ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ

Տարօրինակ մի սովորություն է մեզանում ամրագրվում, որը բացի տխուր լինելուց, նույնիսկ առեղծվածային կարելի է համարել. ազգային արժեքները, մասնավորապես գեղանկարները թանգարաններից ու պատկերասրահներից գողանում են ու երբեք չեն հայտնաբերվում։ Ստվերային բիզնե՞ս, թերեւս, բայց ո՞վ կամ ովքե՞ր են նախաձեռնում ու ղեկավարում այս ոլորտը։
Դեռեւս 2005-ին, աշխարհի հեռուստաընկերություններից տեղեկացանք, որ Լոնդոնում աճուրդի են հանվել Հ. Այվազովսկու նկարները եւ մեկ գեղանկարի մեկնարկային գինը 480.000 ֆունտ ստերլինգ է։ 2008-ին, ամռանը, նույն աղբյուրները հայտնեցին, թե MacDougalIևs աճուրդային կենտրոնում վաճառվել է Մարտիրոս Սարյանի յոթ (1 ջրաներկ եւ 6 գեղանկար) գործերը։ Գնորդի անունը չէր հրապարակվել: Ըստ երեւյթին, մարդը ինչ-որ պատճառ ուներ գաղտնի պահելու իր այդ խոշոր գործարքը։ Չնայած գեղանկարչական գործերին տրված գումարային չափը հրապարակվել էր՝ 1,2 միլիոն դոլլար (600 000 ֆունտ ստերլինգ)։ Հարցը, թե ո՞վ է Անգլիայի մայրաքաղաքում աճուրդի հանել հայազգի մեծանուն արվեստագետների գործերը, բարձրաձայն չքննարկվեց։ Թեպետ դրանից մեկ տարի առաջ Մ. Սարյանի թանգարանի ներկայիս տնօրեն Ռուզան Սարյանը հրապարակավ մեղադրանք էր ներկայացրել նախկին տնօրեն՝ Շահեն Խաչատրյանին, մասնավորապես նշելով, թե. «Կեղծվում են Սարյանի կտավները եւ կտավների տակ Շ. Խաչատրյանի ստորագրությունն է՝ որպես փորձագետի։ Կեղծ կտավներ են հայտնվել կանադական մասնավոր հավաքածուներում։ Կեղծ կտավներ են հայտնվել անգամ Սոտբիսի աճուրդում»։ Իսկ գուցե՞ փորձագետը ոչ թե կեղծված, այլ հենց բնօրինակների անկյունում է դրել իր ստորագրությունը։ Համենայն դեպս, համաշխարհային հեղինակություն ունեցող աճուրդներում վաճառված գործերը հազիվ թե նմանակումներ լինեին։ Կեղծված չեն եւ արվեստի բոլոր այն գործերը, որոնք վերջին մեկուկես տասնամյակում անհետացել են Հայաստանի ազգային պատկերասրահից, Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտից, Ազգային գրադարանից, Մատենադարանից եւ երկրի մշակութային մի շարք կենտրոններից։ Այս գողությունների մասին, սովորաբար հեռուստաընկերությունները հաղորդում են, բայց երբեք նույն նախանձախնդրությամբ գործի ընթացքին չեն հետեւում այնպես, ինչպես օրինակ քաղաքական կամ շոու- բիզնեսի աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ըստ երեւույթին, ի նկատի է առնվում պահանջարկը: Եթե թեման ժամանակակից շոու բիզնեսի «երկնակամարը լուսավորող աստղերին» առնչվեր, ապա լսարանի հետաքրքրությունն ավելի մեծ կլիներ: Թեպետ, այս խնդրին առնչվող փաստեր, ավելի քան հետաքրքիր են. 2004 թվականին, օրինակ ՀՀ Գլխավոր դատախազության կազմած տվյալների համաձայն կառավարության ընդունելության տնից անհետացել է Ռ. Էլիբեկյանի «Դերասանուհիների հանգիստը» եւ Ա. Խոջոյանի «Հեթանոս ծես» գործերը։ ՀՀ Արտգործնախարարությունից տարվել է «Մայրամուտ ծովի վրա» գործը, որի հեղինակն է Ա. Շաբանյանը։ Գողություննե էր են արվել նաեւ մայրաքաղաքի գրադարաններից ու թանգարաններից։ Բավական է նշել, որ այս հաստատություններից քսանմեկ հնատիպ գիրք է կորել:Այս շարքում, սակայն ամենաշատ գողացված կամ «անհետացված» գործեր արձանագրվել են Ազգային պատկերասրահում։ Տարիներ առաջ գրանցված 108 թիվը հիմա արդեն հավելվել ու բավականին մեծ թիվ է կազմում, քանի որ գողության այս տեսակը մեզանում գնալով, բավականին լայն տարածում է ստանում։ Գուցե այն պատճառով, որ Գեղարվեստական եւ ճարտարապետական արտահայտությունների վերացումը երկրից ծանր հանցանք չի համարվում։ Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել այն իրողությունը, որ տարբեր տարիներին, տարբեր տեղերից գողացված մշակութային արժեքներից, ընդ որում բացառիկ ու թանկ գործերից եւ ոչ մեկը չի հայտնաբերվել ու չի վերադարձվել իրական տիրոջը։ Ընդ որում, գողացված գործերի շարքում են Այվազովսկու, Բաշինջաղյանի, Հովնաթանյանի, Սարյանի, Բաժբեուկ- Մելիքյանի, Իսաբեկյանի, Թերլեմեզյանի, Հակոբյանի հեղինակած գեղանկարները։ Այս շարքը «լրացնում են» օտարազգի վարպետների՝ Վրուբելի, Շիշկինի, Սուդովսկու գործերը։ Ընդ որում, գողությունները կատարվել են ոչ միայն թանգարաններից ու պատկերասրահներից, այլեւ արվեստագետների տներից։ 2003 թվականի ամռանն, օրինակ Երեւանի Տերյան փողոցում գտնվող Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի բնակարանից գողացվել է մեծանուն նկարիչ` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գործերը։ Մասնագետների հավաստմամբ տարված քսանմեկ գեղանկարները համաշխարհային կերպարվեստի շարքը դասվող գլուխգործոցներ են եղել։ Այսինքն, ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ «անհայտ անձինք» գեղարվեստի գործերի իրական արժեքն իմացող գողեր են եղել։ Բարձրարվեստ գործերի ընտրության մեջ վստահ այդ մարդիկ նույնքան վստահ են եղել, որ իրենց հետքերը կորչելու է նախորդ գողությունների տրորված արահետներում: Իսկ որ ամենակարեւորն է` են, որ դա շռայլորեն վճարվող հանցագործություն է։ Չէ՞ որ նրանց գողանում են հիմնականում այն հեղինակների գործերը, որոնք իրականում թանկ, շատ թանկ արժեն։ Բավական է նշել, թե մեկնարկային ինչպիսի գներով են գնահաըվում վերը հիշատակված նկարիչների ստեղծագործությունները. Փ. Թերլեմեզյան- 25 000 դոլար, Հ. Հակոբյան՝ 5-10 հազար դոլար, Ս. Աղաջանյան՝ 10-15 հազար դոլար, Գ. Բաշինջաղյան- 30.000-200.000 դոլար, Մ. Սարյան- 60 000 դոլարից սկսյալ մինչեւ մեկ միլիոնից ավելի դոլար (նայած, թե որ շրջանի աշխատանք է) եւ այլն, եւ այլն։ Գողացված տասնյակ հարյուրների հասնող գեղարվեստական գործերի միջին գինը կոպիտ հաշվարկով ի մի բերելու դեպքում անգամ, պարզ է դառնում, թե ազգային մշակույթի գլուխգործոցների առեւանգումը շահույթի ինչ «աղբյուր է»։ Անսպառ աղբյուր, եթե ի նկատի ունենանք այն հանգամանքը, որ կատարված հանցագործություններից որեւ մեկը ոչ միայն չեն բացահայտվել, այլեւ շարունակական դարձել։ Վերջին խոշոր գողությունն էլ օրերս արձանագրվել։ Երեւանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հրազդան քաղաքում, մարտի 31-ի գիշերը, կրկին «անհայտ անձիք» գողացել են Ազգային պատկերասրահի մասնաճյուղի էքսպոզիցիան կազմող գրեթե բոլոր գործերը։ Այսինքն, տասնութ գեղանկար, որոնք հեղինակել են Ս. Առաքելյանը, Մ. Ասլամազյանը, Ս. Սաֆարյանը, Խ. Եսայանը, Հ. Հակոբյանը, Ս. Աղաջանյանը, Փ. Թերլեմեզյանը, Գ. Բաշինջաղյանը, Մ. Սարյանը։ Այս շառքում, թերեւս առանձնանում է Հովհ. Այվազովսկու «Նավաբեկություն» վերնագրով