ԱՆԾԱՆՈԹ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ԵԶԵՐՔՆԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌՈՒՄ

Երկու հանդիպում՝ մեկ տարվա ընդմիջումից հետո՝ նույն գեղանկարչի հետ։ Երկուսն էլ աշնանային Երեւանում, երկուսն էլ նույն՝ Աբովյան-13 ցուցասրահում եւ նույն 15.00 ժամին. Արեգ Էլիբեկյանը երեւանյան առաջին անհատական ցուցահանդեսից հետո,  երբ մեկնում էր Կանադա, դեռ չգիտեր, որ մեկ տարվա ընդմիջումից հետո վերադառնալու է իր ծննդավայրը։

Եվ գալու է  նոր՝ «Փարիզ-Երեւան» վերտառությամբ ցուցադրությունը ներկայացնելու։ Խորագրի ընտրությունը պատահական չէր՝ քանի որ նկարչի ստեղծագործական կենսագրության համար երկու քաղաքներն էլ կարեւոր նշանակությամբ են առանձնանում. «Երբ առաջին անգամ Փարիզ գնացի հայրիկիս հետ, ստեղծագործական մեծ ներշնչանք ունեցա։ Փարիզը գերեց։ Ամեն-ամեն ինչ դառնում էր թեմա՝ քաղաքի փողոցները, Սենայի կամուրջները, գետի՝ թափանցիկ կամ պղտոր հոսքը խախտող նավակները,  արագ ու անշտապ քայլքով ինչ որ տեղ գնացող ուրախ եւ մտահոգ, ջահել ու ահել մարդիկ, սրճարաններում աշխույժ զրույցի բռնված սիրահար զույգերը… Ուզում էի աչքիս տեսածն ու զգացողություններս վերծանել արտահայտել կերպարվեստի լեզվով»։  Ոչ միայն փարիզյան, այլ մինչ այդ եւ հետագայում նկարիչը ստեղծում է գործեր, որոնք ռոմանտիկական սուբյեկտիվիզմի արտահայտություններ կարող են դիտվել աշխարհի ներկա տագնապալից համապատկերում, ուր կյանքի իրականության մաս են դարձել սարսափելի  դաժանությունները, նյութապաշտությունից ծնվող տգեղ, այլանդակության հասնող աղավաղումները։ Արեգի ստեղծագործությունները աշխարհը քայքայող այս իրողություններից  մարդկանց  հայացքը «շեղելու» եւ նույն աշխարհը գեղեցկացնող երեւույթները մոռացության չմատնելու հրավեր է։ Նկարիչը իր ստեղծագործությունների թեմա է դարձնում  բնության պոռթկուն շքեղությունը եւ կյանքի հանդարտ ռիթմը պահող մարդուն, նաեւ մարդկային ժեստերը։ Երկու տարբեր, նույնիսկ հակադիր իրողություններ, որոնք արվեստագետի գեղանկարչության մեջ   համատեղվում, բայց չեն միաձուլվում։ Եւ դիտողին տեղափոխելով անեղծ մի տարածություն, հուշում են, որ ամեն ինչ չէ, որ կորսված է ու մեծ ցանկության ունենալու դեպքում դեռ կարելի է պահպանել հավատն ու անդորրն աշխարհի։ Սրա հետ միաժամանակ գույների հրաշալի ներդաշնակությամբ ստեղծված  գործերը ներքաշելով, տանում են  օտար, անծանոթ եզերքներ, որտեղ հայտնվելով, հեղինակը փորձել է «բացահայտել» այն առեղծվածը, որ տվյալ վայրն է առաջարկել։ Հեռավոր քաղաքներից առնված այդ պատկերներն իմացության սահմաններ ընդլայնելու հետ, խոր ու տեւական ազդեցությամբ  են տպավորվում։ Արվեստների կենտրոն համարվող Փարիզում ներկայանալն ամեն մի նկարչի  երազանքն է, իսկ Արեգ Էլիբեկյանի  համար այն իրադարձություն դարձավ, քանի որ  1993-ին, այստեղ բացվեց նրա անհատական առաջին ցուցահանդեսը։ Մոնրեալ քաղաքում ապրելով, դեռ չէր գրավել տեղի պատկերասրահների տնօրենների կամ արվեստասերների ուշադրությունը։ Պատճա՞ռը. «Իմ երկչոտությունն էր, օտար երկրում հայտնված մարդուն ինքնավստահություն ձեռք բերելու համար ժամանակ է պետք։ Փարիզում ինչպես ստեղծագործելը, այնպես էլ ցուցահանդեսը, մի տեսակ ինքնաբուխ ստացվեց»։ Երեւանում բավական ուշացումով առաջին անհատական ցուցահանդեսն ունեցած նկարչի նոր գործերով հայրենիք գալը, կարելի բնորոշել ֆրանսիացի բանաստեղծի խոսքերով՝  «երկիրը կա, գոյություն ունի եւ «ներկայություն» բառն ունի իր իմաստը» ։ - Հավանաբար նաեւ կուտակումների արդյունք է։ Երեւանը իմ քաղաքն է, գեղեցիկ քաղաք է ու թեեւ շատ մեծ փոփոխությունների  ենթարկվելով, «ինչու՞» հարցին տեղիք  տվող շատ երեւույթներ կան, այդուհանդերձ այն չի կորցնում իր հմայքը։ Բացի այդ առաջին ցուցահանդեսն իմ բավական լավ ընդունելության արժանացավ։ Մի հանգամանք, որը համարձակություն տվեց երկրորդ անգամ ներկայանալու։ Մանավանդ որ, մեր քաղաքի, մեր երկրի մասին «պատմող» նոր գործեր էի արել՝ տպավորություններ, էսքիզներ, մտապահված պատկերներ, որոնք  Մոնրեալում  մոտ 45 գեղանկարով ամբողջացվեցին։ Թեպետ ժամանակին շատ եմ նկարել Երեւանը, բայց ներկայացված գործերում այսօրվա Երեւանն է: Ես չեմ ուզում տգեղ երեւույթները, ճարտարապետական ձեւախեղումները, քաղաքաշինության աղավաղումները ստեղծագործական թեմա դարձնել։ Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ մեր իշխանությունները կանդրադառնան այն սխալներին, որոնք թույլ են տվել քաղաքապետարանի պատասխանատուները եւ պարտադիր կշտկվեն թույլ տրված սխալները։ Հիմա թե՛ տեղացին, թե՛ եկվորը Երեւանից իրարամերժ տպավորություններ են ստանում. ի՜նչ բավականություն, ի՜նչ հաճույք  է, օրինակ Գաֆէսճյան կենտրոնի  կանաչապատ  ու ծաղկազարդ   տարածքում զբոսնելը։ Հրաշալի միջավայր է։ Մինչդեռ օպերայի շենքի մերձակա տարածքը տխուր, շատ տխուր տպավորութոյւն է թողնում։ Հոյակերտ շինությունն, ասես օկուպացված լինի սրճարաններով։ Սրճարանը լավ բան է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։  Ես գրեթե վստահ եմ, որ  մի օր անճոռնի բոլոր կցորդումները կհանվեն, մանավանդ որ ներկայիս շինությունները հիմնականում բետոնե կառուցապատումներ են եւ քանդելը հեշտ  է։ Եւ կանաչապատելով, նոր ծառեր տնկելով Օպերայի հրապարակը, ուրեմն Երեւանի կենտրոնը նոր կյանք, նոր շունչ կստանա… Արեգ Էլիբեկյանի փարիզյան շարքը կազմող նկարները գունային սքանչելի համադրությամբ ստեղծված ավարտուն նովելներ են, որոնց բովանդակության ծանոթանալիս նորանոր մանրամասներ ես հայտնաբերում։  Նկարիչը, ասես ընկղմվում է Փարիզի բազմաբարդ ու բյուրավոր հանգույցներում ու գույների սեփական համակարգումով ներկայացնում եզակի քաղաքի, եզակի միջավայրը եւ այդ միջավայրում (հիմնականում պուրակներում, փողոցերում, փակ ու բացօթյա սրճարաններում նաեւ Սենայով եզրագծված տարածքում), ծավալվող  գործողությունները։
Երեւանյան բնապատկերներից շողարձակող գույները, մոռացված ֆրազներ դառնալով հիշեցնելով-հաշտեցնում են քաղաքի ներկան անցյալի հետ…Մայրաքաղաքի տարվա չորս եղանակների թաքուն ներդաշնակությունը ներկայացնող  նկարիչը,  մանկության շղարշը ետ քաշելով, ասես մոռացված երազ է ետ բերում։ Այս ամենով հանդերձ, Ա. Էլիբեկյանը  անավարտ է թողնում ասելիքը: Նա այն արվեստագետներից է, որոնք չեն թույլատրում իրենց ափեզրին մինչեւ վերջ մոտենալ։ Պարզ մի պատճառով՝ եզրագծի սահմանը իրենք չեն նշում, երբեմն այն նույնիսկ իրենց նախանշածից ավելի ու շատ ավելի հեռվում է լինում… «Հեռուն» դեռ ապագայում է, ներկայի մաս կազմող էջերից մեկը՝  երեւանյան ցուցահանդեսն էր, որի բովանդակությունը հուշող՝ «Փարիզ-Երեւան» խորագիրը հազիվ թե  երկու մայրաքաղաքների միջեւ զուգահեռներ տանելու միտումով է ընտրվել։ Իսկ ինչու՞ չէ։ Կարելի է երկու քաղաքների