ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՅԼԱՓՈԽՎՈՂ ԴԵՄՔԸ

 

     Ցուցանակները սահմաններ սեպող ցեցեր չեն միայն, այլ թշնամու «ստեղծագործական մտքի» ցցուն արտահայտություններ։ Սա միակ բանն է, որ ազերը ոչ թե գողանալով է յուրացնում, այլ իր «ձեռագրով» է «կերտում» ու իր ձեռամբ,  իր նախընտրած վայրում տեղադրելով է հայոց երկրում ներկայություն հաստատում։ Սրանց կողքին  էլ՝ «Բարի գալուստ ազրբայջան» պաստառներով վահանակներն է  փայփայված երազանքի իրականացման  վկայություններ  դարձնում...   

                                                                          «ՆԵՐԻՐ ՄԵԶ ԱՐՑԱԽ»

    Մինչև պատերազմը Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում «Մենք Երախտապարտ ենք  Քեզ Հայ Զինվոր»   պաստառով ցուցանակ կար։ Պատերազմից հետո  քաղաքում  զոհված ու զինադադարից առաջ ու հետո գերիվարված  զինվորների  լուսանկարներով խոշոր, մեծադիր վահանակներ դրվեցին։    Մեծ են, որովհետև   թե հայրենիքի համար զոհվածների, թե անհայտ կորածների ու գերիվարվածների թիվն է մեծ...    Ավելի վաղ Հայկական երկրորդ հանրապետության անցակետի՝   «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» պաստառի բովանդակությունը սրբագրվեց։  Ապա՝  «Ներիր մեզ, Արցախ» գրությամբ նոր  վահանակը հայտնվեց...   Բայց դե այն, ինչ եղել ու արվել  է, խոսքով չէ, որ պետք է ներվեր։ Մանավանդ որ սրան հաջորդեցին  հայոց  սահմանների վերաձևման  գույժը  հաստատող նոր ցուցանակներ, որոնց  թիվն  օրեցօր սկսեց մեծանալ։ Տեղադրողը   հաղթանակ տոնած  թշնամին է, որի ուրախությունը տարօրինակ դրսևորումներով է ուղեկցվում։   Այդ երկրի նախագահն, օրինակ  հայատառ պաստառներով վահանակները տեղահան անելով, հայերի հասցեյին սպառնալիքներ հնչեցնող տեքստեր հնչեցնելով   էր իր  հրճվանքն  արտահայտում։   Տեսախցիկի առաջ տեղաշրջված վահանակը ոտքի տակ տրորելով,  մատը դեպի «Հայկազյան»-ի  հողատարածքները  մեկնելով, զայրացած գոչում էր. «Մերն է, մերն է ու մերն է եղել միշտ»։ Արցախի տարածքներով «շրջապտույտի» ելած Հ.Ա. -ն ավտոյի պատուհանից հեռուներին նայելով, «մարգարիտներ» էր շաղ տալիս, խոսելով այն վայրագ ավերածությունների մասին, որոնք իրականացրել են հայերը  տասնամյակներ շարունակ  իրենց պատմական հայրենիքի ծաղկուն  հատվածում։

   Իրենք` իրենց  դրոշը հայկական բնակավայրերի քաղաքների ու գյուղերի  շինությունների վրա ամրացնելուց  առաջ  պոկում են  հայագիր ցուցանակները  ճիշտ նույն  չարությամբ, ինչպես ոչ հեռավոր անցյալում   ոչնչացնում էին հայկական  մշակութային  արժեքները։ Հիմա  արդեն այդպես չեն անում։ Սովորել ու  հետևում են իրենց ավագ եղբոր գործելաոճին։ Հայի ստեղծագործական մտքի արտահայտությունները «հիմնավոր փաստարկներով»  ամրագրելով են,  յուրացնում։  Ընդ որում,  դրա համար   ջանք ու գումար չեն խնայում։  Նախ չեն զլացել և   ուսումնական ծրագրեր կազմելով, բուհերում պետական պատվերի շրջանակում ընդունելություն կատարելով, հայագետության տարբեր ոլորտներում  խորանալու համար մասնագետներ  են  պատրաստել։   Հստակ նպատակ ու գործելու ուղիներ են նախանշել   և  տասնամյակներ  շարունակ աշխատել։ Լավ չէ, գերազանց  են աշխատել։  

                          «ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ ՍԻՐԻՐ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԱՅԴ ՍԻՐՈՒՑ ՎԱԽԵՆԱ ԹՇՆԱՄԻԴ»     

     Հզոր պայթյուն.   Ներքի՞ն պայթյուն է, թե՝ արտաքին։ Ի՞նչ կարևոր է, թե ինչպիսի։  Երկու դեպքում էլ փլուզում է։ Մարդը՝ փլուզվում է։ Երկիրը՝ փլուզվում է։ Հայրենիքդ   անարգված,  բզկտած...  Երկիրդ՝ վեր ու վարից  պատռված է։ Զինադադար է, իբրև թե։ Զոհերի թիվը գնալով, մեծանում է։  Բայց նրանց կենդանի ներկայությունը մեզ ուրիշ իրականություն է պարտադրում։ Նրանք մեզ չեն լքել։  Նրանք՝  երկնի կապույտ ծիրից  նայող մեր զավակները,   հողը  գրկից բաց  չթողած մեր տղաները  երկիրը  հանձնելու համար չեն  հայրենի հողին ամուր փարված մնացել... 

        -Վանը Թուրքիայու՞մ է։

             -Չէ, թուրքերն են Վանում...

Այս հարցուպատասխանից մեզ իսպառ ազատելու համար էր՝

Լեոնիդ Ազգալդյանը ասում . «Ես ընկնելու եմ Ստամբուլի մոտ»։

Մոնթե Մելքոնյանը օտար եզերքներից  գալով ու հայրենիքի համար  պայքարելու ընթացքում հավաստեց. «Դժվար էր մեր ուղին, բայց  մեր նպատակը վեհ էր, իսկ նպատակին հասնելու ուղին հաղթանակն է։ Մենք իրավունք չունենք այս անգամ պարտվելու։ Մենք պետք է հաղթենք»։

Դավիթ Սարապյանը, Հադրութի Տող գյուղից  թշնամուն քշելուց  հետո.  մորն ուղարկած երկտողում գրեց.  «Քո ծննդավայրն ազատագրեցինք, հիմա պետք է   ազատագրենք հայրիկի հայրենի քաղաքը՝ Էրզրումը»։  

Արցախյան գոյամարտում կյանք զոհած ու ողջ մնացած մեր հերոսները  Արցախի  անկախության համար պայքարելիս արդեն  Արևմտյան Հայաստանի  տարածքները ետ բերելու մասին էին մտմտում։ Եւ այդ մասին նաև բարձրաձայնում էին։ Նրանց  վստահությունը, թե՝  Արցախի գրավյալ տարածքները ետ բերելուց հետո  երկրի կորսված արևմտյան հատվածն  ենք   ազատագրելու,  փոխանցվել էր շատ-շատերին։  Մենք սկսեցինք  հավատալ, որ մեր երթը այդու հաղթական  է լինելու ու   նոր սերունդը «կորուսյալ երկիր» բառակապակցությունը պատմությանը պահ տված էջերում է  կարդալու։  Կասկածի նշույլ չունենալով, որ  21- րդ դարում սանձազերծված նոր պատերազմը   հենց  այդ սերունդի  կյանքի ճանապարհն է հատելու...

 

                                                      «ԵՍ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔՈՎ ԿԳԱՄ ՏՈՒՆ»

 

 «Երկիրը սեր է, հողը՝ կյանք» -  Երևանի կոնսերվատորիայի ուսանող, Թուրքիայում կատարողական արվեստի միջազգային մրցույթում «Գրան պրի» մրցանակին արժանացած Գոռ Թումանյանի  երգն է, որը ոչ թե բեմում, այլ խրամատում  է կատարել։ Զոհվելուց առաջ.

                    Կներես դու ինձ մամ, քո որդուն,

                    Թե կռվից ես չգամ, քո համբույրը չզգամ,

                    Ես խաղաղ երկնքով կգամ տուն...    

