ԶՐՈՒՅՑՆԵՐ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻՑ. Արա Ղևոնդյան

     Երկու հին ընկերոջ զրույց... Եթե ընկերները ստեղծագործ հոգիներ են, ապա այդ զրույցներն արվեստագետին հաճախ ավելի լավ են նկարագրում, քան անգամ պրաֆեսիոնալ լրագրողի վարած հարցազրուցը (անգամ եթե հին ընկերը պրոֆեսիոնալ լրագրող է)։
     Զրույց վարելու հազար ու մի ձև կա։ Վերջերս բավական քիչ եմ լինում Վանաձորում, Արայի արվեստանոցում, որտեղ անց եմ կացրել կյանքիս, եթե ոչ ժամանակային, ապա բովանդակային մի հսկա հատված, ու համակարգչային այս զրույցը վարելիս մտովի շրջում էի վաղուց արդեն այնքան հարազատ գեղանկարների մեջ, ուր յուղաներկի անուշ հոտն ու ծաղիկների անկեղծ «հայացքը» միջիցդ մի հարվածով դուրս են շպրտում արհեստական ամեն բան։ Ու մենակ ես մնում հոգուդ մերկության հետ։ Ու միակ բանը, որով կարող ես ծածկել այդ մերկությունը, անկեղծ զրույցն է ու հին օրերի վերհուշը...

- Կտավներիդ մեծ մասը ծաղիկներով նատյուրմորտներ են ու բնության գրկում արված էտյուդներ։ Մի մասն էլ դիմանկարներ։ Ծաղիկն ի՞նչ է քեզ համար։
- Զրույց է... Դիմանկարի ժամանակ բնորդի հետ եմ զրուցում, բնանկարի ժամանակ անտառի, քար ու թփի հետ, ծառերի։ Ծաղիկներով նատյուրմորտների ժամանակ մի առանձին հաճույք եմ ապրում զրուցելիս... Ավելի ճիշտ դա զրույց չի, սխալ ասացի, մենախոսություն է... Ես լսողի դերում եմ։
- Զրույցը, երևի, նախապես սկսում ես մտքիդ մեջ, հետո ես անցնում գույն ու երանգի...
- Ամենը միանգամից է տեղի ունենում, երևի... Դա է, որ ստիպում է շարժվել, որ ձեռքդ լողա ներկապնակի վրայով ու կտավի... Իմ կարծիքով ստեղծագործողը պիտի լողա անօդ տարածության մեջ, սարքովի գործողությունները միայն կաշկանդում են ու հեռացնում ավելի լուրջ ու իրական բաներից։
- Ստացվում է, որ եթե մարդուն ճանաչել ես ամբողջ կյանքդ, բայց նկարելու ցանկություն չի առաջացել, ապա կարելի է համարել, որ այդ մարդը անհետաքրքիր է քեզ, թեև կյանքի մի մեծ հատված անցել եք կողք-կողքի... Եվ միանգամից մի հարց էլ. արդյո՞ք ցանկություն չի առաջանում զրուցել այն մարդկանց հետ, ովքեր արդեն ֆիզիկապես ներկա չեն այս աշխարհում, բայց իրենց ներկայությունն ավելի շատ է, քան շատ ու շատ ապրողներինը։
- Լավ ասեցիր, դժվար-թե ավելացնելու բան ունենամ։ Կարող եմ հարցը հակառակել. իսկ տարրօրինակ չէ՞, որ ամբողջ կյանքում մոտերքում ապրող մարդու մտքով էլ չի անցնի այցելել արվեստանոցդ, իսկ ՖԲ-յան անծանոթը մայրցամաք կհատի ու կգա... Կարող ես բոլոր հարևաններին ու ազգականներին նկարել, կամ՝ ոչ։ Ամբողջ խնդիրը ասելիքի մեջ է։ Գրողը հո չի նախատրամադրվում, որ իր պատմվածքի հերոսը անպաճառ պիտի իր մտերիմը լինի... Շարժիչ ուժը այլ տեղ է։ Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր արդեն հեռու են ֆիզիկապես... Երբ մեղմանում է կորստի ցավը, նրանք մեզ համար էլի կան, ապրում են, ուրիշ մայրցամաքում, բայց կան։ Մտքով նրանց հետ է մեր զրույցը՝ ամենաիմաստալից, թանկ ու անհրաժեշտ զրույցը։
- Հենց այդ զրույցը գույնի լեզվով պատմելու մասին եմ խոսում... Օրինակ եթե ես գամ արվեստանոց ու նատյուրմորտին նայելով հասկանամ, որ այստեղ դու զրուցել ես Լևոն Խեչոյանի հետ, այստեղ՝ Սարուխանի... Այսպիսի ընկալում ունեցող հանդիսատեսի, կամ արվեստանոց այցելողի մակարդակ երբևէ կունենա՞նք... Միգուցե արդե՞ն ունենք...
- Մի քիչ շեղվեմ։ Մինչ կստանայի հարցդ, ՖԲ-ի պատին մի կտավ տեսա։ Նստած կնոջ վրա կողքանց ընկած էր արևի ճառագայթը։ Նայելով հասկացա, որ այդ ճառագայթի խաղը՝ ուսին, կրծքին, կողի վրա, ստեղծագործող նկարչի ձեռքի գործ չի, այլ լուսանկարից՝ արտանկար... Զզվելի մի զբաղմունք, որը մի առանձին թեմա է...
Թանկ մարդկանց անուններ տվեցիր։ Քեզ հայտնի է, որ Լևոնից մի sms ունեմ պահած, որը ինձ համար մի վեպի խորություն ու արժեք ունի։ Հանդիսատեսի «բանը բուրդ» է... Ամեն մեկս առանձին գիտենք շոյել գիրքը, սեղանը, գրիչը, որին կպել են Մեծ Մարդիկ, բայց հավաքական առումով գավավիժվում է ամեն լուրջ ու թանկ բան: Արածիդ ամբողջ ծավալի ընկալողները քիչ են լինելու... Խնդիրը ավելի շատ մարդկային է, քան մասնագիտական: Երևի... Ու գիտե՞ս... Շատ կուզենայի, որ մեր զրույցը լիներ Ահնիձորի մոտ, վրանի ու խարույկի կողքը... Էդ հզոր էներգետիկ տարածում, ու լիներ պարզապես ընկերների զրույց, որը չի հայտնվելու ինչ-որ տեղ...

- Հիմի ի՞նչ ես ասում, գա՞մ, գնանք Ահնիձոր ։) Սա մեր զրույցն է, ամեն դեպքում, ուղղակի մեկ-մեկ հիշում եմ, որ լիքը չկայացած զրույցներ ենք թողել հետոյին, որոնք անդարձ կորել են, գոնե սա պիտի ապրելու իրավունք ունենա, պարտավոր է ապրել... Երբ նոր էի ուզում հարց տալ, մտածում էի, թե անպայման հարցնելու եմ, թե ի՞նչ է քեզ համար ծաղիկը... Ըստ իս՝ ուղղակի գեղեցկություն չի լինում, գեղեցկության հետևում խորհուրդ կա, որին մեր աչքը սովորում է, ու դադարում ենք ընկալել դրա հետևում թաքնված խորհուրդը, ասելիքը, հուշելիքը, իմաստը...
- Հա, էդպես է։ Որ էդպես չլիներ, ծաղիկի «իսկական սիրահարը» չէր գերադասի քիմիկատներով մշակած-թթու դրած վարդին՝ դաշտային կուսական ծաղիկներից։
- Քո կտավներից ո՞րն է, որ բոլորը սիրում են, բոլորին դուր է գալիս, իսկ քեզ՝ ոչ, կամ գոնե ոչ այնքան։
- Կան էդպիսի գործեր... Մեղք գործած չեմ լինի, որ ասեմ՝ դրանք չհաջողված, սիրտ ու հոգի չներդրած գործեր են... Մի էսպիսի խոսք կա, որ բարձր պրոֆեսիոնալ գործը նույնպիսի դիտողի կարիք ունի...
- Իմ կարծիքով 2010-2011-ին թվականներին քո մոտ անցում էր տեղի ունենում, որը դու միտումնավոր կասեցրիր։ Հետո դա նորից գլուխ բարձրացրեց 2012-2014 – ին, բայց դու այն գիտակցաբար նորից կասեցրիր։ Մենք մի թեթև խոսել ենք այդ մասին։ Բայց դու փակվեցիր։ Հիմա կասե՞ս ինչը քեզ խանգարեց...
- Հիմա չեմ հիշում խոսակցության նյութը, երևի աբստրակցիան նկատի ունես... Երբեմն զգում եմ դրա պահանջը, երբեմն՝ ոչ... Ամեն դեպքում ես դա անցում չէի անվանի։ Եսի՞մ, կյանք է... Լոռեցիք ասում են՝ «Հըլբաթ բարին էս էր»։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես էն մտքին եմ, որ տուն ունենք, ուր վերադառնում ենք... Հյուրանոցներում հյուր կլինենք, շքեղ տներում, բայց մեկ է՝ վերադառնում ենք գրողի տարած մեր բույնը։
Չէ՛, չե՛մ կարծում, թե հապաղել եմ... Միգուցե էդ տարիներին քիչ ուրիշ է եղել «սննդակարգս» ու հարյուր տեսակ ուրիշ գործոններ են եղել... Մխիթարվենք նրանով, որ հնարավորինս փորձել եմ ազնիվ մնալ մենությանս հետ։

- Մենք մի սովորություն ունեք, որը կարճ ձևակերպելիս հնչում է՝ «Գնա մեռի - արի՝ սիրեմ»։ Որտե՞ղ են այդ երևույթի ակունքները։
- Դե հիմա դա է իրողությունը։ Լավ ու վատի խնդիր չկա։ Մեռնողն ու սիրողը պիտի միշտ հիշեն դա։
- Մենք ավելի շատ դինամիկայի ժողվուրդ ե՞նք թե՞ իներցիայի։ Գիտես ինչ տխուր բան եմ նկատում, որը մեզանում չի փոխվում... Մտավորականներին անընդհատ ուզում են ինչ-որ կարևոր ԴԵՐ վերագրել, որը ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունեցող ժողովրդի հոգեբանություն չէ։ Մի քիչ այս մասին կուզեմ մտմտանք։
- Ակամայից հիշեցի առաջին խորհրդարանի առաջին գումարման նիստերը, երբ քննարկվում էր պետության խորհրդանիշների հարցը... Ողորմելի իրավիճակ. մեկն իրեն ճղատում էր, թե ինքը հիմնը կգրի, մյուսը՝ գերբը կնկարի, երրորդը դրոշի առաջարկ ունի, իսկ թե պետությունը ի՞նչ կշահի դրանից՝ թքած... Մտավորական ասելով արդեն չգիտենք էլ, թե ում նկատի ունենք... Շեղվենք քիչ ու միտք անենք, թե, օրինակ, շարքային ուսուցչուհին ինչի՞ դառավ ԳՄ անդամ, լավ ինչի՞... Ինչի՞ մի արհեստավոր, ում համար ստեղծագործական կյանքը կենսակերպ չէ, դառավ ՆՄ անդամ... Էսպես էդ մարդկանց խմբենք ու նրանց հանրագումարը գնահատելով՝ մտավորական անվանե՞նք... Չէ՞ որ մենք միշտ ենք հիացել Մեծերի չճկվող կերպարով, նրանց վարքով, համարձակությամբ, որոնց համար մեկ էին արքան ու ծառան... Հիմա վերը նշածներին հավաքեցինք մեր գլխին, անունները դրեցինք` մտավորական, ու ընկանք ...։
Չգիտեմ, ոչ մարդավարի դինամիկայի ազգ ենք, ոչ էլ՝  մարդավարի իներցիայի։

Այս զրույցից հետո Արային մի Ահնիձորի գիշերակաց եմ պարտք ու մի լավ դինամիկայի կենաց, թեև զրույցում շոշափվող խորքային խնդիրների և թեմաների մեծ մասը եղել ու մնում են արդիական, անկախ հեղափոխվել-չհեղափոխվելուց։ Ամառը գա՝ բարին հետը։