ՀԻՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՔՈՒՆ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ՀՄԱՅՔԸ

 

       <<ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆՏԱՐԲԵՐ  ՄՆԱԼ ՄԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՊԱԳԱՅԻ Ու   ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՆԴԵՊ>>

 

«Արվեստ»ի հյուրասրահում   Երևանի պատմական Ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է.

 

 

Այն, ինչ կատարվում է  Երևանում  տասնամյակներ առաջ սկզբնավորված ու չընդհատվող գործընթաց է։  Տարիներ շարունակ մեզանում քաղաքի պատմական կենտրոնը պահպանելու գաղափարը մերժվել է։ Փաստ է, որ քաղաքային ներքին կառույցը,  պատմամշակութային ինքնատիպ նկարագիրն ու միջավայրն անխաթար պահելու  մակարդակով  մենք խիստ տարբերվում ենք քաղաքակիրթ երկրներից։ Նորը կառուցելու  համար մենք պարտադիր քանդել,  հիմնահատակ վերացրել ենք հին շենք-շինությունները։ Այժմ,  մեր այս՝ արտակարգ հայտարարված վիճակում էլ ենք շարունակում քանդել։ Քանդում ենք հատկապես քաղաքի կենտրոնը կազմավորող թաղամասերի  շենքերը՝ Երևանի կենտրոնը  կրկին  մեծ  շինհրապարակի վերածելու և հերթական «երկնաքերերով», հերթական անգամ սեպելու համար Թամանյանական  քաղաքի  շեշտադրված միջավայրը։ Այս ամենն արվել ու արվում է ճարտարապետների, մասնագետ-շինարարների, երևանցիների կարծիքները հաշվի չառնելով։ Քաղաքի բնակիչները այնպես չէ, որ չէին  ընդվզում։  Երբեմն բողոքի նրանց ձայնը այնքան հզոր էր հնչում, որ թվում էր, թե ուր-որ է արատավոր գործողությունների սկսված  ընթացքը կասեցվելու է։ Գոնե մի  անգամ։ Բայց չէ, hաղթողը  մեր ժամանակների հերոստրատ-հերոստրատիկներն էին միշտ լինում։   Հիմա ի՞նչ է լինելու...   

 

- Իզաբելլա, դուք Երևանի կենտրոնը ձևախեղելու տխուր իրողության ականատեսն ու այն կասեցնելու պայքարի մասնակիցներից եք եղել։ Եւ հիմա, երբ կրկին վտանգված է կենտրոնը,  ու մայրաքաղաքի Հանրապետության հրապարակին հարակից  «Ֆիրդուս» թաղամասի հնագույն շենքերն են սկսել քանդել Դուք  այդ մասին  բարձրաձայնելով, նաև  մտավորականներին դիմեցիք առաջարկ-պահանջ ներկայացնող  այսպիսի մի կոչով.

                   Դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները։

                    Չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը։

             Հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երևանի կենտրոն թաղամասի   կառուցապատման  հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ։

            Բաց մրցույթ հայտարարել և ընդունել «Ֆիրդուս» թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ։ 

Եւ այս կոչը, բավական մեծ շառավղով տարածվելով,  հին ցավերը վերապրելու հետ միաժամանակ   ոգևորության մեծ ալիք  բարձրացրեց ոչ միայն երկրում, այլև երկրից դուրս ապրող մեր հայրենակիցների մոտ։  Այս համատեքստում դիտարկվեց  նաև Ձեր այն  հայտարարությունը, թե՝ «Հիմա ավելի քան կարևոր է քաղաքացիական վերահսկողությունը և բոլորի մասնակցությունը»։ Ի դեպ, ստորագրահավաքին քանի՞ մարդ է արձագանքել։ Եւ ի՞նչ արդյունք է ակնկալվում։

 

—Շնորհակալություն խնդրին անդրադառնալու, հնարավորություն ընձեռելու ու հարցերի համար։ Այս պահին ստորագրահավաքին արձագանքել է 513 մարդ, բայց ցանկացողների հոսքը չի դադարում։ Դա վկայում է այն մասին, որ մարդիկ անտարբեր չեն մեր քաղաքի ապագայի ու ճակատագրի հանդեպ։ Կարծում եմ, որ նախկինում ունեցած կորուստները և դառը փորձը ևս շատ շատերի մոտ նմանատիպ կառուցապատման ու կառուցապատողների դեմ հակակրանք է առաջացնում։ Ոչ միայն ստորագրահավաքի, այլև  հանրային մոբիլիզացիայի գործիքներով հույս ունենք դադարեցնելու այս պահին «Ֆիրդուս» թաղամասում ընթացող ապօրինի շինարարությունը և նոր, բաց մրցույթով ընտրված նախագծի շրջանակներում թաղամասը վերակառուցել, արդիականացնել՝ պահպանելով պատմական շերտերը և քաղաքի պատմական ժառանգությունը։ Ինչ վերաբերում է քաղաքացիական զգոնությանը, ապա այո, ես կարծում եմ, որ այսօր ավելի քան երբևէ դա կարևոր և արդիական է՝ հաշվի առնելով կառավարության մտադրությունը լայնամասշտաբ շինարարական նախագծեր իրականացնել և դրանով ապահովել աշխատատեղեր և տնտեսական աճ։ 

 

- Համավարակի պարտադրած  աննոմալ այսպիսի մի իրավիճակում մայրաքաղաքի պատմական ժառանգության փրկության համար ձեռնարկված միջոցներն իրականացնելիս դուք վստահեցնում եք նաև, որ՝ «հիմա մենք ավելի հասուն ենք և ավելի ջահել, պատմությունը չի կրկնվի»։   Իսկ եթե  կրկնվի՞...

 

-Ցավոք սրտի, ապահովված չենք մեր պատմության ամենադառը էջերի կրկնությունից, սակայն ես վստահ եմ, որ շատ բան կախված է մեր քաղաքացիներից, մեր հետևողական ու բովանդակային առաջարկներից, հանրային մոբիլիզացիայից ու կառավարության հետ կոնստրուկտիվ երկխոսության հնարավորություններից։ Այս պահին ես տեսնում եմ բազմաթիվ, թե՛ հասուն և թե՛ երիտասարդ քաղաքացիների, ոլորտի մասնագետների, մտավորականության, սփյուռքի մեր ընկերների շատ մեծ  պատրաստակամությունը և վճռական դիրքորոշումը՝  ապակենտրոն գործողություններ, այս խայտառակ նախագիծը չեղյալ հայտարարելու համար ։     

- Իսկ  չկրկնվելու դեպքում  հնարավո՞ր է, որ հետագայում Դուք ու բոլոր նրանք, ովքեր գործուն մասնակցությամբ են մտահոգված Երևանի կենտրոնի պահպանմամբ ու բարեկարգմամբ,  անդրադառնաք նաև  Կոնդ թաղամասի առեղծվածային կենսագրությանն առնչվող   բարդ խնդիրներին։

 

- Վստահ եմ, որ այս ելակետային պայքարը, որը մենք տանում ենք գրեթե անդադար 2000-ականների սկզբից, պետք է վերաճի քաղաքային պլանավորման ու դրան հանրային մասնակցության ավելի ռազմավարական մակարդակի։ Կարծում եմ, վաղուց արդեն կարիք կա խնդրին նայելու Երևան քաղաքի համապարփակ զարգացման պլան ունենալու տեսանկյունից՝ ապահովելով մասնագիտական և հանրային լայն մասնակցությունը այդ գործընթացում։   

- Իզաբելլա, ևս մի հարց, որի մեկնաբանումը նույնքան կարևոր է այսօր. Խոսքը Գույքահարկին վերաբերվող  նոր օրենքի ընդունման մասին է, որը հուզմունքի մեծ ալիք է բարձրացրել մեզանում։

 

  • Անկեղծ ասած, շատ լավ չեմ պատկերացնում, թե փոփոխությունները ինչպիսի բնույթ կունենան, այդ թվում նաև ենթադրվում, քանի որ բազմաթիվ հարցեր բաց են մնացել հասարակություն համար։ Կարծում եմ, սա շատ նուրբ ու բարդ թեմա է, որը պարզաբանումների ու բազմաշերտ հանրային քննարկումների կարիք ունի։ Անընդունելի է այդ օրենքի ընդունումը covid-ով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում, առանց պատշաճ հիմնավորումներ ներկայացնելու ու հանրության ձայնը լսելի դարձնելու։