«ՈՎՍԱՆՆԱ»

«Ովսաննա, ես կուգամ քո ետևեն, ինձի կսպասես»: Կյանքի մշտական ուղեկից դարձած այս արտահայտությունը և բաժանման պահը հիշողության մեջ մնաց ամբողջ կյանքի ընթացքում: Կրկնվող երազի նման պատկերը ցավ պատճառելու հետ նաև անուշ մի քնքշանքով էր հոգին լցնում:  Կարոտն  էր արթնանում: Կարոտն էլ անուն ուներ՝ Մանիկ: «Ովսաննա, ես քո քույրիկն եմ՝ Մանիկը: Ինձի կսպասես, ես կուգամ քո ետևեն»:  Երեքուկես տարեկան  աղջնակը երբեք չմոռացավ այդ արտահայտությունը, որը նաև ծննդյան վկայականի նշանակությամբ կարևորվեց նրա համար, որի շնորհիվ  պիտի մտապահեր ոչ միայն  քրոջ, այլև իր անունը: Եւ պիտի սպասեր տասնամյակներ շարունակ: Սպասում էր հայոց սպանդի ճանապարհներին կորսված միակ հարազատին: ժամանակին անենթակա սպասում և հույս, որը թևածող զեփյուռի պես մերթ անհետանում էր, մերթ վերադառնում: Հույսը  մշտանորոգ տենդի պես չլքեց նրան:  Կյանքի մի շրջան եկավ, երբ  արդեն  ինքը սկսեց քրոջը փնտրել: Եւ դա անում էր այնպիսի մի եռանդով, որ մտերիմ մարդկանցից շատերն էին նրան պատրաստակամորեն  առաջարկում  իրենց օգնությունը: Ավելի ուշ՝ Մանիկ անունը, որևէ մեկից լսելու կամ թե պարբերականների էջերում կարդալու դեպքում, անմիջապես զավակներին, հատկապես կրտսեր տղային՝ Էդվարդին էր հանձնարարում պրպտումները վերսկսել…

                                                      * * *

 «Տարիներու ընթացքին Մանիկ անունով մեկի մասին լուր առնելու պարագային, կըսեր ինձի. «Էդվարդ, աս մեկը  քույրս կըրնա ըլլալ»: Թերթերի մեջ` «Փնտրում են» խորագրով բաժին մը կար այն տարիներուն, ուր տպագրված հայտարարությունների հետքերով շատ անգամներ գնացի: Գնալը՝ գնացի, սակայն դժբախտաբար մեր Մանիկը չգտա:  Երևի Դեյր Զորի ճամփեքին կամ տեղ մը կորսված էր… Բայց ատ վարկածի մասին մենք բարձրաձայն չէինք խոսիլ: Մորս հույսն  մարելու համարձակություն չունեցանք: Ինքն ալ կըշարունակեր հուսադրող պատմություններ մեջտեղ բերել:  Մեզի որերրորդ անգամը լինելով, կըսեր, թե՝ Մեծ տարհանումից հետո  արաբներն կամուսնանային հայ կանանց հետ և այդ խառնամուսնություններից ծնված երեխաներեն շատերն ուսումնառության առաջին իսկ տարիներին կառանձնանային թե բանիմացությամբ, թե աշխատասիրությամբ: Կըսեր, ատ   մանչերեն շատերն ուսումնառությունից հետո անվանի մարդիկ դարձան իրենց ընտրած ասպարեզներուն մեջ աշխատելով: Եւ ոչ միայն Սուրիո ու Լիբանանի մեջ, այլև եվրոպական երկրներում հաջողցած էին: Որպես օրինակ,  հիշեցնում էր 1961 թվականի իրադարձությունները:  Ատ ժամանակին էր, որ Թուրքիո ազդեցության ու ճնշման ներքո հայերի դեմ հալածանքներ սկսվեցան Սուրիային մեջ: Հայերին ձերբակալեցին, սակայն  քանի մը ամիս անց բոլորին ազատ արձակեցին: Հետո միայն մեջտեղ բերվեց ճշմարտությունը՝ երկրի գաղտնի գործակալության  տնօրենի մայրը հայ եղած էր: Ասիկա եզակի դեպք մը չէր: Մենք ալ գիտեինք նման փաստերու մասին, որոնք  բավական շատ էին: Իրապես էքստրիմալ իրավիճակներում հայտնված շատ մարդիկ եղան, որոնք այլևս չթաքցնելով իրենց ծագումը  հայանպաստ գործերուն մասնակցություն կբերեին:  Անտեսելով արտաքին վտանգը, նաև իրենց ներքին տագնապը հաղթահարելով, խառնամուսնությունից ծնվածները վերագտնում էին իրենց ինքնությունը:   - Դեր Զորի արաբները,- կըսեր մայրս,-  հայազգի տարբեր տարիքի երեխաների էին իրենց հարկի տակ առել ու պահել, որոնք հետագայում ընտանիք էին կազմել արաբներու  հետ:
Կվկայակոչեր ու կըհիշեցներ, որ ինքն ալ  նրանցից մեկն էր և ո՜վ գիտե, թե իր հետ ի՞նչ պիտի ըլլար, եթե մնար արաբ մոր մոտ …Տարիներ անց պիտի իմանար, որ արաբուհին մինչև կյանքի վերջը համոզված էր, թե իր անզգուշությունը պատճառ եղավ, որ անուշիկ իր մանչից բաժանվեց: Դեր Զորում, երբ որբահավաք կըլլար, իր սիրելի աղջնակին  ամենախորքի սենյակներում կամ տան պահարաններում  այնպես էր թաքցնում, որ  որբերին փնտրողները տուն մտնելով և ամեն անկյունը նայելով, կհեռանային՝ համոզված, որ հոն հայ մանչեր չկան: Մի անգամ ալ, երբ արաբուհին տանը  չէր,  Ովսաննան,  փողոց էր դուրս ելել: Եւ ճիշտ այդ պահուն նրան բռնել, տարել էին Հալեպի հայկական որբանոց: 
Երբ հայտնի դարձավ Սուրիո նշանավոր մի շարք մարդկանց խառնամուսնություններից ծնված՝ հոր կամ մոր կողմեն հայ ըլլալու պարագան, մայրս նորեն հուսադրվեց.  «Գուցե՞ Մանիկ քույրս ալ արաբ մի մարդու հետ  ընտանիք է կազմած»:
Սա արդեն որոնումների նոր՝ թերևս ավելի դժվար փուլ է սկզբնավորում:  Զավակների վերսկսած որոնումների ամեն մի նոր փորձ նախ հուսադրում ապա հուսախաբության էր մատնում նրան: Եւ ամեն անգամ հողը փախչում էր ոտքերի տակից, ցավը նորոգվում էր, արցունքները, սակայն  տղաներից թաքուն էին հոսում:

                                                                                                         * * *

Եթե ավելի շուտ հանդիպեինք, ապա հուշերի բյուրավոր հանգույցները քանդելով հնարավոր է   ավելի շատ դրվագներ հիշեր ու պատմեր: Ո՞վ գիտե: Բայց նա ծեր էր ու այնքան էլ հակված չէր ապրված տարիների բոլոր մանրամասնությունների մեջ խորանալով, անցյալը քրքրել:  Հոգնում էր խոսելիս, նեղսրտվում էր, նույնիսկ բարկանում. «Դարդերս ինչու՞ կնորոգիս»,- ասում էր: Այս նախադասությունը, զրույցը ձայնագրելու երկրորդ օրը   զարմանալիորեն հանդարտ  արտաբերեց ու անսպասելի լռելով, ասելիքը կիսատ թողեց: Շարունակությունը լսելու երաշխիք չկար, ասես: Համրաձայն կեցվածքը հուշում էր, որ  լռությունը  դժվար է հաղթահարել, բայց ես էլ եմ համառում՝ երկար ճանապարհ եմ կտրել: Անհաղորդ կեցվածքը, թվացյալ է, գիտեմ՝ միտքն արթուն է և հուշերի կապանքները մտովի բաց թողնելով, ո՞վ գիտե, թե ու՜ր է հասել: Նույն հարցերը մի քանի տարբերակով եմ բարձրաձայնում: Փակ կոպերը վերջապես բացվում են ու նա խոսում է: Ժապավենի վրա գրանցվում է Ովսաննա Մսրլյանի՝  Հայոց ցեղասպանությունը վերապրողներից մեկի խոսքը: 2005-ի, աշնան առաջին ամիսն էր: Մեկ տարի անց, 93 տարեկան հասակում նա իր մահկանացուն պիտի կնքեր Կալիֆորնիայի Սան-Ֆրանցիսկո քաղաքում.

                                                           * * *

  «Ես Իզմիթից եմ. մամաս, պապաս  կհիշեմ: Ծննդավայրս ինչպե՞ս պիտի հիշեի… աղոտ, մշուշոտ: Ընտանիքս լավ կհիշեմ: Պապաս վաճառական էր, հաճախ կբացակայեր, գործով կերթար Պոլիս   քաղաքը: Երբ կվերադառնար մեր մեծ տան բոլոր անկյուններն  ուրախությամբ  կլցվեր: Հատկապես երբ պզտիկներուս հետ  կխաղար: Մանիկը,  եղբայրս, ես և հայրիկը… Ու՞մ էր առաջինը բռնելու, ու՞մ էր օդին մեջ պտտացնելու,  որու՞ կչկչացող ձայնն էր ամենեն բարձր հնչելու… Նման մի օր էր, երբ եկան թուրքերը…  մամայիս, պապայիս ու մեզի՝ մեր տունեն, ապա մեր հայրենիքեն դուրս տանելով,  քշեցին-տարան: Բոլոր հայերին տեղահանեցին: Հողերը, տներն ամեն-ամեն ունեցածները հայերու, օսմանյան կառավարությունն առավ, խլեց մերիների ձեռքեն: Ամենքը կողոպտվեցան:
Քանի որ ունևոր էր հայրս, ապա մեզի սկզբեն, քանի դեռ ոսկի ունեինք, թրենով (գնացքով) կտանեին, հետո՝ կառքով: Երբ վերցուցին մեր ամբողջ ունեցվածքը,  քալել պարտադրեցին: Քալելեն հոգնել էին մարդիկ: Ով կըրնար շարժվիլ, ետևեն  քանի մը հոգու կտաներ: Ատ մեկու ետևեն կերթային, բայց երբ արդեն ուժասպառ կլլային, Աստծուն կապավինեին: Միտք ասվածը պիտի անջատեին՝ չխելագարվելու համար: Մարդիկ մեռնում էին նաև անօթությունեն, հիվանդությունեն: Ծնողքից երեխային կբաժանեին, կտանեին կամ ալ կսպանեին: Ով ողջ մնաց Աստված պահեց, մարդ չէր կըրնար ատ տեսակ գեհենից ազատվիլ: Ցավը կքաշես, քանի ապրում ես, քանի ուժերդ սպառած չեն վերջնականապես: Ա՜հ, դարդերս ինչու՞ կնորոգիս: Սկզբում հայրս կորսուցինք, ետքն ալ եղբայրս կորսուցինք: Անկե մայրս, որ հյուծված,   ճանապարհին կրած տառապանքներեն  տանջահար էր,  չէր ուզեր քալել, ինչ նշանակում է ապրել չէր ուզեր, քրոջս Մանիկին ըսավ.  «Դուք շարունակեք Ձեր ճամփան իսկ ես այս թուփին տակ թաքնվելով, կսպասիմ: Նայե՝ Ովսանային չկորցնիս»… 
Մտապատկերում  այդ  տեսարանն էլ չխունացավ՝  մայրը ցնցոտիների մեջ շուլալված,  ծառաթփերի տակ ուժասպառ պատսպարված: Այդ պահին չհասկացավ՝ ու՞մ կամ թե՝ինչի՞ն էր սպասելու մայրը, հետո,  շատ ուշ պիտի գլխի ընկներ հրաժեշտի ծանր պահին մի կերպ արտաբերված խոսքերի ու քրոջը տված նրա պատվիրանի բուն իմաստը: Շարունակեցին անապատի ճանապարհը, որ նրանց հասցրեց Դեյր- Զոր քաղաքը: Տեղի ժողովուրդը, որ արաբներ էին՝ պստիկ, անչափահաս երեխաներին վերցնելու, ապաստանելու առաջարկով էին մոտենում մարդկանց թափորին: Եթե հարազատ մեկի  հետ էր երեխան, ապա համաձայնության գալով, առանց երկար-բարակ խոսելու, տանում էին իրենց տուն: Մահվան ճանապարհից իրենց երեխաներին փրկելու հույսով, շատերն էին ընդունում նրանց  առաջարկը: Մանիկը, սակայն մոր խոսքերը հիշելով, չէր ուզում Ովսաննայից բաժանվել: Ընկերուհի ուներ, որը նրան հակառակն էր համոզում: Ասում էր, գոնե պստիկը կփրկվի այդպիսով, և որ ինքը՝ ճիշտ այդ նկատառումով է փոքրիկ եղբորը մի արաբի  տվել ու չի փոշմանում: Այդ մարդիկ վատ չեն վերաբերում հայերի  երեխաներին: Միակ ելքը դա էր, ուրիշ ընտրություն չկա: Հետո կվերադառնան ու կտանեն իրենց հարազատներին ու այլևս երբեք չեն բաժանվի: Մանիկը  շփոթված լսում էր:  Վախենում էր, որ Ովսանան ճանապարհի դժվարություններին չի դիմանա,  բայցև չէր ուզում անծանոթ, օտար մեկին վստահել ողջ մնացած միակ հարազատին: Ներքին տագնապներով ու կասկածներով ուղեկցվող կամուկասի պահին նրան է մոտենում  արաբ մի կին, որը հայացքը չկտրելով կապուտաչյա, շիկահեր աղջնակից, (ըստ երևույթին վաղուց էր նրան նկատել),  Մանիկին դիմելով, ասում է, թե կուզենար իր մոտ պահել աղջնակին, եթե նա համաձայն է, իհարկե: Կնոջ դիմելու եղանակն է տրամադրու՞մ, թե՝  արագ կողմնորոշվելու պարտադրանքին է ենթարկվու՞մ իսկ գուցե՞ բարեդեմ արաբուհին է վստահություն ներշնչում: Կյանքում ինքնուրույն առաջին որոշումը կայացնող  Մանիկը,  չհասկացավ,  գիրկը ինքը բացեց,  թե՝ Ովսաննան էր, որ սահուն մի շարժումով  արաբ կնոջ մոտ հայտնվեց: Լուռ, ակնթարթ տևող «արարողություն, որին հաջորդեց Մանիկի վերջին խոստում-խոսքը.  «Ովսաննա, ես կուգամ»…

                                                         * * *

«Աստված ըրավ, որ ան ինձի վերցուցնի ու փրկե: Արաբ մամաս չըլլար, արաբները չըլլային մեկ հայ չէր փրկվիր Դեր-Զորի ճամփեքեն: Արաբ մայրիկս ինձի պահեց: Ճաշ կեփեր ինձի համար, կհագցներ, հոգ կտաներ հարազատի պես: Արաբ մայրիկիցս (Աստված հոգին լուսավորե), չարություն չեմ տեսեր: Հայերը, որոնց անապատով տանում էին, իրենց  երեխաներին մահվան ճիրաններից փրկելու  համար էին տալիս արաբներին: Շատ հայ երեխաներ այդպես փրկվեցան: Եթե արաբները գթասիրտ չըլլային ավելի շատ հայեր կբնաջնջվեին: Լավ ժողովուրդ են՝ չեն բամբասեր իրամե, իրարու հանդեպ նախանձ չունին, բարի են:

Երբ  որբանոց բացեցին, ինձի ալ հոն տեղ տարան: Անշուշտ, երբ քեզի կառնին քո իմացած տեղեն, ուր վարժված ես, կնեղվիս, կուլաս, բայց պիտի չհակառակվիս, պիտի երթաս: Մինչև 1928 թվականը որբանոցը մնացի: Այստեղ հասկցա, որ ամենքին չէ, որ կոտորել է թուրքը: Փրկված հայերուս համար որբանոց կար, դպրոց կար, եկեղեցի կար: Որբանոցն ամերիկյան էր, բայց հայերեն կխոսեինք, հայերեն կսովրեինք: Բարեգործականը կար, Հայ միությունը կար, Կարմիր խաչը կար, անոնք չէին թողնիր, որ հայ մանուկները փողոցներն ինկած, անտեր մնային: Կրթված, համալսարանն ավարտած ուսուցիչներ ունեինք: Ատ ուսուցիչները ու նրանց կրթած սաներն էին, որ հայության փրկված բեկորները քով-քովի հավաքելով, պահեցին: Տնօրենը կար՝ Ահարոն պատվելին: Ան մեր հայրիկն էր, ուշադիր էր ամենքիս հանդեպ, մեզի իր զավակների պես կըխնամեր, կըգուրգուրեր: Իրականության մեջ բացառիկ անձ մը եղած էր: Դաստիարակչուհիներին մայրիկ  կըսեինք: Նրանցից ամեն մեկը՝ հինգ-վեց հոգանոց խումբ ուներ: Հոն պատսպարված երեխաներս միմյանց  քույրիկ-եղբայր կկոչեինք: Կային որբեր, որոնք մեծցան ու իրարու առան: Քանի մը հոգու մեծ մայրը փնտրած  ու տիրություն էր արած:  Քանի մը հոգու մեծ հայրիկը տարած էր, քանի մը հոգու մոտիկ կամ հեռու հարազատները գտած էին: Կարդացեք, Սուրիո որբանոցներու մասին պատմություններ շատ կան գրված: Կարդացեք, հիմա կարդալ չեն սիրեր, պատմությունը չեն գիտեր: Ինչու՞  Հայաստանը կթողնին հայերը ու կփախչին: Վատ է կյանքը,- կըսեն Վատն ատ չէ, վատն ուրիշ է… Եփրատ գետը կա: Երիտասարդ հայ էրիկների, պատանի տղոց ու աղջիկների համար ատ գետը գերեզմանոցի վերածված էր: Եփրատը մեծ գերեզմանոց է: Ատ գետին մեջ պարապ տեղ չէր մնացեր: Երգը չե՞ք լսած.»ՙԼողար, լողար մայրիկ, գետը կտրե մայրիկ, չար աչքին սուրը կտրե»:  Եփրատն ու Դեյր-Զոր անապատը հայոց գերեզմանոցը դարձած են: Ատ անապատին մեջ տուներ շինեցին, անապատին մեջ գերեզմանոց շինեցին, եկեղեցի շինեցին ու եկեղեցու մեջը դպրոց բացեցին: Ինչե՜ր չարեցին այդ անապատի մեջ: Փողոցեն հավաքած տղաքն ու աղջիկները մարդ դարձուցին ու փոքրիկ Հայաստան սարքեցին…

Հատված՝ «ՈՎՍԱՆՆԱ»  գրքից.

(Երրորդ լուսանկարում աջից առաջինը սպիտակ հագուստով Ովսաննան է)