ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ

   Մայիսի 1-ը, ինչպես առաջներում, այնպես էլ հիմա տոնական օր է: Աշխատավորների տոնն է: Ուրեմն, այն մի հատվածի համար է տոն, որն այս վերջին շրջանում գերագույն լարումով աշխատել է, էն  մյուս`  ոչ աշխատավոր մի կերպ ու նվազ աշխատավարձով գոյություն պահողների համար հուսահատության սահմանը հատելու նման մի բան է:  Երկրի ընդերքից չէին նոր  ցնցումները, որոնք ժողովրդին շարունակական լարվածության մեջ  պահեցին:  Արտակարգ իրավիճակին արձագանքելու միակ հնարավոր եղանակը դարձավ խոսքը: Աբսուրդի ժանրին հարիր իրադարձությունները քննարկող, կարծիքների բախումներով ընթացող մեկնաբանություններ ու վերլուծականներ ներկայացնող` բանավոր ու գրավոր խոսքը: Միամտաբար կարծեցինք, թե «լսել» բայը կարող է ընկալվել որպես «հասկանալ»։
Վարչապետի ազատման և նորի նշանակման սպասման օրերին հաջորդած  կարճ մի հատվածում` նորի  նշանակման ու  կառավարության  կազմավորման  ժամանակ սկսված խոսքային լուրջ քննադատությունները, սակայն որևէ կերպ չկասեցրին  բացասական լիցքերով ընթացվող գործընթացը` հանուն “երկրի բարօրության”:  Ճապաղությունների սրբացում: Այն շարունակվեց Ազգային ժողովի նախագահի ընտրությամբ:  Եւ իրադարձային այս շրջանում, Թուրքիայի վարչապետը «ցավակցական» հայտարարությամբ  դիմեց աշխահասփյուռ մեր այն հայրենակիցներին, որոնք անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրած հայերի ժառանգներն են: Մեր բարեկամ Ռուսաստանի նախագահն էլ ստորագրեց` հայերի մի կեսի դժգոհությունն առաջացնող, մեկ այլ` կեսի համար հուսո դուռ բացող, միգրացիային վերաբերող  հայտնի հրամանագիրը:  Հետո ի՞նչ է լինելու: Հայտնի չէ: Կարծես թե կրկին հանձնվելու ենք պատահականությունների, քանի որ մեր իշխանական ղեկին կանգնողները, չեն սիրում ընտրել այն ճանապարհը, որը երկրին հանում է փակուղուց: Մեզանում ուրվագծվում են «ուղիներ», որոնք չգիտես ինչու միշտ տանում են դեպի նույն փակուղին:  Ավելի ստույգ`փակուղիները: Մինչդեռ նոր հեծանիվ հորինելու կարիք չունենք: Մեր պատմության դասերը կան, կան նաև այդ պատմությունը կերտող մեր մեծերի` երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգի ինքնությունը պահել-պահպանելու  գրավոր բանաձևումը: Կարդալ է պետք` եթե ոչ սերտելու, ապա գոնե իմանալու համար:  Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ առաջնորդող մի սկզբունքի կարիքը մեծ  է:  Ետ նայելով, Սկզբի մասին խորհելու համար է ընդամենը, որ  ընթերցողին վերհիշել ենք առաջարկում`  Գարեգին Նժդեհի` «Բաց նամակներ հայ մտավորականությանը» գրավոր ուղերձից ընտրված մի քանի հատվածներ, որոնց արդիական հնչողությունը ոչ միայն  զարմացնում է, այլև պահանջում է հասկանալ:  Վերնագիրն անգամ  հուշող ենթատեքստ ունի...  Այսքանը. Իսկ հիմա Ուղերձը, մեր աշխարհը ճիշտ կազմակերպելու Գ. Նժդեհի` ապացուցողական խստությամբ գրված.
…Հոգեկան ցնցումների ընդունակ  ժողովուրդները միայն կարող են վերանորոգվել: Աղետավոր չէ կորուստներ ունենալը, աղետավոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն անցյալի դեպքերից խրատվել, փորձվել, սթափվել չիմանալը. պարզ` աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատման անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների ոչ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլև հենց իրենք` ժողովուրդները: Վերագնահատման պիտի ենթարկենք ոչ միայն դեպքերի առարկայական բնույթը, այլ հատկապես մեր հոգևոր կյանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշման ենթարկենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն կարող է խոսք լինել բուժման մասին:
Իսկապես ինչո՞ւ պարտվեց ու իր բարեկամներից լքվեց հայ ժողովուրդը: Ո՞վ է մեղավոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնեական Եվրո՞պան, մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը: - Բոլորը` բացի մեզնից, - այսպես են տրամաբանւոմ անուղղելի քաղքենիամետները: Այս մտայնությո՜ւնը… գանգատվում, դժգոհում է նա, անիծում ճակատագիրը և կրկնում անվերջ, թե ընկած աշխարհի մեծ ճամփաների վրա, թե աշխարհագրական  ճամփաները վատն են: Այստեղ կա մի խղճուկ ճշմարտություն, բայց դրա հանդեպ ի~նչ հոյակապ առավելություններ: Չէ՞ որ մեր բարձրավանդակն անառիկ է, մեր լեռները` մեկը մեկից անխոցելի պատնեշներ: Անտեսել այս իրողութոյւնը և ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան քան թույլի, անարիի ինքնաարդարացում: Թույլի ինքնարդարացում` տկարի հոգեբանութոյւն: Այստեղ ոչ միայն նախապաշարում կա, այլև առաքինության պակաս: Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերումի աղբյուրը հոգին է:
Հոգու հիվանդություն ունեն այն ժողովուրդները, որոնք դժգոհում են իրենց հայրենիքից:
Գուցե իրոք աշխարհի անառիկ բարձրավանդակներից մեկի վրա բազմած ժողովուրդը անարժան  է իր ճակատագրին, բայց ճակատագիրը ոչ ապերախտ: Լինել այս հզոր աշխարհի այդ հոյակապ կամրջի վրա հրաշքնեւր կգործեր հայությունը: Տկար էր, տկարացավ, դարձավ անարժան իր բնաշխարհին: 
…Հիվանդ դժբախտ ժողովուրդ, որ մինչև հիմա երկու առաքինություն է ունեցել` իր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների և փրկություն հուսալ արտաքին ուժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրանակ հավատի և խանդավառության, երբ օտարը խոստումներ է կատարում, և նույնքան տարօրինակ հիասթափության և հուսալքումի, երբ նա դրժում է խոստումները: Աղետալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտությունների մեջ  մեղքի որոշ բաժինը էլ մեզ տալ  զլանում ենք: Մենք այնքան անարժան ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ  (անգամ դժբախտության)մենք կարող ենք լինել: Ամեն ինչ լինում է, գուցե մեզ համար, բայց մեզնից դուրս անկախ մեզնից: Քաղաքական մի կույր պատեհապաշտություն, որ մթագնել է մեր բանականությունը, անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտություն տեսնելու, որն է` մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը բացի մեզնից, այլ նախ և առաջ մենք: 
Այդ փոքրիկ Հայաստանի ռազմագիտական բոլոր կարևոր կետերը խլված են: Նա պաշարված է մեր դարավոր թշնամու կողմից: Այդ պաշարումները դրված են այնպիսի հաշիվների վրա, որոնք մի ակնհայտ իմաստ ունեն` հարմար պարագայում նվազագույն զոհողություններով և ամենակարճ ժամանակաշրջանում բնաջնջել հայությունը:
Հայաստանը խոցելի է մի շարք տարբեր կետերից. Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում այդ կետերով Թուրքիան կարող է կտրել, իրարից բաժանել հայկական գավառակները և միանալ Ազերբայջանին: 
Թշնամին ունի մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունենք ինքնապաշտպանության ծրագիր և ինքնապաշտպանության զենք: Սակայն տարիներն անցնում են և ոչ մի փորձ այդ ուղղությամբ:  Մի չափազանց ուշագրավ ու ցավալի պարագա է սա:  Այդ  նշանակում է, որ մեր ժողովուրդը ոչ միայն պատերազմի ու խաղաղության մասին սխալ ըմբռնում ունի, այլև անուղղելի իր անփութության մեջ դեպի սեփական գոյությունը, զուրկ խրատվելու և  հրահանգվելու ընդունակությունից, անկարող ըմբռնելու մի տարրական ճշմարտություն, թե խաղաղապաշտ և անարի ժողվուրդները պատերազմներից անհամեմատ ավելի են տուժում:
Բարոյա-նյութական առաջընթաց նշանակում է` ներուժ ինքնապաշտպանություն: Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանությունը: Մեր ժողովուրդից զատ` այլևս ոչ-ոք չի հավատում, թե գետնին փռված պարտվածնեւրի ու թույլերի հառաչանքներով կարելի է կանգնեցնել առաջընթացի հաղթական կառքը: Այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պետությունները բնական  հակառակորդներ են, որոնցից ամեն մեկը ձգտում է տարածվել, ուժեղանալ, շահել իր հարևանների հաշվին: Հարձակվում է ով իրեն ուժեղ ու պատրաստ է զգում հարձակվելու` լավագույն պաշտպանողականը համարելով նախահարձակողականը: Ամեն մի ժողովուրդ երկաթե անհրաժեշտությունից մղված նախապատրաստվում է, անում այն, ինչ որ անում են բոլորը: Թույլը սարսափում է` չլինի կուլ գնա ուժեղին, իսկ ուժեղը արթուն հսկում է, որ իր հակարակորդը  չգերազանցի իրեն: Եւ խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են և որս դառնում նրանց, որոնց ուժը աճում է և ծավալվում անդիմադրելիորեն։
Հասկանանք և հետևյալը. – Հանուն խաղաղության չեն կնքվում պայմանագրերը, այլ հանուն պետությունների օրվա կենսական շահերի: Պետությունները հաշվի են առնում միջազգային իրավունքը և հարգում են իրենց  ստորագրած պայմանագրերը, քանի դեռ շահում են գոյություն ունեցող դրությունից, սակայն հենց որ մի մի այլ դրություն, հենց որ մի ուրիշ թղթե բարեկամությունն իրենց ավելի շահավետ թվաց, նրանք  թքում են պայմանագրերի վրա, լքում իրենց նախկին զինակիցնեդրին և սպառնում աշխարհի խաղաղությանը:
Այս է իրերի առարկայական դրությունը, այս է իրական աշխարհը և ոչ այն, որի սխալ և խաբուսիկ պատկերացումներով օրորվել և օրորվում է մեր զգացմունքային ազգը: