ԷԺԱՆ ԿՏԱՄ, ԼԱՎ ԿՏԱՄ

Ինչպես հայտնի է էժան ապրանք առաջարկող թումանյանական հերոսը ոչ թե թափառական փերեզակ էր, այլ թագավոր, որը «մատնիք, մարջան, ապարաջան» առաջարկելով նաեւ խոստանում էր՝ «էժան կտամ, լավ կտամ», որպեսզի մարդկանց շուրջը հավաքի ու անմիջական շփման ընթացքում իմանա, թե ի՞նչ են մտածում նրանք երկրի թագավորի մասին... Մեր իշխանավորներն էլ են «էժան ու լավ» գնով ապրանք առաջարկում։ Միայն թե հիմնականում օտարին։ Եւ առուվաճառքով զբաղվելիս առանձնապես մտահոգված չեն, թե ինչ կարծիք ունի ժողովուրդն իրենց մասին։ Բարոյական չափանիշները հիմա ո՞վ է կարեւորում։ Կարեւորը ստանալիքն է։ Եվ քանի որ առաջարկվածն էլ մատնիք, մարջան չէ, այլ գնահատման անենթակա բարձր արժեք ներկայացնող, երկրի համար ռազմավարական նշանակություն կրող օբյեկտներ, ապա ակնկալիքներն էլ բնականաբար մեծ են լինոում։ Մանավանդ որ մերոնք «չարչի ախպոր» պես, ոչ թե ի լուր ամենքին հայտարարելով են ապրանք վաճառում, այլ թաքուն։ Եվ երբ արդեն պետականորեն կնքված է լինում գործարքը, նոր միայն այդ մասին տեղյակ են պահում հանրությանը։ Հավուր պատշաճի։ Սկզբում ԶԼՄ-ները հաղորդում են ազգիս համար խիստ շահավետ գործարքի մասին։ Որոշ ժամանակ անց նույն՝ լրատվական աղբյուրները շեշետադրումները փոխելով, արդեն ստույգ, իրական պատկերը ներկայացնող մանրամասնություններ են հաղորդում։ Եվ փաստի առաջ հայտնված ժողովուրդը եթե անգամ ընդվզում է, բողոքում , ապա նրա խոսքը ճիշտ եւ ճիշտ անապատում հնչող ձայնի է նմանվում։ Հետո դանդաղ մարում են ձայները ու կատարվածի հետ հաշտված մարդիկ կրկին համոզվում են, որ ծեծկռտուքից հետո բռունցք թափահարելն անիմաստ է։ Մարդկանց մեկ այլ՝ միամիտ հատվածին էլ թվում է, թե՝ վերջ, այլեւս ծախելու բան չմնաց։ Բայց պարզվում է, որ դեռ վաճառքի հանելիք «ապրանք», այդուհանդերձ ունենք։ Այսինքն, արդեն ծախվում է այն, ինչ ժողովուրդի մտքով անգամ չի անցնում, որ կարելի է վաճառքի ապրանք դարձնել։ Այն, ինչ գին չունի, որովհետեւ երկրի ու ժողովրդի սրբությունն է։ Ի դեպ, համատարած առուծախի թեժ շրջանում դառը կատակով ասվեց. «Մնում է Օպերայի շենքն ու Մատենադարանն էլ վաճառքի հանեն»։ Ասողները, չգիտեին, որ մեր իրականության մեջ այսօրինակ կատակները մատնացույց անելու պես մի բան է ... Վերջին ամիսներին հանրությունն անակնկալի եկավ, իմանալով, որ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը կամ որ ավելի ստույգ է՝ այստեղ պահվող բացառիկ ու եզակի նյութերն են առուծախի ենթակա ապրանքի վերածվելու վտանգի տակ։ Կառավարությունը պայմանագիր է կնքել Ամերիկայի Մինեսոտայի նահանգում գտնվող «Հիլլ» թանգարանի, ըստ որի... Իրականում դույզն իսկ հայտնի էլ չէ, թե տխրահռչակ այս պայմանագիրն ինչ բովանդակություն ունի կամ ինչ կետերից է բաղկացած։ Հայտնի է միայն, որ ըստ այս պայմանագրի պետք է Մատենադարանում պահվող բոլոր ձեռագրերը թվայնացվեն։ Ասում են, որ մեր ժամանակներում թվայնացնումն անհրաժեշտ մի ընթացք է։ Բայց այս գործն ինչու՞ էր պետք օտար երկրի հաստատության հետ իրականացվեր, հայտնի չէ։ Պետք չէ Կոնան Դոյլի հերոսի հատկանիշներով օժտված լինել, հասկանալու համար, որ օտար երկրի շահագրգիռ վերաբերմունքն ու մի քանի միլիոն ներդնելը նման մի ծրագրի իրականացման համար պետք է, որ անշահախնդիր չլիներ։ Երբ այս մասին բարձրաձայնվեց, երբ հասարակական աղմուկ բարձրացավ, ասացին, թե գործը սառեցվել է։ Այսինքն, ոչ թե անվավեր է ճանաչվել, այլ ժամանակավորապես հետաձգվել է։ Միամտություն կլինի կարծել, թե ահավասիկ հարցը դրական լուծում ստացավ։ Ի՜նչ ուզում ես բանավոր խոսքով հայտարարիր։ Օդում ասված խոսքը, օդավորված էլ կմնա։ Կարեւորը՝ պետական մակարդակով գրավոր կնքված պայմանագիրն է, որը կողմերից մեկին իրավունք է տալիս պահանջներ ներկայացնել եւ սառեցված գործը, նույնիսկ որոշ ուշացումով իրականացնել։ Առհասարակ, ձեռագրերը, մշակութային արժեքները թվայնացման ենթարկելը լուրջ խնդիր է, որին միանշանակ դրական կամ բացասական գնահատական չի տրվում։ Իզուր չէ, որ աշխարհի զարգացած շատ երկրներ, ասենք Ֆրանսիան, Իտալիան կամ նույն Ամերիկան զգուշավոր վերաբերմունք ցուցաբերելով, չեն շտապում այս գործընթացը սկսել։ Թեպետ պետք է նշել նաեւ, որ աշխարհում թվայնացման ենթարկված մի քանի արխիվներ, այդուհանդերձ կան։ Իրականում ի՞նչ է ենթադրվում այս թվայնացում ասվածի տակ. դա փաստորեն ձեռագիր նյութի թվայնացված լուսանկարն, որը թե՝ գունային, թե՝ ընդհանուր պատկերային նկարագրով առանձնապես չի տարբերվում բնագրից։ Թվայնացված ձեռագիրը շրջանառության մեջ դնելու հնարավորությունը բացառում է։ Բայց այն կայքէջում դրվելու դեպքում ձեռք է բերում ապրանքի հատկանիշներ։ Ձեռագիրը շրջանառության մեջ դնել անհնար է իսկ ահա սրա ֆայլը օգտագործման ենթակա է։ Մյուս կողմից թվային ինֆորմացիան անվտանգության եղանակներից մեկն է։ Ուրեմն, ի՞նչն է ալիքվող տագնապի պատճառը։ Թվայնացումը, փաստորեն արժեքավոր նյութերի անվտանգությունն ապահովելու մի ձեւ է։ Նման եղանակով արխիվները մայր հիմնարկից ոչ թե օտարում, այլ կրկնօրինակները տարբեր տեղերում պահելով, զգուշավոր վերաբերմունք են ցուցաբերում։ Լավ չէ՞։ Իհարկե, լավ է, բայց խնդիրն այն է, որ ըստ այս ծրագրի Մատենադարանի ձեռագրերը թվայնացվելով, երկրից դուրս է բերվելու։ Այսինքն, ամերիկյան Հիլլ թանգարանը նույնքան իրավունքներ պիտի ունենա հայոց մատենագիր ձեռագրերի հանդեպ, որքան եւ Մատենադարանը։ Սա մենաշնորհային-բացառիկ իրավունքները կորցնել է նշանակում։ Եվ չի բացառվում, որ եզակի գործերը կայքէջի վրա դրվելով ապրանքի արժեք ստանան։ Ուրիշ էլ ինչի՞ համար է ցուցաբերված հետաքրքրությունը, նյութական այս ներդրումների նպատակը։ Բայց նրանք առաջարկել են, չեն պարտադրել իսկ մենք մի քանի միլիոն ամերիկյան դոլարի դիմաց համաձայնել ենք մեր գանձերը դնել նրանց առաջ։ Իրականում այդ գումարը այնքան մեծ չէ: Այդքան փող ոչ թե դրսում, այլ ներսում ապրող մեր հայրենակիցների օգնությամբ էլ կարելի էր հայթայթել։ Մանավանդ որ սա հրատապ, առաջնային նշանակության խնդիր չէր երկրի համար, որ այսպես հապշտապ քայլեր ձեռնարկելու պահանջ դներ։ Ուրեմն, ինչու՞ են այսպես շտապել եւ Մատենադարանի տնօրենի թոշակի անցնելուց մի շաբաթ առաջ կնքել չարաբաստիկ այդ պայմանագիրը։ Պարզ է, Մատենադարանի տնօրենը ընդամենը ստորագրել է այն փաստաթուղթը, որը պատրաստել ու ներկայացրել է վերադաս մարմինը, այսինքն Կառավարությունը, այսինքն Գիտության եւ կրթության նախարարությունը։ Ենթադրվում է, որ վերադաս այս հաստատության ղեկավարը նույնպես շտապում էր, որովհետեւ առջեւում ընտրություններն էին եւ դեռ հայտնի չէր, թե դեպքերն ինչ ընթացք կունենային։ Նույն այդ պատճառով, նույն նախարարը հապշտապ վաճառեց Թերլեմեզյանի անվան Գեղարվեստական ուսումնարանի շինության տարածքը (տեղում էլիտար շենք պետք է կառուցվի), ու փոխեց տնօրենին, բայց սա արդեն ուրիշ թեմա է... Դառնանք համաշխարհային հռչակ ունեցող կենտրոնին, որի շուրջ ծավալված դեպքերը զարմանալի բացահայտումների տեղիք տվեցին։ Վերջին երկու ամսվա ընթացքում այս խնդիրը մնում է հասարակական ուշադրության կենտրոնում. հեռուստահաղորդումներ, հրապարակումներ, գիտական հաստատություններում հավաք- քննարկումներ կազմակերպելով։ Միայն թե այս ամենի արդյունքում նաեւ պարզվում է, որ որոշ անհատներ շահույթի որսին հետամուտ մտահոգությամբ են ասպարեզ դուրս եկել ... Ցավալի է, բայց եւ ակնառու, որ շնչակտուր աճապարանքով նոր աշխարհի արատը սկսել է վարակել նաեւ գիտության ու արվեստի ասպարեզի մարդկանց։ Նրանցից ոմանք սուր ճոճելով, փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե տեսեք, տեսեք եթե կա մեկը, որ պետք է փրկի ազգային գանձերը, ապա դա ինքն է կամ իրենց խմբավորման անդամը։ Միայն թե հասկանալի է, որ սա նաեւ հաշվողական վարժություն է, որը մեկ հարցական ու մեկ մեկնաբանություն չունի։ Աթոռի հարց կա։ Մատենադարանի տնօրենի տեղը թափուր է։ Կարծես թե լավ առիթ է ընտրակարգը փոխելու եւ այն «վերեւներից նշանակովի» պաշտոն դարձնելու համար։ Այն, որ հիմնախնդրի ու հարցական նշանների «երեսը բացելու» խիզախություն ցուցաբերած մարդկանց մի խումբ որպես թիրախ ընտրել է Մատենադարանը, այլ ոչ թե գործարքը նախաձեռնած նախարարությունը, արդեն իսկ դրա վկայությունն է։ Տարբեր տեղերում ելույթների, հեռուստաքննարկումների ընթացքում այս խմբի ներկայացուցիչները փորձում են համոզել հանրությանը, որ Մատենադարանի ներքին կառույցը նորոգման կարիք ունի։ Գուցե ասվածը ճշմարտության հատիկներ է պարունակում։ Բայց մեզանից ո՞վ չգիտի, որ մեր աշխարհում ճշմարտությունն էլ է դիմակ կրում։ Եվս մեկ անգամ շուռ է տրված գոյության ավազե ժամացույցը։ Եվ ի՞նչն է փոխվելու եթե հիշելով, մեկ անգամ էլ հիշեցնենք, որ տասնհինգ դար շարունակ քոչվոր-վաչկատուն ցեղերից, օտար զավթիչներից ինչպիսի զոհողությունների գնալով, գերագույն ինչ ճիգեր գործադրելով են փրկել մեր նախնիները այս ձեռագրերը։ Փրկել են պահել-պահպանելու, այլ ոչ թե օտարին հանձնելու կամ օտարի հետ համասեփականատեր դառնալու համար։ Ձեռագրերի հանդեպ ունեցած հայ ժողովուրդի վերաբերմունքի մասին իմացել են նույնիսկ նրա թշնամիները, որոնք հաճախ բռնագրավում, պատանդ էին վերցնում հենց այդ հարստությունը՝ հաստատ համոզված, որ ինչ գին էլ պահանջեն դրանց դիմաց ստանալու են։ Եւ իսկապես էլ հայերը անհրաժեշտ գումարը հավաքել ու ետ են բերել եզակի գանձերը։ Այս վարքն են ցուցաբերել նաեւ ոչ հեռավոր անցյալում ապրած Հարություն Հազարյանի, Վարուժան Սալաթյանի պես մեր հայրենակիցները, որոնք եվրոպական ու աշխարհի այլ երկրների աճուրդներից գնել ու Մատենադարանին են նվիրել հայոց ձեռագիր- մասունքները։ Այս ի՞նչ աստիճանի ենք փոխվել, որքա՞ն է ձեւախեղվել մեր ազգային նկարագիրը, որ ինքնակամ, մի քանի ղուրուշի համար կամավոր հրաժարվում ենք մեծ զոհողությունների գնով մեզ փոխանցված ժառանգությունից։ Բայց եթե խոսքը ազգային հարստության մասին է, ապա խնդիրը ազգովին պետք է լուծել եւ թույլ չտալ հակառակ բարիկադներում, բայց նույն նպատակին հետամուտ դրսի ու ներսի մարդկանց փոքրաթիվ խմբերին տիրանալ հոգեւոր մեր գանձերին կամ տնօրինել դրանց ճակատագիրը։ Նախնիներից ստացված հարստության պահպանումը համայն հայության խնդիրն է։ Թե՝ դրսում, թե՝ ներսում ապրող հայերին պատկան հարց է սա, որը լուրջ ու զգոն վերաբերմունքի պահանջ է դնում։ Միթե՞ խոսքի ու գործի հակադարձ համեմատականով, պաթետիկ ու վերամբարձ խոստումներով հայրենիք ու հայրենի արժեքներ են պահվում...