականության խեղված վերարտադրություն է, և ոչ թե պատասխան ու ելք գտնելու առաջադրանք կամ գոնե դրա շուրջ  խորհելու հրավեր: Միշտ չէ, պատասխան կա: Եվ պարտադիր էլ չէ, որ լինի: Բայց խորհելու, անհանգստանալու, տագնապելու զգացողութություններ արթնացնելը պարտադիր է: Ինքս, օրինակ ֆիլմ չեմ նկարահանում, որպեսզի մարդիկ ժամանցի համար նայեն, նայելու պահին հանգստանան իսկ հետո էլ մոռանան մի վարկյան առաջ  տեսածը: Ինքը` հանդիսատեսն էլ է կինոարվեստի գործերը բաժանում երկու հիմնական խմբի: Ֆիլմեր, որոնք ուրախություն են պատճառում և ֆիլմեր, որոնք լացելու աստիճան տխրություն են պատճառում: Իմ գործերը  հաստատ տխրեցնում են: Որովհետև իրականության, այն մթնոլորտի, այն անհեշտ իրավիճակների մասին են, որոնց շրջապտույտում են հայտնվել մարդիկ:  Իմ կինոպատումները ես չեմ հորինել: Ես իմ ֆիլմերի թեմաները վերցրել եմ կյանքի իրականությունից և վերածել գեղարվեստական իրականության: Բայց գեղագիտական այս միջամտությամբ դժվար է կոտրել այն պատկերացումները, որ ունի հասարակությունը: Որովհետև արդեն քանի-քանի հարյուրամյակ է, մարդկության մի շերտը, այն, որ վերին հատվածում է հայտնվել, կեղծ, մտածածին այլ մի իրականություն է հրամցնում և փորձում դրա մեջ պահել հասարակության մյուս, թերևս ավելի մեծ շերտին: և, որքան էլ զարմանալի թվա, դա նրան հաջողվում է: Ստեղծված կաղապարը կոտրելը սարսափելի մեծ ողբերգության է դառնում և՛ կոտրողների և՛  նրանց համար, ովքեր ստեղծել են կաղապարված  մթնոլորտ-միջավայրը:
Իմ առաջին ֆիլմում, օրինակ ես պատմել եմ մի մարդու մասին, որը  սեփական կյանքը վտանգելով, աղետի ենթարկված տասնյակ մարդկանց է փրկել: Հայտնի պատմություն է, բոլորին ծանոթ: Աշխարհում ապրող մի ազգի իրական հերոսի մասին է, որն  ապրում էր կոմունիստական հասարակարգում: Այդ հասարակարգը երբ քանդվեց, երբ այդ համակարգի հիմքերը խարխլվեցին պարզվեց, որ դեռ փլուզման ընթացքում բոլոր մարդիկ ուշադիր են միմյանց հանդեպ: Եվ  հենց այդ ժամանակ առաջացավ տասնամյակների ընթացքում կերտված սովետական հերոսի կերպարը կոտրելու  ցանկություն: Ուրեմն հերոսի այդ տեսակը վերացնողների ու նրա կերպարը ստեղծողների միջև առաջացավ կոնֆլիկտ: Ավելի մեծ կոնֆլիկտը եղավ այն ժամանակ, երբ սովետական իրականության մասին հյուսված հեքիաթը փշրելու շրջանը սկսվեց: Տաբուների վերացումը սարսափելի մեծ կոնֆլիկտ առաջացրեց հատկապես իշխանությունների և արվեստագետների միջև: Այդ ժամանակ էր  ավարտեցի իմ «Կոնդ» նկարը: Ֆիլմը չընդունեցին: Չընդունեցին իշխանությունները` ի դեմ կենտկոմի ապարատի ու նրա առաջին ղեկավարի: Չընդունեց կինոստուդիայի ղեկավարությունը նաև արվեսագետ գործընկերներս չընդունեցին: Համազգային խնդիր դարձավ: Դարձավ մի մեծ պատմություն` վերաբերմունքի համապատասխան դրսևորումներով: Մինչդեռ մի քաղաքի փոքրիկ մի թաղամասի ու այդ թաղամասում ապրող մարդկանց մասին էր ֆիլմը: Նաև այն մասին, թե ինչպիսի տարբերություն կա այդ թաղամասի և ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող նույն քաղաքում ապրող մյուս բնակիչների կենսակերպի միջև:  Սա է, որ ազգի դավաճանություն համարվեց: Քո մայրաքաղաքի դեմ,  քո ժողովրդի դեմ, քո  իշխանության դեմ, որ խորհրդային էր, դավաճանություն համարվեց: Զավեշտն այն էր, որ  տասներկու այն մարդիկ, որոնք գեղարվեստական խորհրդի անդամ էին ու մերժեցին ֆիլմը, տարիներ հետո «Կոնդը» կոչեցին հայկական կինոյի ամենապոետիկ գործը: Որովհետև ժամանակները փոխվել էին, իշխանությունները փոխվել էին, գաղափարախոսությունը փոխվել էր: Փոխվել էր ամեն ինչ, բացի մի բանից` կոնֆլիկտի ձևից: Էդ մեկը պահպանվել է: Մինչդեռ  «Կոնդը» կարծես թե զգուշացում էր: Այն ապագա կոնֆլիկտների, գալիք դժվարությունների, երկրաշարժի, ազգային զարթոնքի, ներքին  բախումների ու  պատերազմի վտանգների  գոյության մասին ենթատեքստով զգուշացնող ֆիլմ էր: Շատերն ասում էին, թե` հայի ու հայության համար  «Կոնդը» ու դրանից հետո նկարահանած իմ ֆիլմերն երկրի համար ամոթաբեր են, բայց դրանք կինոնկարներ են հայկական քաղաքի մի թաղամասի, օտար երկրում ձևավորված մի ընտանիքի ներգաղթի, Հայաստանից արտագաղթողների մասին, Պոետի` ծննդավայր «դառնալու» ճանապարհին մոլորվելու, տիեզերական տարածքի օրինակով` երկիր մոլորակը փշալարերով չմասնատելու մասին:  Պատմություններ են, որոնք կարող են հյուսվել աշխարհի ուզածդ երկրում: Պատմություններ են, որոնք հատուկ են բոլոր ազգերին: Աշխարհի բոլոր մարդկանց ուրախությունները և ցավերը, սերերն ու կարոտները, տխրությունները և ողբերգությունները միանման են: Այնպես որ եթե դու քո ազգի բարդույթները, նրա պոետիկ խառնվածքն բացահայտում, ըմբռնում ես նրա փիլիսոփայությունը և անխելքությունն ու իմաստնությունն ես հասկանում, ապա այդ  հատկանիշները, արվեստագետին տրված իրավունքով  ներկայացնում, ապա դա նշանակում է, որ դու պատմում ես համայն մարդկության մասին: Որովհետև կրկնում եմ, մարդկային կենսագրություններն, անգամ ճակատագրերը նման են իրար ու եթե ասելիքիդ հիմքում անկեղծությունն ու ճշմարտությունն է, ապա  հաղորդակցության լիցքը համընդհանուր ես- ին փոխանցվելու ուժ ունենալով, վերացնում է բոլոր պատնեշները:
Երբ խորհրդային կարգերը վերացան, թվաց, թե ճշմարտություն ասելու, արգելված թեմաների մասին բարձրաձայն ու ազատ խոսելու ժամանակներ եկան: Բայց հայտնվեցին մարդիկ, որոնք իրենց ճշմարտության կերտողներ հռչակելով, սկսեցին խմբագրելով-սրբագրել` «կարգուկանոն» հաստատել: Եվ արվեստագետը, մասնավորապես վավերագրողը, կրկին հայտնվեց  կոնֆլիկտային իրավիճակում: Անցման շրջանի` խորհրդային համակարգի փլուզման ու նորանկախ երկիր ստեղծելու ժամանակահատվածի մասին պատմող «Վավերագրողը»  նույնպես թշնամանքով ընդունեցին շատերը, որովհետև մարդիկ չէին ուզում տարիների շղթան այդ որակի նոր  օղակով  տեսնել: Ազգային բնավորության, ազգային ինքնության, ազգային մշակույթի իրական նկարագրի մասին` տեղ-տեղ գուցեև չափազանցրած խոսելն ընդունված չէր: Իսկ եթե խոսում էլ էին, ապա միտումնավոր գույները սևացնելու չափ խտացվում էր, այնպես, որ մարդիկ հուսահատության սահմանն անցնելով, երկրի սահմանները թողնելու և հեռանալու վճիռ կայացնեն: Իրականություն ներկայացնելը շիտակ հայացք է պահանջում: Հավատ ներշնչելն այդքան էլ հեշտ չէ արվեստագետի համար: Թե՛ գույները խտացնելով, կյանքի միայն մռայլ կողմը  ներկայացնելը, թե՛ զվարթ ու վառ գույներով փաթեթավորված իրականությունը վանողական նույն ուժն են ունենում: Ինչպես Արևելքի պոետն է ասում «Ճշմարտությունն էլ սիրտ ունի»: Կա սրտով ասված ճշմարտություն, որին չես կարող չհավատալ: Արվեստի նման արտահայտությունը կոչվում է դոկումենտալ կինո: Այն չարակամորեն չի սևացնում և հիմարաբար չի գունազարդում: Բայց  սա էլ է կոնֆլիկտի տանում:  Պարզվում է, որ ոչ մի ժամանակաշրջան, ոչ մի համակարգ ու իշխանություն չի հանդուրժում ճշմարիտ խոսքը: Չեն ընդունում նաև այն մարդկանց, որոնք նախընտրում են հեքիաթը: Որովհետև հեքիաթը ապագայի ու ներկայի եզրերն իրար բերելու հնար լինելուց բացի նաև ներկա ժամանակի ճշմարտությունը ասելու լավագույն մոդելն է: Ուրեմն, ատելի  են դառնում այն մարդիկ, որոնք սիրում են հեքիաթը: Իսկ ավելի շատ ատում են նրանց, ովքեր փորձում են իրականությունը հեքիաթային պայծառ գույներով  ներկայացնել: Այսպիսի մի մթնոլորտում բանականությունը մթագնում է, չարությունը համաճարակային արագությամբ է տարածվում, անտագոնիզմը խորանում է: Միմյանց չհանդուրժելու, միմյանց չհասկանալու  ատելության միջավայրում  խոհեմության ու զգոնության ազդակներն են  է բթանում: Բայց միմյանց չհասկանալու, միմյանց մերժելու  անհուսալի թվացող պայմաններում արվեստն է էլի, որ կարող է միասնության կոչել: Որովհետև արվեստի միջոցով է մարդկությունը, ցեղը, ժողովուրդը իմանում իր պատմությունը, ճանաչում ազգային իր նկարագիրը, տեսնում իր պատկերի անդրադարձը: Ուրեմն, ինչու ժամանակին չի տրվում ճշմարիտ գնահատականը, ինչու է այն գործը, որ ատելության ֆլիուդներ էր առաջացնում, որոշ ժամանակ անց  որակվում որպես պոետիկ կինոյի արտահայտություն: Ինչպես է, որ նույն այդ և այլ գործերը, որոնք պարսավանքի էին ենթարկվում ազգային կոնֆլիտը, ազգային հիվանդությունները, ժողովրդի պատմության անիմաց էջերը, վերջապես այն ամենն, ինչ միայն քո սեփականությունն է ուրիշ-օտարներին ներկայացնելու համար, սկսում են գովաբանվել: Ինչու էին  մոռանում ոչ վաղ անցյալում իրենց ասածը. «Սա քո բացերն ու քո արատներն են,  բոլորովին պետք չէ, որ այդ ամենի մասին աշխարհն էլ իմանա: Իսկ իմ կարծիքով միայն ուժեղ անհատները, ուժեղ ազգերն են կարողանում նեղմիտ  կապանքներից ազատվել և առաջինը խոսել սեփական թերությունների մասին: Այդպես կարելի է ազատվել այն ամենից, ինչը խանգարում է լիարժեք քո գոյությանը, քո առաջընթացին: Մեծ կամքի տեր մարդը կարող է խոսել իր հիվանդության մասին, ուժեղ կամքի տեր ժողովուրդը կարող է խոսել իր ներկա դժվարությունների և գործած սխալների մասինԹաքուն պահելու դեպքում արատավոր երևույթներն ավելի են խորանում տառապանքը ավելի է խտանում և չարիքի` ժամանակի ու իրականության վրա իշխելու  իրավունքներն ավելի են ամրապնդվում: Այն ավելի ազատ է սկսում գործել, ուրեմն և անպատժելի է մնում: Իսկ դու հանկարծ պարզում ես, որ չկա ազատություն ոչ բարեկամիդ, ոչ էլ թշնամուդ իշխանության ներքո:  Ամեն մի չարիք փոքրիկ մի բնում է ձևավորվում: Գուցե չի խրախուսվում, բայց մեծ արգելքների էլ չի հանդիպում: Եվ սահմաններն աշխարհի երկրների միջև ավելի են ամրացվում,  արդյունքում մարդկանց, ազգերի ներքին կոնֆլիկտներն ավելի են խորանում, արտաքին հարաբերությունները կարգավորելու հարցերը փակուղու են դեմ առնում,   ազգային տարբեր պատկանելիություն ունեցող մարդիկ միմյանց հանդեպ ունեցած անվտահությունը, ուրեմն և վախը հաղթահարելու ուժ չգտնելով, նահանջի կամ առճակատման ճանապարհն են ընտրում: Այսպիսով սահմաններ են դրվում նաև  մշակութային, փիլիսոփայական ըմբռնումների միջև: Քանի չեն վերացվել, հողերի, գյուղերի քաղաքների, երկրների, ուրեմն և ժողովուրդների ու մարդկանց միջև գոյություն ունեցող  սահմնազատումներն, աշխարհը չի ազատվելու  կոնֆլիկտներից: Մենք, ցավոք արդեն ականատեսն ենք աշխարհի ժողովուրդների ու երկրներ կոնֆլիկտերի արդյունքում իրականացվոող ավերածություններին, քաղաքակրթությունների վերացման պրոցեսին, մարդկային ողբերգություններին: 
Կինոաշխարհում կոնֆլիկտները հաղթահարելու հիմնական  միջոցը ժամանակն է: Հաղթահարելու, բայց ոչ վերացնելու: Այն, ինչ դառնություն է պատճառել, դժգոհության կամ ուրախության առիթ է եղել,  կորցնում է դրական կամ բացասական բոլոր լիցքերը ժամանակի ընթացքում: Բոլորը հանդարտ ու անկիրք են այլևս:   Ես սա անձնական փորձով գիտեմ: Բոլոր այն կոնֆլիկտները, որոնք առաջացել են «Եղելության խրոնիկայի» ժամանակ, «Կոնդի» ժամանակ, «Սպիտակ քաղաքի» ժամանակ, «Քամին ունայնության» ժամանակ, «Վերադարձ ավետյաց երկրի» ժամանակ, տարիներ անց չքացել են: Թվարկված ֆիլմերից ամեն մի մեկի առաջացրած դրական և բացասական, հուզական իրարամերժ զգացողությունները ժամանակի ընթացքում մեղմացել են, որովետև նոր ժամանակներ նոր պրոբլեմներ, նոր հարցադրումներ  բերելով նախորդների ազդեցության ամպլիտուդը նվազեցրել են: Հիմա արդեն կարելի է դրանց մասին խոսել հանգիստ, որովհետև այլևս այնքան ցավոտ չեն ազդում, ինչպես առաջ: Բայց վաղը  եթե նոր մի խնդիր առաջադրես նույն այդ մարդիկ, առանց բացառության, կրկին նույն վերաբերմունքն են ցուցաբերելու: Թեպետ հարցը բարձրացնողի համար, ինչպես տասը կամ քսան տարի առաջ, այնպես էլ հիմա դա չի կարող խոչնդոտող հանգամանք դառնալ: Որովհետև արդեն տեսել է, եթե տեսել է ապա հարցի մեջ խորացել է ու պիտի բարձրաձայնի, պիտի ահազանգի կրկին: Նա իր տեսածը կինոլեզվով պատմելու է, նրանք նայելու են նոր կինոպատումը, որը կրկին անհանգստություն  պատճառելով, վրդովմունքի ալիք է բարձրացնելու:

  Ռոբերտ Ֆլայցերտ, Ձիգա Վերտո, Արտավազդ Փելեշյան,- ահա այն կինովավերագրողները, որոնց ստեղծագործությունների հիմքով ձևավորվել է իմ կինոմտածողությունըը: Շատ նման և շատ տարբեր` երեք սյուներ, որոնց ստեղծագործություններն ինձ համար դաս են եղել: Եվ, որոնց ազդեցությամբ եմ փորձել իմ արտահայտվելու եղանակը գտնել: Տարբեր են ժամանակները, դաստիարակությունը, կրթությունը, փիլիսոփայությունը, մարդկային որակներն է տարբեր ու ստեղծագործական ձեռագրերն են տարբեր, բայց նրանք են եղել իմ ստեղծագործական ճանապարհի սկզբնավորողները: Ամեն մեկն  իր ճշմարտությունն ունի: Տարբեր է նաև խաղարկային կինոյի բերած ճշմարտությունը դոկումենտալ կինոյի ճշմարտությունից: Դոկումենտալ կինոյի ճշմարտությունը ներսովդ է անցնում: Ռեժիսորի ու նրա խցիկի, ինչպես նաև խցիկի ու իրականության միջև ջրբաժանում չկա: Իմ ուսուցիչները ահա այսպիսի  մոտ տարածությամբ են տեսել իրականությունը և այս հայացքով  ներկայացրել այն: Նրանց դիտանկյուններն են տարբեր: Բայց երեքն էլ խոսել Մեծ Ճշմարտությունների մասին: Աշխարհը տեսնելու իմ դիտանկյունն ուրիշ է, ուրիշ է նաև իմ աշխարհայացքը: Ես համոզված եմ, որ ժամանակը նույնպես իր տարածությունն ունի և այդ տարածության ամեն մի հատվածն իր վավերագրողն է ունենում: Ցավ պատճառելով, ուրախություն պատճառելով, թշնամանք, չարություն հարուցելով` պետք է վավերացնի այն ամենն, ինչ կատարվում է ժամանակի իրեն տրված տիրույթում: Եվ պետք է վավերացնի արտաքին պատկերը, այլև հոգին, միջավայրը կազմող յուրաքանչյուր տարր ու այնպես, որ իր ապրած ժամանակային տարածքի ճշգրիտ պատկերը  դառնա: