ԱՅՆ, ԻՆՉ ՎՆԱՍՈւՄ Է ՔԱՂԱՔԻՆ, ՎՆԱՍՈւՄ Է ՆԱԵՎ ՄԵԶ…

Մարկ Ավրելիուս՝ կայսր-փիլիսոփան իր «Խորհրդածություններ» գրքում, ասում է. «Այն, ինչ չի վնասում քաղաքին, չի վնասում նաև քաղաքացուն»։ Երևանը, ոչ միայն վնասվում է, այլև անընդմեջ ցնցումների մեջ է։ Արդեն քանի տասնամյակ է, ինչ հետևողականորեն իրականացվող ձևախեղումները վնասում են թե՛ մայրաքաղաքին, թե՝ երևանցուն։ Վնասողներն էլ օտարներ չեն, ավելի ստույգ օտարազգիներ չեն, այլ հայեր, որոնք հատկապես քանդելով-կառուցելն են առաջնային նպատակ դարձրել։ Չնայած քանդող-կառուցողները համոզված, պնդում են, թե հրաշք գործեր են արվում ու «հազարամյա», «արևային» քաղաքի նկարագիրը արդիականացնելու, գեղեցկացնելու համար են նման վերաձևումների ենթարկում քաղաքը: Օտարներն էլ գալիս, զարմանքով մի շինություն, մի փողոց են փնտրում, հավաստիանալու համար, որ իսկապես հազարամյակների կենսագրություն ունեցող քաղաք են ժամանել։ Ոմանք էլ գալիս, նույն կենտրոնում տարածք են գնում ու 25 հարկանի շքեղ ու արդիական մի շինություն կառուցելու նախագիծ պարտադրում
Ի՞նչն է պատճառը, որ Երևանը ու հատկապես կենտրոնը մշտապես շինհրապարակի կարգավիճակում է պահվում։ Ու՞մ նախագծով, ի՞նչ և ինչպե՞ս ենք կառուցում։ Ինչու՞ ենք Երևանում, նաև երկրի այլ բնակավայրերում քաղաքաշինության տարրական կանոնները խախտելով, փորձում հաստատել շատ վաղ ժամանակներում հայերիս տրված՝ «շինարար ժողովրդի» կոչումն ու համբավը։ Ինչու՞ է ճարտարապետությունը որպես շինարարական արվեստի հիմք մեզանում անտեսվում։ Ո՞վ է պատասխանատու ճարտարապետության ասպարեզում կատարվող ապօրինի գործողությունների համար։

Այս հարցերի շուրջ է զրույցը՝ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ.

- Պարոն Գրիգորյան, Ճարտարապետության-թանգարան-ինստիտուտում կազմակերպել էիք մի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին վերջին տասնամյակների ընթացքում արված նախագծերն ու իրականացված կառուցապատումները՝ երկրի գրեթե բոլոր բնակավայրերում։ Ներառյալ շինարարական արվեստի բոլոր տիպերը՝ բնակելի, հասարակական, առևտրական համալիրներ, փոքր ձևեր և այլն։ Ըստ երևույթին, նման բովանդակությամբ ցուցահանդեսի նպատակը զուտ Ժամանակակից ճարտարապետության ընդհանուր պատկերը։

- Ցուցահանդեսը նախապատրաստելու շրջանում ենթադրվում էր, թե այն հիմք կդառնա ճարտարապետության, ուսումնական պրոցեսի, գիտության, տեսության, քննադատական մտքի, հանրապետության շինարարական գործընթացների շուրջ, նույնիսկ բուռն քննարկումների ակնկալիքներ ունեինք, քանի որ միատեղ ներկայացված էր երկրի շինարարական գործընթացի պատկերը։ Բայց ինչպես ընդունված է մեզանում, միայն բացման օրը ոգևորություն նկատվեց՝ հավաքվեցին, ողջունեցին, շնորհավորական խոսքեր ասացին… և վերջ։ Հետո ցուցահանդեսի բուն ասելիքն ու նպատակաուղվածությունն անտեսելով, շարունակեցին ուշադրության կենտրոնում պահել այն բոլոր խնդիրները, որոնց մասին չգիտես ինչու՞ ամեն օր խոսվում է։

- Իսկ ցուցահանդեսը ճարտարվեստի ոլորտի ամբողջական պատկերը ներկայացնելու, մասնագիտական վերլուծումների, սթափ վերանայելու հիմք տալի՞ս էր։

- Բնականաբար, հարյուր տոկոսով չէր ներկայացնում նախորդած քսանամյակի շինարարական գործընթացը, դա բարդ էր, բայց ընդհանուր պատկերը հստակ ուրվագծված էր։

- Եվ ինչպիսի՞ն է այդ պատկերը։

- Ցավոք, պիտի արձանագրենք, որ վերջին երկու տասնամյակում մեր ճարտարապետական, քաղաքաշինական գործընթացն առաջ չի գնացել։ Ճահճային վիճակ է, լճացումը գոնե կայունություն է ենթադրում իսկ մեր պարագայում հեռանկարներն էլ են անհայտ։ Պարզ է միայն այն, որ մենք ենթարկվեցինք ժամանակի պարտադրանքին, շինանյութերի, շինտեխնիկայի ու տեխնոլոգիաների ներմուծումով։ և այդպիսով շինարարական բուն գործընթացն իրականացնելու փորձառությունը մոռացանք։ Մոռացանք, որ առաջնայինը ճարտարապետությունն է, ճարտարապետական միտքը։ և հիմա մի այնպիսի հանգրվանում ենք, որը բնութագրելը դժվար է։ Անհասկանալի այս վիճակը կարող է մեծ կորուստների տանել։

- Մինչդեռ մայրաքաղաքում և երկրի այլ բնակավայրերում իրականացվել ու նույն թափով շարունակվում են շինարարական լայնածավալ աշխատանքներ տարվել՝ ցայտուն ձևերով, գունային լուծումներով, լեզվական նոր արտահայտչաեղանակներով, անգամ զարդանախշերի կիրառմամբ։ Արդյունքում քաղաքի կերպարը, անընդհատ փոփոխության է ենթարկվում։

- Մի բան, որ բերեց շինարարական, բայց ոչ ճարտարապետական որակի բարձրացմանը։ Համենայն դեպս, կարող ենք մեզ հուսադրել, որ գոնե բետոնե հաստ մակերեսով երկրաշարժադիմացկուն շինություններ են իրականացվել։ Որքանով է դա այդպես դժվար է ասել, բայց նման պահանջ, պարտավորվածություն, ցանկություն, վերջապես վախ կա։ Նման վերաբերմունք, սակայն չի ցուցաբերվել ճարտարապետության քաղաքաշինության հանդեպ։ Այսինքն, ճարտարապետությունը, որպես տեսություն, գիտություն, որպես շինարարական արվեստի հիմք անտեսվել ու անտեսվում է։

- Ի՞նչ է շինությունները, որ սնկի նման աճել ու աճում են այս տարիներին, առանց նախագծերի են կառուցվում։

- Իհարկե, նախագծով են կառուցվում, բայց դրանց հեղինակը իրականում ճարտարապետը չէ, այլ պատվիրատուն, որի ցանկությամբ, պարտադրանքով և շուկայում գոյություն ունեցող շինանյութերով էլ իրականացվում է այս կամ այն շենքն ու շինությունները։ Մինչդեռ հակառակը պիտի լիներ։ Ճարտարապետությունը պետք է թելադրեր որևէ նոր նյութի մուտքը։ Չասած այն, որ Հայաստան ներկրվող շինանյութերն արդեն հնացած են ու ապագային չեն միտված։ Բերում են, որովհետև արտաքին շուկայում դրանք էժան են։ Ճարտարապետական միտքն առաջնային դիրքերում գտնվելու դեպքում բացասական նման երևույթներ չէին լինի, ճարտարվեստում էլ այսչափ մեծ կորուստներ չէին դիտարկվի։

- Տիրող այս իրավիճակի մեղավորն ո՞վ է։

- Բոլորս ենք մեղավոր։ Բոլոր օղակներում՝ (ճարտարապետ, գիտնական, կրթօջախ, պրակտիկա, նախագիծ, պատվիրատու, հաստատող և այլք), անհասկանալիորեն մի սխեմա է կիրառվում, որը մերը չէ։ Ժամանակին. այս ասպարեզում մենք լավ, թե վատ ընդհանուր մի ուղի ունեինք։ Հիմա տարօրինակ մի խառնաշփոթ է տիրում։ Ո՞վ է կառուցում, ի՞նչ է կառուցում…  Ոչ հեռավոր անցյալում Քանաքեռի բարձունքից նայելիս, տեսնում էինք հինգ հարկանի շինություններով քաղաք, որի նկատելի և ընկալելի հարթությունը 1960-1970 թվականներին խախտվեց բարձրահարկ, անդեմ շինությունների կառուցմամբ։ Դրանք են, որ հետզհետե դառնալով գերակշռող, Երևանի սիլուետը փոխեցին։ Հետո սկսեցին ավելի բարձր շենքեր կառուցել։ և այս նոր բարձրահարկերի հետ փոխվում է քաղաքի գույնը, փողոցներն են փոխվում, վերանում են կանաչ գոտիները։ Այս ամենն արվում է շրջանցելով քաղաքաշինության մի շարք առաջնահերթ պահանջները և, ո՞րն է մեր ուղին իբրև ճարտարվեստի նոր փուլ՝ կարևորագույն հարցն անտեսելով։ Այս համապատկերում չգիտենք էլ ԱՊՀ-ի ու եվրոպական երկրների հետ համագործակցության ծրագրեր մշակվու՞մ են, թե՝ ոչ։

- Իսկ խառնփնթոր նման իրավիճակում դա պարտադիր պայմա՞ն է։

- Դա պայման չէ, այլ պահանջ՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ են ընթանում հեռու և մոտ երկրներում։ Վերջապես աշխարհում, հատկապես Եվրոպայում կան ճարտարապետական կառույցներ, որոնք ծրագրեր են մշակում, մասնագետներ են հավաքվում ու ի մի բերում ոլորտին առնչվող հարցերը և ներկային ու ապագային միտված խնդիրներ լուծում։ Այդ կառույցների մեջ ներառվելը կամ համատեղ հարցեր քննարկելը որքանո՞վ է իրատես, եթե ներսում միմյանց հետ հարաբերվելու և ընդհանուր հայտարարի գալով, ի շահ քաղաքացիների ու ի նպաստ քաղաքի գործելու տարրական կուլտուրա չունենք:  Հենց այդ պատճառով է, որ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ուղիներ չենք փնտրում, օրվա նախագծածը և կառուցածը չենք կարողանում վերլուծել, ներկայացնել։ Արդյունքում կորցնում ենք նաև միջնադարից մեզ հասած ժառանգությունը։

- Մենք նո՞ր ենք կորցնում միջնադարը…

- Հիմա ավելի արագացված տեմպերով ենք գործում, առանց համեմատության եզրեր փնտրելու, առանց սթափ գնահատականներ տալու…

- Բայց տպավորությունն այնպիսինն է, թե քաղաքին առնչվող յուրաքանչյուր խնդիր հասարակական ուշադրության կենտրոնում է…

- Իրականում այդպես չէ. հիմնական, կարևոր խնդիրները թողած, անհասկանալիորեն հրապարակ են բերվում և մակերեսային քննարկման նյութ դարձնում ինչ-ինչ թեմաներ, որոնք ներկա փուլում այդքան էլ էական չեն…

- Օրինա՞կ…

- Օրինակ, որքա՞ն կարելի է խոսել Հյուսիսային պողոտայի մասին, որը Երևանի բազմաթիվ փողոցներից մեկն է։ Չի կարելի սևեռվել քաղաքի մի հատվածի վրա ու մնացած բոլոր փողոցները մոռանալ։

- Խոսում են, որովհետև աշխարհի որևէ երկրի մայրաքաղաքի կենտրոնական հատվածը չի քանդվում, կանաչ գոտիները չեն վերացվում բարձրահարկ տուփեր դնելու համար։

 - Իսկ արդյո՞ք մենք պահանջ ներկայացնելով, շրջանառել ենք, թե ի՞նչը պետք է պահպանենք և ինչպե՞ս։ Ի՞նչը, ինչպե՞ս պիտի վերականգնենք կամ վերակառուցենք։ Գոյություն ունեցող իրավիճակում ո՞ր ճանապարհն ենք ընտրում, առաջ շարժվելու, նորը կառուցելու համար։ Այս տեսական խնդիրները լուծելու պահանջը վաղուց կար։ Հանրությանը տեղյակ պահե՞լ ենք առկա խնդիրների մասին կամ ընդհանուր մի եզրակացության գալով, ասե՞լ ենք՝ ահա սա է մեր ընտրած ուղին։ Չենք արել։ Արդյունքում՝ ճարտարապետության, քաղաքաշինության, գույնի ծավալի, բնակեցման և բազում այլ հարցերում ոչ միայն թերացել, այլ կորուստներ ենք ունեցել։ Էլ չեմ ասում, որ ընդհանրապես անտեսել ենք սահմանամերձ բնակավայրերի կառուցապատման առաջնահերթ պահանջը։ Գլոբալ խնդիրները թողած մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են կառավարական շենքի գմբեթը կառուցենք, թե՝ չկառուցենք, Լենինի արձանի տեղը թափուր թողնեն՞ք թե՝ ոչ։

- Իսկ միթե՞ դրանք ուշադրության արժանի հարցեր չեն։

- Ներկա իրավիճակում դրանք ընդամենը մի քանի պարզ խնդիր են։ Մեր ունեցածը միայն մայրաքաղաքը չէ։ Մենք ունենք երկիր, որը պետք է մշակված ռազմավարությամբ գործի այս ոլորտում, պետք է ունենա արդի ճարտարապետություն՝ հենված իր ժառանգության վրա և ապագային միտված։ Այս մոտեցումն է, որ չունենք։ Մենք շարունակ խոսում ենք լոկալ հարցերի շուրջ։ Մինչդեռ ընդհանուրից պետք է գալ մասնակիին։ Պետք է մշակել մեթոդաբանական ռազմավարություն։

- Կարծես թե հպանցիկորեն դրան էլ են անդրադառնում` մասնակի խնդիրների շուրջ խոսելիս։

- Խոսելը, ցավոք ոչ մի կապ չունի գործընթացի հետ։ Թեմատիկ խնդիրներ են հրապարակ բերվում և մակերեսային քննարկման նյութ դարձնում։ Մանավանդ որ, մեր ոլորտում կատարվող երևույթների մասին գրեթե միշտ նույն մարդիկ են խոսում։ Ստացվում է, որ երկու, երեք կազմակերպություն կա, որոնց ղեկավարներն էլ ժողովրդի և պետության անունից երկխոսություն են վարում։

- Փակ այս շրջանանկից դուրս գալու ելք չկա՞։

- Ելք միշտ էլ կարելի է գտնել. Ժամանակն է դադար առնել, սթափվել ու փորձել աստիճանաբար ոլորտը կարգավորելու ծրագիր մշակել։ Պետք է պարզել, թե առաջնային խնդիրները որոնք են և դրանց լուծման եղանակների բարդության աստիճանը որոշելով, հիշել, թե ինչ ներուժ ունենք դրսում և ներսում։ Անհրաժեշտ է համագործակցության ճանապարհը բանուկ պահել՝ ոչ միայն հայազգի, այլև օտարազգի մասնագետների հետ աշխատելով։ Ինչպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները արեցին, երկիր հրավիրելով ոչ միայն հայ, այլև օտարազգի նշանավոր կինոգործիչներին և դրսում գործող կինոկառույցների հետ համագործակցության ծրագրեր իրականացնելով, կարողացան ոլորտում հիմնարար բարեփոխումներ կատարել։ Անհասկանալի է, թե ինչու՞, մենք ոչ միայն օտարազգիների, այլև մեր հայրենակիցների հետ աշխատելու առաջարկն անգամ չենք հանդուրժում։

- Այսինքն, Ձեր թանգարանում բացված ցուցահանդեսը, փաստորեն նման մի գործընթաց սկզբնավորելու առաջարկ կարելի էր համարել։

- Եթե այս ցուցադրված գործերին անդրադառնանք, մոռանալով բոլոր խնդիրները, ապա կտեսնենք, որ մի կողմից ձևավորվում է տեղական ճարտարապետական ոճեր, որոնք վերլուծության ենթարկելու պարագայում կարող ենք մեզ համար էական մի շարք խնդիրներ պարզել։ Օրինակ, Գյումրիում մի ոճ է ծնվում, որը նման չէ այս քաղաքի ավանդական ճարտարապետությանը։ Այն նորություն է, բայցև հայկական է ու դեռ հայտնի չէ սա ներկա փուլի, թե նոր ուղի սկզբնավորող արտահայտություն է։ Վանաձորում, նույնպես նկատելի են նոր եղանակների կիրառումով կառուցվող շինություններ։ Փոքր-ինչ այլ դրսևորումներով Դիլիջանի նորակառույցներն էլ են առանձնանում։ Իսկ ահա Գորիսը, որ ուրույն ճարտարապետություն ուներ, ինչ-ինչ նմանակումներով կրկնում է Երևանի սխալները։ Ուրեմն, պետք է ի նկատի ունենալ կարևոր ևս մի հանգամանք՝ Երևանը մայրաքաղաք է և կարող ընդօրինակման օբյեկտ դառնալ։ Ստացվում է, որ ոչ միայն Երևանն ենք փորձադաշտ դարձրել, այլև որպես մտածելակերպ երևանյան ճարտարապետությունը «արտահանում» և տարածում ենք մեր մի շարք քաղաքներում։ Տարբեր ոճերի համադրումից, հայտնի ու անհայտ ճարտարապետական ուղղությունների ծաղկաքաղից բացի, վերջին քսան տարիների ընթացքում որդեգրված մի երևույթ էլ կա, որն առաջներում ընդհանրապես նկատելի չէր։ Մենք հնարավորություն ենք ընձեռել մեր հայրենակիցներին՝ օտար երկրներում ապրող, գալ հայրենիք ու շինարարակառուցողական գործունեություն ծավալել։ և դա ինքնին լավ երևույթ է։ Բայց հաշվի չէինք առել, որ նրանք իրենց հետ պիտի բերեն միջավայր ձևավորելու իրենց պահանջ-պայմանները։ Սրա արդյունքում մեզանում հայտնվեցին ամերիկյան, պարսկական, ֆրանսիական և այլ երկրների ճարտարապետական մտածողության արտահայտություններ։ Զուգահեռաբար պաշտանմունքային կառույցներում միջնադարյան նմանօրինակ կառույցների նորովի ներկայացնելու միտում ի հայտ եկավ։ Թվարկածներս հիմնական այն խմբավորումներն են, որոնցից ոչ մեկը տեսականորեն հիմնավորված կամ վերլուծված չէ։ և դրան միտված որևէ քայլ չի արվում և հայտնի էլ չէ, թե երբ է այն սկզբնավորվելու։ Ասպարեզում տիրող շփոթ վիճակը շտկել հնարավոր է խնդիրները փոխկապակցված կարգավորելու, ընդհանուր մի ծրագիր մշակելու և բարձր օղակների գործուն միջամտությամբ։ Ժամանակն է հիշելու, որ շինարարական արվեստի հիմքը ճարտարապետությունն է։ Մասնագիտություն, որը եթե չլիներ մենք չէինք ունենա Զվարթնոցը, Հռիփսիմեն, Հաղպատը և այս շարքը լրացնող այն արտահայտությունները, որոնք համաշխարհային մշակույթի պատմության մաս են կազմում։