Նրանք, որ հաստատել են առաջընթացի չափման միավորը

Անդրանիկ Զորավարի մահվան օրն է այսօր:  Մեկ օր առաջ`  փետրվարի 23-ին նրա ծննդյան  օրն էր.  Նրանք ծնվել են նույն` Փետրվար ամսին:  Ծանոթացել են դեկտեմբերի սկզբներին, 1904 թվականին: Նրանց ծանոթացրել է Սաքո Ծովանյանը: Նա, ով հայտնի է Սևքարեցի Սաքո անունով: Անդրանիկ Օզանյան և Հովհաննես Թումանյան. Ծանոթության առաջին իսկ պահից է հաստատվել  ընկերական ջերմ հարաբերությունները։ Բայց սա մի բարեկամություն էր, որը պիտի վերանորոգվեր ու  ամրապնդվեր տարիներ անց` 1916 թվականից։ Նրանց` Ամենայն հայոց բանաստեղծի և Հայոց զորավարի մտերմության հիմքում  նախ` հայրենիքի ու հայության հանդեպ ունեցած անսահման սերն էր և երկրի ու ազգի  պատուհասած Մեծ Աղետների պատճառած տառապանքը, որը բաց վերք դարձած ոչ թե փակվում, այլ գնալով ավելի էր մեծանում, ապա` անհատական կերտվածքների ու անգամ բնավորության որոշ գծերի ու դրանց դրսևորումների ընդհանուր նմանությունները։ Շփոթ, Բարդ շրջան էր: Եւ Զորավարի վարքը միշտ չէ, որ հասկանալի ու բացատրելի էր լինում: Հովհ. Թումանյանը բազմիցս իր հրապարակային ելույթներով, ռուս, եվրոպացի և վրացի հեղինակավոր կամ պաշտոնատար անձանց հետ ունեցած ոչ թե պատահական, այլ նպատակային հանդիպումներով է աշխատել  զորավարի այս կամ այն որոշման, արարքի ու գործողության բուն իմաստը բացատրել ու նաև հերքել է նրա անվան շուրջ պարբերաբար հյուսվող ասեկոսեները, ստահոդ լուրերը և իրական դրդապատճառները մեկնաբանելով ու ճշմարտությունը վերհանելով է, ապացուցել միտումնավոր խեղաթյուրումների ու բամբասանքների սնանկությունը։ Այս օրերին երբ նշվում է Զորավար Անդրանիկի 150-ամյակը կրկին խոսվում ու գրավոր քննարկումների  թեմա են դառնում նրա իրադարձային համարվող գործած սխալները: Անշուշտ, դա պատմաբանների ու քաղաքագետների քննության խնդիրն ու իրավունքն է: Գնահատական տալն էլ, թերևս նրանց գործն է: Բայց հիշենք, որ  Թումանյանը նրա ժամանակակիցն ու բարեկամն էր: Թումանյանը երբեք, ոչ մի պարագայում մազաչափ անգամ չկասկածեց Զորավարի հայրենասիրության, հայրենիքի  ու հարազատ ժողովրդի հանդեպ ունեցած նրա նվիրվածության վրա: Բանաստեղծը գիտեր, թե թշնամական ուժերի հյուսվող ինչ ծուղակների, քաղաքական ինչ վայրիվերումների ու գերբարդ ինչ ժամանակերի լաբիրինթոսում էր գործում իր բարեկամ զորավարը: Եւ վստահում էր նրան: Դա փոխադարձ վստահություն էր, որի մասին են վկայում Անդրանիկի գրած նամակները Թումանյանին: Ժողովրդական հերոսի խոսքին ու գործունեության անվերապահորեն էր հավատում  բանաստեղծը: Այնքան, որ պատրաստ էր  ամենամեծ զոհաբերությանը` նրա կոչը անձնականացնելով: Այնպես, որ  հենց Անդրանիկի կոչին ընդառաջելով նրա տրամադրության տակ  դրեց իր ութ չափահաս երեխաներին՝ չորս որդիներին՝ իբրև զինվոր, չորս դուստրերին՝ իբրև գթության քույր։ Այդ որոշումը վավերացնող նամակը հայտնի է հանրությանը. տարբեր առիթներով հրապարակվել է մամուլի էջերում: Բայց վերընթերցենք Բանաստեղծի նամակը գրված Անդրանիկ Զորավարին: Որը Անդրանիկի կոչին խոսքային արձագանք չէ միայն, այլ մեծ զոհաբերում… ողբերգական հետևանքով:  Բանաստեղծի`Արտավազդ որդին, որ ընդամենը քսաներկու տարեկան էր, բայց հասցրել էր հանդես գալ որպես դրամատուրգ և թարգմանիչ, զոհվում է Մեծ Եղեռնից մազապուրծ երեխաներին փրկելու ժամանակ…  

Սիրելի Անդրանիկ
Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։
Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։ Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ  եմ գալու, 

Համբուրում եմ հերոսական ճակատդ,
Միշտ Քո Հովհաննես Թումանյան

Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես են կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է ՝ իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին

Ընդամենը մի անդրադարձ մեր մեծերի հարուստ կենսագրության մի դրվագին, որը  ամրագրում է այն ճշմարտությունը, որ Անհատի նշանակությունը  իմացվում ու կարևորվում է ոչ միայն պատմության մեջ, այլև  իր ապրած ժամանակներում: Նրանք  անհատական իրենց կերտվածքով ու գործով են հաստատել առաջընթացի, այսինքն ապագայի, այսինքն պատմության չափման միավորը: Սա է, որ չեն գիտակցում նոր ժամանակների տերերը ու կեցության նոր ձև, չափման բոլորովին այլ մի միավոր են ընտրել, որով հայտնի էլ  չէ, թե ինչ են  հաստատելու ...