ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ… ԼՌԵԼ ԵՆ, ՔԱՆ ԽՈՍԵԼ

Նրանց ներկայությունը քաղաքին մի առանձին հմայք էր տալիս:  Հայրը 1961-ին էր ներգաղթել Հայաստան: Մենակ էր եկել: Վեց տարի անց որդին ընտանիքով՝ չորս երեխաների ու գեղեցկուհի կնոջ հետ եկավ: Հորը միանալու, հայրենիքում ստեղծագործելու համար եկավ: Հայրը՝ Կոստան Զարյանն էր: Որդին՝ Վենետիկում, Փարիզում, Հռոմում և Վիենայում կրթություն և մասնագիտական փորձառություն ստացած  Ճարտարապետ Արմեն Զարյանը, որի ծննդյան  օրը  սեպտեմբերի 13-ն է.    

    ՄԻԱՅԱՆԱԿ ՈՒ ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ԵՆ ԲՈԼՈՐ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ

Ո՞ր ընտրյալ հայը չի անցել ազգային գողգոթան, ո՞ր ընտրյալ հայը իր ներսում չի կրել Հայոց մեծ աշխարհը, որը իրականում չկա: Եվ նրանք մնում են միայնության մեջ: Միայնակ են բոլոր ընտրյալները: Մեկուսացած ու միայնակ: Նրանց ոգեկան շքեղությունը, գեղագիտական բարձրակառույց տվյալները պատկանում են այն մեծ Հայաստանին, որը Աստծո տիրույթում է և ոչ թե հողի վրա: Ո՞ր ընտրյալ հայը չի փորձում մարմին հաղորդել նրան, նախեղակ, աստվածատրյալ էությունը նրա ամբողջացնել: Եվ այդ ողբերգական հերոսությունն հայ ընտրյալների ներգոյի հատկությունն է, որը պարտադրված է անիմանալի ծրագրով՝ ի հեճուկս մշտաբնակի բարեկեցիկ լինելության: Եվ պրծում չկա՛, հավերժությունից պահ տեղափոխվելու միջոց չի արտոնված:
Կոստան Զարյանը Հայոց աշխարհից մնացած խլյակի մեջ փորձում էր տեղավորել իր ներգոյում տակավին ամբողջական պահպանված երկրի էությունը, նրա անխաթար կերպարը: Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս… Նա մենակներից մեկն էր…  Ազգային ներչարչարանքի ատամնանիվների արանքում… Նույն այդ ատամնանիվների արանքում հայտնվեց նրա որդին՝ Արմեն Զարյանը: Նրա նախագծած՝ Հայոց մայրաքաղաքի Գլխավոր պողոտան ճմրվեց նաիրյան կեղտափրփուր կրքերի, իրենց բուն ընթացքը կորցրած, անտրամաբան շարժվող չարխերի միջև, և նրա  «դիակը», սերկ, ճարտարապետի անելանելի մենակության վկայությունն է: Եվ մեղավոր չեն նաև «չարխերը», քանզի Նաիրին վաղուց էր իր հունից դուրս եկել, «խենթացել» էր ու դեռևս շփոթում էր իր առջևի արահետները: Բայց ի՞նչը կարող է շեղել ընտրյալներին: Արմեն Զարյանը մինչև վերջ շարունակեց ընթանալ ազգային այն մեծ ծրագրի թելադրանքով, որի բնագիրը պահվում է երկնքում և նրա հեղինակը ցեղի Բացարձակն է:
1992 թվականին մենք հիմնադրեցինք «Հայություն» հանդեսը: Հայաստանի ամենանեղ օրերն էին, և Արմեն Զարյանը մեզ հետ էր: Նա թերթի զարդն էր, ազգային հենքն ու գեղագիտության կամերտոնը…
Շատ քիչ կլինի այս խոսքերով ներկայացնել նրա կերպարը: Հատկանշական է նաև, որ «Հայությունը» ևս պատկանում էր միայնակների դասին, և Արմենը նրա մասն էր: Մթի, ցրտի և սովի օրերին, երբ մարդիկ հնարավորություն և միջոց էին փնտրում մի կերպ ճողոպրելու Հայաստանից, Արմենը իր անձուկ սենյակում, մի ոտքի վրա նստած (երկրորդ ոտքը անդամահատվել էր՝ թերևս ճարտարապետական ինտրիգների հետևանքով), գրում էր «Հայկական ճարտարապետություն» գիրքը: Ես նրան հարցրի.
- Ինչո՞ւ չես մեկնում Իտալիա… այնտեղ որդի ունես, քույր ունես, շենքեր ես կառուցել իտալացիների համար… Գոնե այս մթից ու ցրտից կազատվես… Թեկուզև ժամանակավոր…
- Այսօր Հայաստանից հեռանալը անբարոյություն է:
Ահա՜ Արմեն Զարյանի պատասխանը, և դա մենակության հերոսականության դրսևորում էր:
Ես շատ երկար կարող եմ խոսել Զարյանի ազգային բարոյականության և ապագա միտող ծրագրվածության մասին, հիմա պարզապես ուզում եմ խոնարհվել մեծ, ընտրյալ հայի հիշատակի առջև: