«Դեմքը՝ լուսեղեն, հայացքը՝ ծանր...»

Հանդիպում հինգերրորդ

ԻԳՈՐ ԴՅԱԿՈՆՈՎ (1915-1999).- ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր.

Ես մեկն եմ այն քչերից, որը շատ վաղուց է ճանաչել Հովսեփ Օրբելուն: Ծանոթացել եմ նրա հետ 1929 թվականին: Այն ժամանակ նա 42 տարեկան  էր և գտնվում էր ուժերի ծաղկման շրջանում: Առաջին բանը, որ ինձ վրա մեծ տպավորություն թողեց նրա արտաքինն էր: Զարմանալի գեղեցիկ մարդ էր: Հենց այդ ժամանակ հիշեցի Ն. Գումիլյովի մի բանաստեղծությունը.

 

             И казалось, земля бежала                                              Թվում էր, թե կրունկների տակ նրա

             Под его стопы, как вода,                                                  Հողը փախչում էր, հանց ջուրը վարար, 

            Смоляною,  доскою лежала                                              Ընկած էր մորուսը նրա լայն կրծքին,

             На его груди борода,                                                         Ասես մի սև տախտակ էր ձյութի,

            Точно  высечена из гранита,                                             Ասես գրանիտից լիներ քանդակված,

            Лик был светель, но взгляд тяжел,                                   Դեմքը՝ լուսեղեն, հայացքը՝ ծանր.

            -  Жрец Лемурия, Морадита                                            Լեմուրիայի քուրմը՝ Մորադիթան,

      К золотому дракону шел.                                                Դեպ ոսկե վիշապն էր գնում սրընթաց։ 

                                           Н. Гумилев                                                                          Ն. Գումիլյով (թարգմ. Գ. Գիլանց)               

Ահա այսպիսին՝ վիշապին ընդառաջ գնացող, գեղեցիկ, առնական և անվեհեր  մարդու կերպարանքով նա մտավ իմ կյանք ու այդպիսին մնաց ընդմիշտ: Այս համեմատություն-նմանությունը գեղեցիկ կամ պատկերավոր խոսքի համար չէր: Նա, իսկապես խիզախ մարդ էր: Այդ նա էր, որ մինչև Էրմիտաժի տնօրեն դառնալը, լինելով միայն Արևելքի բաժնի վարիչ, գրեց Ստալինին և կասեցրեց Էրմիտաժի բացառիկ արժեքների վաճառքն արտեկրների մասնավոր հավաքածուների տերերին  ու տարբեր թանգարաններին: Այն տարիների համար դա  հեշտ բան չէր: Իրականում համարձակ, խիզախ քայլ էր:

1937 թվականին Լենինգրադում տեղի ունեցավ, այն, ինչ ժամանակակիցները կոչեցին «հայկական գիշեր», երբ հավաքեցին այստեղ ապրող գրեթե բոլոր հայ մտավորականներին: Օրբելին գնաց Մոսկվա, դիմեց ամենաբարձր ինստանցիաներ զբաղեցնող պաշտոնյաններին, ազատելու համար իր հայրենակիցներին: Փրկել նրանց նա չկարողացավ, բայց ուրիշ ոչ-ոք նման համարձակ նախաձեռնություն չցուցաբերեց:  Այդ ժամանակ մարդիկ հիմնականում նախընտրում էին լռել, մոռանալ բռնադատվածների անունները: Հիսունականներին քննադատվեց Մառի՝  «Լեզվի մասին ուսմունքը» գործը, որին Օրբելին բոլորովին էլ կողմնակից չէր: Բայց պախարակվում էր իր ուսուցիչը, իսկ դատապարտողներն այդ ուսմունքի նախկին մակաբույծ-հետևորդներն էին: Եւ միայն Օրբելու ձայնը հնչեց  ի պաշտպանություն Մառի: Նա ասաց, որ Մառը նշանավոր գիտնական  է, և այդ ցավալի միջադեպից առաջ նա խոշոր  ու մնայուն  գործեր է արել գիտության համար: Այս անգամ նրան ոչ միայն չներեցին, այլ շատ արագ պատժեցին, անմիջապես,  Էրմիտաժի տնօրենի պաշտոնից ազատելու հրաման տալով…

Ես չեմ կարող անկանխակալ խոսել Օրբելու մասին, թեկուզ այն պատճառով, որ իմ կյանքի ընթացքում նա երեք անգամ փրկել է ինձ: Փրկել է  կյանքս:  Եւ որպես գիտնական է փրկել: Եւ միայն ես չէ, որ հիշում եմ նրան որպես այդպիսին: Շատերն են, ինձ պես պարտական նրան: Օրբելին բռնկվող և ցասկոտ բնավորության տեր մարդ էր: Սովորաբար, երբ  որևէ մեկի վրա զայրանում էր, անունը չէր տալիս, այլ ինչ-որ նկարագրական արտահայտություն էր օգտագործում. և այնքան դիպուկ, որ  բոլորը հասկանում էին, թե խոսքը ում մասին է: Բացի այդ, նրա աշակերտները և  գործընկերները բաժանվում էին ինչպես մենք էինք ասում, «սև ու սպիտակ կատուների»: «Սև կատուները» բոլոր առումներով վատն էին, իսկ «սպիտակները» լավն էին: Բայց դա ժամանակավոր բնույթ էր կրում: Քանի որ նրանց տեղերը շատ հեշտությամբ փոխվում էին: Մենք երբեք չէինք նեղսրտվում դրանից, գիտեինք այդ ամենն  անցողիկ է, ինչպես նրա՝ Օրբելու զայրութը: Գիտեինք նաև, որ եթե այն մարդուն, որի վրա զայրացած էր, հանկարծ փորձանք պատահեր, նա վագրի պես կնետվեր,  պաշտպանելու համար նրան: Արտասովոր մարդ էր: Գեղեցիկ, խիզախ, իմաստուն… Շատ կարևոր ու իմաստուն Գոյություն էր: Նա քիչ է գրել այն տարիներից հետո, երբ քաղաքական աննպաստ պայմաններում դադարեցվեցին աշխատանքներն իր սիրելի Անիում: Նա ավելի շատ թելադրում էր, ինչ-որ գաղափարներ հուշում, համահեղինակ դառնում:  Ի վերջո, գիտնական լինել չի նշանակում բառեր գրել: Դա նշանակում է նաև ոգեշնչել, նոր գաղափարներ հուշել: Այդ հիմնավորումով է ասվում, թե Օրբելու շուրջը հրաշալի մտահղացումների դաշտ կար, որը շարունակեց բարեբեր մնալ նաև հետո բոլոր նրանց համար, ովքեր սովորել են նրա, և նույնիսկ նրա աշակերտների մոտ: Հովսեփ Օրբելին հայ էր: Եւ նա հպարտանում էր դրանով: Նրան հաճելի էր իր հայրենակիցների շրջապատում:  Նա սիրում էր գտնվել հայկական միջավայրում: Բայց նա ինտերնացիոնալիստ էր ամենաբարձր և ամենաազնիվ իմաստով: Եւ գիտության  մեջ էլ էր  սովորեցնում առանձնացնել ոչ թե  այն, ինչ բաժանում է ազգերին, այլ այն, ինչ միավորելով, խթանում է համաշխարհային մշակույթը: Ահա այս էր Հովսեփ Օրբելու կյանքի և աշխատանքի գլխավոր պաթոսը, այն, ինչ փոխանցել է իր աշակերտներին: Երևույթը, որ նա ատում էր, անվանում էր ռետրոսպեկտիվ իմպերիալիզմ: Դա այն է, երբ մարդիկ հետին թվով փորձում են սեփականացնել  իրենց պետության, թագավորության, իրենց ազգի ապրելատեղը    ներառնող տարածքները, որոնց հանդեպ տիրոջ իրավունքներ  են ներկայացնում: Ես կարծում եմ, որ այժմ մենք Օրբելու կարիքն ունենք ավելի շատ, քան երբևէ:  Եթե մենք հիշում ենք Օրբելուն, ապա ոչ  միայն այն բանի համար, որ նա հետաքրքիր աշխատություններ է հեղինակել այլ առաջին հերթին այն բանի համար, որ նա եղել է արժեքավոր գաղափարների գեներատոր: Նաև գիտական բարեխղճության գաղափարների կրող էր, որը շատ կարևոր ու անհրաժեշտ էր բոլորիս համար: Սա այն առանձնահատուկ, այն հիմնական հատկանիշն է,  որ պետք  է ունենան բոլոր գիտնականները՝ անկախ ազգային պատկանելիությունից: Դրա համար  ենք նաև երախտապարտ Հովսեփ Օրբելուն: