ՏՈՆ ՕՐԵՐԻՆ ՍԱՏԱՆԱՅԻՆ ՉԵՆ ՀԻՇՈՒՄ

- Ձեր անուն-ազգանունը:
- Հովսեփ Օրբելի:
- Ձեր պաշտոնը:
- Լենինգրադի Պետական Էրմիտաժի տնօրեն:
- Ձեր գիտական  կոչումը:
- Սովետական միության ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի գիությունների ակադեմիայի իսկական անդամ և նախագահ, Իրանի  ակադեմիայի պատվավոր անդամ, Լոնդոնի հնագետների ընկերության պատվավոր անդամ, Ամերիկայի հնագիտության և արվեստի ինստիտուտի խոհրդատու անդամ…
Սա  1946 թվականի  նյուրենբերգյան  դատավարության խրոնիկայից վերցված մի հատված   է:  Դատական նիստում ընթանում էր  «Մշակութային և գիտական արժեքների ոչնչացումն ու կողոպուտը» բաժնի քննությունը, ուր որպես գլխավոր վկա ներկա էր նաև Հովսեփ Օրբելին: Թե ինչպիսի կրակոտ խոսքով և հիմնավոր փաստերով  ելույթ ունեցավ նա, վկայում են Ժամանակի հեղինակավոր պարբերականները, գրելով, որ հիշյալ դատավարության …Նացիստների  գլխավոր շտաբի դատապաշտպանը փորձելով հերքել Օրբելու բերած փաստերն ու ցուցմունքները, հարցնում է.
- Բավականաչափ են արդյո՞ք վկայի գիտելիքները հրետանային գործի ռազմավարության հարցերում, ապացուցելու համար, որ դրանք ոչ թե պատահական, այլ մտադրված ռմբակործումներ են եղել:
- Ես երբևէ հրետանաձիգ չեմ եղել:  Բայց Էրմիտաժի վրա ընկել են երեսուն, իսկ կողքի կամուրջի վրա ընդամենը մեկ արկ: Եվ ես վստահորեն կարող եմ դատել, թե դեպի ուր էին նշանակետ բռնում ֆաշիստները: Այդ սահմաններում ես հրետանավոր եմ:
 Ի դեպ,  Հ. Օրբելու՝ նյուրենբերգայան դատավարությանը որպես վկա մասնակցելն ու   նրա համարձակ պահվածքն ու խոսքն  այնպիսի  տպավորվիչ ազդեցություն էր թողել դաժան բլոկադան հաղթահարած պետերբուրգցիների վրա, որ նրանք տարբեր առիթներով,  տարիներ անց կրկին ու կրկին անդրադառնալով նորանոր մանրամասներ էին ուզում իմանալ հենց նրանից…  Այդ մասին ու հետաքրքիր այլ դրվագներ  Ուսուցիչի  կյանքից՝ Հրաչ Բարթիկյանի հետ ունեցածս հարցազրույցից  …

Եւ այսպես, վերջին՝ վեցերրորդ հանդիպում.

 ՀՐԱՉ ԲԱՐԹԻԿՅԱՆ. - (1927-2011թթ) Պատմական գիտությունների դոկտոր

1954-ին, մեկնեցի Պետերբուրգ և դարձա Հովսեփ Օրբելու ասպիրանտը, նրա համար  բավական ծանր մի շրջան էր,  նրան հեռացրել էին Էրմիտաժից ու նա ոչ մի տեղ չէր աշխատում: Եւ թերևս այդ պատճառով էր նաև, որ մեզ շատ ժամանակ  էր տրամադրում: Մեզ, որ ասում եմ, ի նկատի ունեմ  պատմաբան Գևորգ Տիրացյանին, որի հետ միասին էինք նրա մոտ ուսանում այն տարիներին: Խնդրեցինք, որ գրաբար պարապի մեզ հետ:  Սիրով համաձայնեց: Պարապմունքներն անց էինք կացնում նրա տանը: Մեծ սենյակ ուներ՝ գրեթե դատարկ, առանց կահույքի: Գրադարանն էլ առանձնապես  հարուստ չէր, որովհետև գրքերի մեծ մասը նվիրել էր Էրմիտաժին: Ասաց, որ գրաբարից թարգմանություններ պիտի անենք: Եւ զգուշացրեց. «Ոչ թե աշխարհաբար, այլ ռուսերեն: Քանի որ հինգ և քսաներրորդ դարերում օգտագործվող նույն բառերը տարբեր իմաստներ ունեն: Այդ պատճառով կարող ենք ոչ միայն հեշտությամբ սխալվել,  այլև անճշտություններ թույլ տալ: Իսկ օտար լեզվով թարգմանելու դեպքում տեքստի ճշգրտությունը պահպանվում է»:

1958 թվականի փետրվարի  23-ին նշվում էր սովետական բանակի  քառասունամյա հոբելյանը: Նրան հրավիրել էին Լենինգրադի Պոլիտեխնիկական ինստիտուտում ելույթ ունենալու: Հարցնում է, «Տղաներ ուզու՞մ եք հետս գալ»: Իհարկե, ուզում էինք: Նստեցինք նրա «Վոլգա»  մակնիշի մեքենան, որի վարորդ Պյոտր Պետրովիչի (ինքը նրան Պողոս-Պետրոս էր ասում), հետ իրեն հատուկ պարզությամբ, ինչպես հավասարը՝ հավասարի,  խոսում էր գրականության և արվեստի,  անգամ հայոց միջնադարյան պատմության մասին: Այդ օրն էլ բացառություն չդարձավ և մենք  չզգացինք, թե ինչպես տեղ հասանք: Հսկայական դահլիճը լեփ-լեցուն էր: Ներկայացնելով նրան, հայտարարեցին՝ «Պատերազմի և խաղաղության թեման հայկական միջնադարյան առակներում»: Ի դեպ, փոքր ինչ շեղվելով   ասեմ, որ դա նրա մշտական ու սիրելի թեմաներից մեկն էր և անչափ երջանիկ էր իր՝ «Միջնադարյան Հայաստանի առակները» գրքի հրատարակման համար: Սակայն դառնանք դահլիճ, ուր բողոքի ալիք էր բարձրացել: Խնդրում էին պատմել ֆաշիստական Գերմանիայի պարագլուխների դեմ տարված Նյուրենբերգյան հայտնի դատավարության մասին, որտեղ նա որպես վկա էր մասնակցել: Մերժեց: Դահլիճը համառում էր: Շատ զայրացած ասաց. «Տոն օրերին սատանային չեն հիշում»: Եւ իր նախընտրած թեմայի հիմքով էլ խոսեց: Տհաճ միջադեպը մոռանալով, ունկնդիրները տրվեցին նրա իմացության և խոսքի հմայքին: Վերջում երեխայի անմիջականությամբ հարցրեց. «Դե, ինչպե՞ս էր»:

 Մի անգամ էլ, երբ նշանակված օը գնացել էինք հերթական պարապմունքին, Մտանք, բայց մնացինք շեմին կանգնած ու չգիտեինք առաջ գնանք, թե շրջվեմք ու ետ գնանք: Նա  կնոջ հետ բարձրաձայն վիճում էր… Որոշեցինք նրան հանգիստ թողնել ու  հեռանալ:  Բացվող դռան ձայնը լսելով, մեզ ետ կանչեց ու բարկացած ասաց. «Երբեք, երբեք օտարազգի կնոջ հետ չամուսնանաք»:

 Հերթական այցերից մեկի ժամանակ Գևորգը  եկել էր առանց գլխարկի: Ռուսական ձմեռվա  տհաճ հետևանքների մասին հիշեցնելով,  նեղսրտեց ու նախատեց Գևորգին:  Տիրացյանն էլ կատակի տալով ասաց, թե Ռումինիայում, որտեղ ծնվել ու ապրել է մինչև հայրենիք ներգաղթելը, նույնպես ցուրտ ձմեռներ էին լինում և, որ ինքը կոփված ու ցրտադիմացկուն է: Հարցրեց՝ իսկ գիտե՞ք, թե ով է ամենից լավ գրել Դակիայի դաժան ձմեռների մասին: Չգիտեինք: Ասաց՝ Օվդիուսը: Եւ պատմեց Դակիայի ցրտաշունչ ձմեռվա «խենթությունների» մասին, չմոռացավ նաև ու առանձին հաճույքով ու մանրամասնորեն պատմեց, թե ինչպես էին դակերը գինի պատրաստում, ապա այն լցում տակառների մեջ ու ավելի թունդացնելու համար ձմռանը   դնում   դրսում,  ու որոշակի ժամանակից հետո  սառցակալած մասը դեն նետում: Միշտ էր այդպես:  Կարողանում էր տհաճ միջադեպերը հարթել: Նաև   աննշան թվացող միջադեպերը մեծ ընդհանրացումների հանգեցնելու, օգտակար խորհուրդներ տալու,  նոր ու անսովոր «ճանապարհորդությունների» առիթ  դարձնելու հմտություն ուներ: Նրա դասերը երբեք մեկը՝ մյուսին նման չէին լինում: Ամեն անգամ նրա տնից դուրս էինք գալիս  ոգևորված,  և  մեր ուրախությունը բարձրաձայն արտահայտելով,  խոստովանում էինք, թե ինչպիսի բախտավորություն է Օրբելու պես ուսուցիչ ունենալը:

Երևանում էի, երբ իմացա, որ հիվանդանոցում պառկած է: 1961 թվականն էր: Անմիջապես ինքնաթիռով մեկնեցի Սանկտ-Պետերբուրգ: Դա մեր վերջին հանդիպումն էր…

                                               * * *

  Վերջ. վեց պատում՝ Հովսեփ  Օրբելու կերպարը նոր գույներով ներկայացնող խոսքային դիմանկար… Այն խորքով «տեսնելու»  համար  պետք էր ու պարտադիր էր, որ գնայի  Ծաղկաձոր, որտեղ գտնվում է Օրբելի եղբայրների թանգարանը: Գարուն էր, ապրիլի երկրորդ կեսը… Ձյան խոշոր փաթիլները փորձում էին տեղավորվել ծաղկած ծառերի ճյուղերի վրա: Քամին, հերարձակ քամին քշում էր նրանց ու նրանց հետ պոկելով, տանում մանուշակագույնով երիզված ճերմակ ծաղիկները: Ձյան  փաթիլները կես ճանապարհին հալվում, իսկ ծաղկաթերթիկները պատսպարվում  էին թանգարանի շինության ձախ հատվածում  տեղադրված մեծանուն եղբայրների՝ Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելիների արձանի  վրա…