ՈՉ ՄԵԿԸ ՈւՐԻՇԻ ԲԱԺԻՆ ԱՐԵւԸ ՉԻ ԽԼՈւՄ

 

Երբ հասկ է ասում,  մեզանից ամեն մեկին  ի նկատի ունի։ Երբ ասում է. «Արևը մեծ էր...» և « լույսը շատ էր» և «բոլորի  համար էր»,  ուզում է պարզ մի ճշմարտություն հասկանալի դարձնել։ Այն, որ ամեն մեկը ուրիշի չէ, այլ իր  բաժին լույսն է  ստանում ու արևի զուտ  իրեն հղված  շողերից է ջերմանում...          

 «... Արտը լուռ սպասում էր  արևի տակ։ Հասկերը կեցած էին ուղիղ-ուղիղ, ոչ մեկը ոչ մեկի արևը չէր խլում։ Արևը մեծ էր այդ արտի գլխին, լույսը շատ էր, յուրաքանչյուր գարեհատ ըմպում էր իր բաժին արևն  ու գնդում իր հատիկներն իր ներսում, և դրանից արտը ծայրեծայր շրշում էր ջերմ լույսի մեջ»։   

 Տեսիլք չէ, երազ չէ։ Ոչ էլ անրջանքի աշխարհ։ Իրական է ու քոնն է։ Դու ես շրշացող արտի միջինը... Եւ սա քո  հայրենի բնաշխարհի  խոսքային մի պատկերն է։ Սա քո հայրենիքի ու աշխարհի սրտի մասին  պատմող  քո գրողի   իմաստուն  ասքից քաղված   մի  քանի տողն  է։  Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» վիպակն  է, որի յուրաքանչյուր  պարբերություն բառային արժեք է ու  մեծակտավ գործ՝ գրականության և գեղարվեստի խամերուկում հայտնված։  Կյանքի, գոյության  օրենքները պարզաբանող   գեղարվեստական այլաբանություն է։  Կտակարանի  խորհրդանշական բովանդակության պայմանական  մեկնաբանություն է։ Խորհուրդ և ուղերձ  է։    Այն կարող էր վաղուց և  շատ վաղուց   նկարահանված ֆիլմ, գեղանկարչական  գործի հենք կամ  թատերական ներկայացում   դառնար։  Չէր դարձել։  Թեպետ շատ բեմադրիչների   երևակայությունն էր քրքրել։    Վիպակի հրատարակվելուց անմիջապես հետո   առաջին  առաջարկ ներկայացնողը  մեր  նշանավոր հայրենակից Ռոման Բալայանն է եղել։  Անվանի կինոգործիչը  տարբեր առիթներով և  բազմիցս  է ցավով խոսել  ստեղծագործական իր կենսագրության  սպիտակ թողնված այդ էջի մասին, որը   նրա խորին համոզմամբ՝ ամենանշանակալիցն ու արժեքավորն  էր լինելու։  Եթե թույլ տային, եթե չխանգարեին...   Կյանքի այդ շրջանին պարբերաբար ու դառնորեն անդրադառնալիս,  Ռ. Բալայանը  պարտադիր  և միշտ է շեշտում, որ  Հրանտ Մաթևոսյանը իր ամենասիրելի գրողն է։ Իր կուռքն է։ Առաջին ու երկրորդ չկա։ Կուռքերից մեկը Սերգեյ Փարաջանովն է, մյուսը՝ Հրանտ Մաթևոսյանը։  Նաև ասել է. «Ես կարդացել եմ հայ բոլոր այն  գրողների գործերը, որոնք թարգմանվել  են ռուսերեն։ Թող ներեն բոլորը և նրանք, ում գործերը ռուսերեն թարգմանված չեն, եթե ասեմ, որ  Հրանտից լավ հայ գրող չկա։ Նա ոչ միայն հայ, նա համաշխարհային գրականության մեծության գրող է։ Ես 1970 թվականից սկսած ամեն ինչ անում էի, որ Երևան տեղափոխվեմ և Հայաստանում ֆիլմ նկարեմ, բայց միշտ մերժում էին։ Չթողեցին, արգելեցին իմ մուտքը «Հայֆիլմ»։ Իմ երեք հայտը, այդ շարքում նաև Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» վիպակի հաստատված  կինոսցենարը,  «Հայֆիլմը» մերժեց։ Տասը տարի հետո միայն ասացին. «Արի՛, «Գոմեշը» նկարահանի»։ Բայց շատ բան   էր փոխվել, ես չէի  կարող, պատրաստ չէի անել  այն, ինչ տարիներ շարունակ երազել էի։ Մինչև հիմա ոչ միայն ափսոսում, այլև ցավ եմ ապրում, որ ժամանակին թույլ չտվեցին նկարահանել Հրանտ  Մաթևոսյանի «Գոմեշը»։ Եթե նկարահանվեր հիմա, ես Կուստուրիցայի կողքին կլինեի»։

  «Հայֆիլմի» դռները  փակ պահեցին նաև  Փարաջանովի առաջ։ Նրա մի շարք  «Արա Գեղեցիկ», «Սասունցի Դավիթ» և այլ սցենարները  մերժելով։  Իր ընտանիքի մասին պատմող   «Խոստովանանք» ֆիլմը նկարահանելու նրա երազանքն էլ անկատար մնաց։  Հիմա ուշ է, ու թերևս իմաստ էլ չունի պարզելով բարձրաձայնել, թե հատկապես  ով կամ ովքեր են  եղել արգելող-խոչնդոտողները։  Դրանից ոչինչ չի փոխվելու,  արդյունքն էլ նույնն է մնալու։  Տարիների խոտոր այդ ընթացքի  մեջ, այդուհանդերձ  «Գոմեշը» չմոռացվեց։ Ժամանակ առ ժամանակ տարբեր  խոսակցություններ, նույնիսկ այն  նկարահանելու լուրեր էին պտտվում՝  օտարազգի ու հայ  կինոռեժիսորների անուններ տալով։  Հետո կրկին լռություն էր տիրում։  Հրանտ Մաթևոսյանի  հարազատներն ու մերձավորներն այդ լուրերը  զուսպ, առանց ոգևորության լսում և սպասում էին...  

   Երևանի ամենահյուրընկալ տունը նրանցն  էր։ Ոչ այնքան  մեծ  բնակարանի, ոչ մեծ  հյուրասենյակի պատուհանից դեպի դուռ և հակառակը տանող կարճ տարածությունը մանրաքայլ անցնելու սովորություն ուներ տանտերը։ Երբեմն հենց այդպես ետուառաջ գնալիս  էր լսում կամ մասնակցում իրենց  հարկի տակ  սպասված կամ անակնկալ հայտնված հյուրի կամ հյուրերի խոսակցությանը։ Մեկ էլ կտրուկ կանգնում էր, ու  իր, կամ զրուցակցի խոսքն ընդհատելով,   թվում էր թե,   զրույցի թեմային այնքան էլ չառնչվող, մի բան էր ասում։ Բայց դա՝ առաջին տպավորությամբ։  

Մի անգամ  ինքն իր խոսքը կիսատ թողնելով, ասաց. « Գիշերը  զանգել էր, հարցնում էր, Հրանտ, մոշահավը ի՞նչ տեսակ  թռչուն է»։  Եւ առանց պարզաբանելու, թե զանգողն ու  հարց տվողն ով էր, շարունակեց.  «Գործը առաջ   չէր գնացել, ժամին չէր նայել, կամ տեսել բանի տեղ չէր դրել։ Մտքինը՝  տեքստին դիմադրող անծանոթ  մոշահավն է եղել։  Չեխիայից միջքաղաքայինով պատվեր էր  տվել,   համբերությամբ սպասել էր, որ Երևանի քնահարամ եղած հեռախոսավարուհին   կապ հաստատելով, ինձ էլ էդ ուշ ժամին  քնից հանի, որ ինքը ճշգրիտ իմանա,  թե մոշահավը  ինչ  գույն ու տեսք ունի, որ խմբին պատկանող թռչուն է։ «Մոշահավը, անտառային երգեցիկ թռչուն է»- բառարանային բացատրությունն իրեն չէր գոհացրել, ուրեմն։   Եթե ամեն մեկն  այսպես բարեխիղճ ու պատվախնդիր լիներ  իր գործի հանդեպ, եթե այդչափ  երկյուղած հարգանք ունենար մեկ ուրիշի բառի ու ստեղծածի հանդեպ»..Նախադասությունը կիսատ է թողնում։ Ես էլ իմ հարցն այլևս  չեմ տալիս, որովհետև արդեն  հայտնի էր, որ զանգողը չեխ հայագետ ու թարգմանչուհի Լյուդմիլա Մոտալովան է եղել։  Բացառիկ,  ոչ երկրային  նուրբ մի էակ,   որը   սիրված ու ճանաչված  էր մեզանում ոչ միայն իր  հրաշալի թարգմանությունների շնորհիվ, այլև  Հայաստանի  հանդեպ տածած իր քնքուշ սիրով, և իր  անկեղծ ու ազնիվ նկարագրով։   Գիշերային   զանգի մասին պատմող  Հրանտ Մաթևոսյանը  ուզում էր, որ  կինոյի ու  թատրոնի լեզվով   «թարգմանող»  ռեժիսորը, օպերատորը,  բեմադրիչն ու  դերասանը  իր ստեղծագործությանը, իր խոսքին վերաբերվեր  Լյուդմիլա Մոտալովայի պես, նրա խորիմացությամբ, նրա բարեխղճությամբ, նրա  բծախնդրությամբ,  նաև  հարգանքով, իսկ որ ամենակարևորն է՝ սիրով..

Հրանտ Մաթևոսյանի  գործերին ձեռք մեկնած կինոգործիչները գուցե թվարկված ոչ բոլոր, բայց հիմնական  պահանջները, հատկապես հարգանքն ու սերը պահպանելով են  նրա կինոսցենարները  նկարահանել։  Կինոարվեստի   բարձրարժեք  արտահայտություններ  ճանաչված  ու Կինոյի ոսկե ֆոնդում  պահվող ֆիլմերն արդեն իսկ  դրա խոսուն  վկայություններն են ։

 Եւ այդ հիմքով է, որ 2020-ին,  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրները խորին ակնածանքով  Շառլ Ազնավուրի հրապարակի՝  հայկական կինոյի մեծերի ճեմուղում տեղադրեցին  «ՀՐԱՆՏ ՄԱԹԵւՈՍՅԱՆ» աստղը։ 

 Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին նվիրված  գիշերային այդ  արարողությանը  թերևս ուրիշ հետաքրքիր նախաձեռնություններ էլ էին հետևելու,  եթե չլիներ համավարակ կոչվածի տհաճ ու կպչուն  ներկայությունը։   Պետք է ենթադրել, որ հենց սրա թելադրանքով ու պարտադրանքով  էր, որ մեծանուն գրողի  85-ամյա   հոբելյանը   մեծերին հարիր շուքով   չնշվեց։ Բարեբախտաբար կաշկանդող հանգամանքները  շրջանցողներ էլ եղան, որոնցից մեկը «Արմմոնո»  թատերական փառատոնի կազմակերպիչներն էին։ Օգոստոս ամսին մեկնարկած  «Արմմոնո - 2020» - միջազգային փառատոնը  Հրանտ Մաթևոսյանի  85-ամյա հոբելյանին էր նվիրված։

Զարմանալին այն է, որ  հենց այս անիրավ  տարին   դարձավ «Գոմեշը» ,  թատերավեստի լեզվով «թարգմանելու»   ժամանակը։  Կյանքի հանելուկներից մե՞կն է, թե՞ պատահականություն։ Դժվար է ասել։   Դավիթ Մաթևոսյանը  պատահական մի հանդիպման ժամանակ  Նարինե Գրիգորյանին առաջարկել էր  «Գոմեշը» կարդալ։   Թե՛ թատրոնում, թե՛ կինոյում ստեղծած  տաղանդավոր արվեստագետի  անհատական ձեռագիրը ճանաչող  Դ. Մաթևոսյանը, անշուշտ համոզված է եղել, որ  առաջարկն ընդունելու դեպքում արդյունքը ոչ միայն թատերական, այլև մշակութային մեր իրականության  համար է  երևույթ դառնալու։  Եւ քանի որ համավարակը ժամանակ հրամցնելու հարցում շռայլ է, ապա  Նարինեն օգտվելով տրված հնարավորությունից նորից  էր  կարդացել «Գոմեշը»։ 

 «Շատ  հուզվեցի։ Իսկ դա ստեղծագործությունն ընտրելու և իմը դարձնելու առաջին ազդակն է։ Թեև հասկացել էի, որ  այն  կինոլեզվով  պատմելն է լավը, բայց ես գտա  թատրոն բերելու բանալին»։ Հետո  ավելացրել էր. «Ես կրճատել էի  պատմվածքը,  բայց  չէի  բեմականացրել , չէի վերածել կերպարների։  Ես հենց Հրանտ Մաթևոսյանի կատարյալ տեքստն եմ ասում, որն  ինձ համար բնության աստվածային նկարագրությունն է։ Հզոր է։ Սեր է։    Բնությունն է, որը  մեզ տված Աստծո պարգևն է»...   

 Ինքն էր լինելու  բեմադրիչն  ու կատարողը, և  կենտրոնանալու, պատումի  փառահեղ տեքստը յուրացնելու և ողջ խորությամբ փոխանցելու համար,  ներկայացման կոմպոզիցիոն կառուցվածքը,   խոսքի տեմպն ու  ռիթմը դաշնակցելու   և  ասելիքը  ամբողջացնող  ամեն մանրուք աչքի առաջ ունենալով,  դասդասել, հաշվել, ու ինքն էլ իրեն երկու տարի ժամանակ էր տվել։  Նույն այդ   պատահականության շնորհիվ, կամ թե՝ հանգամանքների բերումով,   «Գոմեշը» բեմադրելու   գաղափարի, որոշված  ժամկետի   մասին Նարինեն պատմել էր  «Արմմոնո» միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին։  Եւ  Մարիաննան  ավելի լավ տարբերակ էր առաջակել՝ սահմանված ժամանակը  կարճել  և  հենց  «Գոմեշը» մոնոներկայացումով բացել  Հրանտ Մաթևոսյանի հոբելյանին նվիրված այս տարվա փառատոնը։ Եւ խոստացել էր  անմիջական  աջակցություն ցուցաբերել  ու գործի իրականացման համար  կազմակերպչական բոլոր հարցերը   լուծել։  

Այն, ինչ եղավ հետո արվեստային հրավառություն էր։  Մեզանում  դրական հույզերով հագեցած  նման  մթնոլորտ ու տոնական   տրամադրություն վաղուց չէր եղել։ Զգայական  նման ներգործություն  միայն  արվեստի իսկական  արտահայտությունը կարող  է թողնել։ Եղավ այն, ինչը   կանխավ գիտեր ու  գրավոր խոսքով պիտի  հաստատեր Դավիթ Մաթևոսյանը. «Սա մեծ գործ է, Սա մեծ գործի Հրաշալի բեմականացում է, որը երևույթ է դառնալու հայ բեմարվեստի իրականության և ապագայի համար...»   «Սա ճամփորդություն է դեպի ներս։ Հիմա ավելի քան երբևէ, ներս ու մեր շուրջը նայելու և տեսնելու ժամանակն է ...»,

 Սա ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի  հրաշալի  բեմականացումն է։   Սա  Նրա ու Դավիթ Մաթևոսյանի մեծ գործն է։  Նրա ու  տաղանդավոր  իր թիմակիցների՝ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանի, Թամար Բարոյանի,  Հայկ Իսրայելյանի ամուր հյուսվածքով կերտած  արվեստի  մնայուն արտահայտություն  է։ 

  Սա  ներկայացում է, որի առաջնախաղը   կայացել է, ոչ թե թատրոնում, այլ  Զուլում և Մուշեղ  Գրիգորյանների  արվեստանոց-թանգարանի բակում, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում։  Կար ժամանակ, երբ  այս  բարձունքից   քաղաքի կենտրոնն ու   Լեռն ընդգրկող  տեսարաններ էին բացվում։  Պատահական ընտրությա՞մբ է Երևանի  հնագույն  Սբ. Զորավար Աստվածածին եկեղեցու մերձակա այդ  հատվածը   դարձել  բարձր արվեստին հաղորդակցվելու վայր, հոգևոր, մշակութային արարողության  տարածք։  Ո՜վ գիտի։  Իրականությունն  այն է, որ հենց  այդ վայրում  է Նարինե Գրիգորյանը  անզուգական իր  խաղով ու  սրտից բխող  խոսքով  հանդիսատեսին տարել Հրանտ Մաթևոսյանի  աշխարհը։    

 Եւ «Սա դեպի ներս  ճամփորդություն»(Դ. Մ.)  լինելով հանդերձ, նաև վերադարձի  ճանապարհ է, որի անցորդը  «շուրջը նայելիս»  Սարն է տեսնելու։ Այն, որի «գլխին մի կտոր սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ։ Ամպի տակ հրճվում էր արտույտը։ Իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև»...