ՔԱՈՍԻՑ ՀԱՐՄՈՆԻԱ

Որոնել ու գտնել կերպավորման հետաքրքիր ձևեր`զերծ մնալ դրանք նույնությամբ  կրկնելու գայթակղությունից և խույս տալ գեղարվեստական շտամպ երևույթից,-իր այս սկզբունքներին հավատարիմ մնալով է, ստեղծագործում քանդակագործ Սամվել Ղազարյանը: Ապրելով իր իսկ հեղինակած ձևակերտումների գեղարվեստական աշխարհում` նա այսօր էլ շարունակում է հաստատել միայն իրեն վերապահված տեղն արդի հայ կերպարվեստում:

Ս. Ղազարյանի քանդակները միավորվում են նախ` բնական նյութի (հիմնականում քարի),  հանդեպ ունեցած նրա երկյուղած վերաբերմունքով և առանձնահատուկ մոտեցմամբ: Քարը, նաև հրակավը, փայտն ու բրոնզը նրա համար հաճախ գործակից ու ստեղծագործական գործընթացի հավասար կողմ են: Արվեստագետը ոչ միայն չի երկնչում նյութի բնական տարերքից, այլ պահպանելով այն` փորձում է առավելագույնս օգտագործել դրա նախագծի ֆակտուրան գույնն ու լուսաստվերը: Նրան հաջողվում է նաև ճիշտ ու վարպետորեն պահպանել քարի անմշակ  ու մշակված ծավալների ընդհանուր հաշվեկշիռը` համադրելով դրանք և ստեղծելով «երկրորդ բնություն»: «Տիեզերքի և Քանդակի արարման ուղին նույնն է. Քաոսից` Հարմոնիա»,-քանդակագործի աշխատանքն այսպես է բացատրում Սամվելն, որն  ազատ է իր գեղարվեստական մտածողության մեջ և քանդակներին հաճախ մոտենում է իբրև գրաֆիկական թերթերի և գեղանկարչական գործերի: Տպավորություն ունեմ, որ հատիչը նրա ձեռքին վրձնի նշանակությամբ է գործում…
Խորապես ինտելեկտուալ և անսպառ երևակայության տեր լինելու, ինչպես նաև երևույթները փիլիսոփայորեն  քննելու հանգամանքը մեծապես նպաստել են, որ Ս. Ղազարյանը հաջողություններ գրանցեր միջազգային տարբեր ցուցահանդես-մրցույթներում: «Մրցույթները լավ դպրոց են»,- նկատում է արվեստագետը:
Տպավորիչ են հատկապես նրա մասնակցությունը Իտալիայի Ռավեննա քաղաքում պարբերաբար կազմակերպվող Դանթեին նվիրված բրոնզե քանդակի միջազգային բիենալեներին: Պայմանը` գեղարվեստական ձևերի նորովի իմաստավորում` Դանթեի «Աստվածային կատակերգություն» գրական երկի բարդ հյուսվածքին պլաստիկ լուծումներ տալու համար: Սամվել Ղազարյանի քանդակային մեկնաբանություններն առանձնացան հարյուրավոր մասնակիցների աշխատանքներից. 1992թ. նա ստացավ 10-րդ բիենալեի Գավաթ մրցանակը, իսկ 1994թ. և 1998թ. արժանացավ Ոսկե մեդալներին:
1998-ին, Սամվելը ներկայացրեց  «Ավետում» քանդակային կոմպոզիցիան: Մի թեմա, որի բազում և հետաքրքիր մեկնաբանություններով հարուստ են հայ միջնադարյան մանրանկարներն  ու որմնանկարները: Չնայած ժանրային և թեմատիկ սահմանափակումներին` մեր ժամանակակիցը համոզված է, որ «ոչ քանդակային թեմաներ չկան, ամեն ինչ էլ կարելի է քանդակել` լուծումները ճիշտ գտնելու դեպքում»: «Ավետման» համար լուծումը գտնված է խաչաձև կոմպոզիցիայի տեսքով: Եւ դա հստակ նկատվում  է թե’ դիմացից, թե’ վերին անսահմանությունից: Քանդակը «պատկերում է» այն պահը, երբ Գաբրիել հրեշտակապետն ավետում է Փրկիչի գալստյան  մասին:
Մեկ այլ նախագիծ` «Ես եմ աշխարհքի լոյսը» խորագրով, արվեստագետը ներկայացրել էր քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված մրցույթին` առաջարկելով երկֆիգուր խաչակերպ կոմպոզիցիա: Խաչի գաղափարը հատակագծում արտահայտված է գրանիտե չորս ողորկված սալերի համադրությամբ: Հորինվածքում Տիրամոր կուրծքը նմանեցված է հայկական եկեղեցու գմբեթի, որի կենտրոնից Սուրբ լույսը ներթափանցում է Աշխարհ` հայելակերպ բրոնզե շրջանակի միջով, որն արձանի կենտրոնական առանցքային դիտակետից ընկալվում է որպես պատանի Հիսուսի լուսապսակ: Հեղինակն իր այս աշխատանքը պատկերացնում է Երևանի Սբ  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջևի փոքրիկ հրապարակում, որի պատճառով էլ քանդակի ուրվագիծը համահունչ է նշված շինության ընդհանուր ուրվապատկերին:
«Ոչ քանդակային»  մեկ այլ թեմայի,  «Հայոց պատմություն» վերտառությամբ, քանդակագործն անդրադարձել է Մովսես Խորենացուն նվիրված հուշարձանի նախագծի մրցույթի առիթով: Հետաքրքիր է, որ այս գործն արձանագործը իրականացրել է չսահմանափակվելով  մեկ, թեկուզ և պատմական նշանավոր անձի կերպավորումով: Կլոր քանդակի սկզբունքով արված աշխատանքի բաձրակետը` Պատմահայրն է: Քանդակն,   ուրվագծով հիշեցնում է Արարատ լեռը, որի տարբեր կողմերում դրվագված են Նոյան տապանը, Հայկ Նահապետը, մեր հավատի խորհրդանիշ` հայոց եկեղեցին:
Նորովի կիրառելով Վերածննդի դարաշրջանի քանդակագործությունից մեզ հայտնի թերասության (non finito) սկզբունքը,  Սամվել Ղազարյանը հասնում է տպավորիչ արդյունքների` պատկերելով  թե’ Փոքր Մհերին,  թե’  Ծովինարին, թե’ դիցաբանական  մի շարք հերոսներին:  Ընդ որում,  այդ  ոճը նկատելի է նաև Սամվելի` «Սասնա ծռեր» էպոսի թեմաներով արված գրաֆիկական մեկնաբանություններում:
Ստեղծագործական գործունեության վաղ շրջանից դեռևս Ս. Ղազարյանին գրավել է նաև երաժշտական թեմատիկան: Սովորաբար ճարտարապետությունն  են նմանեցնում քարացած երաժշտության: Մինչդեռ Սամվելը փորձել և հաջողությամբ է քանդակը վերածել ոչ միայն քարացած, այլև հնչող երաժշտության:  «Մեղեդի» կոչված մարմարակերտ արձանում, հեղինակը կարողացել է վարպետորեն համադրել բնական քարի և’ անմշակ և’ խնամքով մշակված մակերեսները: Իսկ թավջութակահարուհու դեմքն ինձ ավելի շատ թափանցիկ ջրանկար է հիշեցնում, քան սուր հատիչով տաշված սառը քարաբեկոր:
Արվեստագետի ամենահայտնի ու սիրված գործերից  է «Երաժիշտներ» եռյակը, որը ժամանակի ընթացքում մեկ` քարից է քանդակվել, մեկ` րոնզից, մեկ` հրակավից: Վերջինս, ներկայումս ցուցադրվում է Տրետիկովյան պատկերասրահում:
Նշեմ նաև, որ Ս. Ղազարյանն առաջիններից  էր, որ գործուն մասնակցություն բերեց Իջևանի քանդակի միջազգային  սիմպոզիումների կայացման ու զարգացման գործին:  Այս քաղաքի զբոսայգում հիմա էլ կարելի տեսնել, նրա` «Միայնակ հրեշտակը» գործն  ու  «Ծովինար» մարմարյա արձանը:  Մոտ հարյուր ցուցահանդեսի մասնակցած և երեք անհատական ցուցահանդես ունեցած քանդակագործի աշխատանքներից  որևէ  մեկը, սակայն մայրաքաղաք Երևանում տեղ չի գտել: Սա այն դեպքում, երբ նրա քանդակները ցուցադրվում են Էրմիտաժում, Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ մի շարք գործեր էլ  տեղադրված են Մոսկվայում, Բիշքեկում, Մոլդովիայում, Կանադայում և այլուր: Մնում է հուսալ, որ Մաշտոց պողոտայի հարևանությամբ նրա հեղինակած բրոնզաձույլ «Ադամն ու Եվան» գործը տեղադրելու  քաղաքային իշխանությունների ծրագիրը, վերջապես իրականություն կդառնա: