Գիտնականի իր մկրտությունը նա Անիում էր ստացել

Հովսեփ Օրբելու ծննդյան հարյուրամյակը լայնորեն է նշվել: 1987-ին, նրա կյանքի ու գործունեության մասին պատմող բազմաթիվ հոդվածներ են հրապարակվել:  Սանկտ Պետերբուրգում նրան նվիրված հեռուստատեսային ֆիլմ նկարահանվեց: Դրան պետք է հաջորդեր Սանկտ Պետերբուրգի կինոստուդիայում  Օրբելու կյանքի անհեշտ կյանքի մասին պատմող վավերագրական  ֆիլմի նկարահանումը: 

 Նույն տարվա փետրվարին, Սանկտ Պետերբուրգում գիտական նստաշրջան կազմակերպվեց, որտեղ ներկայացված քառասունից ավելի զեկուցումների հեղինակները տարբեր քաղաքներից եկած արևելագետներ էին, որոնք իրենց  աշխատությունները նվիրել էին Հ. Օրբելու մեծարժեք ուսումնասիրություններին, գիտական, գիտակազմակերպչական  և հասարակական գործունեությանը: Իրականում դա նաև  տարբեր սերունդների արևելագետների   հարգանքի տուրքն  էր  Մեծ Ուսուցիչի հիշատակին:

   Մոսկվայի «Знание» հրատարակչության արևելյան բաժնի գլխավոր խմբագրությունը և  Երևանի «Հայաստան» հրատարակչությունը ռուսերեն և հայերեն լեզուներով վերահրատարակեցին պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյանի՝ «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելի» գիրքը:  

Հանդիպում երրորդ.

ԿԱՐԵՆ ՅՈՒԶԲԱՇՅԱՆ. (1927-2009թթ)  ԽՍՀՄ  Արևելագիտության ինստիտուտի Պետերբուրգի մասնաճյուղի  գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր.

Ես շատ եմ մտորել ու փորձել հասկանալ, թե՝ ո՞րն է Հովսեփ Օրբելու բացառիկության, անձնական հմայքի և ձգողական ուժի գաղտնիքը: Պատկառազդու էր, գեղեցիկ, վեհ: Հատկանիշներ, որոնք ակնառու էին առաջին իսկ հանդիպումից, նույնիսկ առաջին իսկ հայացքից: Թողած տպավորությունը կրկնապատկվում էր, երբ սկսում էր խոսել: Հրաշալի հռետոր էր: Նրա ելույթները բանավոր խոսքի գեղեցկության օրինակ էին, զարմանալի ամուր և գեղեցիկ կառուցվածք ունեին: Գիտնականի փառքը, որ շատ վաղ տարիքում ունեցավ, երբեք չլքեց նրան: Գիտության ասպարեզ նա մուտք գործեց  որպես խոր, անալիտիկ մտքի  իսկական վարպետ: Նրա բոլոր աշխատությունները՝ թե խոշոր հուշարձաններին, թե առանձին նմուշներին նվիրված, դասական ուսումնասիրությունների բացառիկ օրինակ էին: Այդ ամենով հանդերձ, նրա ստեղծագործական կենսագրությունը ողբերգական է եղել: Մի բան, որ իր կնիքն է թողել նրա գործնեության ու կյանքի ողջ ընթացքի վրա: Ինչպես վկայում էին նրա մտերիմները, դա հիմնականում կապված է եղել Անիի ուսումնասիրման արգելքի հետ: Իր սիրելի քաղաքի՝ 1917 թվականին թուրքական իշխանության անցնելու փաստը նա շատ ծանր է տարել: Անիի հուշարձանները մեծ խթան էին  նրա գիտահետազոտական  ուսումնասիրությունների համար: Գիտնականի իր մկրտությունը նա Անիում էր ստացել: Եւ զարմանալի չէր, որ անդառնալի այդ կորուստի ցավը նա  ապրել է ամբողջ կյանքի ընթացքում: Բայցև բարեբախտություն է, որ հասցրել է  ժամանակը, հնարավորինս  օգտագործել հայոց մայրաքաղաքին նվրված  գիտական խոշոր  և  կարևոր ուսումնասիրություններ կատարել: Բավական է հիշել, թեկուզ Վանի արձանագործությունների հետազոտությունը: Հիանալի հրապարակումներից և թարգմանություններից  բացի, նրա աշխատությունները պարունակում են նաև պատմա-բանասիրական և արձանագրագիտական բնույթի խոր ուսումնասիրություններ՝  մի շարք հուշարձանների նվիրված: Հ. Օրբելու այդ աշխատություններն առանձնահատուկ արժեք ներկայացնելով հանդերձ, միաժամանակ  հիմք ծառայեցին հայկական արձանագործության դիվանի համար:

Զարմանալի մեծ  ներդրում են նաև 1911-1912թթ. Մոկս ունեցած ուղևորությունից բերած նյութերը: 1911-ին  Վան մեկնելով, նա որոշում է ուսումնասիրել Մոկսի հայկական  բնակչության բարբառները: Արդյունքն եղավ այն, որ գիտության սեփականություն դարձրեց  մի քանի տասնյակ հայկական ազգագարության տեքստեր, որոնք նա գրի էր առել հենց  տեղում: Այնուհետև մշակելով, կազմել էր տվյալ տեղավայրի հայերենի բարբառների բառարան, որով և պահպանել է Մոկսի հայերի (որոնք ոչնչացվեցին 1915-1917թթ. եղեռնի ժամանակ) լեզվի հնչյունակազմության առանձնահատկությունները: Կասկած չկա, որ այս հետազոտությունը նրան հետագայում օգնեց  «Սասունցի Դավիթ» դյուցազներգության  բացառիկ հետաքրքիր ուսումնասիրության  և համահավաք տեքստի վրա կատարած աշխատանքն իրականացնել: Ճշգրիտ, գրական առումով անբասիր են նաև նրա հին հայերենից կատարած թարգմանությունները: Մեծ է Օրբելու դերը արևելագիտության զարգացման գործում: Նրա նախաձեռնությամբ  Էրմիտաժում բացվեց Արևելքի բաժին, որի համբավը տարածվեց ամբողջ աշխարհում:

Հ. Օրբելին Լենինգրադի համալսարանի արևելյան ֆակուլտետի  դեկանն էր մինչև 1960 թվականը: Հետո որոշեց ամբողջ ուժերը կենտրոնացնել Արևելագիտության Ինստիտուտի պետերբուրգյան բաժանմունքի վրա,  որի ղեկավարման գործում դժվար է գերագնահատել նրա դերը: Դրա հետ միաժամանակ չմոռացավ և  Պետերբուրգում վերականգնեց բուն հետազոտական կենտրոնը: 1956–ին հիմնադրվեց հիշյալ բաժանմունքն ընդլայնելով գործունեության շրջանակները դարձավ արևելագիտության խոշորագույն կենտրոններից մեկը: Տասնամյակների ընթացքում Հովսեփ Օրբելու գործունեությունը  տարբեր ասպարեզներում, բազում հետազոտությունները  բնութագրման ենթակա չեն: Կարելի է միայն ասել նրա անհատական կերտվածքը և իրականացրած տարաբնույթ գործերը աներևակայելի գեղեցիկ ներդաշնակություն են կազմում: Մի բան, որ հատուկ է միայն բացառիկ մարդկանց, իսկապես մեծ անհատներին: