ՀԱՎԱՆՆԱ- ԵՐԵՎԱՆ. «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐԸ»

Տերյան փողոցի և «Երիտասարդական» մետրոյի վերգետնյա կայանի հարևանությամբ, օղակաձև այգում գտնվող «բարեկամության» ձեռքերը` Երևանի պուրակային կոթողների շարքում առավել սիրված հորինվածքներից մեկն է: Ինչո՞ւ «բարեկամության» և ի՞նչ խորհուրդ ունեն այդ մարմարյա  ճերմակափայլ ձեռքերը: Հարցեր, որոնց պատասխանը գտնելու պրպտումների ընթացքում չէի էլ ակնկալում, որ «հատելով» Անտլանտյան օվկիանոսը, «հայտնվելու եմ» անցյալ դարի կեսերի` Կուբայի մայրաքաղաք Հավաննայում: Իսկ ճանապարհն այս հուշեց իտալական Ագորա (AGORA FEBBRAIO) ամսագիրը.
1950-ականներին, Կուբայի Ժողովուրդի առաջ  երկրում բռնապետական լուծը տապալելու եւ պետական հեղաշրջման խնդիր էր առաջացել: Եւ 1950թ. սեպտեմբերի 13-ին, երիտասարդ անկախ հեղափոխականների զինված մի խումբ փորձում է սպանել Բատիստային, որը  իշխանության էր եկել   զինվորական հեղաշրջման միջոցով  և «թագավորում» էր Կուբայում դեսպոտորեն` հենվելով իտալամերիկյան մաֆիայի վրա, որը Հավանան դարձրել էր մեծ մի «խաղատուն»: Հարձակումը տեղի է ունենում բռնապետի կնոջ ներկայությամբ, որն ահաբեկված աղոթք է հղում առ Աստված. «Եթե Ֆուլջենցիոն փրկվի, խոստանում եմ կանգնեցնել Հիսուսի արձանը»: Բռնապետը փրկվում է, սպանվում են, նրան սպանելու եկածները: Մարթա Բատիստան պարտավոր էր իրականացնել խոստումը…
 Քրիստոսի արձանը կերտելու համար դիմում են Ջիլմա Մադեռային: Այն վարպետին, ով տարիներ առաջ քանդակել է կուբացի նահատակ Խոսե Մարտիի կիսանդրին: Բատիստները ուզում էին, որ փրկչի արձանը կերտվի մարմարից և բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքերը:
Ջիլմա Մադեռան ներկայացնում է մեկ մետր բարձրությամբ էսքիզ: Հետաքրքիր է եւ այն, որ ծրագրի իրականացմանը ներգրավվում է Իտալիայում Կուբայի դեսպանությունը: 1957 թվականին օվկիանոսից հազարավոր կիլոմետրեր հեռու, կարարյան քանդակագործ Ալդո Բուտինին, որը հայտնի է «Ատլետներ» և «Իտալական Ֆորում» գործերով, դիմում է Հռոմում Կուբայի դեսպանին խնդրանքով`  աջակցել Մադերային, իրականացնելու համար,  հսկայածավալ գործը, որը «պետք է լինի հիասքանչ, 15 մետր բարձրությամբ»: Նման գործի իրականացման համար պահանջվեց  ընտրել ու առաքել մարմարի խոշոր կտորը, գտնել մարդկանց Հավաննայում` քանդակի տեղադրման և մոնտաժի համար: Գինն էլ համաձայնեցվեց` մոտավորապես 100 միլոն լիր:
Մինչ Կոլոնատայում Սկալոկիելայի նկուղներում մշակվում էր 600 տոննա մարմարը, Ջիլմա Մադեռան հասնում է Կարարա: Հմայիչ և ստեղծագործական հարուստ փորձ ու հմտություն ունեցող մի արվեստագետ, որի անունը  կարիբյան կորած ցեղերի լեզվով նշանակում է վայրի խոլորձ:  Տարի ու կես (մինչ 1958թ. օգոստոսը) նա Քրիստոսի կերպարի վրա աշխատում էր օրեկան 16 ժամ: Կուբացի Արտուրո Հեկտորի գրավոր հավաստմամբ. «Ջիլմա Մադեռան տեղափոխվել է Կարարա, ուր ծնվում են մոլորակի ամենագեղեցիկ արձանները: Սպիտակ մարմարը, որի մասին երազել էր, մշակվել է, և այժմ նա քանդակում է Քրիստոսի արձանը: ….Օր ու գիշեր Մադեռան բանվորների մոտ է, փոխում է չափերը` ծավալի և ստվերի թեորիային համապատասխան: Մարմարե մարմինը ձև է ստանում: Մարդկային ձեռքով պատրասատված կտորները վեր են հանվում վերամբարձ կռունկով, ամրացվում…»: Նույն այդ ժամանակահատվածում` 1957-1958թթ.-ին, Կուբայում հեղափոխական գործողություններ են ծավալվում. Ֆիդել Կաստրոն և Չե Գևարան  գրավում են կղզին:
1958 թ. օգոստոսի վերջին բետոնե և պողպատյա հիմնակմաղքով` Հիսուսի մարմարե արձանի` երեք հիմնական կտորներով բեռնավորված երկաթուղային վագոնները մեկնում են Ջենովայի Սուրբ Մարտինո նավահանգիստ: 320 տոննայանոց  արձանը նավով տարվում է Հավանա: Սեպտեմբերի 3-ին, այն տեղադրվում է  Կասաբլանկայի մոտ, ծովի մակարդակից 51 մետր բարձրության վրա: Իսկ 1958-ի, Ծննդյան տոներին կայանում է Հիսուսի արձանի բացումը:
Ֆուլջենցիո Բատիստան և նրա կինը, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած ճանաչված մարդիկ, քաղաքական ու ռազմական գործիչներ ներկա էին այս նշանակալից իրադարձությանը:
1959 թ. հունվարին, Կուբայում հաղթանակած հեղափոխությունից հետո, երբ երկրում դեռ քաոսային վիճակ էր տիրում, ինչ-որ մեկը տեղեկացնում է Ֆիդելին, որ մորուքավորներն ականապատել են մի հսկայական մարմարե արձան, որը պատվիրված էր բռնապետության կողմից և բացումը կատարվել էր 1958թ. Ծննդյան տոներին` ժողովրդական հաղթանակից մի քանի օր առաջ: Հետաքրքրված Ֆիդելը ուղևորվում է այնտեղ, ուր արձանն էր: Եւ տեսնելով, հանգիստ և վեհ կեցվածքով Հիսուսին, որն ասես իր օրհնություն է տալիս մարդկանց, ասում է. «Նա եկել է ինձ հետ: Հավաննայի Քրիստոսը կլինի հեղափոխության տերը և ինձ հաջողություն կբերի»:
Տարիներ անց քանդակի հեղինակը խոստովանում է. «…Եթե հետ գնայի դեպի Կառարայի սարը, ճշգրտորեն նույն կերպ կկերտեյի Հիսուսի կերպարը` մարդկային, սակայն արդար, ուժեղ, նաև փխրուն…»:
Տարիներ անց քանդակի հեղինակը խոստովանում է. «…Եթե հետ գնայի դեպի Կառարայի սարը, ճշգրտորեն նույն կերպ կկերտեյի Հիսուսի կերպարը` մարդկային, սակայն արդար, ուժեղ, նաև փխրուն…»:1962 թվականի հունիսին Կառարայում, Ջունիո հրապարակում կատարվում է հասարակական նոր պալատի բացումը: Արդեն բավական ժամանակ էր, ինչ քաղաքն այդ բարեկամական հարաբերությունների մեջ էր Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ: Միջոցառմանը մասնակցում էր հայկական պաշտոնական պատվիրակությունը` քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ: Կառարայի վարչակազմը գլխավորում էր քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին: Հունիսի 12-ին, պաշտոնապես Երևանը և Կառարան քույր քաղաքներ հայտարարվելով, երկարաժամկետ բարեկամության արձանագրություն է կազմվում: Մեկ տարի անց` 1963թ. օգոստոսի 8-ին, Կառարայի քաղաքապետը գրում է Երևանի իր գործընկերոջը. «Ուրախ եմ տեղեկացնելու, որ երկաթգծով Ձեզ եմ ուղարկում սպիտակ մարմարից քանդակված ձեռքեր: Դա մի նվեր է, որ ուղարկում է Կառարա քաղաքը Երևանին` ի նշան բարեկամության:
Մարմարյա երկու ձեռքերը, որոնք ավելի քան երկու մետր էին, ոչ այլ ինչ են քան Հավաննայի Քրիստոսի արձանի հեղինակ, քանդակագործ Ջիլմա Մադեռայի` 1957-1958-ին իրականացրած ստեղծագործությունն է: Գրեթե  կես դար է անցել, բայց  մարմարե այս գործը պահպանել  իր նախնական գեղեցկությունը Երևանյան միջավայրում: Ասես աղոթքի համար միացած ձեռքեր, որը երևանցիները կոչել են` «Բարեկամության ձեռքեր»:
«Բարեկամության ձեռքերը» Երևանում, որ քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ նոր հորինվածք ստացավ, 1965-ին մեծ հանդիսությամբ բացվեցին Երևանի օղակաձև այգում:
Կիսատ կմնար մեր պատմությունը եթե չանդրադառնայինք այն տարիների, Երևանի քաղաքապետ, երջանկահիշատակ Գրիգոր Հասրաթյանին: Չէ որ Երևանի կառուցապատման, բարեկարգման, վարդաբույրով օծման, ճարտարապետական գեղեցիկ կառույցներով շենացնելու գործում իր անհերքելի ավանդը ներդրած անհատը  չէր կարող իտալական` «աղոթքի» համար մեկնված ձեռքերը «օդում» թողնել և  պատշաճ պատասխանով չարձագանքել:
Երևանցիներից շատերն, անշուշտ տեսել են նույն Տերյան փողոցին արդեն աջից հարող օղակաձև այգում հառնող երկու խոյերով պահպանվող «Կենաց ծառ» աղբյուր-հուշարձանը, որի հեղինակներն են մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նշանավոր քանդակագործ Արա Հարությունյանը: Ահա այս աղբյուր-հուշարձանը կրկնօրինակն է, որ Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն, ի նշան շնորհակալության, 1965-ին, նվիրեց, Իտալիայի Կառարա քաղաքին` մաղթանքով, որ այդ բարեկամությունը «ջրի նման երկար, հավերժ ու զուլալ» լինի:
Հիշատակենք նաև, որ ճարտարապետ Արմեն Զարյանը և նրա քրոջ` իտալաբնակ քանդակագործ Նվարդ Զարյանը,  որոնք մեծ ջանքեր գործեցին հայ-իտալական մշակութային կապերի ստեղծման առաջին քայլերը նախանշող` արվեստի գործերի թե’ տեղափոխման թե’ Կառարայի և Երևանի քաղաքապետերի բանակցությունների և բարեկամական հարաբերությունների հաստատման գործում:
Այսպիսով, հաստատելով այն մեծ ճշմարտությունը, որ արվեստի լեզվով  հնարավոր բարեկամության Ձեռք մեկնել, ժամանակները կամրջելով համամշակութային ծրագրեր իրականացնել: Երևան, Կարարա, Հավաննա, կամ Հայաստան, Իտալիա, Կուբա եռակապը ճիշտ այս հիմքով կայացավ:
Իսկ մենք` Երևանում ապրողներս երևի թե պիտի հիշենք, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր արձան, այգի, փողոց, բակ, շինություն ունի իր պատմությունը: Եւ մենք ոչ միայն պարտավոր ենք իմանալ այդ պատմությունները, այլեւ պահպանել այդ պատմության էջերը կազմող ճարտարապետական կառույցները, քանդակները, պուրակները: Այն ամենն, ինչ  մեր հիշողությունն է` մեր ժառանգության կարեւոր մասը:  Միայն այսպես, այլ ոչ թե նորը կառուցելու համար հինը քանդելով, քաղաքի ձեւորված նկարագիրը անխնա խաթարելով…

Վերը նշված բոլոր լուսանկարները
ճարտարապետության ազգային
թանգարան-ինստիտուտի արխիվից են