 Իսկ  նրա մայրը աղոթում է, ինչպես բոլոր  մայրերն են աղոթում իրենց զավակների համար։ Եւ շարունակում են  աղոթել ու ոչ միայն սեփական զավակի, ոչ միայն զոհված, այլև գերիվարված, այլև անհայտ կորած բոլոր հայորդիների համար,  բոլոր հայուհիններն են աղոթում, և  սպասում են, և սպասելու են...

 Նորից մեր դիմաց  Ճակատագրի սև շունն է  ( իզուր չէ, որ  Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ Պիտեր Բալաքյանը իր գրքի համար հենց այս խորագիրն է ընտրել) հայտնվել... Չգիտես, թե երբ ու ինչպես ենք  այս շան ներկայությունից   ազատվելու։  Եթե Մեծ հաղթանակը տեղը՝ տեղին,  ընդունված կարգով, ինչպես  հարկն է ամրագրվեր։   Եթե  ոչ  միայն սեփական, այլև երկրի բարեկեցության մասին հոգային  պետության ղեկին հայտնվածները ։  Եթե  սին հույսեր փայփայելով, միամտաբար չմտածեյինք,  թե ժամանակները փոխվել են, և   քաղաքակիրթ ու զարգացած աշխարհում ենք ապրում և  մեզ բնաջնջելու  ծրագիրն անթաքուն պահող ցեղախումբն այլևս չի հանդգնի  այն իրականցնելու համար  նոր և նվաճողական ծրագրեր մշակել։ Բայց մշակել էին ու հարմար  պահը որսալով,  հարձակվեցին։ Եւ  մեզ հետապնդող՝ «Վանը Թուրքիայու՞մ է»  հարցն ու հայտնի պատասխանը նորերով   հավելվեց։ Հիմա  թուրքը նաև Արցախում է, նաև Սյունիքում է, նաև...  Եւ   հայտնի էլ  չէ, թե նրա՝  «Բարի գալուստ ազրբայջան» բարբաջանքով ցուցանակները, հայոց երկրի էլ որ բնակավայրերում են   «բուսնելու»։ Հայտնի չէ նաև, թե թշնամի երկրների գործողությունները կասեցնող ինչ   միջոցներ են  մեզանում ձեռնարկվում։ Հայտնի չէ, թե աշխարհաքաղաքական ձևակերտման ներկա համապատկերում մեզ ինչ է սպասվում: Մեր սայլը ինչպես հայտնի առակում առայժմ  տեղից   չի շարժվում այնպես, որ տեսանելի լինի մեզ, և ոչ միայն մեզ համար։

 Մեր պատմական ընթացքի քաջ գիտակ  Լևոն Խեչոյանը համոզված էր, որ «Եթե դարերի միջով հետևենք հայրենիք կորցնելու ենթագիտակցական վախի ելևեջները, կտեսնենք՝ սարսափը ընդհանրապես մեզ չի լքել։ Ես չեմ հիշում որևէ մի ժամանակ եղած լիներ, անգամ ամենաբարձր մտավոր պայծառությամբ օժտված հանճարեղ մեկը, որ կարողանար խաղաղության մեջ ապրել, չվախենար թաշկինակի չափ մնացած երկիրը կորցնելու մտքից»։ Երկիրը կորցնելու վախը պետք է մեզ միավորեր, այլ ոչ թե տարբեր խմբավորումներով բաժաներ։ Մասնատվածներին հեշտ են հաղթում։ Հայտնի ճշմարտություն է։

Անցյալ դարասկզբին,  հայրենիքի պաշտպանության համար մարտնչող հայդուկների կարգախոսն էր. «Նամարդ է նա, ով զարնվի»։ Մենք այսօր նաև այս խնդիրն էլ ունենք՝   ՉԶԱՐՆՎԵԼՈՒ։   «Թաշկինակի չափ մնացած երկիրը»  մասնատելով ու  ծվենների վերածելով,  թշնամու առաջ  դռներ  չբացելու  և  ամուր մնալու խնդիր ունենք։ Անելիք ունենք։   Նաև պարտավորվածություն՝  հաղթած պատերազմում  ու պարտված պատերազմում  մեր  անմահացածների հանդեպ։    «Վերջին սամուրայի» հերոսի օրինակին հետևելով.   

-Պատմիր, թե նա ինչպես զոհվեց։

-Ես կպատմեմ, թե նա ինչպես կռվեց։