ՀՈՒԼԻՍՅԱՆ ԹԵԺ ՕՐԵՐԻ ԿԻՆՈՏՈՆԸ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը վաղուց արդեն տարվա ամենասպասված և ամենախոշոր մշակութային իրադարձությունն է մայրաքաղաքում: Այս տարի  հուլիսի 7-ից 14-ը նորից տոնական  էր Երևանը: Գուցե ավելի,քան անցյալ տարիներին. Պարզ մի պատճառով` 2013-ին «Ոսկե ծիրանը» նշում էր  իր տասնամյա հոբելյանը:

Ինչ խոսք, փառատոնը կրկին պահպանեց  ավանդական չորս մրցութային ծրագրերը` Խաղարկային, Վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» միջազգային և «Հայկական համայնապատկեր» համահայկական մրցույթները: 90 ֆիլմ` շուրջ 96 երկրից ներկայացվեցին 1200 հայտերից մրցութային ծրագրերում:  Իսկ ընդհանուր առմամբ՝ փառատոնային  օրերին  ցուցադրվեց  մոտ 200 ֆիլմ: Ինչպես արդեն նշել էինք գլխավոր մրցույթի ժյուրիի նախագահն էր  կինոաշխարհում հանրաճանաչ  դասական Իշտվան Սաբոն:
Ինչպես միշտ այս անգամ էլ  ֆիլմերի  ցուցադրությունները կայացան «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիայում: Հաճելի նորություն էր  բացօթյա ցուցադրությունները : Ամենահաճելի   անակնկալը. փառատոնի օրերին վերջապես իր իսկական առաքելությամբ  գործող  «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճն էր: Սա երևանցիների սակավաթիվ հաղթանակներից մեկը վկայող փաստ է, որ նաև ափսոսանքի զգացողություն առաջացրեց, հուշելով, որ ավելի շատ ճարտարապետական շինություններ կարող էին փրկել, եթե նույնքան պինդ ու միասնական լինեինք, ինչպես ամառային կինոդահլիճի պահպանման հարցում…   

Շառլի չմարող աստղը
«Ոսկե ծիրան»-10-ի  պատվավոր հյուրերից` ամենապատվավորը`  Շառլ Ազնավուրն էր: Պիտի կատակեր, երբ հուլիսի 7-ին, պաշտոնական բացման արարողությունից ուղիղ մեկ ժամ առաջ, իր իսկ անվան հրապարակում` կինոարվեստում ունեցած վաստակը խորհրդանշող աստղ տեղադրվեց: Ասաց. “Ամեն ինչ ունեցա կյանքիս ընթացքին, բայց հասակս չբարձրացավ, մնաց նույնը` միշտ”…  Չասաց, սակայն, որ այդ պարագան բնավ էլ չխանգարեց, որ նա մնայուն տեղ գրավի արվեստի աշխարհի հսկաների կողքին:  Եւ մինչ  հաջորդող օրերին նրա մասնակցությամբ ֆրանսիացի ռեժիսոր Դենի դե Լա Պատելերայի «Տաքսի դեպի Տուբրուկ» պացիֆիստական road movie-ն կինոնկարները դիտելը, փառատոնի հանդիսավոր բացման արարողության մասնակիցները տեսան Երևան կատարած նռա առաջին այցելությանը նվիրված վավերագրական ֆիլմը: Հավելենք նաև, որ Շառլի աստղը համալրեց նախորդ փառատոների ընթացքում նույն այդ տարածքում տեղադրված` Համո Բեկնազարյանի, Անրի Վերնոյի, Սերգեյ Փարաջանովի և Ռուբեն Մամուլյանի աստղերի բույլը:

Փառատոնի պատվավոր հյուրերը
Փառատոնի պատվավոր հյուրերն էին աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրը, կինոռեժիսորներ Իշտվան Սաբոն, Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Գոդֆրի Ռեջիոն, Ուլրիխ Զայդլը, Քշիշտոֆ Զանուսին, Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Պիետրո Մարչելլոն, Ռոման Բալայանը և այլոք: Այս ռեժիսորներից յուրաքանչյուրի հյուրընկալությունն արդեն իսկ պատվաբեր է ցանկացած փառատոնի համար: «Ոսկե ծիրանն» իր տասնամյա պատմության ընթացքում հյուրընկալել է 700-ից ավելի հեղինակավոր կինոգործիչների, քննադատների և տարբեր ընկերությունների ներկայացուցիչների: 

Փառատոնում ցուցադրվեցին հանրահայտ կինոգործիչների օսկարակիր ֆիլմեր
Հուլիսի 8-ին, ժամը` 19:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կայացավ հունգարացի նշանավոր կինոռեժիսոր Իշտվան Սաբոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների բացումը: Ցուցադրվեց  ռեժիսորի «Մեֆիստո» ֆիլմը, որը անցյալ դարի վերջերին (1982թ), արժանացել է «Օսկարի»` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Իշտվան Սաբոյին համաշխարհային ճանաչում բերած այս ֆիլմը գերմանական կինոեռապատման առաջին նկարն է: Եռերգության մաս կազմող մնացած ֆիլմերը` «Մեֆիստոն» (1981), «Գնդապետ Ռեդլը» (1985) և «Հանուսենը» (1988) արժանացել են տարբեր հեղինակավոր կինոփառատոների մրցանակներին: Փաստորեն փառատոնը հայ հանդիսատեսին` կինոյի պատմության համար կինոլեզվի զարգացմանը խթանող նշանակությամբ կարևորված  ֆիլմը մեծ էկրանին դիտելու հրաշալի առիթ ընձեռեց:

Մյուս հաճելի անակնկալը
Գերմանացի կինոռեժիսոր` կինոյի դասական Մարգարեթե ֆոն Տրոտայի «Հանա Արենդտ»` 2012-ին նկարահանված ֆիլմի երևանյան պրեմիերան էր: Մարգարեթե ֆոն Տրոտան կինոյի աշխարհ է մտել 1960-ականներից: Նա գերմանական կինոյի հայրերից մեկի` Ֆոլկլեր Շլյոնդորֆի կինն է, որն առաջին ֆիլմերը նկարահանել է ամուսնու համահեղինակությամբ: Ռեժիսորի նշանավոր ֆիլմերից են «Քրիստա Կլագեսի երկրորդ արթնացումը»(1978), «Կապարե ժամանակները» (1981, ֆիլմն արժանացավ Վենետիկի ՄԿՓ-ի գլխավոր մրցանակին, Իտալիայի կինոակադեմիայի գլխավոր պարգևին` «Դոնատելլոյի Դավթին»): «Հանա Արենդտ» պատմական դրամայի համաշխարհային պրեմիերան կայացել է անցյալ տարի` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Հարգանքի տուրք
«Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը  այս տարի նշեց  աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը;  Ի նկատի ունենալով այ փաստը. որ մեծահամբավ կոմպոզիտորը  երաժշտություն է գրել բազմաթիվ ֆիլմերի համար:  Այս ծրագրի շրջանակում  նշվեցին Ներսես Հովհաննիսյանի 75 և Արտավազդ Փելեշյանի 75-ամյա հոբելյանները:  Ն. Հովհանիսյանի մեծարման հանդիսությունը անցավ առանց հոբելյարի մասնակցության, քանի որ անվանի կինոռեժիսորը առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել հայրենիք ժամանել: Հուլիսի 9-ին` Մարգարետե ֆոն Տրոտայի «Հանա Արենդտ» ֆիլմի պրեմիերայից և նրա հետ կայացած հանդիպման ավարտից անմիջապես հետո` 21:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպումն ու նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Նկատի ունենալով Փելեշյանի բնավորության հանրային իրադարձություններից խուսափելու հատկությունը` սա, իրոք, յուրահատուկ կարևորություն ունեցող  միջոցառում էր:Մանավանդ որ այն Ա. Փելեշյանի ու հանդիսատեսի “երկխոսությամբ” նշանավորվեց…  
Հաջորդ օրը կրկին հանդիպում էր Ա. Փելեշյանի հետ: Այս անգամ նա հադիսատեսին ներկայացավ “էկրանից”,  Պիդրո Մարչելլո իտալացի վավերագրողի ֆիլմի շնորհիվ:  «Փելեշյանի լռությունը» այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսորի նկարահանած ֆիլմը, որը փաստորեն նշանավոր կինոգործիչի   դիմանկարը կերտելու փորձ է: Ի դեպ, նկարն այս  2011-ին ներկայացվել է Վենետիկի միջազգային  փառատոնում:

Ուլրիխ Զայդլի առաջարկած Դրախտը
Ավստրիացի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլը արդի  անդերգրաունդային կինոյի սկանդալային համարում ունեցող անհատականություններից է: Նա իր կինոուղին սկսել է վավերագրական ժանրի գործեր հեղինակելով, որոնց թիվն երկու տասնյակով է նշվում: Խաղարկային կինոյի դեբյուտը 2001-ին` Վենետիկի ՄԿՓ-ում ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած` «Տապը» ֆիլմն է: Հիշեցնեմ, որ Զայդլի «Ներմուծում-արտահանում» ֆիլմը 2006-ին «Ոսկե ծիրանին» արժանացել է գլխավոր մրցանակին: «Դրախտ. սեր» ֆիլմը 2012-ին Կաննի «Ոսկե արմավենու» հավակնորդ է եղել: Սա Զայդլի կինոեռերգության առաջին ֆիլմն է: Եռագրության մաս են կազմում նաև «Դրախտ. հույսը» (2012) և «Դրախտ. հավատ» (2013): Հուլիսի 10-ին,  «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի ունեցած Զայդլի սկանդալային կինոեռերգության առաջին ֆիլմի ցուցադրությունը: Փաստենք, որ կինոսրահում գտնվող  ոչ բոլոր հանդիսատեսները հաճույքով կամ մինչև վերջ դիտեցին այն: Ճաշակի հարց է...

«Ոսկե ծիրանի» վաղեմի բարեկամ Յոս  Ստելինգը
Կինոաշխարհում ընդունված է, որ ցանկացած փառատոն ունենում է իր ֆավորիտ ռեժիսորների ցանկը: Անշուշտ, կարելի է ասել, որ հոլանդացի Յոս Ստելինգը «Ոսկե ծիրանի» լավագույն բարեկամներից է: Հիմա նույնիսկ դժվարանում եմ մտաբերել, թե սա ռեժիսորի որերորդ մասնակցությունն է «Ոսկե ծիրան» փառատոնին: Նա նույնիսկ դասեր է վարել «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցում: Այս տարի Ստելինգը Հայաստանում էր` «Աղջիկը և մահը» դժբախտ սիրո ռոմանտիկ դրամայով:   

Փակման ֆիլմ
«Ոսկե ծիրանը» այս տարի, որպես փառատոնի փակման ֆիլմ ընտրել էր Սերժ Ավեդիքյանի և Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը: Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող կինոնկարում  հռչակասվոր  ռեժիսորին մարմնավորել է Ավեդիքյանը: Ֆիլմի  նկարահանման աշխատանքներն ընթացել են չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի համաֆինանսավորմամբ: