ՏՈՏԵՄԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ.

Ուկրաիներեն  լույս է տեսել   Լևոն  Խեչոյանի  «Խնկի  ծառեր» ժողովածուն, որի թարգմանիչն է Անուշավան Մեսրոպյանը:  Գիրքը մեծ արձագանք է գտել  Ուկրաինայի թե՛ ընթերցողական,  թե՛ մասնագիտական շրջանակներում: Այդ են վկայում   “Խնկի ծառերի” հրատարակությունից հետո  գրական քննարկումներն և ուկրաինական մամուլում   բարձր գնահատականներով ու գրականագիտական խորը վերլուծություններով տպագրվող  աշխատությունները: 

Այդ մեծ հոսքից ընտրել  ու  “ԱՐՎԵՍՏԻ” ընթերցողին ենք ներկայացնում  ԻՎԱՆ ՌՅԱԲՉԻԻ “Տոտեմի փորձությունը” խորագրով  հոդվածը:      

                                                                      

Հին ժամանակներում նեղ բնով ոչ բարձր ծառերի վերքերից ծորացող բուրավետ արյուն-կաթը արաբները խունկ էին անվանում: Ավելի քան հինգ հազար տարի առաջ, իրոք, ոսկու արժեք ունեցող խունկը ձեռք էին բերում ճիշտ նույն ձևով. դանակով հարվածում էին ծառերի բներին: Մեծ ծառը մեկ տարում դիմանում էր 3-10 հարվածի: Հետո թողնում էին, որ ծառը մի քանի տարի հանգստանա: Խնկի հոտը շատ կրոնների սրբազան բույրերից է, հոգևոր մաքրության ու վերակենդանացման սիմվոլը: «Երգ երգոց»-ի 4:14-ում  «լեվոնա» /לְבוֹנָה/ անունով է հիշատակվում խունկը, որով Երուսաղեմի տաճարում /դրանից մնացել է միայն Արևմտյան պատը/ արարողություններ էին կատարում: Իսկ քրիստոնեության վաղ շրջանում քրիստոնյաները խունկ էին ծխում միայն թաղումների ժամանակ: Խնկի բույրը եղել և մնում Արևելքի թագավորական ընծաներից մեկը Արևմուտքին:

Սրանք մաշկի տակ եղած այն անտեսանելի իմացություններն են, որոնցից ծնվում է «Խնկի ծառեր» վիպակի հեղինակի` Լևոն Խեչոյանի գրի բաբախը: Տոհմի հարատևության և անողոք ճակատագրի խորհրդանիշ ծառերը լալիս են բուրավետ խեժով… Հայտնի չէ` ո՞վ է հասցնում այդ վերքերը, և դրանցից, իսկապես, ավելի շատ ծառի բնե՞րն  են մրմռում, թե՞ հայկական մեկ տոհմի բազում սերունդների հոգիները: Մարդկանց նման ծառերն էլ են գերադասում լռել իրենց ցավի մասին: Տասնամյակներ շարունակ թունոտ ժամանակները  սպասում են իրենց ժամին, որ հատուցեն, ապաշխարեն գործած մեղքերի համար: Այդ իսկ պատճառով այս գիրը, ինչպես նոր տունկը, ծնվում է լռությունից` փորձելով պատմել, ասել ինչ-որ բան, որին անտեղյակ ենք:

Վիպակը սկսվում է կախարդական հեքիաթի նման. «հրեղեն սպիտակ ձիով» գյուղում հայտնվում է Շուշան նախատատը: Նա հոժարակամ ամայի հողատարածություննեը է վերցնում, ինքնուրույն ոտքի է կանգնեցնում իր որդի Խեչոյին և «…մի գիշեր նստում է իր սպիտակ ձին ու գնում անվերադարձ»: Այդ նախերգով  հեղինակը ներկայացնում է ողջ ստեղծագործության ռիթմը. ճոճանակաձև խառը ռիթմ անցյալի ու ներկայի միջև: Ընթերցելիս, երբ հասնում ես կեսին, զարմանքով նկատում ես, որ ուզում ես հնարավորինս արագ վերջացնել, բացել հանգույցները, լուծել հեղինակի բոլոր  հանելուկները: Առաջին հայացքից անսովոր երևույթ է, շփոթ, որ , սակայն, դեպքերի անակնկալ փոփոխություններից տարրալուծվում, դառնում են թափանցիկ, պարզ նախադասություններ` ցրելով նախկին  թանձրությունը,   այնպես զարմանալի, կարծես  աչքերիցդ քող է ընկել:

Լևոն Խեչոյանի ժողովածուն  լույս է ընծայել «Արծաթե խոսք» հրատարակչությունը` թարգմանությամբ Անուշավան Մեսրոպյանի, հայ մարդու, որն ապրում է Լվովում /քաղաքն իր հիմնադրման օրից  ունի հայկական համայնք, որը երկար դարերի ընթացքում կապ է ունեցել հայրենիքի հետ, նույնիսկ Լվովի հայկական եկեղեցու հիմնաքարերը և գերեզմաննների տուֆե խաչքարերը բերվել են Հայաստանից: Հայերը գրքի և գրականության նկատմամբ ունեն խոր, իսկական պաշտամունք. ողջ Եվրոպայում` Վենետիկից մինչև Կամյանեց-Պոդոլսկ, նրանք հայոց այբուբենով ստեղծված գրատպության 500-ամյա պատմություն ունեն: Անցած տարի Երևանը կրում էր Գրքի Համաշխարհային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը, և հայկական իշխանությունները  պատշաճորեն ու հաստատակամ նախապատրաստում էին մայրաքաղաքն ու երկիրը: Արդեն մի քանի տարի է, ինչ աշնանը ուկրաինացի հրատարակիչներ ու թարգմանիչներ, ինչպես նաև ԱՊՀ և Եվրոպական համագործակցության երկրներից հարյուրից ավելի գրողներ մասնակցում են Երևանում կայացող թարգմանիչների միջազգային համաժողովին, հետո Մաշտոցի և Կոմիտասի երկրից իրենց հետ տանում հետաքրքիր նախագծեր: Ես համոզված եմ, որ հատկապես այդ համաժողովներից մեկի ժամանակ է  ծնվել  Խեչոյանի գրքի` Ուկրաինայում հրատարակելու գաղափարը:

Իրոք, ժամանակակից ուկրաինական թարգմանական գրականությունն այսօր համակ ուշադրությամբ ու հարգանքով իր հայացքը դարձնում է եվրոպական ու ամերիկյան դասական գրականությանը` մասամբ  յուրացնելով նաև յուրահատուկ այլ մշակույթներ և լեզուներ: Իսկ թե ի՞նչ է կատարվում Կովկասի կամ Կենտրոնական Ասիայի երկրների ժամանակակից գրականության մեջ, ի՞նչ է տեղի ունենում, այսպես կոչված, հետխորհրդային երկրների մշակույթում, մնում է անհայտ, թեև դեռևս քառորդ դար առաջ այդ երկրների հետ  մենք միասին մեկ ուղեծրում էինք:  

Սակայն դրա փոխարեն, օրինակ, Ուկրաինայի պատմությունը զարմանալիորեն նման է 20-րդ դարասկզբի հայոց ողբերգական պատմությանը, որ սկսվեց 1915-16թթ. Արևմտյան Հայաստանի /այժմյան Թուրքիայի տարածքում/ հայ ազգաբնակչության մասսայական տեղահանությամբ և ցեղասպանությամբ: Միայն այդ երկու տարիների ընթացքում զոհվեց ավելի քան 1,5 մլն տղամարդ, կին, երեխա, իսկ 600 հազարը դարձավ գաղթական: Սարսափելի արյունալի տարիների և աննախադեպ բռնությունների ականատես դարձան նրանք: Խեչոյանների տոհմը թողել էր էրգիրը ու հաստատվել էր Վրաստանի Ախալքալաքի /մեծ մասամբ հայկական/ շրջանում: Ահա թե որտեղից է հայրենիքի նկատմամբ թմրադեղի նման թափանցիկ թանձրության հասած կարոտի թեման` որպես չսպիացող վերք, որպես անդառնալի կորուստ: Ահա թե ինչու տոհմի տղամարդկանց յուրաքանչյուր սերնդի մեջ լինում է մեկը, որի գլուխը ցավում է, երբ երկնքում շողում է նորալուսինը, ինչպես պատկերված է երիտթուրքերի դրոշին: Ահա թե ինչու Հայկուշ տատը /«Խնկի ծառեր»/, երբ հարս է գնում, կրծքով չի կերակրում իր երեխաներին. 1915թ. երբ դեռ աղջնակ էր, թուրքերը կտրել էին նրա պտուկները և աչքի առաջ բռնաբարել մորն ու քրոջը:

Ժողովածուն ընդգրկում է տասնչորս կարճ նովելներ և «Խնկի ծառեր» համանուն վիպակը: Նովելները ստեղծում են մի մեծ համայնապատկեր, ինչպես խճանկարում` քարերը: Այդ փոքր գործերը այնպես են հոսում իրար մեջ, ասես կրկնվող կերպարներով, գույներով ու մեղեդիներով շղթայված են միմյանց… Տոտեմներն ու ամենօրյա ծիսակարգերը, շփումն անդինի հետ այստեղ իրական կյանք է, որի մեջ ապրում են կերպարները /ծնվում են, սիրահարվում, խամրում, երբեմն խենթանում, իսկ երբեմն էլ կորցնում են իրենց մարդկային կերպարանքը և, վերջապես, մեռնում են, իսկ հետո, որպես ոգիներ և հրեշտակներ, վերադառնում են հարազատ վայրերը: Կերպարները շատ են, և գրողը ոչ մի նովելում ջանք չի թափում ներկայացնելու «գլխավորին»….. Որտեղի՞ց են նրանք: Հայերի խորը թաքնված նախաքրիստոնեական պատկերացումների՞ց, թե՞ համամարդկային առեղծվածների ոլորտից, որ հարազատ են թե° ուկրաինացիներին, թե° հայերին, թե° հրեաներին և թե°  վրացիներին: Գուցե սիմվոլների հավերժական աշխարհի՞ց, որտեղից ծնվում են մեր երազները, վախն ու տեսիլքները… Խեչոյանի արձակը սեղմ է, ռիթմիկ, բայց ընթերցողին ասես խեղդում է գունագեղ կերպարների, բույրերի, գույների, ձայների հագեցվածությամբ: Այդ արձակում ամեն մի գույն, ամեն մի բույր /և ոչ միայն Խնկի/, ամեն մի ձայն կարևոր սիմվոլ է գրողի ոչ հասարակ /հնարավոր է` ընթերցելու անպատրաստ  հասարակության համար   չափազանց բարդ/ աշխարհում:

Արդյոք գոյություն ունի՞ Սատանան: Գոյություն ունի՞ արդյոք Աստված: Որտե՞ղ է Աստծո միտքը, իսկ որտեղ` նեռինը: Այդ տանջալից հարցերով տառապում և  «ապրում են» Խեչոյանի հերոսները: Հաճախ միաժամանակ հայտնվում ես երկու զուգահեռ աշխարհներում, և միշտ չէ, որ դրանցից մեկնումեկը իրական է լինում:

Գրողի  վիպակում և պատմվածքներում նկարագրվող 95%-ով հայաբնակ  Ախալքալաք շրջանը Վրաստանի հարավում է: Խեղված ցեղասպանությունից,  ընդդիմացած մուսուլմաններին ու հին քրիստոնյաների դաժանություններին /հայերը քրիստոնեություն ընդունեցին 5-րդ դարում/` նրանք զարմացրին Եվրոպային: 1918 թ. Հայաստանն ուզում էր որպես փոխհատուցում իր կազմի մեջ ընդգրկել Ախալքալաքի և Բորչալուի  նահանգները: Եվ միայն երրորդ ուժի /անգլիացիների/ միջամտությունն օգնեց երկու դրացի ժողովուրդներին խուսափել պատերազմից: Հետևաբար երրորդ ուժը միշտ նման է թափանցիկ վարագույրի, որի հետևում  հակադիր կողմի սևեռուն հայացքից ոչ ոք չի կարող թաքնվել: Ոչ այնքան վաղ անցյալում Վրաստանի այդ շրջանը ոտքի կանգնեց` պահանջելով ինքնավարություն, իսկ հայոց լեզվին` տեղային կարգավիճակ: Իմիջիայլոց, Խեչոյանի ստեղծագործություններում դուք այդ մասին չեք կարդա: Նույնիսկ հակառակը, որպես գրող,  նա  լսում և ներկայացնում է տարբեր «ճշմարտություններ» ու իր խիզախ հայացքով կարողանում է թափանցել մարդկային խղճի և հիշողության խոր ծալքերը:

Գրողը ծնվել է Ախալքալաքի շրջանում: «Խնկի ծառերը» /1991թ./  Լևոն Խեչոյանի  հրատարակած առաջին գիրքն է, որն ունի յուրօրինակ պատմություն: Ժամանակին գրված, հետո այրված, այնուհետև՝ հիշողությամբ կրկին վերականգնված: Տպագրված նախաշեմին ղարաբաղյան պատերազմի, որին գրողը մասնակցել է կամավոր: Խեչոյանի ստեղծագործություններում ոչ  միայն ղարաբաղյան պատերազմը, այլև պատերազմն ընդհանրապես չի հերոսականացվում: Պատերազմում մարդիկ անցնում են մարդկայինի բոլոր սահմանները, այդ պատճառով վերադարձն այնտեղից խնդիր է անգամ ողջ մնացողի համար… «Խնկի ծառեր»-ում պատերազմը միայն ներկա է որպես արձագանք, փոխարենը ողջ ուժով խոսում են բնության տարերքը /երկրաշարժ, ջրհեղեղ / և դաժան կարգերը /բռնատիրություն, ոչնչով չարդարացվող անհամար զոհեր, սադիստական գաղութներ ու բանտեր, տոհմական ունեցվածքի ու տոհմի պատմության ոչնչացում/. սրանք հողագործ, հասարակ գյուղացիների` Աստծո  շնչով ստեղծված սովորական կյանքի ֆոնին ախտավոր քաղաքակրթության դժոխային  ծնունդ  են….

 Իր ստեղծագործությունների մեծ մասում Խեչոյանն առաջնորդվում է հայկական ավանդական «ցավդ տանեմ» արտահայտությամբ` դրան հաղորդելով ավելի խոր իմաստ. ոչ թե տոհմական արյունալի վրեժխնդրություն, այլ չապաշխարող մեղավորների ու թշնամիների համար վերջնական ներում և աղոթք: Երբեմն նա համարյա հասնում է ողբերգական մեղքի անտիկ ըմբռնմանը, երբ հանցագործությունն անխուսափելի է, և մեկը ստիպված պետք է դառնա զոհ, իսկ մյուսը` դահիճ....

Ուկրաինական գրականության տարածքում Լևոն Խեչոյանը նորեկ չէ: Նրան` Եվրոպայում /թարգմանված անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, լեհերեն, արաբերեն/ թերևս ամենահայտնի հայ գրողին, ուկրաիներեն թարգմանում են 2000 թվականից, նրա ստեղծագործությունները լույս են տեսել «Կուրիեր Կրիվբասու, «Վսեսվիտ», «Լիտերատուրնայա Ուկրաինա», «Լիտերատուրա+» ամսագրերում: Իմիջիայլոց, ցանկալի է ընթերցել Խեչոյանի` հայերի անկախության շրջանի դաժան երևույթներն արտացոլող ստեղծագործություններն ուկրաիներեն թարգմանությամբ: Հուսով եմ` այդ առաքելությունը  և փոքր սխրանքը  /չէ՞ որ յուրաքանչյուր այդպիսի հրատարակություն անպայման փոքր սխրանք է դառնում/ շուտով կիրականանան: