ԵՎ այսպես, վերջին՝ վեցերրորդ հանդիպում.
ՀՐԱՉ ԲԱՐԹԻԿՅԱՆ. - (1927-2011թթ)
Պատմական գիտությունների դոկտոր
1954-ին, մեկնեցի Պետերբուրգ և դարձա Հովսեփ Օրբելու ասպիրանտը, նրա համար բավական ծանր մի շրջան էր, նրան հեռացրել էին Էրմիտաժից ու նա ոչ մի տեղ չէր աշխատում: Եւ թերևս այդ պատճառով էր նաև, որ մեզ շատ ժամանակ էր տրամադրում: Մեզ, որ ասում եմ, ի նկատի ունեմ պատմաբան Գևորգ Տիրացյանին, որի հետ միասին էինք նրա մոտ ուսանում այն տարիներին: Խնդրեցինք, որ գրաբար պարապի մեզ հետ: Սիրով համաձայնեց: Պարապմունքներն անց էինք կացնում նրա տանը: Մեծ սենյակ ուներ՝ գրեթե դատարկ, առանց կահույքի: Գրադարանն էլ առանձնապես հարուստ չէր, որովհետև գրքերի մեծ մասը նվիրել էր Էրմիտաժին: Ասաց, որ գրաբարից թարգմանություններ պիտի անենք: Եւ զգուշացրեց. «Ոչ թե աշխարհաբար, այլ ռուսերեն: Քանի որ հինգ և քսաներրորդ դարերում օգտագործվող նույն բառերը տարբեր իմաստներ ունեն: Այդ պատճառով կարող ենք ոչ միայն հեշտությամբ սխալվել, այլև անճշտություններ թույլ տալ: Իսկ օտար լեզվով թարգմանելու դեպքում տեքստի ճշգրտությունը պահպանվում է»:
Հերթական այցերից մեկի ժամանակ Գևորգը եկել էր առանց գլխարկի: Ռուսական ձմեռվա տհաճ հետևանքների մասին հիշեցնելով, նեղսրտեց ու նախատեց Գևորգին: Տիրացյանն էլ կատակի տալով ասաց, թե Ռումինիայում, որտեղ ծնվել ու ապրել է մինչև հայրենիք ներգաղթելը, նույնպես ցուրտ ձմեռներ էին լինում և, որ ինքը կոփված ու ցրտադիմացկուն է: Հարցրեց՝ իսկ գիտե՞ք, թե ով է ամենից լավ գրել Դակիայի դաժան ձմեռների մասին: Չգիտեինք: Ասաց՝ Օվդիուսը: Եւ պատմեց Դակիայի ցրտաշունչ ձմեռվա «խենթությունների» մասին, չմոռացավ նաև ու առանձին հաճույքով ու մանրամասնորեն պատմեց, թե ինչպես էին դակերը գինի պատրաստում, ապա այն լցում տակառների մեջ ու ավելի թունդացնելու համար ձմռանը դնում դրսում, ու որոշակի ժամանակից հետո սառցակալած մասը դեն նետում: Միշտ էր այդպես: Կարողանում էր տհաճ միջադեպերը հարթել: Նաև աննշան թվացող միջադեպերը մեծ ընդհանրացումների հանգեցնելու, օգտակար խորհուրդներ տալու, նոր ու անսովոր «ճանապարհորդությունների» առիթ դարձնելու հմտություն ուներ: Նրա դասերը երբեք մեկը՝ մյուսին նման չէին լինում: Ամեն անգամ նրա տնից դուրս էինք գալիս ոգևորված, և մեր ուրախությունը բարձրաձայն արտահայտելով, խոստովանում էինք, թե ինչպիսի բախտավորություն է Օրբելու պես ուսուցիչ ունենալը:
Երևանում էի, երբ իմացա, որ հիվանդանոցում պառկած է: 1961 թվականն էր: Անմիջապես ինքնաթիռով մեկնեցի Սանկտ-Պետերբուրգ: Դա մեր վերջին հանդիպումն էր…
Վերջ. վեց պատում՝ Հովսեփ Օրբելու կերպարը նոր գույներով ներկայացնող խոսքային դիմանկար… Այն խորքով «տեսնելու» համար պետք էր ու պարտադիր էր, որ գնայի Ծաղկաձոր, որտեղ գտնվում է Օրբելի եղբայրների թանգարանը: Գարուն էր, ապրիլի երկրորդ կեսը… Ձյան խոշոր փաթիլները փորձում էին տեղավորվել ծաղկած ծառերի ճյուղերի վրա: Քամին, հերարձակ քամին քշում էր նրանց ու նրանց հետ պոկելով, տանում մանուշակագույնով երիզված ճերմակ ծաղիկները: Ձյան փաթիլները կես ճանապարհին հալվում, իսկ ծաղկաթերթիկները պատսպարվում էին թանգարանի շինության ձախ հատվածում տեղադրված մեծանուն եղբայրների՝ Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելիների արձանի վրա…




