ՔԱՈՍԻՑ ՀԱՐՄՈՆԻԱ

Որոնել ու գտնել կերպավորման հետաքրքիր ձևեր`զերծ մնալ դրանք

 նույնությամբ  կրկնելու գայթակղությունից և խույս տալ գեղարվեստական շտամպ երևույթից,-իր այս սկզբունքներին հավատարիմ

մնալով է, ստեղծագործում քանդակագործ Սամվել Ղազարյանը: Ապրելով իր իսկ հեղինակած ձևակերտումների գեղարվեստական աշխարհում` նա այսօր էլ շարունակում է հաստատել միայն իրեն վերապահված տեղն արդի հայ կերպարվեստում:

Ս. Ղազարյանի քանդակները միավորվում են նախ` բնական նյութի (հիմնականում քարի),  հանդեպ ունեցած նրա երկյուղած վերաբերմունքով և առանձնահատուկ մոտեցմամբ: Քարը, նաև հրակավը, փայտն ու բրոնզը նրա համար հաճախ գործակից ու ստեղծագործական գործընթացի հավասար կողմ են: Արվեստագետը ոչ միայն չի երկնչում նյութի բնական տարերքից, այլ պահպանելով այն` փորձում է առավելագույնս օգտագործել դրա նախագծի ֆակտուրան գույնն ու լուսաստվերը: Նրան հաջողվում է նաև ճիշտ ու վարպետորեն պահպանել քարի անմշակ  ու մշակված ծավալների ընդհանուր հաշվեկշիռը` համադրելով դրանք և ստեղծելով “երկրորդ բնություն”: “Տիեզերքի և Քանդակի արարման ուղին նույնն է. Քաոսից` Հարմոնիա”,-քանդակագործի աշխատանքն այսպես է բացատրում Սամվելն, որն  ազատ է իր գեղարվեստական մտածողության մեջ և քանդակներին հաճախ մոտենում է իբրև գրաֆիկական թերթերի և գեղանկարչական գործերի: Տպավորություն ունեմ, որ հատիչը նրա ձեռքին վրձնի նշանակությամբ է գործում…

Խորապես ինտելեկտուալ և անսպառ երևակայության տեր լինելու, ինչպես նաև երևույթները փիլիսոփայորեն  քննելու հանգամանքը մեծապես նպաստել են, որ Ս. Ղազարյանը հաջողություններ գրանցեր միջազգային տարբեր ցուցահանդես-մրցույթներում: “Մրցույթները լավ դպրոց են”,- նկատում է արվեստագետը:

Տպավորիչ են հատկապես նրա մասնակցությունը Իտալիայի Ռավեննա քաղաքում պարբերաբար կազմակերպվող Դանթեին նվիրված բրոնզե քանդակի միջազգային բիենալեներին: Պայմանը` գեղարվեստական ձևերի նորովի իմաստավորում` Դանթեի “Աստվածային կատակերգություն” գրական երկի բարդ հյուսվածքին պլաստիկ լուծումներ տալու համար: Սամվել Ղազարյանի քանդակային մեկնաբանություններն առանձնացան հարյուրավոր մասնակիցների աշխատանքներից. 1992թ. նա ստացավ 10-րդ բիենալեի Գավաթ մրցանակը, իսկ 1994թ. և 1998թ. արժանացավ Ոսկե մեդալներին:

1998-ին, Սամվելը ներկայացրեց  “Ավետում” քանդակային կոմպոզիցիան: Մի թեմա, որի բազում և հետաքրքիր մեկնաբանություններով հարուստ են հայ միջնադարյան մանրանկարներն  ու որմնանկարները: Չնայած ժանրային և թեմատիկ սահմանափակումներին` մեր ժամանակակիցը համոզված է, որ “ոչ քանդակային թեմաներ չկան, ամեն ինչ էլ կարելի է քանդակել` լուծումները ճիշտ գտնելու դեպքում”: “Ավետման” համար լուծումը գտնված է խաչաձև կոմպոզիցիայի տեսքով: Եւ դա հստակ նկատվում  է թե’ դիմացից, թե’ վերին անսահմանությունից: Քանդակը “պատկերում է” այն պահը, երբ Գաբրիել հրեշտակապետն ավետում է Փրկիչի գալստյան  մասին:

Մեկ այլ նախագիծ` “Ես եմ աշխարհքի լոյսը” խորագրով, արվեստագետը ներկայացրել էր քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված մրցույթին` առաջարկելով երկֆիգուր խաչակերպ կոմպոզիցիա: Խաչի գաղափարը հատակագծում արտահայտված է գրանիտե չորս ողորկված սալերի համադրությամբ: Հորինվածքում Տիրամոր կուրծքը նմանեցված է հայկական եկեղեցու գմբեթի, որի կենտրոնից Սուրբ լույսը ներթափանցում է Աշխարհ` հայելակերպ բրոնզե շրջանակի միջով, որն արձանի կենտրոնական առանցքային դիտակետից ընկալվում է որպես պատանի Հիսուսի լուսապսակ: Հեղինակն իր այս աշխատանքը պատկերացնում է Երևանի Սբ  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջևի փոքրիկ հրապարակում, որի պատճառով էլ քանդակի ուրվագիծը համահունչ է նշված շինության ընդհանուր ուրվապատկերին:

“Ոչ քանդակային”  մեկ այլ թեմայի,  “Հայոց պատմություն” վերտառությամբ, քանդակագործն անդրադարձել է Մովսես Խորենացուն նվիրված հուշարձանի նախագծի մրցույթի առիթով: Հետաքրքիր է, որ այս գործն արձանագործը իրականացրել է չսահմանափակվելով  մեկ, թեկուզ և պատմական նշանավոր անձի կերպավորումով: Կլոր քանդակի սկզբունքով արված աշխատանքի բաձրակետը` Պատմահայրն է: Քանդակն,   ուրվագծով հիշեցնում է Արարատ լեռը, որի տարբեր կողմերում դրվագված են Նոյան տապանը, Հայկ Նահապետը, մեր հավատի խորհրդանիշ` հայոց եկեղեցին:

 Նորովի կիրառելով Վերածննդի դարաշրջանի քանդակագործությունից մեզ հայտնի թերասության (non finito) սկզբունքը,  Սամվել Ղազարյանը հասնում է տպավորիչ արդյունքների` պատկերելով  թե’ Փոքր Մհերին,  թե’  Ծովինարին, թե’ դիցաբանական  մի շարք հերոսներին:  Ընդ որում,  այդ  ոճը նկատելի է նաև Սամվելի` “Սասնա ծռեր” էպոսի թեմաներով արված գրաֆիկական մեկնաբանություններում:     

Ստեղծագործական գործունեության վաղ շրջանից դեռևս Ս. Ղազարյանին գրավել է նաև երաժշտական թեմատիկան: Սովորաբար ճարտարապետությունն  են նմանեցնում քարացած երաժշտության: Մինչդեռ Սամվելը փորձել և հաջողությամբ է քանդակը վերածել ոչ միայն քարացած, այլև հնչող երաժշտության:  “Մեղեդի” կոչված մարմարակերտ արձանում, հեղինակը կարողացել է վարպետորեն համադրել բնական քարի և’ անմշակ և’ խնամքով մշակված մակերեսները: Իսկ թավջութակահարուհու դեմքն ինձ ավելի շատ թափանցիկ ջրանկար է հիշեցնում, քան սուր հատիչով տաշված սառը քարաբեկոր:

Արվեստագետի ամենահայտնի ու սիրված գործերից  է “Երաժիշտներ” եռյակը, որը ժամանակի ընթացքում մեկ` քարից է քանդակվել, մեկ` րոնզից, մեկ` հրակավից: Վերջինս, ներկայումս ցուցադրվում է Տրետիկովյան պատկերասրահում:

Նշեմ նաև, որ Ս. Ղազարյանն առաջիններից  էր, որ գործուն մասնակցություն բերեց Իջևանի քանդակի միջազգային  սիմպոզիումների կայացման ու զարգացման գործին:  Այս քաղաքի զբոսայգում հիմա էլ կարելի տեսնել, նրա` “Միայնակ հրեշտակը” գործն  ու  “Ծովինար” մարմարյա արձանը:  Մոտ հարյուր ցուցահանդեսի մասնակցած և երեք անհատական ցուցահանդես ունեցած քանդակագործի աշխատանքներից  որևէ  մեկը, սակայն մայրաքաղաք Երևանում տեղ չի գտել: Սա այն դեպքում, երբ նրա քանդակները ցուցադրվում են Էրմիտաժում, Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ մի շարք գործեր էլ  տեղադրված են Մոսկվայում, Բիշքեկում, Մոլդովիայում, Կանադայում և այլուր: Մնում է հուսալ, որ Մաշտոց պողոտայի հարևանությամբ նրա հեղինակած բրոնզաձույլ “Ադամն ու Եվան” գործը տեղադրելու  քաղաքային իշխանությունների ծրագիրը, վերջապես իրականություն կդառնա: