ՄԵՆՔ` ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ

                         
     Հաղթանակի եռատոնը ազգովին նշեցինք ու այդ օրերին միասնական էինք, միակամ  էինք: Մամուլում տպագրվող նյութերը, եթերից հնչող խոսքը, ցուցադրվող տեսանյութերն էլ ճշմարիտ վերծանումներ էին  ոչ վաղ անցյալի մեր հերոսական  էջերի:  Այդ էջերը կերտած մեր հերոսների մասին ֆիլմեր ու հաղորդումներ էին հիմնականում: Եւ  նորից`տասներրորդ կամ ավելի անգամ դիտում էինք, որպեսզի հաղորդակցվեինք մարդկային մեր ազնվագույն տեսակին, որպեսզի վերապրեինք հպարտության կորսվող  զգացողությունը: Զգացողություն, որը մեր գոյի հիմքն էր Շարժման տարիներին, Անկախության համար մղած պատերազմի տարիներին… Ողբերգական իրադարձություններով,  Մեծ կորուստներով, բայցև Հույսի ամուր հիմքով ապրվող տարիներին: Այս ամենի միջով անցած, այս դժվարին ընթացքին համաքայլ գնացողներից մեկն էլ հրապարակախոս, գրող`Մաքսիմ Հովհաննիսյանն էր, որի գործը, ավելի ճիշտ, նրա «Հեռացող երկրի կարոտը» վերառությամբ նոր գիրքը ներկայացնելով է, «Արվեստը» անդրադառնում տոնակատարությանը: Քանի որ  Արցախի անկախության կայացման, պատերազմի ու հաղթանակի արդեն պատմություն դարձող տարիների ու հաղթական շրջանին հաջորդած բարդ ու տագնապալից ժամանակների իսկական վավերագիրն է Մաքսիմ Հովհաննիսյանը, որը այսօր էլ իր գրի ամուր ճշմարտությամբ շարունակում է երկրի  աննահանջ զինվորը մնալ…  
«Բառ, մեղեդուդ վերադարձիր».-ռուս պոետի բանաստեղծական տողը իր նոր` «Հեռացող երկրի կարոտը» գրքի համար, բնաբան ընտրած արձակագիրն, ասես հուշում է, բառն է ամենակարևոր նշանը: Եվ բառն է
Մաքսիմ Հովհաննիսյանի գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակը, ժողովրդական նկարիչ  Ռոբերտ Էլիբեկյանն է:   Սա այն համագործակցությունն է, որի կայացման հիմք է դարձել մտավորական երկու անհատների միմյանց  հանդեպ ունեցած փոխադարձ հարգանքը: Գրողը գիտեր և սիրում էր նկարչի ստեղծագործությունները: Նկարիչը հետո էր ծանոթանալու գրողի գործերին և սիրով ստանձնելու նրա գրքի ձևավորման աշխատանքը: Թեպետ Էլիբեկյանի հեղինակած նկարները Հովհաննիսյանի գրական տեքստի անմիջական իլյուստացիան չեն:   Դրանք` գրական տեքստի բովանդակային իմաստին համահունչ, շեշտադրումներ խտացնող,  ժամանակի մետաֆորը ներկայացնող սեղմ խորհրդանիշներ են: Արվեստագետի`տարածություն ընդգրկող հայացքի գեղանկարչական  անդրադարձն են հաղթանակած երկրի այն հատվածին,  որտեղից դեռևս 18-րդ դարում սերվել են իր նախնիները: Գործեր են, որոնց  մասին  ասվում է` «լսել աչքերով»: Գեղարվեստի տարբեր արտահայտչաեղանակներով` բառի, գույնի ու  գծի հնչեղ ձայնով  ներդաշնակված այսպիսի մի գործ  են առաջարկում մեզ Մաքսիմ Հովհաննիսյանը և Ռոբերտ Էլիբեկյանը,  որի գնահատականը, այդուհանդերձ Ժամանակին է թողնվում: Հույսով, որ այն մունջ չի մնա: