ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ ՉԿԵՂԾԵԼՆ Է

Դեկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հայտնի օպերային երգիչ ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ (բաս) 60-ամյա հոբելյանին նվիրված համերգը՝ Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Տոնական ծրագիրը ներառում է համաշխարհային պոպ երաժշտության հիթերի՝ երգերի, բալլադների, սպիրիչուելսների ընտրանին սիրված կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի գործիքավորմամբ, ով  և ղեկավարելու է երեկոյի առաջին բաժինը: Համերգի երկրորդ մասում մեներգիչն ու ՀՖՆ հանդես կգան նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Մինչ այդ հայ հանդիսատեսն արդեն հնարավորություն է ունեցել վայելելու Բարսեղ Թումանյանի անզուգական ձայնը Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնում՝ Արշակ Եկրորդի դերերգով: Օպերային, օրատորիալ, ինչպես նաև կամերային հարուստ երգացանկ ունեցող երգչի նախընտրությունն այս անգամ պոպ արվեստի դասական գլուխգործոցներն են:  Ժանր, որ վերջին տասնամյակներին գտնվում է օպերային աստղերի ուշադրության կենտրոնում, որին  անդրարարձել են կատարողական արվեստի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Լուչանո Պավարոտտին, Մոնսերատ Կաբալյեն, Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելլին և այլոք:
«Արվեստը» ստեղծագործական նորանոր բարձունքներ գրավելու մաղթանքով շնորհավորում է  Բարսեղ Թումանյանին՝ փառահեղ հոբելյանի կապակցությամբ  և  ընթերցողին ներկայացնում  լրագրող,  երաժշտագետ Լիլիթ ԵՓՐԵՄՅԱՆԻ հարցազրույցը. 
- Ինչի՞ մասին կուզենայիք խոսել այս օրերին Ձեզ հարազատ հայ հանդիսատեսի հետ:
Հիմա ամենից շատ ինձ մի բան է մտահոգում. Հայաստանի մշակութային կյանքը: Այն պետք է լրջացնել: Հերիք է վերջապես, շատ «ղժժացինք», արդեն չափից դուրս տրվեցինք թեթև տրամադրություններին, մշակութային fast food-ին, որ հիմա նաև ամբողջ աշխարհին է տիրում՝ КВН-ներ, սկեչեր, սերիալներ... Մեզ օդի պես անհրաժեշտ է ազգային մշակույթի լուրջ, հիմնարար վերանայում: Մշակույթը շոու չէ, զվարճանք չէ՝ այն մարդու կյանքի ամենաէական մասն է, որ  օգնում է նրան հասկանալ սեփական ապրումներն ու զգացողությունները,  բացահայտել  իր ինքնությունը:
...Հիշում եմ, հայրս, աշխատելով գործարանում, տարված էր Վագներով, պահանջ ուներ դասական երաժշտություն լսելու և ինքն՝ իրեն հասկանալու համար ուներ նման պահանջ: Սկսել էր տանգոներից, մինչև  հասավ Վագներին, արդեն  70 տարեկան էր…
- Կպատմե՞ք Ձեր ծնողների, Ձեր արմատների մասին:
Ես սովորական հայ ընտանիքից եմ՝ գաղթականների ընտանիքից. hորս կողմը սերում է Կարսից և Վանից, մորս՝ Էրզրումից: Հայրս ծնվել է Սոչիում, մայրս՝ Կիևում, իսկ ես՝  Երևանում:
- Բայց  բոլորը հայեր են:
Իհարկե, յոթը պորտով: Երևի գիտեք, հայրենիք կորցրած գաղթականները  ահավոր խիստ են իրենց տոհմը պահելու հարցում:
- Ուսուցիչներին նույնպես ինչ-որ չափով ծնող կարելի է համարել: Նրանք փարոսներ են կյանքի ճանապարհին... Ձեր բախտը կարծես բերել է այդ առումով:

Իմ ստեղծագործական կենսագրության և կայացման համար որոշիչ դեր է ունեցել Արշավիր Կարապետյանը: Գեղեցիկ երգեցողության (bel canto) մեծ վարպետ էր, գիտեր ոչ միայն «ինչը», այլև «ինչպեսը»: Արդյունքի հասնելու ճանապարհը գիտեր, նաև տեխնոլոգիան ու մասնագիտական գաղտնիքներին ու արհեստին   էր տիրապետում: Նման գիտակները այսօր համարյա չկան: Ցավոք... Հետո սովորեցի Եվգենի Նեստերենկոյի մոտ, ում օգնությամբ բացահայտեցի ռուս երաժշտության գեղեցկությունը և խորությունը: Գիտե՞ք, ամեն երկրի վոկալ դպրոցն  ունի իր ներքին  հոգևոր հենքը, գույնը, իմաստը, որոնց հիմքում  նախ և առաջ լեզուն է, լեզվամտածողությունը, բառամթերքը: Գերմանական sprechgesang-ը՝ գերմաներենից, ռուսականը՝ ռուսերենից, չինականը՝ չիներենից, հայկականը՝ հայերեն  հնչյունից…

- Իսկ իտալականը, երևի թե միայն երգից, այնքան լայնաշունչ է այդ bel canto-ն…
- Չէ, նորից խոսքից, իրենք երգելով են խոսում (խոսում է չափազանց արտահայտիչ,  երգեցիկ իտալերենով – Լ.Ե.):
Ի վերջո, մեր գործիքը՝ երգեցողության ապարատը, մեծ հաշվով լինում է ընդամենը երկու տեսակի՝ բնական և կեղծ: Եվ վարպետության ամենամեծ գաղտնիքը չկեղծելն է, ավելորդ բաներ չհորինելն  ու  բնական լինելն  է:
- Հայաստանում ո՞ր խնդիրն եք համարում առաջնայինը:
Մեզ այսօր մշակութային հեղափոխություն է պետք, հիմնավոր պետական ծրագիր, որը հստակ ցույց կտա, թե մենք,  ի վերջո,  մշակութային ինչ խնդիրներ ունենք:  Պետք է սուր մասնագիտական աչք ու ականջ ունեցող մարդիկ ընտրվեն, որոնք ունակ են մնայուն արժեքները զատել մշակութային ավանտյուրիզմից, ի վիճակի են խորքային վելուծություններ անել և ասել, թե ինչ է պետք մեր առաջընթացի համար: Չեմ ուզում ընկնել ծայրահեղությունների մեջ, բայցև պարտավոր  եմ ասել՝ որպես ազգ մենք գտնվում ենք ոչնչացման եզրին: Մեզ ազնվականի մեր տեսակն է պետք վերականգնել, և ազնվության կոչ է պետք՝  հանուն երկրի, պետության, պատվի, զինանշանի, տոհմի, ընտանիքի պահպանության...  Մշակույթն, ինքնին իրավագիտական մի ամբողջ համակարգ է: Մարդ-աստվածության գաղափարը մեծ իմաստ ունի այդ առումով. կրկին պետք է  հայ մարդու,  homo armenikus տեսակը վերստեղծենք:   Նրան, ով  Աստծուն է կրում իր մեջ:

Գիտե՞ք, երբ Բյուզանդիան ընկավ, բյուզանդական քաղաքական էլիտան կազմող հայ ազնվական տոհմերը ծնունդ տվեցին այլոց կայսրությունները կերտող գործիչներին՝ Մոնոմախին, Իվան Ահեղին և այլք, բայց հայոց պետականության շարունակականությունը, ցավոք, խզվեց, և մենք հայտնվեցինք թուրքա-քրդական մշակույթի ճիրաններում: Եվ այսօր էլ դեռ  ինքներս մեզ չենք ճանաչում ինչպես հարկն է, չենք գիտակցում, թե ով ենք իրականում: Պարզ ճշմարտություն կա՝  ինքդ քեզ հարգեցիր, ուրիշներն էլ կհարգեն: Բայց չէ, մենք կապկում ենք, մենք որդեգրում ենք՝ այս ու այն, ընդօրինակում սրան ու նրան, նայում ՝ աջ ու ձախ: Ինչո՞ւ, ամու՞լ ենք, զավակ չե՞նք կարող ծնել… Հային պետք չէ ոչինչ որդեգրել, հայի բանաձևը շատ պարզ է. արարել անկրկնելին: Իսկական հայը ստեղծում է անկրկնելին՝ այնպես, ինչպես երաժշտության բնագավառում  բացահայտեց  ու  իրականացրեց Կոմիտասը՝ կատարյալը: 

- Շատերը հիշում են հայկական գորգերի Ձեր հավաքածուն: Դուք ի՞նչ է, գորգարվեստում  էիք փնտրում Ձեր այդ բանաձևի հաստատումը:

Այո: Եվ գտա: Այ, այնտեղ ինձ մոտ ամեն ինչ ստացվեց: Հրավիրեցի լավագույն մասնագետներին և ասացի. գտեք անկրկնելին՝ այն, ինչը հայկական է: Եվ գենը սկսեց աշխատել, ստացանք ֆենոմենալ արդյունք: Եւ տեղի ունեցավ մշակութային սերնդափոխություն: Ցավոք, հավաքածուիս մեծ մասը հետո հարկադրված եղա վաճառել, բայց մի քանի գլուխգործոց պահել եմ, անգին են ուղղակի, երբեք չեմ կարողանալու դրանցից բաժանվել:

- Ինչպե՞ս  եք գնահատում ներկա իրավիճակը  Հայաստանում:
Սա մի փուլ է, որից, հուսանք, պատվով դուրս կգանք: Նոր իրողությունների արդյունքները, թերևս պարզ կդառնան մոտակա տարիների ընթացքում:
- Դուք հիմա Ղասախստանո՞ւմ եք բնակվում:
Ոչ, այնտեղ ես ընդամենը աշխատում եմ, ելույթներով եմ հանդես գալիս, և դասախոսություններ եմ ունենում տարբեր երկրներում, բայց իմ հիմնական բնակության վայրը Երևանն է:
- Ի՞նչ կարծիք ունեք  Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի  գործունեության ու  ներկա իրավիճակի մասին:

Անկեղծ ասած, չեմ հասկանում այն անառողջ վիճակն ու իրարանցումը, որ ստեղծվել է թատրոնի և Կոնստանտին Օրբելյանի անվան շուրջ: Ակնհայտ է, որ նա շատ ակտիվ աշխատում է, իր ուժերի չափով նպաստում է թատրոնի գործունեության զգալի աշխուժացմանը, և արդեն կան նկատելի արդյունքներ: Բերում է ներկայացումներ, կազմակերպում հյուրախաղեր, իր գումարներն է ներդնում: Թատրոնն, այսօր ակտիվ կյանքով է ապրում, ունի մենակատարների այնպիսի շքեղ կազմ, որին կնախանձեր ոչ միայն, ասենք, Ղազախստանը, որ հրավիրյալ արտիստներ է բերում երկիր, այլ նույնիսկ Ռուսաստանը: Պիտի խոստովանեմ, մենք ճոխ ընտրություն չունենք թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղի համար, և Օրբելյանի ներուժը  սպառված չէ: Ուրիշ հարց, որ նա դեռևս ավելի շատ դրսի կադրերին է նախընտրում, շեշտը չի դնում տեղի ուժերի վրա, հայ ռեժիսորներին, հայ նկարիչներին, հայ կոմպոզիտորներին չի համախմբում, բայց դրա համար ժամանակ է պետք: Երևի դա էլ կլինի: Ես Կոնստանտին Օրբելյանի ղեկավարման հետ կապված հատուկ մտահոգության առիթ չեմ տեսնում, ողջունում եմ նրա գործունեությունը Հայաստանում:

- Անցնե՞նք բլից-զրույցի՝ ևս մի քանի հարցի շատ կարճ պատասխանելով:
Խնդրեմ: 
- Ըստ Ձեզ, ո՞ րն է կյանքի իմաստը:
Ինքնաբացահայտումը:
- Ի՞ նչ է երջանկությունը:
Երջանիկ ես, երբ կարողանում ես կյանքդ իմաստավորել:
- Սերը կարո՞ ղ է մահանալ:
Սերը   ծննունդ է… Սերը արարում է՝ մարդուն, գաղափարները, նպատակները …
- Ո՞ վ է կամ ի՞ նչ է Աստված:
Բանականություն: Որ տրված է մարդուն, և, ինչն էլ տարբերում է նրան մնացած գոյից  աշխարհի: Աստվածաշնչում այդպես էլ գրված է. «Ի սկզբանէ էր Բանն. եւ Բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բանն»:
- Ինչի՞ ց եք խորշում, ինչը չեք ընդունում մարդու մեջ:
Փորձում եմ հասկանալ  մարդկային ամեն մի դրսևորում:
- Ի՞ նչն է Ձեզ մխիթարում:
Այն, որ ամեն գիշերվան միշտ հաջորդում է ցերեկը, ինձ մխիթարում է նոր օրվա սպասումը:
- Ձեր դերերգերից ո՞րն է առավել հոգեհարազատ:
Այն, որի վրա աշխատում եմ տվյալ պահին… Չեմ կարող առանձնացնել: Բայց գուցե ցանկություն ունենամ վերանայել իմ դերերը Վերդիի «Դոն Կարլոսում», Մուսորգսկու «Բորիս Գոդունովում», Ռիխարդ Վագների «Վալկիրիաներում»…
- Եթե կինոռեժիսոր լինեիք, ինչի՞ մասին ֆիլմ կնկարեիք:
Ազգայինի հիմքի  իրական բացահայտման խնդիրը  կդնեի:
- Սիրված արտի՞ստը:
Չեմ կարող ասել, ամենքից կարող ես մի բան սովորել: Նույնիսկ չկայացած արտիստի ելույթը  կարող է փայլուն գաղափար տալ:
- Սիրված հերո՞սը:
Նա, որ երբեք չի հանձնվում: Կյանքը պայքար է: Պետք չէ անհաջողության պահին շատ խորանալ պատճառների մեջ, օր ու գիշեր վերլուծության ենթարկել և փնտրել մեղավորներին: Պարզապես չի կարելի հանձնվել:
- Ձեր կյանքի ամենամեծ փորձությունը:
Թանկ մարդկանց կորուստը…
Երազանքների կործանումը…
- Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը:
Հայի էությունը: Բնությունից տրված ծրագիրը, մատրիցան: Մայր հողը, որի հետ պորտալարով ես կապված:
- Ի՞նչ է արտագաղթը:
Ամենասարսափելի բանն է՝ ինքնաոչնչացում, որ դարձել է հայի կյանքի բնական ապրելաոճը: Կյանքի մրցակցային դաշտում հաղթելու համար հայը արտագաղթում է, յուրացնում ուրիշի արժեքները և դառնում օտարի քաղաքական համակարգի և մշակույթի լավագույն կրողը: Կատարյալ թուրք է, օրինակ: Բայց այդ հաղթանակը  տրվում է նրան սեփական տեսակը ոչնչանալու գնով: Նա արդեն երբեք հետ չի վերադառնալու իր արմատներին, իր հողին, իր մշակույթին: Սարսափելի բան է, ամենամեծ վտանգն է, կարծում եմ:
- Ի՞նչ է փողը:
Շատ կարևոր բան՝ ոգեղենի պահպանման միջոց, հոգևոր գոյության նյութական ապահովում:
- Ինչո՞ւմն է մարդու ամենամեծ ուժը:
Գուցե հենց այդ բևեռները մոտեցնելու մեջ. հոգևորի և նյութականի հավասարակշիռ վիճակին հասնելու մեջ:
- Հավատո՞ ւմ եք հրաշքների:
Այո, անկասկած: