ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ

- Մի լավ բան պատմիր ապագայի հուշերից:
- Այդպիսի հուշեր ունենալու համար գալիք օրվան միտված հայացք պետք է ունենալ:

 Այս հայացքն ունեցող նկարիչներն այսօր բողոքում են: Զուսպ, առանց միմյանց ընդհատելու, լուրջ հիմնավորումներով իրենց մտահոգություններն են ներկայացնում: Տարիներ շարունակ ստեղծագործական միության գործունեության հետ կապված տարաբնույթ խնդիրները վերհանելով, նրանք ակնկալում են, որ նկարիչների միության հերթական համագումարում դրանց լուծելու առաջարկները կընդունվեն: Գուցե նաև հավատում, որ առաջիկայում միության գործառույթների հիմքում այնպիսի ծրագրեր կիրականացվեն, որոնք կգոհացնեն ու կհետաքրքրեն նաև ստեղծագործական միության շարքային անդամներին:

 Հիշենք.

1945-2018թթ. Նկարիչների միության առաջին և վերջին համագումարների տարեթվերն են: Պատկառելի նիշ է, իհարկե: Իսկ ստեղծագործական միությունն, իրականում կազմավորվել է ավելի վաղ՝ 1932-ին: Առաջին նախագահն էլ եղել է Արա Սարգսյանը, երկրորդը՝ Մհեր Աբեղյանը: Առաջին համագումարը գումարվել է ավելի ուշ՝ 1945-ին: Այդ ժամանակ ստեղծագործական միության նորընտիր նախագահ է դարձել Մարտիրոս Սարյանը: Հետագայում միության անդամները հինգ տարին մեկ համագումար են կազմակերպել՝ նոր նախագահի թեկնածության առաջադրանքով: Ընդ որում, նախապատվությունը հիմնականում տրվել է անվանի արվեստագետներին: Եւ քանի որ նկարիչներն իրենց բնույթով ըմբոստ ժողովուրդ են, ապա հաճախ են իրենց բողոքները կամ այս կամ այն որոշման դեմ ունեցած անհամաձայնությունը բարձրաձայնել՝ անկախ այն հանգամանքից, թե ով է եղել միության ղեկավարը: Հարցերն ու հարուցված խնդիրներն էլ սովորաբար իրենք՝ իրենցով են քննարկել ու ընդհանուր հայտարարի բերել:

 ժամանակները փոխվելու հետ գրված ու չգրված մի շարք կանոններ ու հատկապես կանոնադրություններ նույնն են թողնվել իսկ ահա միմյանց հետ հարաբերվելու, համատեղ որոշումներ կայացնելու եղանակները խախտվել են: Ծածուկ գործելակերպն է նախընտրվել: Չնայած ամեն ինչ թաքուն պահելու հմտություններին ոնց որ, թե չեն կարողացել լիովին տիրապետել… Փոփոխությունների նորագույն փուլն է թերևս պատճառը, որ արվեստագետները ոչ միայն բարձրաձայն արտահայտվելու, այլև որոշ խնդիրներ լուծելու առաջակություններ ներկայացնելու վճռականություն ցուցաբերեցին: Նկարիչների միության անդամները փաստերով հիմնավորած իրենց մտահոգություններն ու կուտակված խնդիրները նախապես հանրությանը ներկայացրեցին, որպեսզի կազմակերպիչները հընթացս անտեսելով, հմտորեն չշրջանցեն, նախորդ հավաքների օրինակով:

Ի դեպ.

Սովետմիության փլուզումից հետո, անկախ Հայաստանի ստեղծագործական միությունների նորընտիր նախագահներից ոմանք շատ սիրեցին իրենց կարգավիճակը: Այնքան, որ տարիներ շարունակ ինչ-ինչ հնարներով վերընտրվելով, հաջողությամբ կարողացան պահպանել իրենց աթոռը մի քանի հնգամյակ շարունակ: Պաշտոն, թե՝ Աթոռ ասվածն էլ հայտնի ու բացատրելի նոր հատկանիշներով է նման մարդկանց օժտում: Եւ նրանք պաշտոնավարման նախնական փուլը բոլորելու պես, անկաշկանդ ու համարձակ հայտարարում են՝ «էս սարն իմն է, սարի վրա ծառն էլ, ծառի վրա փչակն էլ, փչակում եղած բունն էլ»… Չէ, ոչ փչակի, ոչ էլ բնի միջի եղածն արդեն մեր գիտցածը չի: Նկարիչներն, անշուշտ ավելի լավ են իմանում, թե իրենց ունեցածն ինչ էր և ինչն է մնացել: Պարզապես չեն պատկերացնում, թե օրինակ Բյուրականում գործող նկարիչների հանգստյան տունը ինչպե՞ս է դարձել Աղվան Հովսեփյանի սեփականությունը: Եւ ի՞նչ հիմունքներով է օտարվել ասենք, Աբովյան.-16 շենքին հարակից, քաղաքի պատմության նշանակալից մաս կազմող, արվեստագետների հիշարժան հավաքատեղի համարվող «Նկարիչների սրճարանը»: Կամ թե՝ ու՞մ արտոնությամբ է միությանը պատկանող Գեղարվեստի կոմբինատի տեղում (այն որ Կոմիտասի անվան փողոցի վրա էր), «Սիթի մարկետ» հայտնվել: Սրանք իրականում անվերադարձ կորուստներ են: Եւ դժվար է հաշտվել նման կորուստների հետ: Առաջիկայում այսպիսի փաստերի հանգեցնող գործառույթները կասեցնելու և նոր ու տխուր իրավիճակներում չհայտնվելու, գուցե անգամ ժամանակի ու ժամանակակիցների հարաբերությունները շտկելու համար են նկարիչները հիմա ընդվզում: Նաև նոր վտանգների կանխարգելման վճռականություն ցուցաբերում, քանի որ միության կանոնադրությունում ամրագրված են մի քանի կետեր, որոնք  վարչության անդամների համաձայնությամբ, հասարակական այս կազմակերպության նախագահին արտոնություն են տալիս օտարել միության սեփականությունը: Դա է, որ պետք է վերանայվի ու շտկվի, անկախ այն հանգամանքից, թե այս համագումարը ում է ղեկավար ընտրելու: Նոր, թե հին, կապ չունի: Չնայած ներկա իրավիճակում հին ասվածը, շատ է հին… Հիշենք, որ Նկարիչների միության նախորդ համագումարը կայացել է 2013 –ին, դեկտեմբերի 13 -ին: Ճիշտ այդ օրը, ինչպես տեղեկացնում են գրավոր աղբյուրները. «Կարեն Աղամյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվեց սույն կազմակերպության նախագահ»: Բայց նույն աղբյուրները հարկ չեն համարել նշել, որ Կ. Աղամյանը ոչ թե առաջին, ոչ թե երկրորդ այլ երրորդ անգամն է ստեղծագործական խոշոր այս հաստատության նախագահ դարձել: Այսինքն, 1998- ից մինչև հիմա, նկարիչների՝ 1000, մեկ այլ դեպքում 1200 անդամով նշված միությունը, նույն մարդն է ղեկավարում: Ընդ որում, Աղամյանը արդեն հայտնել է, որ նորից է առաջադրելու իր թեկնածությունը: Չի բացառվում, որ այս անգամ նույնպես նա կվերընտրվի: Անկախ այս հանգամանքից, պետք է որոշ շտկումներ իրականացվեն: Հատկապես Միության կանոնադրության մեջ: Այն մի քանի կետեր ունի, որոնք ոչ միայն անհեթեթ են, այլև զարմանք ու տարակուսանք են հարուցում: Նկարիչներն առաջակում են խնդրահարույց այդ կետերը փոխել ու առհասարակ թարմացնել միության կանոնադրությունը: Իրենք էլ ներկայացնելու են կանոնադրության նոր տարբերակը, և առաջարկելու են այն քվեարկության դնել նկարիչների միության դեկտեմբերի կեսերին գումարվող համագումարում:

 Առաջարկությունները չորսն են.

Առաջարկ առաջին
Առաջարկում ենք «Հայաստանի նկարիչների միության» կանոնադրությունից հանել 3.2, 3.3, 4.3 կետերը, որոնց համաձայն մինչև 14 տարեկան երեխան կարող է դառնալ Նկարիչների միության անդամ և ունենալ նույն իրավունքները, ներառյալ ընտրելու իրավունք, ինչ չափահաս անդամը: (Միայն նախագահ և վարչության անդամ ընտրվել չի կարող):     
«3.2 Մինչև տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա»:
  1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
4.3 Կազմակերպության անչափահաս անդամներն ունեն Կազմակերպության անդամների համար սույն կանոնադրությամբ նախատեսված միևնույն իրավունքները, բացառությամբ Կազմակերպության մարմիններում ընտրվելու իրավունքի, և կրում են միևնույն պարտականությունները»:
Հիմնավորում
Վերոնշյալ կետերը հակասում են ՀՀ Սահմանադրությանը, որտեղ ընտրելու իրավունք ունեն միայն չափահաս անձինք և ընդհանրապես անչափահասը չի կարող ունենալ նույն պարտականությունները և իրավունքները, ինչն ունի չափահասը: Դա հակասում է նաև Նկարիչների միության գործունեության տրամաբանությանը, քանի որ Նկարիչների միությունը կերպարվեստի բնագավառի մասնագետների միություն է:Այդ կետերը հակասում են նաև հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքին, որի 13 հոդվածի 11- րդ կետում նույնպես նշված են «անչափահաս անդամների իրավունքների և պարտականությունների առանձնահատկությունները» (մանկապատանեկան կամ երեխաների իրավունքներին առնչվող կազմակերրպություններում):
             Առաջարկ երկրորդ.
    «Հայաստանի նկարիչների միության» կանոնադրության
   3.1. կետում գրված է.
«Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները»:
Առաջարկում ենք այդ կետը փոխել հետևյալ կերպ.
«3.1. ՀՀ նկարիչների միության անդամ կարող է դառնալ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը, որն ունի կերպարվեստի բնագավառի մասնագիտական կրթություն»:
Հիմնավորում.
Միության անունն արդեն խոսում է նրա բովանդակության և կառուցվածքի մասին՝ « Հայաստանի՛ նկարիչների՛ մ իություն»: Ցանկացած կազմակերպություն դադարում է կազմակերպություն լինելուց, դադարում է որպես համակարգ գործելուց, երբ չի ունենում սահմաններ: Միևնույն ժամանակ, այդ սահմանափակումները չեն խանգարում, որպեսզի Նկարիչների միությունը կապերը ամրացնի և համագործակցի սփյուռքում ապրող կերպարվեստագետների և մշակութային կազմակերպությունների հետ:
         Առաջարկ երրորդ
«Հայաստանի Նկարիչների Միության» կանոնադրության
 7.4 կետում գրված է.
 «Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապաՎարչության կողմից սահմանված կարգով Համագումարին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները»:
Առաջարկում ենք հանել այդ կետը:
Հիմնավորում. Նկարիչների միության անդամները ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ: Եվ չորսը տարին մեկ անգամ համագումարին մասնակցելը պետք է համարվի այդ պարտականություններից մեկը:
          Առաջարկ չորրորդ
«Հայաստանի նկարիչների միության» կանոնադրության 7.12 կետում գրված է.
«Կազմակերպության նախագահը՝ գործադիր մարմինը
Ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս է գրում կազմակերպության՝ մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ գույքը՝ ցանկացած չափի և տեսակի, իսկ մեկ միլիոնը գերազանցող արժողությամբ գույքը՝ վարչության համաձայնությամբ»:
Առաջարկում ենք ավելացնել.
«Բացառությամբ. կազմակերպությանը պատկանող անշարժ գույքի օտարումը, /անհատույց և անժամկետ հանձնումը/, որը որոշում է միայն համագումարը»:
                   Նկարիչների միության մի խումբ նկարիչներ
Սպասենք: Մանավանդ որ սպասելու շատ քիչ ժամանակ է մնացել: