ՆԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ / ԿՈՐՍՎԱԾ ԴՐԱԽՏԸ

 

        ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ։ ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ՓՆՏՐՈւՄ ԵՆ ԱՆՑՅԱԼՈւՄ Եւ ՏԵՍՆՈւմ ԱՊԱԳԱՅՈւՄ. – ԺՈՐԺ ԲՐԱՔ

Մենք որտե՞ղ ենք հիմա։

Ժամանակի մեջ Երթ պահելու մեր հիմնական գործառույթը դարձրել ենք խոսելը։ Շատ ենք խոսում։ Իրար մեղադրելով, միմյանց տգեղ, երբեմն հայհոյախառն  արտահայտություններ շպրտելով, անդադար ենք խոսում։ Խոսքը, մանավանդ մաղձոտը, իրավիճակ չի փոխում, կատարվող և կատարվելիք  իրադարձությունների ընթացքի վրա առանձնապես չի ազդում։ Ավելի շատ բացասական ֆլիյուդներ է արտածում, որոնք անձնականից ընդհանուրի վրա թանձրանում, ամենքիս,  նաև   երեխաների տրամադրության վրա  ազդելով, մեծ ու փոքրի  հոգեկերտվածքն է խաթարում։

 Համացանցում տարածված  տասներկու տարեկան տղուկի դպրոցական  շարադրությունը հուզել էր շատերին։  Նաև զարմացրել ասելիքը  երկուսուկես տողով, և կիրթ շարադրելու համար.

«Ինձ դուր չի գալիս էս աշխարհը, մարդիկ շատ չարացած են, մոռացել են բարության մասին, երբ մեծանամ բժիշկ եմ դառնալու և բուժելու եմ այդ հիվանդությամբ տառապող մարդկանց»։ Սա ախտորոշու՞մ է, թե՝ ընդվզում։  Ոնց որ, և  մեկը, և մյուսը։ Նաև սթափվելու, զգաստանալու կոչ է, որն անշուշտ, հասցեատեր ունի...

   Հասցեատերերից մեկն, օրինակ այս դեռահասի չափ  շրջահայաց լինելու փոխարեն, «խմբագրել» էր  Սոս Սարգսյանի՝  «Եթե ձեզ համար Արցախը զուտ տարածք է ապա մեզ համար՝ սուրբ  հայրենիք». հայտնի արտահայտությունը։ Ապա աղավաղված տեքստը  «ինչ որ մեկին» վերագրելով,  շարունակել. «Էս կարդալով, ուզում ես դրան  հարցնել  բա՞ որ  տհենց  լավնա  էդ  հայրենիքը, էլ ինչի՞ եք Ձեր սուրբ Արցախը թողած, դաստեքով փախչում»...  

 Չարացած է։ Պառակտող տեսակից  է։  Սոկրատն ասում է, «Աշխարհում միայն մեկ բարիք կա՝ գիտելիքը և մեկ չարիք՝ տգիտությունը»... Ներկա համատեքստում  թերևս  չիմացություն բառը  նախընտրվի, հասկանալի պատճառով։  

 «Արցախը թողած, դաստեքով փախչելու» այս հայ մարդու «մեղադրականը»   Սոկրատի ասած՝ «բարիքին» տիրապետող  օտարազգի մի բարեկամի  գործը մտաբերելու առիթ դարձավ։ Վալերի Մելնիկովին, որը  լուսանկարչական արվեստի ասպարեզում սահմանված բարձրագույն մրցանակների արժանացած հեղինակավոր  անուն է։  Պատերազմի մռայլ օրերին նա Արցախում էր և տեղաբնակների հետ,  ընդհանուրի  մաս դառնալով է վերապրածը խոսքով ու լուսանկարներով արտահայտել։ Մեզանում նա առավել հայտնի դարձավ 2020-ի,  չարաբաստիկ 44 օրյա պատերազմի «ավարտից»  հետո։  Ապա  2021-ի գարնանը, երբ «World Press Photo»- լուսանկարչական արվեստին նվիրված միջազգային նշանավոր մրցույթի գլխավոր մրցանակը շնորհվեց Արցախի մասին պատմող  նրա՝ «Կորսված դրախտը» խորագիրը կրող  ֆոտոշարքին։

Վալերի Մելնիկով. — 2020-ի աշնանը Արցախ մեկնելով  շատ բան տեսա։ Ես Երբևէ այս երկրամասում չէի եղել։ Մտածում էի, որ իրավիճակը կներկայացնեմ այնպես, ինչպես դա արել եմ Սիրիայում, Դոնբասում  և իմ տեսած բոլոր  թեժ կետերում՝ հակամարտության ընթացքն ու հետևանքները լուսանկարելով։

Հակամարտությունները ոչ շատ նման են, ոչ շատ տարբեր։ Զինված ուժեր են երկու կողմից, բայց այդ երկու կողմի բախման միջև չէ միայն  պատերազմի հիմնական  էությունը։ Կա մի երրորդ կողմ, որտեղ խաղաղ բնակչությունն է։ Մարդիկ, որոնց տառապանքը հակամարտության տևող օրերով, շաբաթներով կամ ամիսներով  չի սահմանափակվում։ Նրանց  ցավն ու  սպասումը  ժամանակով չի  չափվում։  Նրանց  հույսը, սերը, հավատը որևէ կերպ ենթակա չեն  ժամանակի չափման որևէ միավորի։ Սա մի ճշմարտություն է, որը ես  Արցախում հասկացա։ Ես. որ տեսել էի  փախստականների երթեր, հարազատ վայրերից տարհանված մարդկային  խմբեր, զարմացած էի  ռմբակոծությունների սարսափին չտրվող արցախցիների տոկուն և համառ դիմակայություն վրա։ Օրերով, շաբաթներով  կիսամութ նկուղներում պատսպարվելու ժամանակ անգամ, նրանք իրենց բնակավայրը լքելու մասին չէին խոսում։ Հույս, սեր, հավատ.- ահա թե  ինչով էր բառացիորեն հագեցած  օդը, որն աստվածաշնչյան  առանձնահատուկ խորհուրդով էր իմաստավորվում այդ երկրամասը։ Ինձ համար անսովոր էր նաև  Արցախը բնակեցնող էթնիկ հայերի հյուրընկալությունը...

 Այդպիսի մի մթնոլորտում  ծնվեց  իմ  նախագիծը, որը ես կոչեցի  «Կորսված դրախտը»։ Շարքը մի կողմից  հակամարտության դաժան հետևանքների մասին է, մյուս կողմից  աստվածաշնչյան առասպելի մեկնաբանություն՝ զուտ  անձնական ընկալումով...  

 

  Արցախին  նվիրված  «Կորսված դրախտը» («Paradise lost») ֆոտոշարքով Վ. Մելնիկովը մասնակցել է 2021թ. միջազգային մի մրցույթի, որին նախապես ներկայացված է եղել 74 470 լուսանկար։ Դրանցից նախնական փուլում  ընտրվել էր 4315 աշխատանք՝ 135 երկրից։ Եւ «Օսկարին» համարժեք համարվող  լուսանկարչական արվեստի «World press photo» մրցանակաբաշխության սահմանած՝ գլխավոր անվանակարգերի՝  «Կարևոր նորություններ», «Տարվա ֆոտոշարք» և «Տարվա լուսանկար»  մրցանակները շնորհվել են «Կորսված դրախտ» շարքի հեղինակին։  Նրան, ով արցախյան  պատերազմի ծանր օրերի տարեգրությամբ է իր համար բացահայտել    բիբլիական առասպելը։  Եւ 21-դարում  ծավալվող իրադարձությունների հիմքով արտացոլել այն, երկու հիմնական  շեշտադրումով.

Նախ.  

Պատերազմի աղետաբեր օրերին անգամ Արցախը  կարողացել է  պահպանել ու հաստատել  դրախտավայր լինելու իր  իսկությունը։

 Ապա.

- Շարքի համար «Կորսված դրախտը» խորագիրն հեղինակը ոչ թե արվեստային հնչեղության, այլ  ընկալած-վերապրածը մոտիվացնելու համար է ընտրել։ Եւ  շարքում ներառված բացառիկ գործերով է հաստատել, որ  ինքը բացահայտել է բիբլիական դրախտավայրը, որը սակայն ավերածությունների է ենթարկվել։ Եւ պատերազմի արհավիրքները նկարելով է զգացել  ցավը տեղաբնակ արցախցու, որին ստիպել են լքել  իր բնօրրանը։ Նրա ֆոտոխցիկը  ֆիքսել է, թե ինչպես  է  մարդը  իր կառուցած տունը  վառել և շվարած նստել  աստիճանների վրա։  Մանկանը գիրկն առած երիտասարդ  կնոջ անհաղորդ հայացքն է որսացել։ Հարազատի դագաղը  մեջքին դրած  անորոշության ճանապարհին հայտնվածներին է հանդիպել։ Եւ այսօրինակ փաստերով հաստատել, որ արցախցին պարտադրված է պոկվել այն հողից, որի մշակն  ու տերն է ինքը։

Իսկ սա արդեն առասպել չէ...