միջեւ զուգահեռ տանել`  ոչ միայն  համեմատության առումով, այլ պարզապես սուբյեկտիվ տեսանկյունից դիտարկված։ Ստեղծագործելու լիցքերը, որ ստացել եմ Փարիզից ու Երեւանից, նույնն են։ Երկու քաղաքներն էլ ներշնչանքի աղբյուր են ինձ համար։ Բացի այդ Երեւանն, իսկապես գեղեցիկ քաղաք է ու կարող է նկարչի համար նույնքան հետաքրքիր լինել, որքան եւ Փարիզը։ Նկարչի համար ներշնչանքի աղբյուր դարձած երկու երկիր էլ կա. Կանադան, որտեղ նա հաստատվել է 1992-ից սկսյալ եւ… Կուբան։ Կուբայում, սակայն մայրաքաղաք Հավանան չէր առանձնացվել, այլ Սանտ Յագոն։ Առաջին անգամ այս երկիր, Արեգը պտույտի էր մեկնել 2006-ին։ Հետո արդեն չգնալ չէր կարող, որովհետեւ՝ «հրաշալի բնաշխարհով ու շատ բարի մարդկանցով անասելի գեղեցիկ երկիրը ձգողական մեծ ուժ ունի»։  Այս տարի Արեգը ոչ թե պտույտի, այլ այստեղ կազմակերպվող Արվեստի միջազգային փառատոնին մասնակցելու է մեկնելու։  Այնպես է թվում, թե քաղաքը կամ քաղաքները ստեղծագործական թեմա դարձնելը պապից՝ Վաղարշակ էլիբեկյանից է ժառանգել երիտասարդ արվեստագետը։ Միայն թե ավագ Էլիբեկյանը իր ստեղծագործությունների հիմք է դարձրել հին Թիֆլիսը իսկ կրտսերի հետաքրքրությունների  քարտեզում միայն ծննդավայր Երեւանը չէ, այլեւ Փարիզը, Մոնրեալը եւ  Սանտ Յագոն. Չգիտեմ, գուցե իսկապես գենետիկորեն փոխանցված ընտրություն է։ Գիտեմ, որ քաղաքային թեման Մոնրեալում ծնվեց՝ երբ ծանոթացա ֆրանսիական հատվածին ու սկսեցի դրսում նկարել. մարդկանց, անկենդան փողոցները, որոնք հետո պիտի քաղաքը շնչավորեն՝ հեւասպառ լինելու աստիճան։ Ապա ստեղծվեցին փարիզյան պատկերները։ Ինձ դուր է գալիս թեմատիկ իմ ընտրությունը։ Քաղաքը որպես  արվեստանոց ունենալու հանգամանքը մի տեսակ ավելի լայն հնարավորություններ  է տալիս, հայացքիդ համար անիմաց հորիզոններ ու թաքուն անկյուններ բացում։ Ես ինձ բաց տարածքում ավելի լավ եմ զգում, քան պատերով առանձնացված իմ արվեստանոցում, որտեղ մենակ եմ։ Մարդկային շփումներն ինձ համար նույնպես շատ կարեւոր են։ Մանավանդ որ նկարչի հանդեպ մարդիկ ջերմ վերաբերմունք են ցուցաբերում, հատուկ ուշադրության արժանացնում։ Ֆրանսիա, Կանադա, Լիբանան, Միացյալ նահանգներ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ ունեցած նկարչի համար այս՝ 2011 տարին հատկապես է  առանձնանում։ Երեւանյանից հետո մինչեւ Կուբայում անհատականով ներկայանալը, նա Նոյեմբերին խոշոր ցուցահանդես է ունենալու Կանադայում, որը  կարեւորվում է նախ այն պատճառով, որ նկարչի ստեղծագործություններն առաջին անգամն են երկու հարկ զբաղեցնող սրահներում ցուցադրվելու։ Թվով վաթսուն գեղանկար ներառող ցուցադրության մաս են  կազմելու նաեւ մեծածավալ մի շարք աշխատանքներ։ Արեգ Էլիբեկյանը շատ է կարեւորում այս անհատականը ոչ միայն այն պատճառով, որ առաջին անգամ է նման խոշոր ցուցահանդեսով ներկայանում, այլ որովհետեւ կազմակերպիչները կանադացիներ են։ Բնականաբար նրան հետաքրքրում է, թե մոտ քսան տարվա ընթացքում ստեղծած գործերն ինչպիսի արձագանք են ստանալու մի երկրում, որտեղ նա հաստատվել է 19 տարի առաջ։  Երկիր, որտեղ նա գտնվում է ոչ թե որպես ճանապարհորդ կամ զբոսաշրջիկ։ Առհասարակ, Արեգ Էլիբեկյանը, ասես մերժում է օտար եզերք ասվածը, քանզի ամեն երկիր նրա համար ոչ թե հիշողությունների շտեմարան է հարստացնում, այլ հարազատ մի վայր դառնալով,  ստեղծագործական կենսագրության նշանակալից մաս է կազմում…