ՀԱՆՈՒՆ ԱՐՎԵՍՏԻ…

Հայ կատարողական արվեստի պատմության էջերում մնայուն տեղ ունեցող արվեստագետներից մեկն է Անահիտ Ցիցիկյանը: Ջութակահար, որը նաեւ մանկավարժ էր, գրքերի ու ձայնապնակների, հայկական աղեղնային արվեստի երախտավորների մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ:
Որքան էլ մեծ ու հանճարեղ լինի արվեստագետը, միեւնույն է, նրա վաստակն ամբողջապես գնահատելու ժամանակը գալիս է միայն նրա մահից հետո: Ինչո՞ւ, ոչ ոք չի կարող ասել: Կյանքի շրջապտույտն է ամբողջանում, թե շրջապատն է ուշացումով ընկալում եւ գնահատում դեպի երկնի աստղերը հեռացած մարդուն, չգիտեմ: Այդպես է եղել առաջներում, այդպես է նաեւ հիմա. Տարիներ անց, օրինակ մենք նորովի ենք “տեսնում” ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Ցիցիկյանին` մեծանուն ջութակահարուհուն, մանկավարժին ու երաժշտագետին:
Ավագ դստեր` Նունե Շամախյանի հետ նրա մասին խոսում ենք ներկա ժամանակով եւ ջութակահարուհու ներկայության զգացողությունն ուժեղանում է, կարծես ուր-որ է դուռը կբացվի ու ներս կմտնի նա: Այս սպասումն ավելի իրական է դառնում, երբ թերթում ենք նրա ձեռագրերը, երբ ունկնդրում ենք նրա ձայնասկավառակը, երբ խոսում ենք նրան նվիրված միջոցառումների մասին.

Երբ “խոսում են” իրերը
Նրա թողած ժառանգությունը դուստրն սկսել է ի մի բերել մոր մահից մեկ տարի հետո: Հավաքել-դասդասել է Անահիտ Ցիցիկյանի թողած մեծածավալ արխիվը` նամակներ, նոտաներ, լուսանկարներ, արտասահմանյան ուղևորություններից բերված տարաբնույթ նյութեր: Արխիվ, որտեղ ամփոփված նյութերը միայն Անահիտ Ցիցիկյանի ստեղծագործական կենսագրության մասին չէ, որ պատմում են: Բավական է հիշատակել Բարսեղ Կանաչյանի, Ավետ Գաբրիելյանի, Բրիտանական թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մանուկ Բարիքյանի եւ այլոց մասին գրավոր տեղեկությունները: Պատահական չէ, որ Ցիցիկյանի թողած արխիվային նյութերի հիմքով հարյուրից ավելի երաժիշտ արվեստագետների թղթապանակներ են կազմվել: Եզակի մասունքներ, որոնք մշտապես ,շարժմանե մեջ են: Իսկ “շարժման” մեջ պահողը զրուցակիցս է, որը տարբեր երաժիշտների մասին գրում է հոդվածներ, հրատարակում խտասալիկներ:
,Նրա անունով հիմնեցի ,Անահիտե մշակութային հիմնադրամը (շնորհանդեսը` 2003-ին էր), եւ արդեն մեկ տասնամյակ է, ինչ ակտիվ աշխատում ենք: Կարծում եմ` տասը տարին պատկառելի թիվ է անցած ճանապարհը գնահատելու եւ արված գործերն ընդհանուր հայտարարի բերելու համարե,- ասում է ,Անահիտե մշակութային հիմնադրամի նախագահ Նունե Շամախյանը:
Մշակութային հիմնադրամի կատարած աշխատանքներից է Անահիտ Ցիցիկյանի կենսամատենագիտական նյութերի ժողովածուն, որը տարբեր հոդվածներից ու ցուցապաստառներից, ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից վերծանելն ու ի մի բերելը 10 տարվա հետեւողական աշխատանք ու նվիրում է պահանջել: Գիրքը կենսագրական տվյալների բավականին տարողունակ հավաքածու է, ուր առանձին բաժիններով տեղ են գտել Անահիտ Ցիցիկյանի կենսագրության մանրամասները, համերգային շրջագայությունների ժամանակագրությունը, երկացանկի եզակի համարները, առաջին անգամ կատարված ստեղծագործությունների, ռադիոձայնագրությունների ու ձայնասկավառակների ցանկերը: Գրքի հեղինակը, որ նույն ինքը` Նունե Շամախյանն է, նշում է. ,Ժողովածուի ստեղծումն առավել քան բարդ էր, քանի որ Անահիտ Ցիցիկյանը հետաքրքրությունների լայն շրջանակ ուներե:
Իսկապես դժվար է գտնել մի երաժիշտ, որ զուգահեռաբար և նվագում է, և գրում, և հետազոտում, և դասավանդում, ընդ որում, տարբեր լեզուներով: Նա հինգ լեզվի էր տիրապետում: Ի դեպ, Անահիտ Ցիցիկյանին ճանաչողները շեշտում են, որ նա իր ստանձնած բոլոր գործերը իրականացնում էր կատարելապես:
,Անահիտե մշակութային հիմնադրամի տնօրենի նախաձեռնությամբ խմբագրվել եւ պատրաստվել են Անահիտ Ցիցիկյանի ,Հայկական աղեղնային արվեստըե գրքի երկու տարբերակներ` ռուսերեն և հայերեն (վերջինս լույս է տեսել Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ): Նաեւ թվայնացրել եւ հրատարակել են մի քանի խտասալիկներ: Դրանցից մեկը`,Հայկական աղեղնային արվեստ. Կատարողների ծաղկաքաղըե, ներառում է ոչ միայն Անահիտ Ցիցիկյանի, այլեւ 20-րդ դարի երկրորդ կեսի ջութակահարների ու թավջութակահարների հայկական դպրոցի երախտավորների անզուգական կատարումները:
Հավելեմ, նաեւ, որ երաժշտասերներին հասցեագրված հետաքրքիր բացահայտումներ է անում մշակութային հիշյալ կառույցը. օրինակ` հանրահայտ Ավետ Գաբրիելյանին եւ Էդվարդ Թադեւոսյանին բոլորը ճանաչում են որպես քառյակի անդամ հոյակապ կատարողներ, մինչդեռ նրանք հիանալի սոլո ջութակահարներ էին, որոնց կատարումները թվայնացրել և հրատարակել է ,Անահիտե հիմնադրամը: Գուրգեն Ադամյանի կատարումների թվայնացումը եւ եզակի խտասալիկի լույսընծայումն եւս հիմնադրամի նախաձեռնությունն է: Նունե Շամախյանն տեղեկացնում է նաեւ պահպանված մի շարք նոտագրությունների բնօրինակների մասին, որոնց հեղինակները ձոնել կամ նվիրել են Անահիտ Ցիցիկյանին: ,Եթե այդ նոտաները չհրատարակեմ, դրանք պարզապես դուրս կմնան երաժշտարվեստի պատմության լուսանցքից անգամե: Ուստի նախապատրաստվում է մասնագիտական հանրության համար անհայտ երաժշտական գործերի նոտաների տպագրությունը, որպեսզի եկող սերունդները եւս հնարավորություն ունենան օգտվելու Անահիտ Ցիցիկյանի ստեղծագործական շտեմարանից:
Անահիտ Ցիցիկյանի շարունակվող օրագիրը
Անահիտ Ցիցիկյանի երկրային կյանքը շարունակվում է նրա անունը կրող հիմնադրամի աշխատանքների շնորհիվ` ջութակահարուհու ինտերնետային կայքի, գրքերի ու խտասալիկների շնորհանդեսներ, հոդվածներ, ռադիո և հեռուստահաղորդումներ, համերգներ... Այս ամենի շնորհիվ է մշակութային կյանքում ներկա մի արվեստագետ, որը բացառիկ դեր է կատարել ջութակի հայկական կատարողական դպրոցի, հայկական աղեղնային արվեստի տարածման գործում:
Օրերս նրա օրագիրը հարստացավ եւս մեկ էջով` Նոյեմբերի 26-ին հիմնադրամը նշեց Անահիտ Ցիցիկյանի 85-ամյա հոբելյանը: Հիշատակի եւ ոգեկոչման երեկոն, որ կայացավ մայրաքաղաքի Մոսկվայի տան դահլիճում, ներկաներին տեղափոխեց ջութակի մոգական հնչյունների աշխարհը:
Երեկոյի ընթացքում մի քանի անակնալներ էին սպասվում դասական ջութակի սիրահարներին: Կայացավ ,Հայկական աղեղնային արվեստի պատմությունե հայերեն գրքի շնորհանդեսը, ,Անահիտ Ցիցիկյան. կենսամատենագիտական ժողովածու”-ի (հայերեն-ռուսերեն հրատարակություն) շնորհանդեսը: Այնուհետեւ գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կարդաց Ա. Ցիցիկյանին նվիրված իր իսկ հեղինակած էսսեն: Երեկոն ամբողջացվեց համերգային մասով:
Ուշագրավ էր նաեւ ,Անահիտե հիմնադրամի ու Մշակույթի աջակցության կենտրոնի համատեղ հայտարարած հանրապետական շարադրության մրցույթը: ,Ինչ գիտեմ ես հայ լարային գործիքների կատարողների մասինե խորագիրը կրող մրցույթի մասնակիցները պետք է գրեին իրենց նախընտրած արվեստագետի մասին: Ասում են, թե երեխաներից ոմանք առանց որեւէ հուշման եւ ուղղորդման են գրել, թե ինչ գիտեն իրենք Անահիտ Ցիցիկյանի մասին եւ ինչ զգացողություններ են ունենում, երբ հնչում են նրա ջութակի դյութիչ հնչյունները:

,Հիմնադրամե բառն այս դեպքում ,դրամե բառի հետ կապ չունի
Հարցին, թե հիմնադրամի գումարներն արդյոք բավարարում են բոլոր աշխատանքները ցանկալի ձեւով կատարելու համար, կառույցի նախագահը պատասխանում է. ,Հիմնադրամե բառն ամենեւին էլ կապ չունի ,դրամե բառի հետե:
Այնպես որ այս հիմնադրամը գումարներ վաստակելու նպատակներ չի հետապնդում, այլ աշխատում է առաջնորդվելով Անահիտ Ցիցիկյանի որդեգրած սկզբունքով` հանուն արվեստի: