ՄԵԶԱՆՈՒՄ ՀԻՄԱ ԱՐՎԵՍՏԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԱՊՐԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՆՈՒՅՆԱՑՎԵԼ ԵՆ

Միայն մի ճշմարտություն կա, որի մասին վաղուց գիտեմ ու հաստատ  գիտեմ: Այն, որ մենք հեքիաթ ենք ուզում կյանքում, բայց աղբ ու մոլախոտ ենք  տեսնում մեր շուրջը:     
Փափուկ, ցրված լույս, լույսի միջավայր՝ շեշտված կամ հակառակը: Լույս, որի փոփոխման ընթացքում փոխվում են երանգների հարաբերությունը. Կա աստիճանական փոփոխություն՝ սևից մինչև սպիտակ: Լույսի արտացոլանքները՝ այնքան տարբեր  ու այնքան բազմազան. Լույսը ստեղծագործական պատկերի, օբյեկտիվ իրականության հիմնական միջոց:  Զավեն Խաչիկյանի     գրառումը. «Ես ճանաչում եմ միայն լույսի արագությունից մեծ արագությունները, քանի որ մնացյալ արագությունները կախյալ են». Չի ասում. «ընդունում եմ» կամ «գերադասում եմ»: Ասում է. «ճանաչում եմ»…  Ճանաչում է  նախ լույսի, ապա նրանից մեծ արագությունները: Լուսանկարիչը նույնքան հետազոտող է, որքան գրողը:   Որքան  լուսանկարչությունը նախընտրած ֆիզիկոսը…
– Երբեմն առ երբեմն մտածում եմ՝ եթե ֆիզիկան թողած չլինեյի ապա  ինֆորմացիոն տեխնոլոգիաներով համադրված, հարստացված  կետից սկզբնավորված ճանապարհն, այնուամենայնիվ կարևոր էր մնալու, որովհետև իրականում ակադեմիական կրթությամբ է աշխարհայացք  ձևավորվում  և կյանքի էությունն ըմբռնելու, այն ճանաչելու  լայն հնարավորություն տրվում: Այդ ամենն, առանց մանկավարժ-միջավայր կարևոր գործոնների կիսատ-պռատ է մնում: Միջավայրն էլ հիմնականում ձևավորում է  պետությունը: Տաղանդներ շատ կան Հայաստանում: Պարզապես  շփոթ մի վիճակ է մեզանում տիրում: Կոնկրետ ես, դեպի ներս եմ գնում: Ֆոտոները, որոնցով ինձ համար հայտնագործություններ եմ արել, որոնք հույզերի, թրթիռների  ու զգացողությունների տարբեր երանգներ են, կարծես թե վատ չեն արված: Մոդե՞ռն  է պետք: Լավ, էսօրվա ներկապնակից ինչ-որ մի բան վերցրու և կրկին շարժվիր առաջ:  Հիմա արդեն գիտեմ, որ նորից սկսելու լինեի, ես կգնայի այն միջավայրը, որտեղ  պահանջված եմ: Երեսուն տարի է զբաղվում եմ ֆոտոյով: Մեր բնագավառում հիմա էլ շփոթվածություն կա, և  ես կրկին ներս եմ գնում:  Կարող էի վաղուց թողնել այս գործը, որովհետև  մեծ առումով Հայաստանում այդպես էլ անհրաժեշտ մթնոլորտ չձևավորվեց: Պարզապես հիմա լուսանկարչությամբ զբաղվողներն այնքան են շատացել, որ կարող ես ասել այո, միջավայր կա: Հակառակը պնդելու պատճառ չկա, կարծես: Մամուլ կա, պրոպագանդա կա, ներկայանալու հնարավորություններ կան: Սրանք էական գործոններ են, քանի որ  գեղարվեստի խնդիրը և ապրելու խնդիրը նույնացվել են:
 Ինքնահաստատման, ինքնադրսևորման նաև գնահատված լինելու, ավելի ստույգ ճանաչման հասնելու  եղանակներն էլ են փոխված: Նաև ֆեյսբուքյան սահմանազուրկ տարածքը կա, որտեղ գնահատման հիմնական ելակետը  մարդու ակտիվությունն է: Ներկայանալու և իր ունեցածը (որակը կարևոր չէ), ներկայացնելու ձիրքը:  Բոլոր ասպարեզներում, նաև ֆոտոյի ասպարեզում առաջնահերթություն ցուցանող մերօրյա սանդղակը հաճախ այդ սկզբունքով է կառուցվում: Ի՞նչ է սա մակերեսայնության պրոթեզ…
– Այսօր շատերն են իրենց ընտրած ասպարեզը թողնում և փորձում  ֆոտոյով զբաղվել: Հեշտ է տրվում, արդյունքն անմիջապես է տեսնում, ինքն էլ է տեսանելի դառնում: Վիզուալ է, շոուն կլանել է բոլորին: Ընկերս զանգել, ասում է՝ տղաս ֆիզիկայի բնագավառը թողել, ուզում է լուսանկարչությամբ զբաղվել: Ի՞նչ խորհուրդ կարող ես տալ: Ժամանակին բանաձևի պես մի ձևակերպում կար. «Երբ բոլորը գնում էին դեպի լիրիկան, Էյնշտեյնը նախընտրեց ֆիզիկան, իսկ երբ բոլորը դարձան դեպի ֆիզիկան, Էյնշտեյնը գնաց դեպի լիրիկան»: Հիմա վիզուալ սուտը, որ նման է ոչ թե դեպի ներքև, այլ դեպի վեր աճող արմատներով  մոլախոտի,  արագ է  տարածվում: Մենք բոլորս իրար խաբում ենք:  Կրթական սուտ համակարգ՝ վարձ վերցնելու առաջնահերթ նպատակով: Վճարեցիք, լավ է, խնդիր չունես, դիպլոմավոր  ես այլևս:  Մասնագետն ասում է. «Չեն սովորում»: «Իսկ դուք սովորեցնու՞մ եք».-հարցը չի տրվում, որովհետև պատասխանը գիտես: Բոլորը գիտեն: Այդպես է բոլոր ասպարեզներում: Մերը մի քիչ ուրիշ է: Որոշել է զբաղվել էդ գործով, զբաղվում է: Հիմա, լուսարձակներով էլ չեն աշխատում: Գիլասի պատմություն  են ներկայացնում.  գիլաս, գիլաս, գիլաս հետո՝ գիլասներ: Լավ է: Թեմա են մեջտեղ բերում: Հիմա ես դա չեմ արել: Իմը չէ, չեմ արել:
 Ժամանակը, սակայն ապացուցողական խստությամբ պահում է այն հեղինակների անունները և այն գործերը, որոնք  արվեստի, ուրեմն և լուսանկարչական արվեստի արտահայտություններ են, որոնք գաղտնագրի հայտնաբերման հավասար կարևորությամբ են արժևորվում, ժամանակի անչափելիության, ժամանակի անցողիկության շուրջ խորհրդածելու  առաջարկով, ցաքուցրիվ ներկայի կարևոր դրվագներն  ի մի բերող նրանց ֆոտովավերագրումներն  օգնում են, որ մենք՝ մեր ներկան ճանաչելով պահենք: Սա էլ է մեր կյանքը.- ասում են:  Հենց այդ  պահին,  լուսանկարի մի անկյունում նկարչի  անունը  որոնելու պահին, գիտես արդեն,  «խոսելու» ունակություն ունեցող նման գործերի հեղինակը ոչ միայն մասնագիտությամբ, այլև կոչումով է լուսանկարիչ:    Այդ կոչումը կրողներից մեկն էլ Զավեն Խաչիկյանն է, որի գործերում ներկան փոփոխության մետաֆորն է: Ներկան, որ  Օկտավիո Պասսի համոզմամբ,-«փլուզում է անցյալն ու ապագան, այդպիսով փլուզում է իրեն»: 
– Ես մինչև չեմ կողմնորոշվել՝ իմը՝ կոչու՞մ է, թե՝ մասնագիտություն: Դա քո կենսակերպն է, քո մի մասն է, քո գործն է, որի տակ ուզած, թե չուզած ստորագրում ես, որովհետև պատասխանատու ես լուսանկարչություն կոչված երևույթին կամ արվեստին: Իհարկե, կան անհատներ, որոնք կոչումով են հայտնվել ֆոտոաշխարհում:  Չնայած մասնագետներն էլ շատ չեն: Եթե այսօր ունենք 20 լուսանկարիչ ապա կոչումով պիտի մի քանիսը լինեն: Հիմա նոր ժամանակները, նոր հարթակներ են առաջարկում՝ ուզում եք վայելեք, ուզում եք ստեղծագործեք, ուզում եք՝ փող աշխատեք: Էդ ամենը կա: Բաց տարածքները շատ են՝ սովորելու, ընդօրինակելու, ներկայանալու: Իսկ երբ մենք էինք սկսում փակ շրջան էր: Այն տարիներին լուսանկարիչները ցուցահանդեսներ չէին ունենում: Փակ սահմաններ էին, փակ դռներ էին:  Արտասահմանյան ամսագրեր էինք թերթում, որոնց էջերում ֆոտո էինք փնտրում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Իսկ այդ որոնումների ընթացքում  կամ սովետ կոչված «լայնարձակ երկրում» կա՞ր մեկը, որի գործերն առանձնապես ու շատ էր գրավում,  այնքան, որ ոչ թե նրա պես նկարելու, այլ նրանից  սովորելու ցանկություն ես ունեցել:
 – Սովորե՞լ: Անրի Կարտիե Բրեսոնի ալբոմներն էի տեսել: Միտք ձևավորելու նրա զարմանալի  ջիղը՝ համակարգված գործելը, շատ էր տպավորիչ: Բրեսոնի աշխարհը մտա երբ նկարչությունն արդեն մարսում էի, նրա մի գործը տեսա, որի միտքը հստակ էր չափազանց, որովհետև ճարտարապետ է Բրեսոնը, և լուսանկարչական տարրերը ճիշտ տեղում դնելով է կառուցում:  Բրեսոնը էդպես մնաց:  Բայց ես պիտի սովորեի: Ու՞ր գնալ: Դեռ կանգնած էի շփոթված ու  այնքան էլ հակված չէի դեպի ֆոտոաշխարհը: Դեռ  դոկումենտալ կինոն էր նախընտրածս: Բայց կրթություն ստանալու համար անհրաժեշտ էր երկու տարվա աշխատանքային  ստաժ ունենալ, որպեսզի թույլ տային ընդունելիության քնություններին մասնակցել: Հետևաբար պիտի  օպերատորի օգնական կամ լուսավորող աշխատեյի: Բայց արդեն լուսանկարչությամբ էի զբաղվում: Ուրեմն, ընտրեցի ֆոտոն: Գուցե նաև այն պտճառով, որ Ազգագրության ինստիտուտում աշխատելու հնարավորություն կար: Միայն թե՝  դա էլ   կարճ մի ժամանակաշրջանի տևողություն ունեցավ : Հետաքրքիր էր, գիտական արշավնների էի մասնակցում, անելիք կար, որը գրավիչ էր: Բայց  պարզվեց, որ հաստիք չունեն:  Հետո գնացի Երևանի պետական համալսարանի թերթի խմբագրություն:  «Գործ, գործ բեր»,- մոտովորապես այսպիսի մի պահանջը  դրեց խմբագիրը, առանց հստակեցնելու իր ասելիքը, իմ անելիքի մասին էլ կարծես պատկերացում չուներ: Խմբագիր էր, որի հետ աշխատելու համար  ճակատդ  հարվածներ ընդունելու պատրաստ   պիտի պահեյիր: Եթե պարտադրված ես աղբ նկարել, ապա դրա մեջ էլ պիտի կոմպոզիցիա ստեղծես, հոգի  դնես, միտք արտահայտես: Խմբագրի պահանջածը դա չէր, սակայն… Հետո «Կոմսոմոլեց» թերթի խմբագրություն գնացի: Նորից ուրիշի խնջույքում էի հայտնվեցի: Մտել ես ու սև կետեր ես տեսնում, որոնց վերացնելն է ճիշտ, այլ ոչ թե ավելացնելը: Չնայած  նպատակդ էդտեղ գնալու, դրանց դեմ պայքարելը չէ:   Դու քո ասելիքն ու անելիքն  ունես: Եւ արված գործդ տեսնողն անհնար է չնկատի, որ   մաքուր միջավայրի արտահայտիչն ես: Կողքից նայող չես: Օտարված մեկը չես, այլ նույն այդ միջավայրից  ես:  Ինքնագնահատական  տվող չես: Միայն թե մի  ճշմարտություն կա, որի մասին վաղուց  ու հաստատ գիտեմ: Այն, որ մենք հեքիաթ ենք ուզում կյանքում, բայց աղբ ու մոլախոտ ենք տեսնում մեր շուրջը: Ազնիվ միջավայրում ապրել ենք ձգտում, մի լավ մարդու հետ շփվել ենք ուզում, մի բարի, ժպտերես   հարևանուհի ենք գերադասում, որի եփած սուրճի բուրմունքը հաճույք է պատճառում: Մենք երևի  թե արվեստային ժողովուրդ ենք: Կապ չունի, թե ո՞վ է և ինչո՞վ է զբաղվում: Գյումրիում տաքսու վարորդի հանդիպեցի, մեկ էլ ասաց. «Ապ ջան, մի  օր էլ գլխի ընկա, որ խաչքար պիտի անեմ»: Տարավ ցույց տվեց, նախշերի ընտրությամբ, դասական  խաչքար պատրաստելու իր հմտությունների արդյունքները: Ինչպե՞ս և ումի՞ց էր սովորել: Ինձ զարմացնողը դա չէր, սակայն, այլ այն, որ  մարդը իր ապրած կյանքի  մի շրջանում հանկարծ գլխի է ընկել, թե  ինչով պետք է իմաստավորի իր գոյությունը:  Սա է կյանքի կարևոր հարցադրումը:
 Ալբեր Քամյուն, կյանքի ամենամեծ հարցը. ՙԻնչպե՞ս ապրել մարդկանց մեջ՚ արտահայտությամբ է ձևակերպել: Ճիշտն ասած, մինչև վերջին այս տարիները նման հարցով որևէ մեկին չէի դիմի, բայց քանի որ մարդկային հարաբերությունները մեզանում որակական փոփոխությունների են ենթարկվել, ապա հետաքրքիր է իմանալ, դու «մարդկանց  մեջ ապրելու» սեփական բանաձև ունե՞ս: 
– Մարդուն փնտրելու, մարդու հետ շփվելու հատուկ ձևեր չունեմ:  Լուսանկարներս էլ ներքին մի զգացողության թելադրանքներ են: Չեմ էլ փորձել տեսական վերլուծության ենթարկելով, ասել, թե ինչու՞ և ինչպե՞ս եմ լուսանկարում: Կամպոզիցա է, իրավիճակներ են, երբեմն լույսն է գրավում, մեկ-մեկ բոլորովին այլ մի բան, բայց հիմնականում՝ Մարդն է: Մարդու հետ շփվելն ու նրան օգնություն ցույց տալը, նրա հետ կիսվելը…Եթե մարդը չկա, ես ասելիք, ուրեմն և անելիք չունեմ: Իմ ունեցածն ավելի շատ գիտությունից գոյացած կուտակում է: Ամենահետաքրքիրն ինձ համար, թերևս  Փելեշյանի կինոն նայել-հասկանալն է: Գիտություն է, իրականում: Բայց ինքը պոետիկ արվեստագետ է: Հիմա ես չեմ կարող ինչ-որ բաներ հնարել ու սահուն ձևակերպումներով ասել՝ ես այսպիսին կամ այնպիսինն եմ:  Մտերիմ մի քանի ընկեր ունեմ, որոնց  հանդիպելիս,  ասում եմ՝ «մենք ազգի չփոխվող տեսակն ենք»: Իսկապես է փորձում ենք մեր տեսակը պահպանել: Եւ կարծես թե մինչև հիմա հաջողվել է: Համենայն դեպս, կենսագրության կարևոր փուլերն անցնելով այնքան էլ շատ չենք փոխվել:  90-ականներից սկսյալ, կյանքը  մի քանի նման առիթ-առաջարկներ արել է:  Բայց անմիջապես է մերժվել…Հրավիրել էին նախագահականի լրատվական բաժնում  աշխատելու: Երեք ամիսը բավական եղավ հասկանալու, որ ֆալշ միջավայրում եմ հայտնվել ու այն ինձ հետաքրքիր չի:  Երկիրն  իրադարձային  կարևոր  շրջափուլում էր, իսկ դրա կողքին, դրան զուգահեռ թիկնապահների ինստիտուտ էր ձևավորվում, դիվանագետների լեզուն էր կաշկանդվում, քծնողների խմբեր էին կազմավորվում; Հետո աղտոտվածության զգացողությունից երկար ժամանակ չէի կարողանում ազատվել: Չնայած փորձեցի ինչ որ բաներ անել…  Իսկ ի՞նչ կարող ես անել: Հեղաշրջման մեր տեսության ազատարար մեթոդները մերժվում էին: Քանդում էին: Իբրև թե  վերակառուցելու համար էին   քանդում…
 Քանդում էին… Արագ,  առանձին մի  ոգևորությամբ,  առանց ափսոսելու էին  քանդում:  Թվում էր, թե պիտի այդ ընթացքը կասեցնող սթափ ուժեր լինեյին: Խոսողներ  եղան,  որոնք չկարողացան գոնե փոքր-ինչ նվազեցնել  տարիների մեջ սկսված գործընթացի շարունականությունը պահողների եռանդը: Սկզբնական շրջանում դա որպես անցյալի ստվերոտ կողմերը  բացասելու մի եղանակ էր ընկալվում: Հետո  հասկացան, որ  նյութական արժեքներն   «իմաստավորելու», կեցության ամենակարևոր տարրը դարձնելու գործելակերպն, անձնական շահի  մղումով է  սկսվել: Պատմության առաջընթացի, այսինքն  երկրի  ապագայի, երկրի կայացման ճակատագրով մտահոգված մարդիկ այդ ամենն իբրև ժամանակավոր գործընթաց դիտելով, չէին պատկերացնում կամ չէին ուզում  հավատալ,  որ իբրև էվոլյուցիայի ընթացք ներկայացվող քաղաքականությունը՝ մեռյալ մատերիա կուտակելու համար է տարվում: Եւ  նոր ժամանակների «իմաստնության» այդօրինակ դրսևորման արդյունքում    փլուզվեց  երկրի ներքին ու արտաքին նկարագիրը, երկրի զգայական կերպարը խաթարվեց:  Չգիտեյի՞ն, թե չուզեցի՞ն հիշել վաղուց շրջանառվող՝  «ազատությունն առավելություն չէ, այլ առաջնահերթ պարտավորություն» զգուշացումը:  Հիշողություն ունեցողներ կային, բարեբախտաբար և նրանք էին, որ  քավության տեղը զբաղեցնելով, խոսքի ու վիզուալ արվեստների՝ մասնավորապես կինոյի և լուսանկարչության օգնությամբ որոշ չափով  «փրկեցին ու պահպանեցին», անցյալ   հարյուրամյակում  ստեղծված մշակութային  գործերը:
– Անցյալ դարում, 60-ականների բումը եղավ մեզանում: Ժամանկաշրջանը կարծես նպաստավոր չէր, բայց ով շնորհք ուներ,  կարողացավ ճեղքել արգելափակման պատնեշը ու ծնվեցին կինոարվեստի, գրականության ու պոեզիայի, ճարտարապետության գեղանկարչության բարձրակարգ գործեր:   Իրականում ժամանակի այդ հարթությունում անքննելի բաներ էին կատարվում՝ երկակի ստանդարտներ էին՝ փակ-բացության անհասկանալի վիճակ  էր, իբր բաց էր, բայց իրականում ոչ միայն փակ էր, այլև վերահսկվում-ղեկավարվում էր: Էս ամենի միջով անցել էինք: Բայց եկավ այն ժամանակը, երբ ինչպես խոստացվել էր երկրներ քանդվեցին, երբ ստոր մարդիկ, սրիկաներ մեջտեղ եկան, երբ   ահավոր ծանր էր ու քաոսի մոտալուտ լինելը գաղտնիք  չէր արդեն: Մինչդեռ պիտի իմանայինք մեր անելիքը: Անկախություն էինք հռչակել, պետությունն ունեինք, մերն էր, պիտի մշակված ծրագիրը հստակ ձևակերպումներով շարադրվեր, մեր ունեցած-չունեցածը կողք-կողքի դրվեր, ազնիվ ու անխարդախ գործելու ինստիտուտներ ձևավորվեր, որպեսզի երկիրը չտուժեր, որպեսզի բովանդակային լինեին մեզ առաջադրված հարցերի պատասխանները: Եւ ամուր մի պատվանդանի վրա պիտի դրվեր մեր պարտություններն ու  մեր հաղթանակները: Եւ մեր էդ  ունեցածի հիմքով  երկրի կայացման ճանապարհը պիտի  շարունակեինք: Մինչդեռ եթե անգամ միտքը, ասելիքը  ի մի էր բերվել ու ծավալային բարդ լուծումներով երկրի մանրաքանդակն էր ստեղծվել, ապա  այն տարվել  ետնախորշի աննկատ մի տեղում էր դրվել: Գուցե՞ ֆակտուրայով արվեստի բոլոր օրենքներով արված գործ չէր: Ուրեմն, այդ օրենքներին տիրապետելով, պիտի ստեղծվեր: Ամեն ոլորտ իր կանոններն ունի՝ եթե տեսնում ես, որ ամեն մարդ իր գիտցած-հասկացածով  է առաջ շարժվում և ամեն քայլափոխի պատրաստ է ծախել ու ծախվել, ապա քննադատելով ոչինչ չես անի: Մարդու բնույթը չի  փոխվում՝  եթե ծախվող է, պիտի նաև ծախի: Բայց եթե նվիրյալ է, սիրում է իր երկիրը պիտի փորձի ծռված անիվն ուղղել: Ցավոք, անկախության տարիներից ի վեր երկրի ղեկին կանգնածներից և ոչ մեկը, այս խնդիրն իր առջև չդրեց: Ժողովուրդը բարդ վիճակում հայտնվեց: Մի կողմից պատերազմ է, մյուս կողմից՝ արտագաղթ: Եւ առաջին նախագահի օրոք սկզբնավորվածը շարունակական դարձավ:  Մեկն է որոշում կայացնողը: Ստացվում է ավտորիտար վիճակ է, ինչպես ստալինյան էպոխայում, կարելի է դեմ գնալ և անդունդը գլորվել, կարելի է  սոլժինիցյան՝ գոնե ձեռքդ խղճիդ վրա պահելու, սկզբունքը որդեգրել: Մեր պարագայում նույնիսկ այն նախագահը, որը  խոսքի հանդեպ ակնածանք ու պատասխանատվություն ուներ, միանգամից ծերացավ: «Մուժիկին հարկավոր է մի զույգ կոշիկ» բովանդակությամբ հայտարարություններ անելով, հրապարակավ խոստովանեց, թե ինչ ընտրություն է կատարել ինքը: Հետո եկածների մասին չեմ էլ խոսում:  «Չի ապրվել»,- Համո Սահյանի տողով ասած: Կենցաղի, սովորությունների մակարդակի վրա պահեցին ժողովուրդին:  Մասնակից չդարձրին երկրի կայացման ընթացքին…ինչպես ասենք Գերմանիայում արվեց:  Ավերված, պարտված  պատմական փուլում բոլորն անխտիր, բոլորն համախմբված, միասին էին  երկրի վերականգնողական աշխատանքներին լծվել: Լուսանկարներին ես նայում այդ շրջանում արված ու տեսնում ես, թե ինչպիսի ջանասիրությամբ են նորից քար  տաշում, երկիրը ավերակներից, փլատակներից ազատում: Դա կուլտուրա է, դա մշակույթ ունեցող երկրի արժանապատվությունը վերականգնելու, հարուստ ավանդույթներ  ունեցող  ժողովրդի  վարք էր:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   Հարուստ մշակույթ, արժանապատվություն ունեցող ժողովրդի համարում մենք էլ ունեյինք,  բայց ավերակներից, փլատակներից չազատեցինք երկիրը, աղետի ենթարկված  հատվածն անգամ   տասնամյակների ընթացքում  սերմնային հիմք չդարձրեցինք:  Եւ  երկրի  աղետներով, աղավաղումներով  ընթացած բարդ ժամանակների ճշմարիտ էությունը, նույն այդ ժամանակի  մեկնությունները տրվեցին ոչ միայն գրավոր ու բանավոր տեքստերով, այլև վիզուալ արվեստի արտահայտություններով: Եւ հենց այդ արտահայտություններն էին, որ նաև  անկախության հռչակման ու մեզ պարտադրված պատերազմի հաղթանակի ոգևորությունը սերունդներին փոխանցող ճշմարիտ արտացոլանք-անդրադարձներ համարվելով, որպես ժամանակի  տարեգրություններ, որպես յուրօրինակ  «պատմագրություններ» նկատվեցին:  Չնայած  լուսանկարչական աշխատանքներն  որպես պատմագրություն,  որպես ֆոտոտարեգրություն դիտարկելը  սխալ համարողներ էլ եղան ու կան: Մերժողներից մեկն էլ դու էիր, թեպետ քո գործերը տարեգրություն համարվեցին ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքով: Ասում ես, թե՝ ֆոտոն և պատմագրությունը նույնական չեն  ու համարժեք չեն կարող ընկալվել, և լուսանկարչությունը  լրացումային բնութագրական  ենթատեքստ անգամ չի կրում: Այն  ընդամենն ուղղորդում է դեպի տեղեկատվական տեսություն և այսօրինակ  այլ պատճառաբանումներ ես մեջտեղ բերում:                    
– Լուսանկարչին տրված չէ պատմիչ, պատմագիր լինելու առաքելությունը: Ուրիշ բան, երբ քո նկարի հիմքով կամ միջոցով արվում է այս կամ այն մեկնաբանությունը: Դա կարող է առաքելություն կոչվել,  մեծ պահանջարկ ու միջավայր ունենալու պարագայում միայն:  Դու քեզ չես կարող խաբել, թե հրաշալի, հանճարեղ գործ ես ստեղծել, այնպիսին, որ պատմական  կարող է որակվել: Ես իմ ունեցածիցս ավելին ինձ չեմ վերագրել երբեք:  Ֆոտո է՝ պետք է տիրաժավորվեր, եթե անգամ տիրաժավորվեր որտե՞ղ պետք է տպագրվեր: Ուրեմն գրքով ներկայացվելու հայտ էր դառնում: Դրանք արվեստային աբստրակցիանե՞ր են, թե՝ թատրոնի, կինոյի արտահայտություննե՞ր,  թե՝ գիտության հայտնագործություննե՞ր… Տղա է՝ աղավնի է բռնել, աղջնակ է, որ պոեզիա է, կոպիտ դեմքով պատանի է, որը Ֆրոյդի տեսանկյունից գուցե պետք է դիտարկվի և այլն և այլն: Ներքին մի զգացողության թելադրանքներ են ֆոտոլեզվով արտահայտված: Ինչպե՞ս և ինչու՞ եմ հատկապես այսպես նկարել, դրա տեսական վերլուծության պահանջը  ես չունեմ:  Մի տեղ լույսն է հուշել, մի  տեղ բնությունը կամ ուրիշ  մի բան:  Այդ ամենը, սակայն ֆոտոյի բաղադրիչնրն են, կոմպոզիցիա է:   Իրականում մարդն է տանում: Եթե մարդ չկա՝ ես ասելիք չունեմ:    Իսկ երբ  սկսում ենք պատմությունը  թերթել,  համադրում և ասում ենք. ՙԷս նկարը վատը չի, հաջորդը՝ դրոշակակիր տղան է, ջրի շիթի դեմ կռվողն է սա, մյուսն էլ՝  Երևանի էլեկտրիկն է…  լավն են՚: Դրանք իմ  պատմության մի մասն են,  որոնք  ի մի են բերվել, առանձին  գրքում ամփոփելու համար: Ընտրածդ  ամբողջացնելու,  թղթի վրա դրոշմելու ցանկություն ունես, որովհետև ջրաշիթի դեմ կռվող տղան քո ժամանակակիցը չէ միայն: Չարենցն  է գուցե, որ բռունցք է բարձրացրել Ազատության հրապարակում, «Միացում» է վանկարկել, հետո նաև զենք է բռնել… Եթե դրանով ես զբաղվում մի անգամ հայտնագործում ես ու ասելիքդ ձևակերպելով,  խորհուրդը հաղորդել ես փորձում: Կողքից լսված մի խոսքը, էն օրերին հնչեցրած Կաթողիկոսիդ մի արտահայտությունը, մեծիդ գրավոր տողն ես առանձնացնում  ու  ֆոտոխցիկով պատկերում: Չես գնացել միտինգների հատկապես  նույն տղային նկարելու համար: Չես կարող պնդել, թե սա այն տղան է, որ մի անգամ արդեն խաբվել ու  հիմա նորից է եկել ջրաշիթի դեմն առնելու:  Գերանով  տղա, դրոշակով պատանի, պատերազմի առաջին գծում երիտասարդ կին՝ զենքը ձեռքին: Սա էլ` միտինգի տեղում լացակումաց, կիսագող տղան է, կարծես թե նույն կերպարն է, որին տեսել, նկարել եմ և շարունակում եմ «հետևել»: Իրականում տարբեր կերպարներ են, որոնք ասելիքիդ շարունակությունն են պահում՝ բովանդակային առումով: Մարդու այն տեսակն են, որ ուզում ես գոյատևի: Այդ տեսակին  ապրեցնելու քո եղանակը սա է: Նոր առակ գրելու պարտավորություն չես վերցնում, բայց  կյանքն  ընթացք է և նրանց հետ ես հատկապես  շարժվում, նրանց ես սիրում, նրանց համար ես տառապում:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Աղավնին քնքշորեն ձեռքում պահած տղուկին, աղջնակին, որ պոեզիա է, կանաչ աչուկներով  քույրիկներին նաև  ջրաշիթի դեմը փակող ջահելին, երկրի դրոշակը դեպի ապագան  տանող պատանուն և այլոց  ապրեցնելու մղումից ծնված նկարները  մարդկային կյանքի նաև պատմության այլաբանություններ են: Նաև  զգացողություններ են: Զգացողություններ կան, սակայն, որոնք պատերազմի, երկրաշարժի կամ պատահականության նետած քաոսից են ծնվում, որոնց առաջացրած ապրումները չես կամենում ֆոտոխցիկով  ֆիքսել: ժամանակը որպես ընկեր ես ընկալում, բայց նույն այդ ժամանակի պարտադրած խելագար իրադարձությունների մասին միշտ չի, որ կարողանում կամ ուզում ես  խոսել: Աշխարհը բովանդակազրկող երևույթների մասին պատմելու իմաստը  ո՞րն է.-  հարցով նախ ընդվզում, հետո  իրականությունից մեկուսացնելով,  մունջ մի տեղ  ես փորձում քշել: Ինչու՞:   
– Երկրաշարժից հետո   Սպիտակ գնացի: Մեծ աղետը  ֆոտոժապավենի վրա ինչպե՞ս գրանցես:  Ի՞նչը նկարես՝ փլուզված տան ավերակների մեջ պառկած երեխայի՞ն, թե՝ ընտանիքի կեսին կորցրած տղամարդու՞ն… Չի ստացվում: Կադր սարքելն իմ գործը չի: Ֆոտոլրագրող չես, կադր որսալու և այն վաճառելու համար չես գնացել: Նման բովանդակությամբ կադրերն, առհասարակ  վաճառքի համար չեն: Այնտեղ, ուր չարն է գերիշխողը, որտեղ արյուն կա, խուսափում եմ նկարել: Պատերազմը  ֆոտոխցիկով պատկերելը լուսանկարչի համար իրողության փոխանցում չէ: Պատերազմի պատճառած սարսափը, ահավոր ցավը, չես կարող հաղորդել՝  մահ ու արյուն նկարելով: Այդ դեպքում էլ ինչու՞ ես գնացել, հարցի առաջ ես հայտնվում: Հարց տվողն էլ ուրիշը չի, դու ես:  Գնացել ես, որովհետև ուզում ես կռվողների կողքին լինել: Կրակել անգամ չգիտես, ու՞ր ես գնացել: Որովհետև ուզում ես պատերազմը, որ մերը չի, ավարտվի, որ կռվողները զենքերը հանձնեն ու գնան խաղաղ կյանքով ապրելու, և դու էլ ասելիքդ կիսատ թողնես…  Սա է՝ մեծ առումով:  Նյու՞զ, չես ծախելու, չէ: Պատերազմը մահն է: Այդպիսի մի լուսանկար ունեմ, բայց  պարզ չի, թե ով է մահացածը: Պատերազմի սև կերպարը, պատերազմի ցավը հնարավոր չէ լուսանկարով ներկայացնել: Երբեք չես կարող կողքից նկարել..,  Մարդը զոհվում է: Լուսանկարիչը՝ կորուստների  ականատեսը չէ միայն: Կորստյան ցավի  ու   տառապանքի անմիջական կրողն է:  Ի՛նչ պարտադիր է այդ բոլորը դրոշմել ժապավենի վրա: Մեկ ուրիշ մարդու ցույց տալու՞  համար:  Նման խոստում ես որևէ մեկին չեմ տվել: Այդ իմաստով իմ գործերը էքստրիմ չունեն:  Գրեթե չունեն: