ՈՐՈՎՀԵՏԵւ ՆԱ ԳԻՏԻ ՍԻՐՈ ԱԿՈՒՆՔԻ ՏԵՂԸ

  Երբ   արվեստի այս կամ այն գործի թողած տպավորությունը  չի խամրում, այլ հակառակը։ Երբ  պարզում ես, որ ծանոթ- բարեկամներից շատերի համար է Վարդան Պետրոսյանի հեղինակային  վերջին ներկայացումը դարձել  արվեստային այն երևույթներից մեկը, որի շուրջ բանավոր և գրավոր քննարկումները դեռ շարունակվում են։  Երբ պատահաբար կարդում ես դերասանի ընկերոջ, արձակագիր Հովհաննես Երանյանի  հակիրճ   խոսքը և մտածում. «Ի՜նչ լավ է գրել, ինչպիսի   նուրբ դիտարկում ու  մեկնաբանություն։ Սա վիրտուալ տարածքում  երկար պիտի պահել»։  Եւ   Վարդան Պետրոսյանի վերջին՝ «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումից մեկ ամիս անց բառային մի քանի շտրիխներով տպավորությունների հոսքից առանձնացրած որոշ պատառիկներ էլ դու ես առաջարկում ընթերցողին։ Վստահ, որ   նման արձագանքները ուշացած չեն լինում։

    Տարիներ առաջ, մտերմիկ մի զրույցի ժամանակ Վարդանն ասել էր, թե ինքը դահլիճում ընտրում է մեկին և ներկայացման ամբողջ ընթացքում նրան է դիմում,  նրա հետ է խոսում։  Բայց այն, ինչ հիմա է ներկայացնում   «բանտի պատկերն» է։  Ժամանակակից աշխարհի բարոյականության մասին  է։  Եւ  դերասանը, որն «իսկական է, ինչպես բնությունը», որը ձևեր չունի, որի խոսքը անկենդան չէ, որը խաղի  մշակված տեխնիկա ունի և  կերպար չի խաղում   աշխարհի հետ  է երկխոսում։

Դահլիճում լույսերը մարում են, Հանդիսատեսի հայացքը սևեռված է բեմին։ Լարված  սպասում է։  «Սպասում» ասվածը,  մարդկային խտացված ապրումներ և զգացողություններ է ամփոփում։ Անտրոհելի... Աղոտ լույսի փունջը լուսավորում է  աթոռը և  գրեթե աննշմար տարածվում  բեմի վրա, որտեղ  պետք է հայտնվի  Արտիստը։ Բայց նա ,բոլորովին ուրիշ մի տեղից՝ դահլիճի խորքից  է գալիս։ Դանդաղ  քայլերով,  ոստիկանների ուղեկցությամբ մոտենում է բեմին։ Բարձրանում  է, նստում աթոռին և շարունակում իր կիսատ թողած պատմությունը։ Քիչ անց   հանդիսատեսի պոռթկուն ծիծաղը խլացնում է դերասանի խոսքը։ Իսկ նա շարունակում է խաղը, կարծես շտապում է,  որ  հասցնի  պատմել ճակատագրի մատուցած իրեն անծանոթ ու պարտադրված  փորձությունների մասին։    Այնպիսի տպավորություն է նաև, որ  բեմում նույն այդ վարկյանին  է  որոշել իր երգն ընդհատած տարիների կարևոր իրադարձությունները  խոսքով օղակել։ Դրանք  սենտիմենտալ կամ զվարճալի պատմություններ չեն, ոչ էլ  հոգի տաքացնող թանկ հիշողություններ։ Եւ  Վարդան Պետրոսյանի խոսքի արագ տեմպն ու ինտոնացիոն կառուցվածքը  միայն ուշադրություն չէ, նաև կենտրոնացում, նաև ժամանակ  է պահանջում  ներկայացման ռիթմից չշեղվելու, և  ոչ թե մեկ շաբաթվա, ոչ թե  մի  քանի ամսվա, այլ  մի քանի տարվա տխուր իրադարձությունների  «ականատես-մասնակիցը» դառնալու համար։

  «Երբ պատրաստվում էի մեծ ընդմիջումից հետո բեմ վերադառնալ, և պետք է մեկնեյի Միացյալ նահանգներ՝ իմ առաջին ելույթներին, հրաշքի պես մի բան կատարվեց. Ազնավուրը եկավ մեր տուն։ Անսովոր, իսկապես անսովոր  մի հանդիպում, որին մինչև օրս չեմ հավատում։ Կարծես ընտանիքիս հարազատ մեկը, կարծես իմ հարազատ քեռին էր... Նստած խոսում էինք, մեր ընտանիքների մասին էինք  պատմում իրար։ Ասես օրհնանք տալու համար, կանաչ ճանապարհ մաղթելու համար էր եկել։ Ահա իր այդ այցով ինձ ետ վերադարձրեց հայկական բեմ։ Նա, որ ներկա է մեր ամբողջ կյանքում»։

«Հիշում եմ կալանքի առաջին նոր տարին. Ընկերներս կիթառ էին ճարել, ուզում էին, որ երգեյի։ Երգելու սիրտ չունեյի, թոքերս էլ էին ջարդրտված, բայց տղաներն այնքան բան էին արել, որ ուզեցի վարձահատույց լինել։ Երգեցի «Լա բոհեմը»։ Երգեցի հայերեն՝ «Մեր բոհեմը»։ Լուռ լսում էին, ծխում էին և կարծես լաց էին լինում անարցունք»։

«Ցավն անխուսափելի է,  իսկ տառապանքը բնավ պարտադիր չէ»,- Բուդդան է ասում։ Բայց պատահում է այնպես, որ կյանքի դավադիր որոգայթի մեջ է հայտնվում մարդը և այն ժամանակ և՛ ցավն է անխուսափելի և՛ տառապանքը՝ պարտադիր։ Շվեյցարիայում ապրող բարեկամիս էի սպասում։ Ուշացած եկավ։ Երբևէ անճշտապահ չէր եղած։ Ասաց. «Կներես, Նուբարաշեն էի գնացել Վարդան Պետրոսյանին տեսնելու»։  Անակնկալ եկածիս առաջին՝ «Ինչպե՞ս է» հարցին, պատասխանեց. «Զարմանալի, զարմանալի... Անազատության մեջ ավելի ազատ է ու բարի, քան ազատության մեջ գտնվող մեզանից որևէ մեկը»։  Այդ պահին չէ, հիմա եմ ասում.   Որովհետև նա  գիտի  Սիրո ակունքի տեղը։

 ՄՀԵՐ ԲՐՈւՏՅԱն

                                                          *******

                                                      ՆՈւ՞ՅՆՆ Է ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 

…«չգիտեմ, թե ինչպես օգտակար լինեմ ընկերոջս, որին ճակատագիրն ու անհոգի հանրությունը սպանում է՝ կարեկցողի ու օրինապահության դիմակ հագած: Վարդանի վիճակը նաև երկրի փորձությունն է: Քեզ հույս ու ժպիտ բերելու Վարդան Պետրոսյանի տասնամյակների ճիգի ու անձնվիրության առաջ երախտամոռ մի եղիր, երկիր: Քո չեղած արդարադատությունը եղած ցույց տալու բազմաթիվ առիթներ ես ունեցել ու կորցրել, արդարադատության թատրոն մի սարքիր քո ամենաարժանավոր զավակներից մեկի գլխին»:
Այս տողերը մամուլում տպագրված իմ հոդվածից են, որ գրել էի ողբերգական ավտովթարից օրեր անց, երբ արդեն պարզ էր, որ բոլորը՝ երկրի առաջին դեմքից մինչև ՃՈ քննիչ, Արդարադատության նախարարից մինչև դատախազություն ու դատավորներ դերասանություն են անում, օրինապաշտ ու արդարադատ ձևանում, որ պատժեն,կոտրեն, ընկճեն ըմբոստ ու ազնիվ արտիստին: Վեց տարի է անցել: Վարդան Պետրոսյանը կրկին բեմում է, իսկ ներկայացման թեման մի կողմից իր անձնական ու մարդկային ողբերգությունն է, մյուս կողմից հենց այն «արդարադատության» մանրամասները, որով բարոյական խոշտանգման էր ենթարկվում դերասանը:
Տասը օր է անցել, որ տեսել եմ Վարդանի վերադարձի ներկայացումը, բայց գրել տպավորություններիս մասին չեմ կարողանում: Այս ներկայացումը որոշ իմաստով նման է նրա «Վերելքին», որի թեման Հայոց ցեղասպանությունն էր: Բայց եթե այնտեղ ազգային ողբերգությունն էր հումորի հետ թևանցուկ, այս մեկում՝ անձնականը: Գնացի դիտելու նրա «Իմ կիսատ թողած երգը» մտքիս «Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանի մի նախադասությունը. «Դահլիճում բոլորը ծիծաղում էին, իսկ ես լաց էի լինում»: Մտահոգ էի, թե Վարդանը լացելու առիթ է դարձրել իր կրած տառապանքը՝ ֆիզիկական ու հոգեբանական: Փառք Աստծո, որ այդպես չէր: Իրականում մի քանի անգամ հուզմունքը բռնեց կոկորդս, բայց դրանց առիթն արդարադատության այն սոսկալի վիճակն էր, որ տիրում էր մեր երկրում: Ուզում եմ ասել, որ դերասանին հաջողվել էր իր փորձառությունը դարձնել ընդհանրական, դարձնել երկրինը:
Պատահական չէ, որ մի քանի անգամ կրկնեց. «Աստված չանի, բայց դե մարդ ես, բոլորի հետ էլ կարող է պատահել»։ Հանդիսատեսին իր հետ բանտերի գարշահոտ միջանցքներով ու կեղծավոր, երեսպաշտ դատարաններով ման ածելուց հետո, արտիստը նրան չի թողնում անհուսության ու խավարի մեջ, իր հետ դուրս է բերում բանտից, տանում դեպի մաքրագործում: Նշանակում է արվեստը հաղթանակել է: Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ նախ ինքը հաղթեր, հաղթանակած դուրս գար բոլոր փորձություններից, ճակատագրի ու մահկանացուների լարած թակարդներից: Նո՞ւյնն է Վարդան Պետրոսյանը: Այս հարցն էր տանջում բոլորից շատ: Այո, նույնն է իր դրական անսահման էներգիայով, արտիստական զվարթ նկարագրով: Բայց և՝ նույնը չէ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