ՓՈՐՁՈւԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼԸ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ

   Ամեն մի երկիր իր շահերն է պաշտպանում.- ասում են: Բայց  կան երկիրներ, որոնք աշխարհաքաղաքական ու քարտեզագրական ձևափոխումների ժամանակ կորուստներ  են ունենում:  Ավելին, շահարկվում են: Եւ պատմությունը փաստում է, թե ինչու՞ կամ ի՞նչ պատճառների կամ էլ թե դիվանագիտական սխալների հետևանքով  է այս կամ երկիրը մեծ կորուստներով անցել գոյության իր ճամփան: Գոնե մեր պարագայում հայտնի է սակայն, որ փորձություններով անցնելը փորձ ձեռք բերելու երաշխիք չէ, բոլորովին: Չնայած այն իրողությանը, որ պատմությունը նշանային որևէ դեպք կարծես թե մոռացության չի տալիս:  Իսկ պատմության կարևոր իրադարձություններն էլ մշտապես վերընթերցվել ու մեկնաբանվել, գնահատվել կամ մերժվել են ժամանակի բոլոր հատվածներում: Նաև ՛՛երևակվել են՛՛ գեղարվեստի միջոցով: Գուցե սխալ եմ, բայց ինձ այնպես է թվում, որ պատմական ժանրը գեղարվեստում  ամենանուրբ, միաժամանակ ամենաբարդ ու դժվարին ժանրն է: Թեկուզ այն պատճառով, որ  մի կողմից ճշգրտության պահանջ է դնում, մյուս կողմից հուշում, որ անցյալի հետ ամեն մի ՛՛ռեալ կապ՛՛ խաբուսիկ է, եթե չկա հոգևոր ուղի:   Ժողովրդի կամ ժողովուրդների  կենսագրության թեկուզև մի քանի էջի գեղարվեստական մեկնաբանումը պատմական գոնե որոշակի հատվածի  ուսումնասիրության եւ գիտելիքների ամուր հիմք է ենթադրում: Առհասարակ, այս ժանրին դիմող արվեստագետը,  նյութի փաստական հավաստիությունը հնարավորինս  պահպանելուց բացի, նաեւ երկու՝ անցյալ ու ներկա աշխարհների միջեւ կամուրջ նետելու  դժվարին, բայցև կամավոր պարտականություն է վերցնում:  Իմանալով, իհարկե, որ պատմական գործը  ոչ միայն ոճական առանձնահատկություններ շեշտելու, կերպարային սպեցիֆիկ համակարգ ստեղծելու, այլեւ իրականի ու երևակայականի հավասարակշռությունը պահպանելու բարդ խնդիրներ է առաջադրում: Ըստ էության, չշրջանցելով կարևոր այն հարցը, թե որքանո՞վ է հնարավոր ճշմարիտ ներկայացնել պատմության այս կամ այն իրադարձությունը կամ դրվագը: Պիտի խոստովանենք, սակայն, որ երբեմն Գեղարվեստի ճշմարտությունն ավելի մեծ խորքեր է բացում, քան վավերացված փաստը: 5-րդ դարի հայ փիլիսոփա Դավիթ Անհաղթը այն համոզմունքին էր, որ չարիքից կարելի է ազատվել Ճշմարտության օգնությամբ, բայց նաեւ  գրել է.  ՛՛Բարին ավելի գերադասելի է, քան ճշմարտությունը՛՛: Այսինքն,  բարին   գերադասելի է, որովհետեւ ճշմարտությունն հնարավո՞ր է դաժան, նույնիսկ  շատ դաժան լինել: Քանի որ բարոյականության  հիմնադրույթներն  են խախտվե՞լ:    Հարց է նաև,  թե որքանո՞վ է արվեստագետը, (հատկապես  եթե նա գրող է կամ թատրոնի կամ էլ թե կինոյի ռեժիսոր, և  նրանց ընտրած ստեղծագործական  խմբի անդամները), պատրաստ բարձրաձայն խոսելու մի ճշմարտության մասին, որը կարող է դժվար ընդունելի և ընկալելի  լինել հենց իրենց հայրենակիցների համար: Հակառակ այն հանգամանքին, որ  գործը  պատմական ճշմարտությունը վերհանելուց   բացի նաև  գեղարվեստական  բարձր արժանիքներով է օժտված: Եւ ոչ միայն սեփական ժողովուրդին, այլեւ մարդկությանը հասցեագրված պատգամ բերող մշակութային գործ է նկատվում: Այսինքն, սա մի թեմա է, որն արվեստային երևույթ դառնալով հանդերձ,  երբեմն կարող է  արվեստագետի ու իր հայրենակիցների միջեւ սեպվելով, ներքին հակասությունների, անգամ թշնամանքի,  հաճախ նաև յուրայինների կողմից հալածանքի տեղիք  տալ:  Օրինակները հայտնի են ու շատ: Մենք բացառություն չենք, ցավոք:
«Ճշմարտության եւ մորս միջեւ ես ընտրում եմ մորս», - սա արդեն Ալբեր Քամյուի տեսակետն է: Մայր ասելով, Քամյուն, վստահաբար  նկատի ունի հայրենիքը: Հայրենիքին նախապատվություն տալու պարագայում, սակայն արվեստագետը կարող է ոչ միայն  պատմական ճշմարտությունը խեղաթյուրել, ոչ միայն իր ժողովրդին կամ ժողովրդի անտեղյակ հատվածին, այլեւ աշխարհին թյուրիմացության մեջ գցել: Պատմական փաստերի աղավաղումը կարող նաեւ մարդկային ու ազգային արժանապատվություն վիրավորելով, երկրների, ժողովուրդների միջեւ թշնամանքի նոր ալիք  բարձրացնել: Չնայած պատահում է, որ անցյալին անդրադարձող հուշապատման գեղարվեստի տիրույթում հայտնվելու, գրական և թատերական գործ բեմադրելու կամ էլ ֆիլմ նկարելու շարժառիթը բոլորովին ուրիշ մղումներից է ծնվում: Իտալական մի կինոնկար կա՝ ՛՛Չորս օր Նեապոլում՛՛ վերնագրով, ռեժիսորը՝ Նաննի Լոյն է։ Այս նկարում  ակնհայտորեն չափազանցված են իտալական հակաֆաշիստների կողմից  հիտլերյան  զորքերին ցույց տված դիմադրության մասշտաբները։ Արդյունքում ստացվել է այնպես, որ իբրեւ թե երկու կողմն էլ մեծ կորուստներ են ունեցել: Մինչդեռ իրականում հիտլերյան զորքերը Ապենինյան թերակղզուց հեռացել էին գրեթե անպատիժ մնալով իրենց կատարած հանցագործությունների համար: Իտալացիների ազգային արժանապատվությունը խոցող այս փաստը ինչ որ չափով շտկելու, գուցե նույնիսկ ներքին կարգով պատվեր  ունենալու համար է ռեժիսորը՝ կինոյի արտահայչամիջոցներով փորձել ՛՛շտկել՛՛ պատմական այս բացը:  Եւ նա դիմադրության իրական մի դրվագ ընտրելով, այնպես է վերապատմել  այն, որ հանդիսատեսն այն տպավորություն ունենա, թե դեպքերն այլ կերպ, այլ մի  զարգացումով են ընթացել: Եւ որ, Իտալիան ոչ միայն սեփական երկրի ազատագրման, այլեւ գերմանական ֆաշիզմի ջախջախման գործում նույնպես մեծ դերակատարում է ունեցել: «Չորս օր Նեապոլում» նկարի օրինակը հիշելով,  մեջբերեմ  հենց այս ֆիլմի առիթով ասված Ֆելինիի խոսքը. «Արվեստն, ըստ երևույթին կոչված է նաեւ քավելու պատմության շատ մեղքերը»։
Ի դեպ, չմոռանանք, որ  արվեստի ստեղծագործություններով պատմության մեղքերը  քավողները, հիմնականում ժամանակակից կյանքի ու հասարակական նպատակամղումների դիտանկյունից են քննում անցյալի իրադարձությունները: Ճիշտ նույն այդ հայեցակետից էլ ընտրում են  արվեստի գործի գաղափարական ու գեղարվեստական նշանաբանը:  Այս է,  որ կարևւոր է: Կարեւոր և այն, որ գեղարվեստի արտահայտությունները, մեծամասամբ և հիմնականում բարության և խաղաղության  կոչ են: Եւ աշխարհը մնայուն արժեք է ճանաչում հենց այդ ստեղծագործությունները, որոնց հեղինակները նաև սխալ մեկնաբանություններից խուսափելով են իրենց ասելիքը ներկայացնում: Հատկանշական է, որ արվեստագետները թեմատիկ իրենց գործերը հիմնականում հասցեագրում են ներկա  սերունդներին՝ պատմական իրադարձություններից դասեր քաղելու և երկրի ու ժողովուրդի համար ճակատագրական նշանակության մեծ ու փոքր սխալները չկրկնելու առաջարկով: Բայց դա ընդամենը առաջարկ էլ մնում է: Պատմություն կերտողները նման առաջարկների հանդեպ անտարբեր են:  Պատմության դասերից էլ առանձնապես  օգտվել չեն սիրում և չեն սիրել: Գուցե դա էլ է պատճառ, որ հայերիս պատմությունը կամ որ, ավելի ստույգ է պատմական սխալները կրկնվում են այնպիսի ճշգրտությամբ, որ ժամանակի սրբագրումները պարզապես աննշան են թվում: Լևոն Աբրահամյան գիտնականը, սակայն համոզված է, որ՝ ՛՛Ցիկլիկ ժամանակն է ի նկատի առնվում,  երբ ասվում է, թե հայոց պատմությունը կրկնվում է: Պատմությունը ոչ թե ինքն իրեն է կրկնվում, այլ հաջորդող սերունդներն են այն կրկնում, որովհետև դժվարանում են կամ չեն ուզում պատկերացնել չկրկնվող ընթացք՛՛: Մենք հիմա  կարծես թե, այդպիսի մի ցիկլիկ  ժամանակում ենք հայտնվել: Մինչդեռ մեր պատմության ոչ թե հազարամյակների, այլ ընդամենը վերջին  դարում կատարված իրադարձությունների միջև անցկացվող զուգահեռներն էլ բավարար կլինեն, գոնե մեկ անգամ ՛՛կրկնվող  ընթացքը՛՛ մեկ այլ՝ մեզ համար նպաստավոր հունով տանելու համար: