ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆՏՐՎՈւՄ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Մեր աշխարհի զգայական կերպարը կերտող արվեստագետներից  է Հարություն Խաչատրյանը: Ռեժիսոր է, որի հեղինակած ֆիլմերը ասելիքով վաղանցիկ չեն, ու  ենթակա չեն նոր ճշմարտություններով վերասրբագրվելու:

Վերջին` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»  կինոնկարը   վերհաստատում է` Հ. Խաչատրյանը այն ռեժիսորներից է, որը  հմտորեն օգտագործելով կինոարվեստի պաշարները, կարողանում է էկրանը դարձնել հսկայական կտավ ու  բազմաշերտ էջերով տեքստեր  «գրելով»  նշանի ու հնչյունի   զուգորդումով  ներկայացնել Ժամանակը, որպես Պատմություն...   Պատմություն, որի  էջերից մեկը` երկրից դուրս տանող ճանապարհներին հայտնված հայ մարդկանց  մասին է: Անմիջապես պետք է շեշտել նաեւ, որ հատկապես վերջին մի քանի տարիներին, ու հատկապես ներկա օրերին մեզանում առաջնային,  անգամ օրակարգային լայն հնչողություն ստացած այս  խնդրին նա անդրադարձել է դեռևս տասնամյակներ առաջ «Քամին ունայնության» կինոնկարը նկարահանելով: 1987-1988 թվականներին ավարտված վավերագրական  նկարով, սակայն արվեստագետն ասելիքը  չէր սպառել... Քանի որ,  «այն տան որդին է, որտեղից փախչում են իր եղբայրները», և  այս տողի հեղինակի` Հր. Մաթևոսյանի պես մտահոգված է, որ այսպիսով ահա` «Վտանգված է մեր գենեֆոնդը, ինչպես նաև` տարածքի այս փոքրիկ բեկորը, որ կոչվում է Հայաստան»: Իսկ որ ամենակարևորն է` հասկանալ էր ուզում:  Դրա համար իր տեսադաշտում, որ նույնն է,  թե կինոխցիկի սևեռուն «հայացքի» տակ պահելով իր հերոսներին,  հինգ, յոթ, տաս, քսան ընդմիջվող տարիների ընթացքում, նրանց կյանքի կարևոր ու անկարևոր էջերը պարբերաբար կինոժապավենի վրա առնելով, փորձում է հասկանալ, թե ի՞նչն է փոխվում այս մարդկանց կեցության, վարքի աշխարհընկալման, հոգեբանության  մեջ... Մարդկային նրանց կառույցը  կազմալուծվում, թե՞ նոր ձևակերտումների է ենթարկվում, ի՞նչ  ձգտումով ու երազանքով են Սիբիրում, Ֆրանսիայում կամ Կալիֆորնիայում հայտնված այդ մարդիկ  իմաստավորել իրենց կյանքը: Տարիներ շարունակ տեսախցիկով «հետևելով»  օտար եզերքներում դեգերող իր հերոսներին, Հ. Խաչատրյանը  առաջին կինոպատումով ներկայացնում է նրանցից մեկի, Հայկի` վերջին տասնամյակներին  ապրված կյանքի  դրվագները: Նրան թողնելով հանդիսատեսի հետ մեն-մենակ, առանց ակտիվ միջամտության, առանց մեղադրանքի ու առանց արդարացնելու: «Մի դատիր…» պատվիրանը հիշելով ու հիշեցնելով: Գուցե՞ հենց դրա համար է, որ Հայկի թվացյալ ինքնաբավության ու անվերջ փնտրտունքների արդյունքը տեսնողներիս մոտ ակամա ծագող` «լավ հանուն ո՞ր սկզբունքի, և հանուն ո՞ր ճշմարտության համար է մարդը հրաժարվել իր ծննդավայրից» հարցը, առանց մեղադրականի, բայցև կեցության անիմաստության, արժեքների համադրման ու բացասման մասին  տխուր մտորումների մղում: Քանի որ հայտնի է այլևս` նրա սպասումները չեն արդարացվել, ապրած  անցյալ ու ներկա կյանքի և ապագային միտված խոսքի միջև  ահռելի անդունդ կա, որի վրայով անցնելու ոչ ժամանակ է մնացել,  ոչ ֆիզիկական, ոչ էլ կամքի ուժ: Հայրենի եզերք վերադառնալու, երևակայական ծրագրերի ու իրականության միջև կապը իսպառ վերացված է: Ավարտուն:
Հետաքրիր է, որ իր ֆիլմերում խոսքը  մերժող  Հարություն Խաչատրյանը,  վերջին` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» նկարում թույլ է տալիս, որ այն շռայլ հոսք ունենա: Այնպես է թվում, թե ռեժիսորն այս անգամ ստեղծագործական սկզբունքից շեղվել է, ընդառաջելով այլաշխարհիկ ճամփաների խաչմերուկներում մոլորված իր հերոսին: Եւ մարդուն` իր հայրենակիցներին մայրենի լեզվով դիմելու, ինքնարտահայտվելու,  գուցե արդարանալու, նաև չիրականացվելիք երազանքների մասին մի վերջին անգամ բարձրաձայնելու, ու այսպիսով ահա` նրան հեռուներից տուն «դառնալու» վերջին մի հնարավորություն  ընձեռել...