ՄԵՐԺՎԱԾ ՀԱՂԹԱԹՈւՂԹ. «ԿԱՐԵՎՈՐԸ ԽՈՍԵԼԸ ՉԷ, ԿԱՐԵՎՈՐԸ ԳՈՐԾԵԼՆ Է»

   

     Սա իրական պատմություն է  հուսահատության մատնված մարդու հաղթանակի մասին։ Նա չգիտեր էլ, որ հուսահատությունը չարության կարևոր խորհուրդներից մեկն է, որին միայն մերժելով կարելի է հաղթել։ Պարզապես հուսահատությանը տրվելու ժամանակ չուներ։ Հրատապ խնդիր ուներ լուծելու։  Փակուղու առաջ էր հայտնվել, որից դուրս գալու համար պետք է  պայքարի մի  հնար գտներ։ Եւ  գտավ ու նրան հաջողվեց ոչ միայն  հարազատների  թանկ ու սիրելի գոյության միջոցներն ապահովել, այլև իր կյանքը  փրկել։ Դա արեց ոչ թե քաջությամբ  մարտնչելով, այլ սեփական կարողություններն ի հայտ բերելու կամք ցուցաբերելով։

    Այսպես էլ է կարելի հաղթել։ Մարդը դպրոցի դասատու էր և չի բացառվում, որ  հիշել էր՝ «Կարևորը խոսելը չէ, կարևորը գործելն է»,- հին հռոմեացիների կարգախոսը։  

                                                                                                                                   ****************

Քառասունամյա ուսուցիչի մոտ չարորակ  քաղցկեղ հայտնաբերվեց։ Բժիշկը մեկ տարվա կյանք երաշխավորելով, ասաց, որ վիրահատման անենթակա  գոյացում է։ Ուսուցիչը անգլոսաքսոնական պինդ արյունով, խիստ բարքերի  տեր մարդ էր ու  նրա ամենից շատ  մի հարց սկսեց մտատանջել։  Այն, թե ինչ  է հնարավոր ձեռնարկել էդ մի տարվա ընթացքում,  կեցության ոչ մի միջոց չունեցող  կնոջ  ու աղջիկների կյանքն ապահովելու համար։ Քանի որ գրականություն և լեզու էր դասավանդում, հետևաբար լավագույն ու միակ գործը  որոշ   գումար վաստակելու  համար, վեպ գրելու  փորձը համարեց։ Բայց դա պետք է լիներ այնպիսի մի վեպ, որը  հաճույքով ընթերցվող գրքի  համբավ  ստանալով, ընթերցողին գրավեր։ Ընթերցողները,  նրա պատկերացմամբ, իր աշակերտների ու նրանց ծնողների միջավայրի մարդիկ  էին։ Իսկ հերոսների կյանքը պետք  է նկարագրվեր  ճիշտ այնպես, ինչպիսին, որ այն իր հարազատ բանվորական  արվարձանում իրականում կար և այն ոգով, ինչպես  որ ինքն էր այն ընկալում։

Գործը, որ  նոր էր,  ձգեց, հրապուրեց նրան։

Ժամկետները, սակայն  սեղմում էին։ Շտապեցնում էին  և արհեստավարժություն  պարտադրում։ Բարձրարվեստ  գրականությունը  նրա համար  այլևս ուղենիշ  չէր։ Եւ  արդեն չէր էլ հետաքրքրում։ Նրան, աշխատանքն ավարտին հասցնելու ու վեպի  հեղինակային իրավունքն ընտանիքին կտակելու ժամկետն  էր հետաքրքրում։

Սահմանված մեկ տարվա կյանքի  վերջին օրերին  Էնթոնի Բյորջեսսը ավարտեց իր՝ «Լարովի նարինջ» վեպը։

 Միլիոնը միանգամից շշեց։ Վեպը գրավեց ոչ միայն գրական, այլև կինոարվեստի աշխարհի մարդկանց։ Ամերիկյան հայտնի կինոռեժիսոր  Սթենլի Կուբրիկը նրա գրքի հիմքով ֆիլմ  նկարահանեց։  Հոլլիվուդի նշանավոր մի շարք դերասանների մասնակցությամբ  ստեղծվեց մի կինոերկ, որն  ամենադիտարժան ֆիլմերի  կողքին դասվեց։ «Լարովի նարինջը»  ներկայացվեց տասնվեց  մրցանակների։ Այդ շարքում Օսկարի չորս անվանակարգերում  սահմանված  մրցանակների։

 «Նոր ժամանակների հայելի»  համարվող  նրա վեպը  թարգմանվեց հիսունից ավելի լեզուներով։

Հաջողություններից ինքն իրեն մի քիչ կորցրած, բայց ստանձնած պարտականությունը լիարժեք  ու լավագույս իրականացրած մարդու գոհունակությամբ, Բյորջեսսը մի լավ խմում է և այցելում իր բժշկին։

Նորից ռենտգեն։ Բժիշկը նայում է նկարներին։ Թերթում է հիվանդության պատմության էջերը և ասում. «Քաղցկեղ չկա»։

Էնթոնի Բյորջեսսը ապաքինվել էր։

Նա դարձել էր գրող։

 

Հեղինակ՝ Միխայիլ Վելմեր

Թարգմանությունը՝   Նանե Ղազարյանի