աշխատանքը, որը բնօրինակ չէ, բայց ինչպես հավատացնում են մասնագետները նույնպես արժեքային բարձր նիշով է գնահատվում։ Ի դեպ, այս տարի սա արդեն երկրորդ նմանօրինակ գողութունն է։ Տարվա սկզբին Երեւանի նկարիչների տան աշխատակիցները հանկարծ նկատել էին, որ պահոցից որոշ նկարներ անհետացել են։ Այս կորուստի մասին բավական շուտ մոռացան, որպես արդարացնող հանգամանք նշելով, թե գողունը կազմող գործերի մեջ նշանավոր արվեստագետների աշխատանքներ չկային։ Լավ փաստարկ է։ Կարծես թե, որ լինեին, հետաքննությունն հուսադրող արդյունքներ էր գրանցելու։ Դառնալով վերջին դեպքին, ապա զարմացնում է այն իրողությունը, որ Ազգային պատկերասրահի տնօրեն Փ. Միրզոյանը հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում ասաց, թե գողությունը կատարվել է Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցների անփութության պատճառով։ Եւ, որ նման անտարբեր մարդիկ իրավունք չունեն մշակութային օջախում աշխատելու։ Եւ անփույթ, անպատասխանատու ու անտարբեր մարդկանց էր պատժել... պատկերասրահը փակելով ու գողերի չտարած մի քանի գործերը Երեւան բերելով։ Պատկերասրահի տնօրենը, խոսել է եւ այն մասին, որ Հրազդանում գործող մշակութային այս միավորը, որի ցուցադրությունը կառուցված էր նշանավոր արվեստագետների մեծարժեք գործերով, տարրական պայմաններից զուրկ էր քանի որ համապատասխան օդափոխիչներ չկային, բայց չի նշել, որ տնօրենը մասնագիտական կրթություն չուներ, որ շենքում ջուր չկար, ջեռուցում չկար… Փ. Միրզոյանը հպարտությամբ էր շեշտում, թե թանգարանային նմուշները պետք է պահվեն այնպիսի հոգատարությամբ, ինչպես դա արվում է Ազգային պատկերասրահում: Պետք է ենթադրել, որ մարդը պահի տակ մոռացել էր, որ նույն այդ պատկերասրահից ավելի շատ գործեր են տարվել։ Եւ, որ Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկ անգամ չէ, որ գողություն է արվում։ Իսկ այն, որ նրա իսկ նախաձեռնությամբ արդեն Երեւան են բերվել Հրազդանի եւ Ալավերդու մասնաճյուղերում պահվող գեղարվեստի գործերը, ընդամենը հիշեցնում է Նասսրեդինի հայտնի առակը։ Ըստ որի` վերջինս անխնա ծեծում է փախած հոտից մնացած միակ հորթին, որը կապված էր ծառին։ Անցորդների այն հարցին, թե ինչու՞ է պատժում անմեղ արարածին, Նասսրեդինը պատասխանում է. «Եթե աձակ թողած լինեի, հոտի հետ սա էլ էր փախչելու»: Նախազգուշական նման պատժամիջոցը, սակայն ինչպես առաջներում, այնպես էլ հիմա կորսվածը ետ բերելու երաշխիք չի հանդիսանում։ Մանավանդ որ միայն վերջին գողունի մեջ կան գործեր, որոնց արժեքը (գումարային գնահատականով) կես միլիոն դոլարով է չափվում։ Եւ չի բացառվում, որ մի քանի տարի անց միջազգային համբավ ունեցող այս կամ այն աճուրդային կենտրոնում կրկին վաճառքի կդրվեն Մ. Սարյանի կամ Գ. Բաշինջաղյանի գործերը եւ կրկին անանուն գնորդը միլիոներ տալով, կհարստացնի իր հավաքածուն։ Մեր ազգային հպարտությունն էլ նորից կշոյվի, որ աշխարհի ուշադրությունը գրաված ու աշխարհի լրատվամիջոցների ներկայացրած գործարքի հիմքում հայ նկարիչների գեղանկարներն են դրվել ու կրկին անթաքուն հպարտություն կապրենք մեր մեծ արվեստագետների ստեղծագործություններին «կանաչներով» տրված բարձր գնահատականի համար։ Նոր` ժամանակներին հարիր արժեւորման ու գնահատականի համար…