ՕՏԱՐՎՈՂ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱԼՎՈՂ ԿԱՐՈՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼԻՍ

 

Գալ տարին Նկարչի համար հոբելյանական է։ Ուրեմն առանձնահատուկ  շուքով է նշվելու։ 2020-ի, ապրիլի 21-ը նույնպես առանձնահատուկ է, և  տարբերվում է նախորդ տարիներից։ Քանի որ արվեստագետը ինքնամեկուսացման մեջ է և  շնորհավորանքները հիմնականում հեռախոսով է ընդունելու։ Չնայած Ռոբերտ Էլիբեկյանը մարդկանց հետ հեռախոսով հարաբերվելու եղանակն այնքան էլ չի սիրում։ Զանգերն էլ, հատկապես ծննդյան օրը շատ ու անընդմեջ են հնչում։ Սովորաբար  այդ օրը նախընտրում է  գինի խմել հարազատ ու մտերիմ մարդկանց հետ՝ հին ու նոր  պատմություններով ու համով զրույցներով անցկացնել։ Տիկին Մարիի հետ իրենց  շենշող հարկի տակ հյուընկալելով կամ էլ քաղաքից  դուրս, շատ հետաքրքիր մի տեղ տանելով հյուրերին։ Միշտ տարբեր, միշտ  բացառիկ։ Այդպես է եղել տարիներ առաջ, տարիներ շարունակ։

 Այս անգամ ամեն ինչ ուրիշ է, և անսովոր՝ ոչ միայն նկարչի համար։ Քանի որ այս  ապրիլ ամիսը, կրկին նոր ու տխուր ևս մեկ  իրադարձությամբ է նշանավորվել մեր և ոչ միայն մեր պատմությունը։ Առեղծվածային, նենգ մի արհավիրքի ներկայությունն ապահովելով, որն աշխարհի բնականոն կյանքը խախտելով, մեզանում հենց ապրիլին «վերելք» ունեցավ։ Մեր լեզվապաշարը՝  կարանտին, ինքնամեկուսացում, կորոնավիրուս, համավարակ, թագավարակ, և չգիտես էլ ինչ բառերով հարստացնելով ու մեզ էլ ներփակ մի տարածության մեջ պահելով։   Նաև կաթվածահար եղած  երկիր մոլորակում անսովոր կյանքով, կաշկանդված ապրելու  պարտադրանքով։ Իսկ մարդիկ,  հատկապես  արվեստագետները ազատություն են սիրում։  Բոլորի պես Ռ. Էլիբեկյանն էլ է ստեղծագործելով  պահպանում իր ազատությունը։  Նաև լավատեսությունը։  «Այսօր միայն ունես հավատարիմ հիշողություն և ամայի օրեր».- Բորխեսի այս տողը ներկա ժամանակներում  ոմանց համար  կենսակերպի ճշգրիտ ձևակերպում է, ոմանց համար՝ մերժելի։ Ռ. Էլիբեկյանի համար մերժելի է։ Երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելուց օրեր առաջ՝ երբ  համավարակը հարևան երկրներ նոր էր հասել ու մոլորակի մի  մասն էր միայն «թագակիր»,  երբ  դեռ հույս էինք  փայփայում, թե այն մեզ շրջանցելով, մեր սահմաններից ներս  չի գա,   հարցրեցի  Էլիբեկյանին.

-Իսկ ի՞նչ է լինելու եթե մեզ էլ «այցելության» գա  էդ թագավարակ կոչվածը։  

-Այն, ինչ լինելու է, կլինի։

-Այսինքն, այնպե՞ս, ինչպես պարսկական հեքահայաթներից մեկում։

-Ո՞ր մեկն ունես ի նկատի...

- Այն, որ մի մարդու առաջ հայտնվելով,  հոգեառ հրեշտակն ասում է.   «Պատրաստ կլինես. էսինչ օրը, էսինչ ժամին գալու եմ քո ետևից»։  Եւ այդ պահից գիշերն ու ցերեկը խառնվում են մարդու համար։  Միտքը տենդահար մի պահ անգամ հանգիստ չի տալիս՝ փրկության ինչ-որ եղանակներ է հուշում, բայց տագնապն օր-օրի ահագնանալով, չի թողնում հարցի ճիշտ լուծումը գտնել,  մոլորեցնելու համար նրան, ով մահով է սպառնացել  իրեն։ Եւ միայն նախավերջին օրը, էս մարդը վերջապես որոշում է կայացնում։ Կարմրամաշկ  իր ձին թամբում,  հեռանում է հարազատ  տունուտեղից։ Մի ամբողջ գիշեր ու կես օր առանց դադար առնելու քշում է ձին։ Թեթևացած շունչ է քաշում միայն այն ժամանակ, երբ  ուզած տեղը  հասնելով, հանգրվանում է ընկերոջ տանը։ Երբ փառավոր ընդունելիությունից գոհ, համեղ  հյուրասիրությունից կուշտ ու  բարձր տրամադրությամբ  շրջում էր ընկերոջ  գեղեցիկ և ծաղկառատ պարտեզում, նրա առաջ հայտնվում է նա, ում «խաբելու» հույսով էր երկար իր ճանապարհն անցել։ «Օ՜, ինչպիսի անակնկալ,- ուրախ բացականչում է դիմացից եկող հոգեառը,- իսկ ես պատրաստվում էի դեպի քեզ բերող ճամփան մեկ անգամ էլ կտրել, քեզ տանելու համար։ Ի՜նչ լավ է, որ դու ինքդ ես շտապել ինձ ընդառաջ»։

- Հետաքրքիր պատմություն հիշեցրիր։ Այդպես է, մարդուս համար  անհասկանալի անդարձելի շատ բաներ կան։ Բնության մեջ անբացատրելի, չբացահայտված որքան  երևույթներ կան։ Աստծո գործերն էլ են շարունակվում անքննելի մնալ։ Նաև մարդն է անկանխատեսելի իր վարքով ու դրսևորումներով կյանքը բարդացնում։  Այդ ամենի  ականատեսն ու վկան ենք  ենք հիմա...    Բայց այս անգամ  էլ կհաղթահարենք, սա էլ կանցկացնենք։   

Մեզ թվում էր, թե քսանմեկերորդ դարում ապրող, զարգացման բարձր մակարդակի հասած երկիր կոչված մոլորակի տեր՝ մարդն է  ամենակարողը։  Պարզվեց, որ միֆ է, որ դեռ  փակուղիներ կան, և  դրանց առաջ հայտնվելով, մարդը ոչ միայն արագ շրջանցելու հնարը  չգիտի, այլև  այն կասեցնելու անհրաժեշտ  գործիքներն էլ չունի։ Կարանտին  հայտարարելուց օրեր առաջ  Ռոբերտ Էլիբեկյանը զանգել էր թոռանը, կրտսեր Ռոբերտ Էլիբեկյանին, և նրա օգնությամբ հավաքել էր  նկարելու պարագաները՝ նկարակալը,  ներկերը, վրձինները և արվեստանոցից՝ տուն տարել։ Արվեստանոց չգնալը նրա համար ծեսի պես մի բան է։ Բայց չգնալու որոշումն ինքն էր կայացրել...

 Կապը աշխարհի հետ հեռախոսն է դարձրել, իսկ բնության հետ՝ տնամերձ փոքրիկ այգին։   Այս տարի  պարտեզում գտնվող ծիրանի ծառերի բացված  թերթիկները ցուրտը խեղճացրել,  իսկ քամին խաբել, ուրախ ու խելահեղ պարի պտույտի մեջ էր առել նրանց և վեր տանելով,  ամպերի վրայով  սահեցրել՝ հողին հանձնելուց առաջ... Էլիբեկյանը  երկնային կապույտի մեջ ճերմակ  ծաղիկների այդ պարը չէ, որ նկարել է։ Իր տան առաջ բացվող վարդերի ցողի արծաթե արտացոլանքն չէ՝ «ընկած տերևի պես»  պատկերել, ոչ էլ իր  սիրելի սելկևելի ծառի պինդ ճյուղերը նրբորեն գրկած  կանաչ  տերևներն է «տեղափոխել» նկարակալին փակցված ստվարաթղթի վրա . . . Անտեսանելին է վերծանել այս օրերին։ Աշխարհի ժողովուրդներին ցավ ու հոգսի մեջ պահող Կորոնավիրուս կոչված երևույթի իր վարկածներն է  թեմատիկ ու կոմպոզիցիոն տարբեր լուծումներով ներկայացրել։ Երկիր մոլորակը բնակեցնող   մարդկանց դեմքերը դիմակների տակ պահող հրեշի աներևույթ «կերպարը» ներկայացնող   մի ամբողջ շարք  հեղինակելով։

-Գիտե՞ս  նման բովանդակությամբ գործեր ստեղծելու ոչ մտադրություն ունեի, ոչ էլ ցանկություն։ Ինքը եկավ ու իրեն պարտադրեց։  Ամեն մի նոր գործ սկսելիս, հանկարծ  հայտնվում էր։ Ամեն օր։  Այնքան, որ ուզում էի ազատվել նրանից։  Մի օր արթնացա ու ինքս ինձ  ասացի՝ վերջ։   Թեման փակվում  է, բայց  էլի չստացվեց։ Նորից հայտնվեց ու իրեն չպատկանող, նույն՝ կենտրոնական տեղը գրավեց...  Եւ դա իսկապես վերջին ամգամը եղավ։

Վերնագի՞ր։ Այո, կարծես բոլորը չէ, բայց վերջին շրջանում արված որոշ գործեր  վերնագրեր ունեն։  Ասենք «Խաչելիություն»,  «Մարիամ Աստվածածին», «Սալվադոր Դալի» և այլն... Թեպետ վերնագիրն ի՞նչ պարտադիր է այն մարդու համար, ով մի օր կանգնելու է նկարչի այս գեղանկարների առաջ, որոնք ապրված. անանուն զգացողություններից են ծնվել, մարդկային  վախերից, անծանոթ տագնապներից ու շաղ եկող տխրություններից են ծնվել, որոնք կյանքի օտարվող ուրախությունները և լռության  մեջ հալվող կարոտները փրկելու համար են ստեղծվել։